Հայությունն այսօր ապրում է իր հերթական ճակատագրական պատմափուլը, երբ ներազգային ու միջազգային հիմնախնդիրները ակնհայտ զուգակցված են ու իրական լուծման կարիք ունեն: Առանցքային հարցերի բոլոր ժամանակավոր լուծումները վերածվում են քաղաքական բումերանգի, քանզի հարմարեցվում են այս կամ այն գերուժի շահերին: Իսկ կան անհետաձգելի խնդիրներ, որոնց արագ ու արդյունավետ լուծում չտալը կարող է վտանգել Հայաստանի ու հայության պաշտպանվածությունն ու անվտանգությունը:
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավարների համատեղ նիստում քննարկվել են ներքին ու արտաքին այն հիմնախնդիրները, որոնք օր առաջ պետք է դառնան ոչ միայն մեր պետության ներքին օրակարգային հարցեր, այլեւ մտնեն միջազգային օրակարգ:
Համատեղ նիստում քննարկվել է նաեւ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետ ունենալու անհրաժեշտությունը: Հասկանալի է, որ դա արտաքին լուրջ հակազդեցության կարժանանա, քանի որ համաշխարհային մամլիչի՝ աշխարհի գաղտնի կառավարության աչքերն ամենուր են, հատկապես՝ Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում, որտեղից միշտ են սկսվել աշխարհակարգի որոշակի փոփոխությունները, համաշխարհային վերաձեւումները, սակայն պետք է կտրուկ քայլեր անել Հայկական Ազգային Պետության ձեւավորմանն ուղղված:
Մենք պարտավոր ենք ոչ միայն փոխլրացնող քաղաքականությամբ հնարավորինս պահպանել չեզոքությունը երկբեւեռ աշխարհում, որն ավելի ակնհայտ կգործի ուկրաինական իրադարձություններից եւ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո, այլեւ նույն փոխլրացնող քաղաքականության մեջ պետք է գործնականում ներառենք հայկական շահերը: Ռազմավարական գործընկեր, քաղաքական դաշնակից, սոցիալ–տնտեսական կամ բարոյա–խրատական աջակից, բարեկամ կամ հարեւան, թե մեկ այլ ձեւակերպմամբ քաղաքական տեսությունները չպետք է միակողմանի լինեն այլեւս:
Եթե երկբեւեռ աշխարհի որեւէ կողմը հստակ ու արդյունավետ քայլեր կանի հայկական շահերի ուղղությամբ, ապա կարելի է հրաժարվել փոխլրացնող արտաքին քաղաքականությունից եւ հստակ լուծումներ առաջադրել տվյալ բեւեռում՝ հատկապես ռազմա-քաղաքական ու ռազմա-տնտեսական ուղղություններով:
Թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը, համաթուրքական քաղաքական միավորումը, թուրք-ադրբեջանա-վրացական հակահայ գործունեությունը, Արցախի հիմնախնդիրը եւ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում երբեւէ չգոյ քրդական պետություն ստեղծելու միջազգային մարմաջը, Ջավախքում թուրք-մցխեթների ներթափանցման փորձերը, հայաթափ Նախիջեւանում հայ մշակութային ցեղասպանության վերջին քայլերը, սփյուռքահայության ինքնության պահպանման անհրաժեշտությունը եւ անվտանգության խնդիրները, ինչպեսեւ այլ հարցեր պետք է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մղեն Ազգային Համաձայնության Կառավարության ստեղծմանը:
Երկրի կառավարությունն ու խորհրդարանը պետք է տարբերվեն միմյանցից, նույն համամասնությամբ խորհրդարանն ու կառավարությունը կամա, թե ակամա լճացման են գնում: Հստակ է, որ Ազգային Ժողովն է ձեւավորում երկրի կառավարությունը, բայց այս դեպքում պտք է հաշվի առնվեն նաեւ արտախորհրդարանական այն կարող ուժերը, որոնք կդառնան ինչպես ձեւավորված իշխանության ազգային նախաձեռնությունների աջակիցը, այլեւ կլինեն կառուցողական այն ընդդիմությունը, որի կարիքն այսօր կա Հայաստանում: Կառուցողական ընդդիմությոնը պետք է նաեւ գործով ապացուցի իր ազգային լինելը:
Այստեղ է, որ երկրի վարչապետը պետք է կարողանա ներքին փոխլրացնող քաղաքականության կրողը լինել, միաժամանակ դառնալ Հայոց Արժեհամակարգի պաշտպանն ու հովանավորը: Միայն ներքին համերաշխությունը, սոցիալական, հոգեւոր, բարոյական ու տնտեսական հարցերի՝ թեկուզ դանդաղ, բայց տեսանելի կարգավորումը հնարավորություն կտա վարել ուժեղ ու կայուն արտաքին քաղաքականություն:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբմբումը նախագահ Սերժ Սարգսյանին եւ իշխող Հանրապետական կուսակցությանը կոչ են անում՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում աներեւակայելի քայլ անել եւ նախաձեռնել Ազգային Համաձայնության Կառավարության ձեւավորումը:
Թող ի վերջո ՀՀԿ–ի՝ նժդեհյան գաղափարները որդեգրելու հայտարարությունները դառնան տեսանելի հենց ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակմամբ ու կառավարության ձեւավորմամբ:
Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)
Հայ Ազգայնականների Համախմբում (ՀԱՀ)
04.04.2014թ.-Երեւան



