Կգա՞ ազգակրոն վարչապետը – Հայ արիականները եւ ազգայնականները ակնկալում են աներեւակայելի քայլ՝ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակում…

Հայությունն այսօր ապրում է իր հերթական ճակատագրական պատմափուլը, երբ ներազգային ու միջազգային հիմնախնդիրները ակնհայտ զուգակցված են ու իրական լուծման կարիք ունեն: Առանցքային հարցերի բոլոր ժամանակավոր լուծումները վերածվում են քաղաքական բումերանգի, քանզի հարմարեցվում են այս կամ այն գերուժի շահերին: Իսկ կան անհետաձգելի խնդիրներ, որոնց արագ ու արդյունավետ լուծում չտալը կարող է վտանգել Հայաստանի ու հայության պաշտպանվածությունն ու անվտանգությունը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավարների համատեղ նիստում քննարկվել են ներքին ու արտաքին այն հիմնախնդիրները, որոնք օր առաջ պետք է դառնան ոչ միայն մեր պետության ներքին օրակարգային հարցեր, այլեւ մտնեն միջազգային օրակարգ:

Համատեղ նիստում քննարկվել է նաեւ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետ ունենալու անհրաժեշտությունը: Հասկանալի է, որ դա արտաքին լուրջ հակազդեցության կարժանանա, քանի որ համաշխարհային մամլիչի՝ աշխարհի գաղտնի կառավարության աչքերն ամենուր են, հատկապես՝ Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում, որտեղից միշտ են սկսվել աշխարհակարգի որոշակի փոփոխությունները, համաշխարհային վերաձեւումները, սակայն պիտի կտրուկ քայլեր անել Հայկական Ազգային Պետության ձեւավորմանն ուղղված:

Մենք պարտավոր ենք ոչ միայն փոխլրացնող քաղաքականությամբ հնարավորինս պահպանել չեզոքությունը երկբեւեռ աշխարհում, որն ավելի ակնհայտ կգործի ուկրաինական իրադարձություններից եւ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո, այլեւ այդ փոխլրացնող քաղաքականությունում պետք է գործնականում ներառենք հայկական շահերը:

Ռազմավարական գործընկեր, քաղաքական դաշնակից, սոցիալ-տնտեսական, լեզվա-կրթա-մշակութային, բարոյա-խրատական աջակից, բարեկամ կամ հարեւան, թե այլ ձեւակերպմամբ քաղաքական տեսությունները չպետք է միակողմանի լինեն այլեւս:

Եթե երկբեւեռ աշխարհի որեւէ կողմը հստակ ու արդյունավետ քայլեր կանի հայկական շահերի ուղղությամբ, ապա կարելի է հրաժարվել փոխլրացնող արտաքին քաղաքականությունից եւ հստակ լուծումներ առաջադրել տվյալ բեւեռում՝ հատկապես ռազմա-քաղաքական ու ռազմա-տնտեսական ուղղություններով:

Թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը, համաթուրքական քաղաքական միավորումը, թուրք-ադրբեջանա-վրացական հակահայ գործունեությունը, Արցախի հիմնախնդիրը եւ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում երբեւէ չգոյ քրդական պետություն ստեղծելու միջազգային մարմաջը, Ջավախքում թուրք-մցխեթների ներթափանցման փորձերը, հայաթափ Նախիջեւանում հայ մշակութային ցեղասպանության վերջին քայլերը, սփյուռքահայության ինքնության պահպանման անհրաժեշտությունը եւ անվտանգության խնդիրները, ինչպեսեւ այլ հարցեր պետք է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մղեն Ազգային Համաձայնության Կառավարության ստեղծմանը:

Երկրի կառավարությունն ու խորհրդարանը պետք է տարբերվեն միմյանցից, նույն համամասնությամբ խորհրդարանն ու կառավարությունը կամա, թե ակամա լճացման են գնում:

Հստակ է, որ Ազգային Ժողովն է ձեւավորում երկրի կառավարությունը, բայց այս դեպքում պետք է հաշվի առնվեն նաեւ արտախորհրդարանական այն կարող ուժերը, որոնք կդառնան ինչպես ձեւավորված իշխանության ազգային նախաձեռնությունների աջակիցը, այլեւ կլինեն կառուցողական այն ընդդիմությունը, որի կարիքը ցայսօր կա Հայաստանում:

Կառուցողական ընդդիմությոնը պետք է նաեւ գործով ապացուցի իր ազգային լինելը:

Այստեղ է, որ երկրի վարչապետը պետք է կարողանա ներքին փոխլրացնող քաղաքականության կրողը լինել եւ դառնալ Հայոց Արժեհամակարգի պաշտպանն ու հովանավորը:

Միայն ներքին համերաշխությունը, սոցիալական, հոգեւոր, բարոյական ու տնտեսական հարցերի՝ թեկուզ դանդաղ, բայց տեսանելի կարգավորումը հնարավորություն կտա վարել ուժեղ ու կայուն արտաքին քաղաքականություն:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբմբումը նախագահ Սերժ Սարգսյանին եւ իշխող Հանրապետական կուսակցությանը կոչ են անում՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում աներեւակայելի ու աննախադեպ քայլ անել եւ նախաձեռնել Ազգային Համաձայնության Կառավարության ձեւավորումը:

Թող ի վերջո իշխող կուսակցության՝ նժդեհյան ցեղակրոն ու պահպանողական գաղափարները որդեգրելու հայտարարությունները դառնան տեսանելի հենց ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակմամբ ու կառավարության ձեւավորմամբ:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.