Անսպասելի՞, թե՞ հասունացած հրաժարական – Նոր վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է ծավալվել. Նախագահը էական փոփոխություններ է խոստացել…

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անսպասելի էր ոչ թե հրաժարականի չսպասված լինելու առումով, այլ՝ որպես հանկարծակի քայլ, ինչը թերեւս միայն նախագահ Սերժ Սարգսյանը կարող է բացատրել: Բայց նախագահը չի մանրամասնել: Ավելին՝ ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, թե ավելի քան 1 ամիս է, ինչ հրաժարականի դիմումը ներկայացվել է երկրի ղեկավարին, պարզապես նախագահը խնդրել է վարչապետին սպասել, մինչեւ Մաքսային միության եւ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դատավարական հարցերը որոշակի հստակեցումների հասնեն: Սակայն հրաժարականի մասին տեղեկատվության հաստատումից հետո, այդ անսպասելիությունը ակնհայտ երեւում էր բոլորի մոտ, թե՛ պետական, թե՛ քաղաքական, թե՛ հանրային ոլորտներում: Անգամ վարչապետի համար է դա անսպասելի եղել, քանի որ նա շատ հանգիստ վարել է կառավարության նիստը եւ նույն հանդարտությամբ ժամանել ՀՀԿ ԳՄ նիստին:

«Լուսանցք»-ը գրել է, թե հայտնի էր, որ նախագահը դեռ իր նախորդ պաշտոնավարման ընթացքում է ցանկացել փոխել վարչապետին, նաեւ այս պաշտոնավարման ժամանակ, ինչին ընդդիմացել են միջազգային կառույցները, մասնավորապես համաշխարհային բանկը, որն ի սկզբանե հովանավորել է Տիգրան Սարգսյանի նշանակումը: Ամեն դեպքում՝ հանրային բողոքները դարձել էին բազմաբնույթ եւ հրաժարականի քաղաքական պահանջը հասունացած էր: Եվ, ըստ երեւույթին, ՀՀ նախագահը կարողացել է դրսի շահագրգիռ կողմերին ապացուցել, որ վարչապետն իրեն սպառել է ու բնակչության մեծամասնությունը չի վստահում կառավարությանը:

Ու վարչապետը ներկայացրեց իր հրաժարականը, ինչը բավարարվել է նախագահի կողմից: Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Դեռեւս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր եւ խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել մի շարք կարեւոր պետական միջոցառումների ու ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, եւ առաջին հերթին երկրի նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր ու արդյունավետ աշխատանք»:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է կառավարության հրաժարականը, որի համաձայն, ՀՀ նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը՝ որպես պաշտոնակատարներ, մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նույն հոդվածով սահմանվում է նաեւ վարչապետի նշանակման կարգը. խորհրդարանում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ 20-օրյա ժամկետում:

Լուրեր են պտտվում, թե վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել եւ համաձայնել է լինել Եվրասիական միության ու Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում։ Այս դեպքում՝ նա կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական եւ այլ խնդիրներով: Սակայն մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ ՀՀ նախկին վարչապետը պաշտոն կստանա Համաշխարհային բանկի խորհրդում՝ իբրեւ ՀԲ փոխնախագահ:

Սա դեռ կպարզվի, իսկ նոր վարչապետի համար թեժ պայքար է ծավալվել, եւ այս կամ այն աղբյուրի համաձայն, որոշ անուններ են շրջանառվում: Հրաժարականի օրը Բաղրամյան 26 են կանչվել ուժային կառույցների ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Բաղդասարյանը եւ էլի մարդիկ, ովքեր տեղեկացվել են վարչապետի հրաժարականի մասին, ու նաեւ քննարկվել է նոր վարչապետի հարցը, սակայն վերջնական որոշում չի կայացվել: Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյան միջեւ նույնպես հանդիպում է եղել:

Կենտրոնական բանկում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահը արդեն հստակ մատնանշել է, թե ինչու էր դժգոհ այս կառավարությունից եւ ինչ է ակնկալում նորից. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ այդ կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»: Սերժ Սարգսյանը հայտնել է, որ վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք:

«Բարեփոխումների շարունակականություն» ասվածում կներառվի՞ պարտադիր կուտակայինը, կպարզվի շուտով: Եթե վարչապետ է ԱԺ նախագահ աշխատած Հովիկ Աբրահամյանը, պետք է որ որ դեմ լինի պարտադիրին՝ ծանոթ լինելով բողոքող պատգամավորների տեսակետներին:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.