Ազգային համաձայնության մեկնակետը – Վարչապետի հրաժարականը առաջ է բերել նոր քաղաքական իրավիճակ, բայց ասպարեզում անկայուն ու անմիաբան հներն են…

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո որոշվեց, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի միայն: Թեեւ ամեն ինչ տանում էր նրան, որ վարչապետ է լինելու Հովիկ Աբրահամյանը: Համենայնդեպս, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեթեւ ձեռամբ այլեւս կասկած չէր մնացել: Ինչ-որ բա՞ն փոխվեց այն բանից հետո, երբ երկրի ղեկավարին հանդիպեցին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի ղեկավարները: Հազիվ թե: Կամ՝ գուցե Հովիկ Աբրահամյանին մրցակի՞ց  է հայտնվել՝ «գազի» Կարենը՝ նույնինքը՝ նախկին «Հայռուսգազարդ» -ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը: Տարբերակները բազմաթիվ են, չնայած գլուխկոտրուկի կարիք չկա, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի: Խնդիրն այլ է՝ նոր վարչապետը կշարունակի՞ նախկինի ծրագրերը, թե՞ առաջ կքաշի այլ՝ ՀՀ-ում աշխատող ծրագրեր:

Չի բացառվում, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն «թունդ» ընդդիմադիր դիրքերից վերադառնան իշխանական դաշինք, որին քննադատում էին նաեւ համատեղ գործած մեղքերի համար: Նոր կառավարությունն էլ գուցե ավելի բազմաշերտ լինի, անգամ նախկին իշխանավորներից, որ ներկա ընդդիմադիրներ են, ոմանք կարող են պաշտոններ ստանալ: Այս ամենը չի բացառվում, եթե երկրի նախագահը վարչապետի՝ բոլորին հարմար թեկնածուն առաջադրի: Հակաիշխանական քառյակը այս դեպքում ուղիղ 2 կես կլինի, քանի որ, ըստ արտահայտած դիրքորոշումների, բացառվել է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը իշխանության մաս կազմեն:

Ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն ծրագրել է Գերագույն ժողով անցկացնել եւ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հաստատել է այն փաստը, որ քննարկվելու են կազմակերպչական, քաղաքական, կուսակցական հարցեր: Սովորաբար այդ ժողովներն ընթանում են փակ-գաղտնի ռեժիմով: Հավանական է, որ փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում։ Երեկ ՀՅԴ ներկա ղեկավար կազմը պիտի հանդիպեր Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի քննարկեր նոր վարչապետի ու ազգային համաձայնության կառավարության հարցը։ ՀՅԴ-ն թերեւս դեմ չէ մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, եթե այն ձեւավորվի, բայց ԲՀԿ-ն է մտորումների մեջ։ Եթե ԲՀԿ-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի, ՀՅԴ-ն գուցե ստիպված լինի հրաժարվել իր մտադրությունից: Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ական գործարարները մի քանի օր է ինչ ուրախության մեջ են, երեւի թե արդեն իշխանամետ լինելու որոշումը արծարծվել է:

ԲՀԿ-ի մշտական քննադատությունն այն մասով էր, որ նախկին կառավարությունը տապալել է տնտեսությունն ու սոցիալական ծանր իրավիճակի հանգեցրել, եւ միակ ճիշտ տարբերակը համարում էր կառավարության հեռանալը: Հակաիշխանական քառյակի գործունեության հիմքում եւս ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու խնդիրն էր դրված (որոշակի տարաձայնություններով հանդերձ), ուստի վարչապետի հրաժարականը առաջ է բերել նոր քաղաքական իրավիճակ, երբ կա՛մ պետք է գնալ ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը, կա՛մ՝ մնալ ընդդիմադիր եւ նորից զբաղվել անհասկանալի գործունեությամբ:

Կար ժամանակ, երբ ընդդիմադիրներից ոմանք հայտարարում էին, թե իշխանություններն այրեցին ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի բոլոր կամուրջները եւ խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերը կգնան մինչեւ վերջ: «Պայքար, պայքար մինչեւ վերջ» թեզի հայտնի նախաստեղծ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ն անգամ հայտարարեց, թե հաջորդ հրաժարականը նախագահ Սերժ Սարգսյանինն է լինելու:

Դեռ մարտին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը, աշխարհի 20 երկրների, Հայաստանի ու Արցախի դաշնակցական պատասխանատուները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ հնարավոր բոլոր միջոցներով Արցախին աջակցելու, միջազգային ասպարեզում արցախահայերի շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում։ Այդ ժամանակ էլ արդեն խոսք կար, որ «ՀՅԴ-ում կիսված կարծիքների մեծ մասը քաղաքական կոալիցիա վերադառնալու կողմնակից է»:

Վերջերս Ռոբերտ Քոչարյանը եւս քայլեր արեց, նախ՝ մի լավ «վրաերթ» կատարեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ խոսելով, անգամ վիրավորելով, ապա քաղաքական բանակցություններ վարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հետ: Խոսք կար, թե նա քայլեր կանի իշխանական բուրգում իր տեղն ամրապնդելու համար, բայց պաշտոնապես հերքվեց այն լուրը, թե ՀՀ 2-րդ նախագահը ցանկանում է լինել հաջորդ վարչապետը:

Վարչապետի հարցով զրույցներն ավելի թեժացան, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե «ՀՀԿ-ն կարող է շռայլություն թույլ տալ վարչապետի պաշտոնը վստահելու ոչ ՀՀԿ-ական մարդկանց»: Հայտնեց, որ ինքը տեսնում է մի շարք արժանի մարդկանց, որոնց քաղաքական մեծամասնությունը կարող է վստահել նոր կառավարության կազմավորումը եւ երկրի զարգացման ծրագրերի մշակումը: Իշխանամետ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, թե նոր վարչապետը կարող է նաեւ սփյուռքից լինել, քանի որ կան հայտնի մարդիկ, տնտեսագետներ, որոնց հետ խորհրդակցում են անգամ հզոր պետությունների ղեկավարները:

Այս ամենը հակաիշխանական քառյակին արդեն երկատում էր եւ որոշ ընդդիմադիրների այն հավաստիացումները, թե «քառյակը իր բնականոն հունով ու ռիթմով ծավալում է գործունեություն», արդեն հավաստի չէր: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնիսկ հայտնեց, որ եթե անգամ ԲՀԿ-ն դառնա խիստ ընդդիմադիր, միեւնույնն է, կազմակերպության ավելի քան 10%-ն էլի իշխանություններինն է: Ամենամտահոգը թերեւս «Ժառանգություն»-ն է, որի փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձրաձայնեց, թե «քառյակը անհապաղ կոնսուլտացիաներ պիտի սկսի առաջնորդների մակարդակով», կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավելեց, թե «վարչապետին ուղղակի «ժերտվա» տվեցին»:

Սակայն պայքարը վարչապետական աթոռի ու կառավարության ձեւավորման շուրջ ավելի ձգող եղավ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի նամար:  Այսպես՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վարչապետի հրաժարականի կապակցությամբ ԱԺ-ում հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ ավելի ուշ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՅԴ-ն եւս կհանդիպի երկրի նախագահին: Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ի հետ իշխանության մաս կազմած ՕԵԿ-ը նույնպես ակտիվ է, ակնհայտ է, որ ՕԵԿ նախագահ եւ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւս թեժ պայքար է տանում վարչապետի պաշտոնի համար: ՀԱԿ-ը հրաժարվել է հանդիպել Սերժ Սարգսյանին, իսկ «այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի» ասող Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հեռահար հայտարարել է, որ ապագայում ձեւավորվելիք կառավարությանն իրենք մաս կկազմեն, եթե համակարգային իշխանափոխության խնդիր դրվի նաեւ, «այսինքն, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն լինի, այդ դեպքում կարող է նման հարց քննարկվել»:

Ի վերջո, ՀՀԿ ԳՄ-ն եւ խորհրդարանական մեծամասնությունը կհայտարարեն իրենց որոշման մասին, սակայն մեկ անգամ եւս պետք է հիշեցնենք, որ իրական առիթ է ստեղծվել ազգային համաձայնության կառավարության ձեւավոման համար, որում կներգրավվեն ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր այն ուժերը, որոնք կառուցողական մղումներ ունեն: Պետք է ներգրավել նաեւ արտախորհրդարանական կարող ուժերին եւ Հայաստանի ներքաղաքական կյանքը վստահաբար կբռնի կայուն ու անշեղ զարգացման ճանապարհը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.