ԿԲ-ն բանկային ոլորտը չի վե՛ – րա՛ – հս՛ – կու՛մ
Նույնականացման անվան տակ «Յունիբանկ»-ը անձնական տվյալներ է հավաքագրում, իսկ Կենտրոնական բանկը դա նորմալ երեւույթ է համարում: «Յունիբանկ»-ը անհիմն մերժում է վարկերի տրամադրումը՝ դրանք պատճառաբանելով ծրագրային որոշմամբ: Կենտրոնական բանկը դրան կրկին նորմալ է վերաբերում:
Ի՞նչ է, մեր ԿԲ-ն երկրի բանկային ոլորտը վերահսկելու գործառու՞յթն է մի կողմ դրել, թե՞ այլ պատճառներ կան: Սա այն է, ինչին այսքան տարի «կայացած բանկային ոլորտ» բնորոշու՞մն է տրվել:
«Լուսանցք»-ը կլսի ընդհանրապես բանկային ոլորտից դժգոհ քաղաքացիներին, նրանց դժգոհությունների պատճառները, կգնա այդ դժգոհությունների հետքերով, կփորձի հասկանալ, թե ինչ է կատարվում բանկ-սպառող հարաբերություններում, թե ինչու՞ են վարկերը վերջնահաշվարկում 2-4 տոկոսով ավելանում…
* * *
Որպես «Լուսանցք»-ի խմբագիր ընթացիկ տարվա թիվ 5 թողարկումում (փետրվարի 21-27) «Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո» հրապարակումում անդրադարձել էի «Յունիբանկ»-ի կողմից կանխիկ ու արագ վարկ տրամադրելու ձեւին: Լրագրողական փոքրիկ հետաքննության պատճառ էր դարձել այդ բանկի դեմ քաղաքացիների բողոքների փունջը: Թերթն ուղարկեցի ոլորտի վերահսկող մարմնի՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ հասկանալու համար, թե այդ ինչ ծրագրեր են, որ անհիմն մերժում են քաղաքացիներին վարկեր տրամադրել՝ մերժումը չհիմնավորելու ամբողջ մեղքը բարդելով ծրագրի վրա:
Այն պատասխանը, որ օրերս ստացա ԿԲ սպառողական շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանից, ինձ թույլ է տալիս երկու հիմնային եզրակացություն անել. 1. ԿԲ-ում «Լուսանցք»-ի հրապարակումը չեն հասկացել, թեեւ գրված էր իմ ու Մկրտչյանի մայրենի լեզվով եւ 2. ԿԲ-ն բանկային ոլորտի վերահսկողը չէ:
Սա, իհարկե, հինված է այն գրության վրա, որն ինձ ուղարկել են: Իրականում գիտեմ, թե ԿԲ-ն ինչ հարցում է արել «Յունիբանկ»-ին եւ թե այդ հարցումից հետո ինչ է եղել: Բայց քանի որ լրատվությանս աղբյուրին խոստացել եմ այդ տեղեկությունը ջրի երես չհանել, ԿԲ-ին պատասխանել եմ իրենց իսկ ուղարկած գրության հիմամբ:
Այսպիսով, ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավարին փոքր-ինչ կրթելով ասեմ, որ ես իրենց չէի դիմել որպես քաղաքացի, այլ՝ որպես քաղաքացիների բողոքների հետքերով գնացած ու «Յունիբանկ»-ի ծուղակում հայտնված մեկը, ով ԿԲ-ին դիմել էր իբրեւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր: Տարբերությունը գիտե՞ք որն է՝ կրթման կենտրոնի ղեկավարն ինձ դիմել է իբրեւ քաղաքացու եւ իբրեւ քաղաքացու էլ «ցրել»՝ ոչինչ չասող պաշտոնական լոլոյով:
Եվ այսպես՝
«ՀՀ կենտրոնական բանկին ուղարկված հոդվածին ի պատասխան հայտնում ենք, որ ԿԲ-ն ուսումնասիրել է հոդվածում նկարագրված խնդիրը եւ դա պարզաբանման նպատակով հարցում է կատարել «Յունիբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Բանկ) եւ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ին (այսուհետ՝ Վարկային բյուրո): Համաձայն Բանկից ստացած տեղեկատվության՝ վարկային հայտ ներկայացնելիս բանկի կողմից Ձեզանից պահանջված անձնական տեղեկատվությունը (անձնագրային տվյալներ, ընտանեկան վիճակ, ընտանիքի անդամների թիվ, ծնողների վերաբերյալ տեղեկատվություն եւ այլն) անհրաժեշտ է Ձեզ նույնականացնելու, Բանկի հետ հնարավոր փոխկապվածությունը հայտնաբերելու, Ձեր վարկունակությունը գնահատելու եւ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»,– գրում է կրթման կենտրոնի ղեկավարը:
Կրթման կենտրոնի ղեկավարին մի՛ քիչ էլ կրթեմ. նախ՝ նույնականացնելու համար անձնագիրն ու սոցքարտը լիովին բավարար փաստաթղթեր են: Իմ վարկունակությունը գնահատելու համար էլ «Յունիբանկ»-ին լիուլի բավարար էր այն, ինչ աշխատակիցը տեսնում էր իր համակարգչի էկրանին, այն է՝ որտեղ եմ աշխատում եւ ինչքան եկամուտ ունեմ: Մինչդեռ «Յունիբանկ»-ը ճշտել է նույնիսկ իմ երեխայի սեռը: Իսկ սա նշանակում է ոչ թե նույնականացում կամ վարկունակության գնահատում, այլ՝ անձնական տվյալների հավաքում:
Ուշադիր չե՛ք կարդացել գրածս, կրթման կենտրոնի հարգելի ղեկավար:
Կամ՝
«Ձեր կողմից մատնանշված հայտի մերժման վերաբերյալ Բանկը հայտնել է, որ վարկի մերժման պատճառ է հանդիսացել անբավարար վարկային պատմությունը, որը բանկը ստացել է կատարված հարցման արդյունքում: Համաձայն Բանկի կողմից սահմանված պայմանների՝ վերոնշյալ վարկը ստանալու պարտադիր նախապայմաններից է հանդիսանում դրական վարկային պատմության առկայությունը (վարկեր առանց ուշացումների) վերջին 5 տարվա ընթացքում: Ձեր նշած հիփոթեքային վարկի վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվել Բանկ ուղարկված վարկային զեկույցում, քանի որ գործող օրենսդրության համաձայն զեկույցի տրամադրման պահին նախորդող 5 տարուց ավելի վաղեմության տեղեկատվությունը չի ներառվում վարկային զեկույցում («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 11): Համաձայն Վարկային բյուրոյից ստացած տեղեկատվության՝ վերոնշյալ վարկը Ձեզ տրամադրել է 2003թ.-ին եւ մարել 2004թ.-ին (10 տարի առաջ)»,-գրում է կրթման կենտրոնի ղեկավարը:
Ինձ մնում է բարի ժպիտով հարց տալ կրթման կենտրնի ղեկավարին. իմ՝ Ձեզ հաղորդած տվյալներն ինչու՞ եք ինձ փոխանցում, չէ՞ որ ես էի տեղեկացրել, թե բանկում ինձ ինչ պատասխան են տվել: Հիմա էլ ես իմ ասածը Ձեզ փոխանցեմ, դե կներեք, որ վերջին 5 տարում վարկ չեմ վերցրել: Կներեք, բայց ձեր պատասխանը հակատրամաբանական ու նաեւ, այսպես ասած, հակաբանկային է: Փաստորեն, ըստ Ձեր տրամաբանության, վերջին 5 տարում վարկ չվերցնելը մեղք է եւ ես զրկվում եմ վարկ ստանալու հնարավորությունից: Իսկ եթե դա Ձեր տրամաբանությունը չէ, գուցե մի քիչ կրթե՞ք «Յունիբանկ»-ին: Եվ այստեղ է, որ ապացուցվում է, որ «Յունիբանկ»-ը քաղաքացիներից անձնական տվյալներ է հավաքում: Այլապես բանկում հենց անձնագիրս վերցրին, իրենց տեղեկատվական համակարգում տեսան, որ ես վերջին 5 տարում վարկ չեմ վերցրել, ինչու՞ շարունակեցին հարցաթերթիկը լրացնելը, ի՞նչ կարիք կար անձս հարցաքննության ենթարկել, եթե պիտի մերժեին միայն «վերջին 5 տարվա վարկային պատմության չլինելու համար»… Թե՞ բանկի համար կասկածամիտ վտանգներ են պարունակել իմ տվյալները, դե, ասենք, որ լրագրող եմ ու հանկարծ կարող եմ հասկանալ, որ իրականում իրենց գովազդով հայտարարած առանց այն էլ թանկ՝ 20 կամ 22 տոկոսանոց վարկերը վերջնահաշվարկում 24 ու 26 տոկոս են դառնում…
Անհեթեթ էր նաեւ ԿԲ-ի կրթման կենտրոնի ղեկավարի՝ ինձ ուղարկած գրության վերջին պարբերությունը՝ «Հարկ ենք համարում նաեւ նշել, որ ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը ինքնուրույն են սահմանում իրենց կողմից առաջարկվող վարկատեսակների պայմանները եւ հաճախորդների վարկարժանության գնահատման չափանիշները, որոնց հիման վրա էլ կայացնում են վարկեր տրամադրելու կամ մերժելու որոշումներ»:
Ստիպված եմ եւս մեկ կրթման վարժություն անել: Այո՛, առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, բայց ԿԲ-ի գործն է վերահսկելու ոլորտը ու թույլ չտալու կամայականություններ:
Եթե սխալվում եմ, ապա ստիպված եմ «Լուսանցք»-ին հետայսու այս կարգի հարցերով դիմող քաղաքացիներին տեղեկացնել, որ մեր երկրի բանկային ոլորտի վերահսկող մարմինը Կենտրոնական բանկը չէ:
Չէ, իրականում ԿԲ-ն է, բայց ԿԲ-ն ինքն է հայտ ներկայացրել հրաժարվելու այդ գործառույթից:
Եթե ճիշտ չեմ հասկացել, ուրեմն մեղավորը ԿԲ-ից ինձ գրություն ուղարկողն է, եւ այս հրապարակումից հետո ԿԲ նախագահ Աթուր Ջավադյանը ստիպված կկրթի իր կրթման կենտրոնի ղեկավարին:
Արմենուհի Մելքոնյան
Հ.Գ. – 1 – Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ ԿԲ-ն ուղիղ 1 ամիս հարցումներ է արել մատնանշածս խնդիրներով: Եվ երկրորդ, ինչքան էլ տարօրինակ է, բայց «Յունիբանկ»-ը ինձ համար յուրօրինակ գովազդ ապահովեց. մրցակից համարվող բանկերից վարկեր վերցնելու առաջարկներ եմ ստանում:
Միաժամանակ՝ հասկանալով, որ «Յունիբանկ»-ի «պատվին» գրված երկու հոդվածներիս շնորհիվ հայտնվել եմ այդ բանկի «սեւ ցուցակում», հուշեմ, որ «Յունիբանկ»-ն էլ իմ «սեւ ցուցակում» է:
Հա, ԿԲ-ի կրթման կենտրոնի ղեկավարին տեղեկացնեմ, որ իմ «սեւ ցուցակ»-ը այլաբաներոն նշանակում է «Յունիբանկ»-ի նկատմամբ մշտառկա ուշադրություն:
Հ.Գ. – 2 – Նյութը պատրաստ էր տպագրության, երբ «Յունիբանկ»-ից «հիմնավորապես» մերժված մի քաղաքացի ինձ տեղեկացրեց, որ մերժելուց հետո ՙՅունիբանկ՚-ն իրեն ուղղորդել է «Վե Տե բանկ»: Իմա՞ստը… հետո կպարզենք…
«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



