Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Իսկ առայժմ իտալական ներքնաշորեր ենք կարում… Բնագավառի զարգացմանը խոչընդոտում են վիճակահարույց որոշ հարցեր…

Նախորդ տարի էր, հաճելիորեն զարմացա, երբ վերնաշապիկ ու զգեստ գնելիս պիտակին տեսա «Made in Armenia» (արտադրված է Հայաստանում): Իմ ընկերների շրջանում ամսական նույնաչափ եկամուտ ունեցողների համեմատ ես դժվար եմ ապրում նաեւ այն պատճառով, որ սկզբունքորեն թուրքական ապրանք չեմ գնում: Որ թուրքական տեքստիլը էժան է, հայտնի է: Սրանից ելնելով էլ կարելի է պատկերացնել իմ ուրախությունը հայկական արտադրության հագուստ տեսնելիս: Հետո նկատեցի, որ հայկական արտադրության ոլորտային ապրանքատեսականին բազմազան է՝ զուգագուլպաներ, ի դեպ՝ բավականին որակյալ, տղամարդու եւ մանկական գուլպաներ, նորածնի շապիկներ, վարտիքներ, բաճկոններ, տղամարդու եւ կնոջ տաբատներ եւ այլն: Նշանակում է՝ շուկան կա: Կա, բայց մի տեսակ չի երեւում: Ինչու՞, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ ծավալների մասին է խոսքը հիմա, կա՞ն ոլորտի զարգացման հեռանկարներ, ունե՞նք արդյոք հնարավորություն առաջընթացի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ոչ բարեկամ հարեւան Թուրքիան ոլորտում իսկապես կարողացել է ոտքը պնդացնել միջազգային շուկայում եւ մատչելիության առումով շատ երկրների հետ է մրցում:

Մեր էկոնոմիկայի նախարարությունը ոլորտային զարգացման ծրագրեր ունի, եւ դրանցից մեկը տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտն է: Որպեսզի բնագավառի հեռանկարը պատկերացնենք, նախ հասկանանք, թե ինչ ունենք մենք:

Տեքստիլի, տրիկոտաժի ոլորտը Հայաստանի տնտեսության հին եւ ավանդույթներով հարուստ ճյուղերից է: Մենք դեռ հին դարերում էլ հայտնի ենք եղել նուրբ գործվածքներով ու բնական ներկանյութերով (առանց չափազանցության՝ արտադրանքի ամբողջական շրջափուլի մասին է խոսքը), եւ համաշխարհային պատմագրությունը փաստում է սա: Ոլորտի ավանդույթները Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո էլ կային:  1911թ. Երեւանում հիմնվեց ոլորտի առաջին խոշոր արտադրությունը՝ բամբակամանվածքային գործարանը, որի արտադրանքն արտահանվում էր: Խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին մի շարք խոշոր տեքստիլի եւ տրիկոտաժի գործարաններ Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում եւ այլուր: Թեթեւ արդյունաբերության ոլորտի արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ 1/3-ը: Ոլորտն, ի դեպ, ապահովում էր նաեւ ամենամեծ զբաղվածությունը՝ մոտ 115,000 մարդ (երկրի արդյունաբերության հատվածում ներգրավված աշխատուժի 25%-30%-ը):  Խորհրդային տնտեսության մեջ Հայաստանը տեսքտիլ եւ տրիկոտաժե արտադրանքի խոշորագույն մատակարարներից էր:

Հետխորհրդային ժամանակահատվածում, ինչպես տնտեսության այլ ճյուղերը, Հայաստանի տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտը շուրջ 60-70% անկում գրանցեց:  Խոշոր գործարանները, չկարողանալով ձեռք բերել անհրաժեշտ հումք եւ ապահովել իրացման շուկաներ, աշխատում էին իրենց հզորությունների չնչին չափով կամ ընդհանրապես կանգ էին առել: Բայց, ի տարբերություն ցայսօր չգործող շատ այլ ճյուղերի, 1990-ականների վերջից ոլորտը կրկին աշխուժացավ՝ շնորհիվ ինչպես արտերկրից պատվերների (հիմնականում տեքստիլի կարի ծառայության մատուցում), այնպես էլ սեփական արտադրանքի (հիմնականում՝ տրիկոտաժ) արտադրության աճի:

Ոլորտի ներկայիս խնդիրներն են մասնագիտական կրթության անբավարար մակարդակը, որակյալ աշխատուժի անբավարար առաջարկը, աշխատուժի ցածր արտադրողականությունը, ընկերությունների առաջմղման անբավարար մակարդակը (արդի լեզվով ասած՝ բրենդինգ չկա): Այնուամենայնիվ, ոլորտը մրցակցային առավելություներ ունի. արտադրական որոշ ծախսերի (օրինակ՝ էլեկտրաէներգիա) միջազգային համեմատությամբ ցածր մակարդակը, արտադրական չօգտագործված հզորությունների առկայությունը, արտահանման ավանդական ԱՊՀ շուկաներում (մասնավորապես՝ Ռուսաստան) հայկական արտադրանքի վրա արտոնյալ մաքսատուրքերի կիրառումը:

ՀՀ տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտում կան 2 հիմնական տեսակի արտադրողներ՝ արտերկրյա ընկերություններին կարի ծառայություն մատուցողներ եւ սեփական արտադրանք արտադրողներ:

1. Կարի ծառայություն մատուցողները Վանաձորում են, Չարենցավանում եւ Երեւանում: Արտադրությունները տեղակայված են խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված կարի համեմատաբար խոշոր ֆաբրիկաներում: Կարի ծառայություն են մատուցում արտերկրյա պատվիրատու ընկերությունների՝ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով պատվիրատուից ստանալով հումքը (թել, կտոր) եւ նրան ուղարկելով վերջնական արտադրանքը: Պատվիրատուն է արտադրողին տրամադրում արտադրանքի տեխնիկական մոդելը եւ ձեւավորումը, նույնիսկ վերահսկում է վերջնական արտադրանքի որակը: Թողարկվում է հիմնականում տեքստիլ արտադրանք՝ անձրեւանոցներ, վերարկուներ, արտահագուստ եւ այլն: Ի դեպ, նկատենք, որ պատվիրատուները եվրոպական հանրահայտ ապրանքանիշ ունեցող ընկերություններ են՝ մասնավորապես՝ Իտալիայից եւ Գերմանիայից: Այս դեպքում արտադրության երկիրը Հայաստանը չի գրվում:

2. Սեփական արտադրանք արտադրողները Երեւանում են ու Գյումրիում: Արտադրությունները տեղակայված են ինչպես խորհրդային ժամանակներից եկած գործարաններում, այնպես էլ՝ հետանկախացման ժամանակաշրջանում հիմնված արտադրամասերում: Արտադրողները հիմնականում իրենք են ներմուծում/գնում հումքը եւ մոդելավորում արտադրանքը: Այս հատվածի արտադրողների արտադրանքի գերակշիռ մասը սպառվում է ներքին շուկայում: Որոշ արտադրողներ էլ կատարում են տեղական/արտերկրյա պատվերներ: Արտադրվում են հիմնականում տրիկոտաժե արտադրատեսակներ, նաեւ գուլպեղեն եւ մասամբ՝ տեքստիլ արտադրանք:

Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն, ոլորտը 2005թ. ի վեր գրանցել է աճի միտում, բացառությամբ 2009-2010թթ. անկման, որը հիմնականում պայմանավորված է եղել մանածագործական արտադրության կտրուկ նվազմամբ: Ոլորտի արտադրանքի թողարկման գերակշիռ մասն ապահովում է հագուստի արտադրությունը, որտեղ ներգրավված է ընկերությունների եւ աշխատուժի հիմնական մասը: Սակայն անկումից հետո արագ վերականգնվել է՝ Եվրոպայից արտապատվիրման ծավալների աճի շնորհիվ: Տեքստիլ հագուստի եւ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրության դրամական ծավալը 2012թ. կազմել է ոլորտի թողարկման ավելի քան 3/4-ը: 2012թ. տեքստիլ հագուստի եւ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրության ընդհանուր ծավալի շուրջ 46%-ը կազմել են վերնազգեստները: Չնայած դեռ փոքր ծավալներին՝ աճել է գուլպեղենի արտադրությունը՝ միջինում տարեկան շուրջ 39%: Ուրախալի է այն փաստը, որ աճը եղել է հիմնականում ներմուծման փոխարինման հաշվին (2010-2012թթ. ներմուծումը կրճատվել է շուրջ 18%-ով): Ոլորտի արդյունաբերաարտադրական անձնակազմը 2005թ. կազմել է 3613 մարդ, որը անկումից հետո վերականգնվելով հասել է 2630-ի 2012թ.: Ոլորտի արտադրության դրամական ծավալի գրեթե 2/3-ն ապահովում են շուրջ 8 խոշոր արտադրողներ, որոնք  կենտրոնացված են հիմնականում Երեւանում ու Վանաձորում:

Ինչ վերաբերում է հումքին. Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտում գործածվող թելը գրեթե ամբողջապես ներմուծվում է: Վերջին տարիներին գուլպեղենի, կիսագուլպեղենի եւ զուգագուլպեղենի արտադրության մեջ գործածվող թելի ներմուծման բնեղեն ծավալների զգալի աճը պայմանավորված է գուլպեղենի ներքին արտադրության վերականգնմամբ: Իսկ կարի համար նախատեսված թելի (հիմնականում օգտագործվում է հագուստի արտադրության մեջ) ներմուծման բնեղեն ծավալները կտրուկ աճել են սկսած 2007թ.-ից՝ Հայաստանում հագուստի արտապատվիրման փորձի վերականգնմանը զուգընթաց: Հայաստան բամբակի գործվածքի ներմուծման բնեղեն ծավալները վերականգնվել են 2007-2009թթ. արձանագրված անկումից հետո: 2012թ. ընդամենը ծավալների ավելի քան կեսը կազմել է Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Իտալիայից «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով ներմուծված գործվածքը, որն արդյունք է արտասահմանյան ընկերությունների պատվերների աճի: Աճ է արձանագրվել նաեւ սինթետիկ գործվածքների եւ տրիկոտաժե պաստառների ներմուծման ծավալներում (տեղական արտադրողները սեփական արտադրանքի համար հիմնականում գործածում են տրիկոտաժե պաստառներ):

2008-2012թթ. առավել արագ են աճել բամբակյա եւ սինթետիկ գործվածքների Հայաստան ներմուծման միջին գները, որը պայմանավորված է հիմնականում կարի արտադրությունների կողմից եվրոպական երկրներից առավել որակյալ հումքի ներմուծմամբ:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա 2003-2012թթ. Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի արտահանման 70-85%-ը կազմել է արտապատվիրումը: Արտահանման կտրուկ անկման հիմնական պատճառն էին արտահանման խիստ կենտրոնացվածությունը (Իտալիայից պատվիրվող ներքնաշորերի արտադրություն) եւ համաշխարհային ճգնաժամը:  Մինչ 2009թ. Հայաստանի արտահանումը կախված էր իտալական ընկերությունների պատվերներից, որոնց կշիռն արտահանման մեջ հասել է մինչեւ 85%-ի: 2009թ. անկման հիմնական պատճառն իտալական պատվերների կտրուկ նվազումն էր, որը պայմանավորված էր համաշխարհային շուկայում ճգնաժամի ազդեցությամբ եւ պատվիրատու ընկերության խնդիրներով: Մեկ տարի անց, սակայն, նկատվեց իտալական պատվերների վերականգնում եւ արտահանման աշխարհագրական կառուցվածքի տարազանում՝ նվազեցնելով Հայաստանի կախվածությունը իտալական շուկայից:

Իտալիայից զատ արտահանման խոշոր երկրներն են Գերմանիան եւ Ռուսաստանը: 2012թ. արտահանման դրամական արժեքի 44%-ը կազմել են տղամարդու կոստյումները, անդրավարտիքները, պիջակները եւ նմանատիպ արտադրանքը, իսկ 35%-ը՝  տղամարդու վերարկուները, անձրեւանոցներ: 2012թ. արտահանման դրամական արժեքի 37%-ը կազմել է Իտալիա արտահանումը, Գերմանիա արտահանումը՝ 32%, Վրաստան արտահանումը՝ 27%: 2003-2012թթ. արտահանվող արտադրանքի միջին արժեքը կազմել է 24.2 հազ. ԱՄՆ դոլ./տ, իսկ 2012թ.՝ 18.2 հազ. ԱՄՆ դոլ./տ (2010թ.-ից սկսած ամենաբարձր տարեկան արժեքը, վկայելով այն մասին, որ արտերկրյա պատվերները շարժվում են դեպի համեմատաբար ավելի բարձր արժեքով արտադրանքի խումբ):

Իսկ ներքին շուկայում տեղական արտադրանքի վաճառքի մասնաբաժինը գնահատվում է մոտ 10%-ի շուրջ, որը ընդլայնման զգալի ներուժ ունի:

Ընդհանուր առմամբ ոլորտի մասնակիցներն ասում են, թե բնագավառի զարգացմանը խոչընդոտում են վիճակահարույց որոշ հարցեր, որոնց ուղղումը իրենց հնարավորություն կտա մեջքներն ավելի արագ շտկել: Այս մասին՝ հաջորդիվ:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.