Սկիզբը՝ թիվ 12-ում
Տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտում եւ՛ բարձրագույն եւ՛ նախնական ու միջին մասնագիտական կրթություն կա: Թեեւ ոլորտի նախնական ու միջին մասնագիտական կրթության մասով վերջին մի քանի տարիներին շոշափելի փոփոխություններ են եղել, բայց կրթության եւ արտադրության միջեւ կապը անբավարար է: Նաեւ արտադրողների հետ է համագործակցության մակարդակը թույլ: Դասախոսական կազմի շրջանում էլ վերապատրաստումների եւ մասնագիտական շփումներն են անբավարար:
Հարկային ու մաքսային դաշտի առումով վիճակը հետեւյալն է. տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտի հումքի (թել եւ գործվածք) ներմուծումը հիմնականում ազատված է մաքսատուրքից: Մաքսատուրքի 10% դրույքաչափ է կիրառվում պատրաստի տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրանքի Հայաստան ներմուծման վրա, իսկ դրանց արտահանումն ազատված է մաքսատուրքից: Բնագավառում կիրառվում է տնտեսության մեջ շահութահարկի ստանդարտ 20% դրույքաչափ: Շահութահարկի վճարումից ազատված է ձեռագործ գորգերի իրացումը: Ներմուծման եւ տեղական շուկայում ոլորտի արտադրանքի վաճառքի վրա սահմանված է ԱԱՀ ստանդարտ դրույքաչափ՝ 20%: Իսկ ներմուծվող կարի մեքենաները (ներառյալ դրանց կահույքը եւ ասեղները) ազատված չեն սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումից: Կարի ծառայություն մատուցող՝ արտերկրյա ընկերությունների պատվերներ արտադրող տեղական ընկերությունները հումք եւ մեքենա սարքավորումներ ներմուծելիս, օգտվում են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմից:
Ոլորտի մասնակիցները վիճահարույց հարցեր են առաջ քաշում. դեռ 2011թ. Հայաստան ներմուծված գործվածքային հումքի վրա սահմանվել է ԱԱՀ գանձում սահմանի վրա, որից այն մինչ այդ ազատված է եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հումքը գալիս է մեծածավալ քանակով՝ բեռնատար մեքենայով/կոնտեյներով, իսկ դրա գործածումը արտադրության մեջ եւ վերջնական արտադրանքի իրացումը միանգամից տեղի չի ունենում, ըստ մի շարք արտադրողների՝ ԱԱՀ ամբողջ գումարի միանվագ գանձումը շրջանառու միջոցների նկատելի խնդիրներ է ստեղծում:
Մեկ այլ վիճահարույց խնդիր է այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական պաշտոնական կապերի բացակայությունը հաճախ խնդիրներ է ստեղծում Թուրքիայից հումքի ներմուծման պարագայում՝ կապված հումքի ծագման եւ որակի հետ: Սա, իր հերթին, հավելյալ կարեւորություն է ստանում, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ոլորտի հումքի մեծ մասն է գալիս Թուրքիայից:
Այս ամենով հանդերձ մենք ոլորտի համաշխարհային մրցակից երկրների հանդեպ որոշակի ծախքային առավելություններ ունենք: Եվ այդ առավելությունը թե՛ աշխատուժի վարձատրության, թե՛ էլեկտրաէներգիայի ծախսի եւ թե՛ արտահանման որոշ երկրների գանձած մաքսատուրքի առումով է:
ՀՀ-ի ծախքային թերություններից են աշխատուժի արտադրողականությունը եւ հումքի/վերջնական արտադրանքի փոխադրածախսը: Արտադրողականության մասով՝ ըստ արտերկրյա ընկերություններին կարի ծառայություն մատուցող տեղական ընկերությունների ղեկավարների՝ Հայաստանում ոլորտի աշխատուժի արտադրողականությունը միջազգայնորեն զիջում է իր մի շարք մրցակից երկրներին: Օրինակ, ըստ վերոնշյալ մասնագիտական կարծիքի՝ Բուլղարիայի հետ համեմատ Հայաստանի ոլորտի աշխատուժի արտադրողականությունը ցածր է մոտ 40%-ով: Դա պայմանավորված է մեքենա-սարքավորումների որակով: Ինչ վերաբերում է փոխադրածախսին, ապա աշխարհաքաղաքական դիրքով եւ ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանը իր մի շարք միջազգային մրցակիցների զիջում է փոխադրածախսի առումով: Արդեն ասացինք, որ ոլորտի հումքը (թել/գործվածք) Հայաստանը ամբողջապես ներմուծում է, հիմնականում Թուրքիայից, մասամբ նաեւ՝ Միջին Ասիայից, Չինաստանից: Մյուս կողմից՝ հումքի մատակարար վերոնշյալ երկրները՝ մասնավորապես, Թուրքիան եւ Չինաստանը տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրատեսակների խոշոր արտադրողներ են: Սա վերաբերում է նաեւ այնպիսի արտադրողների, ինչպիսին են Հնդկաստանը, Պակիստանը, Բանգլադեշը եւ այլն: Հումքի ներմուծման միջին փոխադրածախսն ավելի ցածր է նաեւ այնպիսի արտադրող երկրների պարագայում, ինչպիսին է օրինակ Բուլղարիան, որը ծովային ճանապարհով ներմուծում է Թուրքիայից (միջինում մոտ 0.12 ԱՄՆ դոլ./կգ համեմատած Հայաստանի շուրջ 0.25 ԱՄՆ դոլ./կգ ցուցանիշի հետ): Թեեւ Հայաստանը նույնպես ներմուծում է Թուրքիայից, սակայն, միջպետական պաշտոնական կապերի բացակայությունը հնարավորություն չի տալիս ներմուծումն ուղղակիորեն իրականացնել: Ըստ մեկ այլ օրինակի՝ արտապատվիրման պարագայում Իտալիայից Հայաստան օդային ճանապարհով եկող հումքի ծախսը կազմում է միջինում մոտ 5 ԱՄՆ դոլ./կգ: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ թիվ է սա, նկատենք, որ դա առնվազն եռակի ավելի բարձր է, քան Արեւելյան Եվրոպայի պարագայում ավիափոխադրածախսը: Աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ Հայաստանից արտահանվող ոլորտի արտադրանքի միջին փոխադրածախսն ավելի բարձր է, քան տարածաշրջանից մրցակից երկրներինը: Օրինակ, Հայաստանից Իտալիա արտահանման փոխադրածախսը միջինում կրկնակի ավելի բարձր է, քան՝ Բուլղարիայից կամ Թուրքիայից (ավիափոխադրման պարագայում մոտ 2 ԱՄՆ դոլ./կգ՝ վերոնշյալ երկրներից մինչեւ 1 ԱՄՆ դոլ./կգ փոխադրածախսի համեմատ): Մյուս կողմից սակայն, Հայաստանը Եվրոպա արտահանելիս բեռնափոխադրման պահանջվող օրերի առումով մրցակցային առավելություն ունի ասիական երկրների (օրինակ՝ Չինաստանի) նկատմամբ գրեթե կրկնակի անգամ: Ճանապարհածախսի առումով եւս Հայաստանը Արեւելյան Ասիայի համեմատ առավելություն ունի Եվրոպա բեռնափոխադրման պարագայում՝ նվազագույնը շուրջ 25%:
Որպեսզի տեքստիլ եւ տրիկոտաժի բնագավառի ներկայիս վիճակի պատկերն ամբողջանա, հակիրճ խոսենք ուժեղ, թույլ կողմերրից, հնարավորություններից եւ ռիսկերից: Ուժեղ կողմերից է՝ ա) ոլորտի ավանդույթներ՝ հին, նաեւ՝ խորհրդային ժամանակներից եկող, բ) հումքի ներմուծման մաքսային արտոնյալ դաշտ (մաքսատուրքի բացակայություն), գ) էլէներգիայի ծախսի միջազգային համեմատությամբ ցածր մակարդակ, դ) Եվրոպային աշխարհագրական մոտիկություն (մասնավորապես Արեւելյան Ասիայի արտադրողների համեմատությամբ), ե) երկրում եվրոպական չափանիշներին մոտիկ աշխատանքային մշակույթի առկայություն (մասնավորապես Արեւելյան Ասիայի արտադրողների համեմատությամբ), զ) մասնագիտական կրթության առկայություն բարձրագույն, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Երեւանում եւ մարզերում:
Հնարավորությունների մասով – արտադրական չօգտագործված հզորությունների՝ արտադրական շինությունների եւ մեքենասարքավորումների (80-ականների վերջին հիմնականում եվրոպական եւ ճապոնական սարքավորումներով վերազինված) առկայություն, որոնք հնարավորություն են ընձեռում արագ հիմնել/ընդլայնել արտադրություն՝ առանց մեծ կապիտալ ներդրումների: բ) Ոլորտում օտարերկրյա ընկերությունների ներգրավվածության հաջողված նախադեպերի առկայությունը ոլորտի այլ օտարերկրյա ընկերությունների համար գրավչության գործոն է: գ) Փորձառություն բարձրորակ եւ որակյալ արտադրանք արտադրելու (իտալական առաջատար բրենդերի ապրանքների արտադրություն՝ La Perla, Montclair, Armani եւ այլն): դ) Արտահանման ավանդական ԱՊՀ շուկաներում (մասնավորապես՝ Ռուսաստան) հայկական արտադրանքի վրա մաքսատուրք չի կիրառվում: ե) Սփյուռքի ներուժ կա՝ պատվերների ներգրավման եւ արտահանման աջակցման հարցում:
ՀՀ-ի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի թույլ կողմերը հետեւյալն են: 1.) Ներմուծման մասով. ա) արտերկրից տեղական ընկերություններին ուղարկված ապրանքանմուշների նկատմամբ որպես վերջնական արտադրանք մաքսազերծման պահանջի կիրառում: բ) Ներմուծված հումքի ԱԱՀ գանձում սահմանի վրա (գործվածքի վրա ԱԱՀ-ն ներդրվել է 2011թ.): 2. Մեքենա-սարքավորումների եւ շրջանառու կապիտալի մասով. ա) որոշ ընկերությունների արտադրություններում սարքավորումների հին բազա, բ) որոշ ընկերությունների շրջանառու միջոցների անբավարար մակարդակ: 3. Ներքին շուկայի մասով՝ ա) տեղական շուկայում արտադրության եւ սպառման ստվերայնություն, բ) ոլորտի արտադրանքի անօրինական ներմուծման (հայտարարագրված իրականից ցածր բնեղեն ծավալներ եւ/կամ գներ) պրակտիկայի առկայություն: 4. Ոլորտի առաջմղման եւ շուկայի մասով. ա) ոլորտի ներքին եւ արտաքին առաջմղման, ընկերությունների շուկայավարման անբավարար մակարդակ եւ՝ արտադրանքի թույլ բրենդինգ: բ) Թիրախ շուկաներում, մասնավորապես Ռուսաստանում, տեղական արտադրանքի կայուն մատակարարման բազայի բացակայություն: գ) Ոլորտի կախվածությունը փոքրաթիվ օտարերկրյա պատվիրատուներից:
Ռիսկերի մասով. ա) համաշխարհային ոլորտում մրցակցության ուժեղացման եւ շահութաբերության մարժաների ավելի ու ավելի ցածր դառնալու միտում, բ) համաշխարհային նոր ճգնաժամ:
Այս ամենը իմի բերելով կարող ենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանը միջազգային տեքստիլի եւ տրիկոտաժե արտադրանքի շուկայում՝ հաշվի առնելով գլոբալ միտումները: Այս մասին՝ հաջորդիվ:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



