Աշխարհը՝այլեւս երկու բեւեռանի – Ղրիմի անկախության հանրաքվեն փոխեց աշխարհա-քաղաքական վիճակը… Արեւմուտքը Ուկրաինայի մասնատմամբ հասավ նպատակին՝ ռուս-ուկրաինական թշնամությանը…

Եվրամիությունը հասկանալով, որ ավելորդ սրում է մտցրել ռուս-ուկրաինական հարաբերություններում, Ղրիմի հանրաքվեից առաջ փորձեց մեղմել վիճակը՝ ակնկալելով կանխել հանրաքվեն: «Արեւելյան գործընկերության» ազգային պլատֆորմի աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Կուպրիյը հայտարարեց, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դրսեւորման դեպքերը արմատապես փոխել են իրադրությունը: ԵՄ-ն պատրաստ չէր ստորագրել Համաձայնագրի միայն քաղաքական մասը նաեւ Ուկրաինայի դեպքում: Միայն քաղաքական մասի ստորագրման պատրաստակամությունը պարզապես լարվածությունը մեղմելու քայլ է եւ Ուկրաինային աջակցության փաստացի ազդանշան: ԵՄ ներկայացուցիչների շուրթերից բավական հաճախ է հնչում ուկրաինական բիզնեսի համար ԵՄ շուկաների միակողմանի բացման պատրաստակամությունը»:

Բայց սա հակառակ գործն արեց՝ ավելի արագացնելով հանրաքվեն, որ մարտի վերջից տեղափոխվեց մարտի 16-ը: Նշենք, որ վերոնշյալ հարցով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ Արեւելյան գործընկերության մասնակից երկրներին «կամ-կամ» ընտրության առջեւ դրել է ԵՄ-ն, ինչն էլ լարում է վիճակը Ուկրաինայում եւ Հայաստանում: Նշվել էր, որ ԵՄ-ն հրաժարվել է Հայաստանի հետ ստորագրել Համաձայնագրի քաղաքական մասը, իսկ Ուկրաինայի դեպքում ինքն է հանդես եկել այդպիսի առաջարկով:

Իսկ մարտի 16-ի հանրաքվեն, ըստ վերլուծաբանների, նոր աշխարհակարգի սկիզբը հայտարարեց, որում Ռուսաստանը հանդես կգա նոր դեմքով: Եվ այդ դեպքում պաշտպանվելու հերթը Արեւմուտքինն է լինելու: Հստակ է, որ աշխարհն այլեւս միաբեւեռ չէ:

Արդեն էական չէ, թե ինչ են ասում աշխարհի հզոր տերությունների ղեկավարները, վերլուծաբաններն ու քաղաքագետները, առաջին անգամ, ԽՍՀՄ փլուզումից հետո, Արեւմուտքը հայտնվեց մի իրավիճակում, երբ անգամ ռազմական գործողությունների դիմելով կպարտվի: Ղրիմի բնակչությունը առավելապես ռուսներ եւ ռուսախոսներ են եւ կդիմադրեն ՆԱՏՕ-ական ներխուժմանը, եթե անգամ ՌԴ զինուժը անմիջական մասնակցություն չունենա: Չնայած սեւծովյան ռուսական նավատորմը եւ ավելի քան 25 հազար (գուցեավելիշատ, բայցռուսականկողմնայսթիվնէարծարծել) զինվորականներ, այսպես թե այնպես գտնվում էին Ղրիմում: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմը երբեք չի դառնա ուկրաինական բենդերական ազգայնամոլների հանգրվանը, իսկ ՆԱՏՕ-ի զինվորները կարող են միայն հյուր գալ Ղրիմ՝ ռուս զինվորների մոտ:

Կարելի է ասել՝ Արեւմուտքը հայտնվեց իր իսկ ստեղծած ծուղակում: Այս անգամ չաշխատեց արեւմտյան քաղտեխնոլոգիան, եւ հատկապես Վաշինգտոնը սխալ հաշվարկ արեց: Ուկրաինական ծավալումները չնմանվեցին հարավսլավական կամ սերբական գործողություններին, իսկ իրաքյան կամ արաբական սցենարները չէին աշխատի, քանի որ Ուկրաինան անգամ 10 հազար մարտնչելու պատրաստ զինվոր չուներ այս պահերին… Երեւի դրա համար էլ բենդերականները (որոնց ղեկավարը կռվել է Չեչնիայում ռուսների դեմ) դիմեցին չեչեն ահաբեկիչներինԻսկ օրերս լուր տարածվեց, որ այն չեչեն ահաբեկիչը, ում դիմել են բենդերականները՝ Դոկու Ումարովը, մահացել է: «Կավկազցենտր» չեչենական իսլամիստական կայքը դեռ ապացույցներ չի ներկայացրել, բայց պնդել է լուրը, իսկ ավելի վաղ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մի քանի անգամ նշել էր նրա մահվան մասին: Սակայն, ահաբեկիչը լուրերից հետո տեսաժապավեն էր ձայնագրում եւ հերքում իր «մահվան» փաստը:

Հունվարին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ մինչեւ հատուկ ծառայությունները չներկայացնեն փաստեր՝ Դոկու Ումարովը պետք է ճանաչվի կենդանի: Բայց Չեչնիայի ղեկավարը հայտնել է, թե իրենք տեղեկացան, որ «առնետների ղեկավար Ումարովը ուղեւորվել է այնտեղ, որտեղից հետադարձ չկա», եւ ինչպես հենց իրենք տեղեկացրել էին վաղօրոք, նա Սոչի 2014-ին ոչ մի վտանգ չէր ներկայացնում:

Ինչեւէ, 2008թ. օգոստոսի 8-ի Վրաստանի շուրջ ծավալված դեպքերը (Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատերազմով անկախացումները) դաս եղան Ռուսաստանի համար, որ այսօր հասկացրեց, թե այլեւս չի հանդուրժելու իր կենսական տարածքների հանդեպ ոտնձգությունները:

Մոսկվան նաեւ կարողացավ գրեթե անթերի հակազդել Արեւմուտքի քաղաքական ու իրավական հարձակումներին, անգամ միջազգային ձեւավորված կարգի համաձայն ապացուցեց իր քայլերի տրամաբանությունը եւ նախկինում նմանատիպ քայլերի դիմած՝ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների գործած անօրինականությունները:

Սա համակարգված քաղաքականություն էր, որին բոլորովին չէին սպասում Արեւմուտքում: Այս անգամ «ռուսական սապոգը» չշտապեց տրորելու հակազդեցություն առաջացնել, չնայած նախագահ Պուտինը ստացել էր երկրի Պետդումայի որոշումը՝ ռուսական զինուժը Ուկրաինա մտցնելու համար: Եվ արդյունքը որքան անսպասելի էր Արեւմուտքի համար, այնքան նպաստավոր եղավ Ռուսաստանի համար: Արեւմուտքը կանգնած է այնպիսի փաստի առաջ, որ թերեւ սստիպված է հաշվի նստել առկա իրողությունների հետ, անգամ հայտարարել, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքներն անվիճարկելի են:

Եթե նման բան չլինի, ապա անշրջելի դեպքեր կծավալվեն նաեւ Արեւելյան Ուկրաինայում: Ռուսաստանում սկիզբ առած ռազմա-հայրենասիրական հզոր ալիքը տարածվելու է նաեւ հարակից ռուսալեզու տարածաշրջաններ եւ Խարկովում, Դոնբասում, անգամ Օդեսայում բազմահազարանոց հակամայդանական հանրահավաքներ են կազմակերպվում:

Այդ ալիքը կար նաեւ այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անունից հրամանագիր ստորագրեց Ղրիմի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու մասին: Մոսկվան ճանաչեց նաեւ Սեւաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը Ղրիմի կազմում, ինչը Արեւմուտքին հավաստեց, որ ռուսական կողմն այս անգամ հետ չի կանգնի իր շահերից: Հատկապես, որ Ղրիմի իշխանությունները անկախություն էին հռչակել եւ առաջարկով դիմել Մոսկվային՝ ՌԴ կազմի մեջ մտնելու: Կողմ էին քվեարկել 85 պատգամավորներ:

Իսկ Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի արդյունքով բնակչության 96,77%-ը կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելուն: Հանրաքվեի անցկացման օրինականությունն ու արդյունքները հրաժարվել են ճանաչել Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները եւ Ճապոնիան, չնայած, ըստ ռուսական կողմի փաստարկների, այն իրականացվել է միջազգային իրավունքին ու նորմերին համապատասխան: Եվ Ռուսաստանում մեկնարկեց Դաշնության կազմում Ղրիմն ընդգրկելու գործընթաց: Մարտի 18-ին Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմ: ՌԴ Դաշնային խորհրդում ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնությանը  միացնելու, ինչպեսեւ ՌԴի կազմում այլ սուբյեկտների ձեւավորման համաձայնագիր: Այն ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Հանրապետության եւ Ղրիմի խորհրդարանի պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Աքսյոնովը եւ Սեւաստոպոլ քաղաքի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Չալինը: Ռուսական կողմը չէր թաքցնում իր ցնծությունը, հնչեց Ռուսաստանի հիմնը, որից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «Ռու-սաս-տան»: Մինչ այս, ՌԴ նախագահը դիմելով Կրեմլում հավաքված Դաշնային խորհրդի անդամներին, Դումայի պատգամավորներին, Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչներին, խնդրել էր դիտարկել Ղրիմի Հանրապետությունը եւ Սեւաստոպոլը ՌԴ կազմ ներառելու հարցը՝ վավերացնել համապատասխան համաձայնագիրը՝ այսպիսով պահպանելով «օրենքի տառը»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեկը համատեղ հայտարարություն արեցին, որ Եվրամիության երկրները չեն ճանաչում «հանրաքվեի ապօրինի եւ անօրինական արդյունքները»: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ղրիմի այսպես կոչված հանրաքվեն խախտում է Ուկրաինայի սահմանադրությունն ու միջազգային իրավունքը: Իսկ «Արեւելյան գործընկերության» ազգային պլատֆորմի աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Կուպրիյը այս անգամ հայտարարեց, թե ոչ մի հակառուսական քաղաքականություն Ուկրաինայում չի տարվում եւ չի էլ տարվել, եւ պատճառ չկար հանրաքվե անցկացնելու համար: Ըստ այս գործչի, «Ռուսաստանի արգրեսիան հիմնավորված չէ», քանի որ էթնիկ ռուսներ, հրեաներ, հայեր եւ այլք բողոքներ չունեն, իսկ պետական լեզվի հարցում էլ ռուսերենը խնդիր չունի:

Բայց այս խեղկատակություններն այլեւս ազդեցություն չունեն եւ միայն ծաղրի են արժանանում, երբ հեռուստաալիքները «պտտում» են այն տեսաերիզները, որտեղ բենդերականները հանրահավաքում բացահայտ խոսում են «մասկալների (համարում են, որ միայն Մոսկվան է ռուսներինը), գերմանական ու ջհուդական խոզերի» եւ այլոց ջարդելու եւ ոչնչացնելու մասին: Իսկ այս նացիստ բենդերականները այսօր տնօրինում են նաեւ Կիեւի «եվրամայդանը», որտեղից էլ ղեկավարվում է իշխանություն չունեցող այս երկիրը…

Ղրիմի հանրաքվեն ճակատագրական կարող է լինել ոչ միայն Ուկրաինայի համար (քանզի իրավական նախադրյալ է այդ երկրի ընդհանուր տրոհման համար), այլեւ, ինչպես վերը նշվեց, համաշխարհային կարգի փոփոխման առումովԻսկ ներուկրաինական ճգնաժամը նոր, ավելի ընդգրկուն փուլ մտավ, քանի որ Արեւելյան Ուկրաինան, որ առավելապես ռուս բնակչություն ունի, նույնպես պատրաստվում է առանձնանալ: Չնայած կարծիք կա, որ ՌԴ նախագահը հաջորդ քայլը կանի խաղաղարար առաքելությամբ, որպեսզի մեղմի իրավիճակը: Չեն բացառում, որ կդիմի Դոնեցկի, Խարկովի եւ Օդեսայի բնակչությանը, որ նրանք հանդես չգան անջատողական կոչերով, կխոսի «առանց Ղրիմի Ուկրաինայի եղբայրական հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին», կոչ կանի ռուսալեզու ուկրաինացիներին խաղաղ ապրել եղբայր ուկրաինացիների հետ: Գուցե նաեւ ընդունի Կիեւի նոր իշխանություններին:

Ուկրաինական բազմիշխանությունները (որ գուցե նախագահական ընտրություններից հետո կարգավորվի) վախեցած են այլ պառակտումներից եւսչնայած Լեհաստանի, Ռումինիայի եւ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ որեւէ քայլ չեն կատարի Ուկրաինայի տարածքների նկատմամբԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ վստահեցրել էոր չի պատրաստվում աջակցել «Ռուսաստանի ռազմական ագրեսիային ու ներխուժել Ուկրաինա»: Բելառուսի դեսպանը այդ մասին հայտնել է ընդդիմադիր գործիչ դարձաձ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, արդեն նաեւ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիտալի Կլիչկոյին:

Բայց, ըստ Ուկրաինայի քաղաքականության ինստիտուտի գիտքարտուղար Ալեքսեյ Պոլտորակովի, ներքին տրոհում Ուկրաինային չի սպառում: «Ավելի շատ հավանական է արտաքին՝ ռուսական վտանգի առջեւ կոնսոլիդացիան: Այստեղ բացառություն է կազմում Ղրիմը, սակայն դա ավելի շատ կորստի եւ թեժ կետի ի հայտ գալու վտանգ է»: Անդրադառնալով Ուկրաինայի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու մտադրությանը՝ նշել է, որ երկիրը երբեւիցէ չի եղել ԱՊՀ ակտիվ ու կարեւոր խաղացողներից մեկը, այս կառույցը ավելի շուտ դիտարկվել է որպես նախագահների, վարչապետերի եւ նախարարների ակումբ: ԱՊՀ-ն վեր է ածվում «քնած գեղեցկուհու» եւ նախաձեռնությունը անցնում է այնպիսի նախագծերի, ինչպիսիք ենք Եվրազեսը, Մաքսային միությունը, ՀԱՊԿ-ն եւ այլն: Ռուս-ուկրաինական ճգնաժամը էլ ավելի կխորացնի այդ գործընթացը, քանի որ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշիցան կարծում է, որ կառույցը չի կարողանում լուծել իր անդամների միջեւ ծագած հակամարտությունը:

Իսկ Ղրիմն արդեն անցել է մոսկովյան ժամանակին եւ ռուսական ռուբլուն, Սիմֆերոպոլի օդանավակայանն էլ սպասարկում է միայն մոսկովյան չվերթները:

Եվ այն, ինչ կատարվեց Արեւմուտքի կողմից, նրանց ուկրաինական կամակատարների միջոցով, միանշանակ պետական հեղաշրջում էր, եւ Ուկրաինան մտածված տրոհելու (մեջմեջ անելու) ծրագիր: Ամբողջական Ուկրաինան Ռուսաստանի հետ՝ ձեռնտու չէր արեւմուտքին: Մասնատված ու Արեւմուտքից կախյալ Ուկրաինան կլինի հակառուսական, եւ երբեմնի ամուր սլավոնական՝ ռուս-ուկրաինաբելառուսական դաշինքը այլեւս չի սպառնա Եվրոպային:

Եվ սա՛ էր այս թոհուբոհի հիմնական նպատակը:

Իսկ այն, որ Ուկրաինայում ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք է հայտարարվել, հերթական ցուցադրականությունն  ու որեւէ օգուտ չի տալու ուկրաինացիներին: Ավելին՝ գուցե Արեւմուտքի հերթական քայլի նախերգանքն է՝ ռուսուկրաինական թշնամությունը խորացնելու համար: ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կոչ են արել Ռուսաստանին «իրականացնել իր միջազգային պարտավորությունները, դադարեցնել ցանկացած ռազամական ակտիվություն Ուկրաինայի նկատմամբ, վերադառնալ երկխոսության ուղի եւ գտնել ճգնաժամի լուծման քաղաքական որոշումներ»: ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինայի ռազմական օգնություն ցույց տալու խնդրանքը, իսկ ՆԱՏՕ-ն վերջնահաշվում հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի հետ: Այլ միջամտություն եւ այլ աջակցություն թերեւս չի էլ լինելու: Չնայած կարծիքներ են հնչել, թե Ղրիմի կարգավիճակի հարցը կարելի է լուծել Հաագայի միջազգային դատարանում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ դաշնային դատավոր Բոգդան Ֆուտեյը, ով ժամանակին աշխատել է Ուկրաինայի Սահմանադրության վրա: «Եթե Ղրիմում հնարավորություն լիներ քվեարկել Ստատուս-քվոյի պահպանման օգտին, կամ նրա համար, որ այն բացարձակ ինքնիշխան պետություն լիներ, ապա հնարավոր կլիներ նրանց հետ դիվանագիտական կապեր չհաստատել: Սակայն այն պատճառով, որ քվեարկել են Ռուսաստանի միանալու օգտին, հարց է առաջանում՝ չճանաչել Ռուսաստա՞նը, թե՞ չճանաչել Ղրիմը որպես Ռուսատանի մաս: Վերջնական որոշումը, ըստ երեւույթին, պետք է ընդունվի Հաագայի միջազգային դատարանում»,- նշել է նա՝ հավելելով, թե նման քննարկման համար անհրաժեշտ կլինի նաեւ Ռուսաստանի համաձայնությունը:

Բայց սա արդեն լուրջ չէ, որեւէ մեկը կհավատա՞, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ղրիմի հարցին վետոյով պատասխանած պաշտոնական Մոսկվան կտա՛ իր համաձայնությունը: Ուրեմն՝ սա էլ է Արեւմուտքի հերթական խաղը, եւ իզուր չէ, որ ԱՄՆ դաշնային դատավորը խոսքն ավարտել է այսպես. «Կարծում եմ, որ այս հիմնահարցը կձգվի տարիներ եւ շուտափույթ չի լուծվի»:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.