Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի – Հայ արիները կնշեն Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը
ՀԱՄ լրատվական կենտրոնից տեղեկացրեցին, որ ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմական տարածքում կնշեն ավանդական Զատիկի տոնը: Ապրիլի 20-ին Գարնանային օրահավասարն է՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմելու՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:
Զատիկի տոնը արիական հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:
Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու փառաբանումներից հետո կրակ կվառեն եւ կրակի շուրջը կպարեն, ձոներգեր կասեն ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի: Այնուհետեւ երկնային արեւի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ կպահեն, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն:
Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում բնաշխարհի շքեղությունը: Հայ արիները դա գինեձոների են արժանացնում՝ նաե՛ւ վասն ազգի բարգավաճման ու ծաղկունքի:
Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս հիշեցնում են Հայաստանի իշխանություններին՝ Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին:
Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց պետք է այդ գործընթացն սկսել, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորվի այն առումով եւս, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:
Եզդիական համայնքն էլ նշեց Տաուսի Մալակը
ՀՀ եզդիների համայնքը, որ շարունակում է մնալ իր ավանդական արեւապաշտական հավատին, ապրիլի 16-ին նշեց եզդիների Նոր տարին՝ Տաուսի Մալակը:
Հայ-եզդիական բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ այդ ընթացքում երկուստեք բազում առիթներ են ունեցել ապացուցելու, որ հնարավոր է լինել անշահախնդիր բարեկամ: Հայաստանաբնակ եզդիների համար մեր երկիրը հարազատ տուն է, եւ աշխարհի եզդիները անմասն չեն մնում Հայաստանի խնդիրները լուծելու հարցերում իրենց ներդրումն ունենալու առումով:
Տաուսի Մալակի կապակցությամբ եզդիների համայնքին շնորհավորել ու նորանոր ձեռքբերումներ են մաղթել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի ներկայացուցիչ Շահեն Ծատուրյանը, Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի միջոցով, շնորհավորել է եզդիների Նոր տարին, նշել, որ արիադավան-հեթանոս հայ արիներն ուրախ են եզդիների համար, քանի որ նրանք մնացել են իրենց արեւապաշտական հոգեւոր սկզբունքներին հավատարիմ եւ Հայաստանում ունեն հնարավորություն իրենց արմատներին ամուր կառչած մնալու, իրենց տեսակը զարգացնելու համար: ՀԱՄ առաջնորդի ներկայացուցիչը հիշել է, որ Արցախյան ազատամարտում նույնպես հաստատվեց մեր բարեկամությունը, եւ հայ մարտիկների հետ կողք-կողքի կռվեցին նաեւ շատ եզդի կամավորականներ:
Վահագն Նանյան
Ծաղկազա՞րդ, թե՞ այցելություն Երուսաղեմ
Հերթական անգամ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հաստատեց, որ հեթանոսական տոների վրա կառուցված քրիստոնեական տոնը (ինչպես Տրնդեզին՝ կրակ վառելը, Վարդավառին՝ ջուր ցանելը, Զատիկի ձվերը գույնզգույն ներկելը) ոչ մի կապ չունի բնության կամ ազգի հոգեւոր եւ պատմական իրողության հետ: Ապրիլի 13-ին նշվեց Ծաղկազարդը, որը ոչ մի կապ չունի բնական գունաբաժանման՝ զատումի՝ զատիկի հետ եւ նշվում է, որպես Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ (ոչ այս քաղաքը, ոչ էլ «հաղթական այցը» որեւէ կապ չունեն հայության հետ)։
Ծաղկազարդի պատարագից հետո եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվել: Գարեգին Բ կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՙՏիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. ՙՕրհնությո՛ւն, Դավթի որդուն՚ (Մատթ. 21:15):
Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ձիթենին ունեցել է իմաստության խորհուրդ: Ձիթենու եւ արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, «որ մեռյալ Ղազարոսին հարություն տվեց», խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Հաջորդ օրը ժամերգությունից հետո, եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, «որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո» (թե երբ՝ հայտնի չէ,- խմբ.): «Ուռենու ճյուղերը ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր՝ հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանություն պարգեւող»:
Եվ այս ամենն իբր հերքում է Մայր Անահիտին նվիրված Զատիկի գունագեղ տոնը, դեռ մի բան էլ «անպտուղ հեթանոսներին» համեմատում են ուռենու ճյուղերի հետ: Սա այլեւս ծիծաղելի չէ, եղկելի է, երբ բնությունից ու պտղաբերումից շեղված հուդա-քրիստոնյաներն իրենց Եհովա Աստծո եբրայացի որդուն վերագրում են արարչական գործառույթներ, գարնան գունագեղությունն էլ հերթական անգամ սեւ սքեմների մեջ աղավաղելով՝ տոնում են մի բան, որ կապ չունի բնության վերազարթոնքի տոնի՝ Զատիկի եւ Ծաղկազարդի հետ:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



