ԱԺ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անդրադառնալով նոր կառավարության ձեւավորմանը՝ ասել է, որ եթե ԲՀԿ-ն նորից մտնի կոալիցիա, ապա «չի նմանվելու ոչ մի կուսակցության (նկատի ունի ՕԵԿ-ին), առավել եւս՝ ոչ մի կուսակցության կցորդ չի կարող դառնալ»: Ըստ պատգամավորի, իրենք դեմ են միանձնյա, առանձին մի թեւի որոշմամբ թելադրվող աշխատանքին, կողմնակից են թիմային աշխատանքին, եւ «եթե իշխող կուսակցությունը պատրաստ է միանձնյա որոշումներ չկայացնել, երկրի առաջ ծառացած խնդիրները թիմային կառավարումով առաջ տանել, էստեղ դեմ կանգնելը, չուզելը արդեն ինքնանպատակ է դառնում, ուղղակի կապրիզի պես մի բան»: Այլ ԲՀԿ-ականներ նույնպես կարծում են, որ ընդդիմադիր կեցվածք ունենալը պետք է ինքնանպատակ չլինի, պիտի պայմանավորված լինի ծրագրերով, ինչն էլ պատրաստ են իրականացնել քաղաքական կոալիցիայի կազմում:
ՀՀ նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ականները ներկայացնելու են իրենց մոտեցումները. ասել է ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն եւ ոչ թե զուտ անձերի փոփոխություն, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Մեր օրակարգն ուժի մեջ է, որն արտահայտվում է նաեւ քառյակի հետ ամենօրյա մեր մոտեցումները ճշտելով, գործունեությամբ»,- նշել է պատգամավորը:
ՀՅԴ-ում ավելի բուռն է քննարկվում կոալիցիա վերադառնալու հարցը, անգամ խոսում են, որ այդ դեպքում ՀՅԴ-ն առնվազն 2 նախարարական պորտֆել կստանա: Նախընտրելի է համարվում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ Ավելին, մտադիր են հետագա բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, եթե, իհարկե, բանակցությունները ցանկալի հունով ընթանան։
ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ էր հրավիրելու երեկ եւ քննարկվելու էր նոր ձեւավորվելիք կառավարությունում պատասխանատվություն ստանձնելու խնդիրը, ՕԵԿ նախարարների մնալ-չմնալու հարցը: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն այս պահին մտադրություն չունի նախարարների կազմը փոխել, բայց չի բացառվում, որ նոր հարցեր առաջանան: Հատկապես, որ խոսակցություններ կան, որ նա ցանկանում է ընդհանրապես հրաժարվել «նախարարական կորպուսից», քանի որ դրանք «եկամտաբեր չեն»: Նշենք, որ մերթ ընդ մերթ վիճաբանություններ են լինում ՕԵԿ նախարարների ու ղեկավարի միջեւ, սակայն հետո կարողանում են հարթել:
Ասում են նաեւ, թե քաղաքական դաշտում սպորտային հարցերով կապված ջերմացել են ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների հարաբերությունները: Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության աղմկոտ պատմությունից հետո ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լավացել են այնքան, որ Գագիկ Ծառուկյանն օգնել է Արթուր Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում:
Մինչդեռ «սկանդալային պատմության» ժամանակ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երկու կուսակցապետերի զրույցը վերածվել էր վիճաբանության, անգամ՝ հայհոյանքների։
Հակաիշխանական քառյակի պատմությունը կարծես ավարտին է մոտենում, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» մեջ էլ «դուետ» չի լինի, միասնական ճակատ չեն կազմի՝ իրենց մոտ դա չի ստացվում, եւ երկրում ընդդիմություն ձեւավորելու վերջին հույսը կմնա արտախորհրդարանական ուժերի վրա:
Վերջերս պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշել էր, որ ներկա ընդդիմությունը չունի իր քաղաքական գաղափարախոսությունը, ոչնչով չի տարբերվում նախորդներից: «Լուսանցք»-ը եւս նշել է այդ բացը, որ քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի գաղափարի վրա, իսկ եթե չկա այդ գաղափարը, ապա պայքար է գնում աթոռ(ներ)ի համար: Իսկ աթոռակռիվը արդեն վաղուց ճահճացրել է մեր երկրի եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր ոլորտները:
Քաղաքական դաշտում որեւէ նոր բան դեռ չի եղել: Ամեն ինչ նույնն է ինչպես ասենք՝ 1990-ին, 1995-ին, 2000-ին, 2005-ին կամ այսօր՝ 2015-ի շեմին…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



