Նոր իրավիճակ՝ քաղաքական դաշտում – Անկոալիցիա իշխանությու՞ն, ոչ իշխանական հնգյա՞կ, թե՞ իշխանական դաշինք՝ արտախորհրդարանական ուժերի հետ… Կամ՝ միակուսակցական կառավարում…

«Վարչապետը 6 տարի պաշտոնավարեց, իր հոժար կամքով հրաժարական տվեց»,- Տիգրան Սարգսյանի մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պարզաբանելով, որ Հանրապետականը ինքնանպատակ չի առաջնորդվում: Իսկ արդյո՞ք կառավարության պատասխանատուն մինչեւ «իր հոժար կամքով» հրաժարականի դիմում գրելը պատասխան չպիտի տար երկրի տնտեսությունը նման անմխիթար վիճակի բերելու համար (շատերն են հարցնում): Մի՞թե դա ինքնանպատակ կլիներ:

Բայց ՀՀԿ-ական պատգամավորն այդ տեսակետին համաձայն չէ. «Վարչապետը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա եւ նոր վարչապետը պիտի շարունակի այն ծրագրերը, որոնք արդեն կան: Ոչ թե փոխելու, այլ շարունակելու է»:

Այս դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ իսկ եթե ամեն բան լավ էր, նախկին վարչապետն էլ դրական էր ազդում տնտեսության վրա, ապա ինչու՞ գրեց հրաժարականի դիմումը, ինչու՞ են տասնյակ հազարավոր մարդիկ, տասնյակ ոլորտների ներկայացուցիչներ դուրս եկել փողոց եւ  պահանջներ ներկայացնում կառավարությանը:

Իսկ եթե «գնացողի հետեւից միայն լավն են խոսում» տարբերակն է այս դեպքում, ապա, եթե այդ տարբերակն անգամ քաղաքական կատեգորիա է, հաստատ բարոյական ու արդարացի տարբերակ չէ: Հիտլերին նորից չհիշենք, թե ինչեր խոսեցին գնալուց հետո…

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը ի սկզբանե արծարծվում էր, նա հարմար թեկնածու էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար: Իսկ երբ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին խորհրդարանում ու միասին գնացին նախագահական՝ Սերժ Սարգսյանի մոտ, արդեն կասկած չկար, թե ով է լինելու նոր վարչապետը:

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ իշխանությունը թուլացրեց ոչ իշխանական ուժերի պայքարը, քանի որ ԲՀԿ-ն գոնե նույն եռանդով չի շարունակի հակակառավարական քարոզչությունը։

Երբ ՀՀԿ ԳՄ նիստը նախորդ շաբաթ չհայտարարեց Հովիկ Աբրահամյանի անունը, շատերը մտածեցին, թե ինչ-որ բան է փոխվել: Բայց դա ժամանակի ձգձգում էր, մինչեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կորոշեին՝ միանու՞մ են նորից իշխող կոալիցիային, թե՝ ոչ: Ըստ երեւույթին՝ ԱԺ նախագահ աշխատելով՝ ներկայիս վարչապետը կարողացել է հարաբերություններ հաստատել եվրա-ամերիկյան ուղղության հետ, ինչը նրա հանդեպ ընդդիմություն չառաջացրեց ընդդիմություն Արեւմուտքում: Իսկ Ռուսաստանի հետ վաղուց հարաբերություններ կան: Եվ Հովիկ Աբրահամյանին ավելի շատ պետք էր ներքին համերաշխության հասնել, քան արտաքին խնդիրները լուծել:

«Իշխանություններն ամեն ձեւով փորձելու են գայթակղել, պաշտոններ առաջարկել: Կոչ եմ անում ձեզ չգայթակղվել»,- քառյակի համար հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով հաստատ վատ հարաբերություններ չունի ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա դիմեց ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին՝ Ծաղկաձորում ընթացող համաժողովի ժամանակ՝ խնդրելով չհանձնվել:

Մինչ այդ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, բայց ըստ ԲՀԿ տեղեկատվության, «ինչպես նախորդ քաղաքական կոնսուլտացիաների ֆորմատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այնպես էլ այս հանդիպման ընթացքում ԲՀԿ ղեկավարի կողմից դրվել են նույն խնդիրները եւ տեսակետների որեւէ փոփոխություն չի եղել, այն է՝ ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը»: Բայց ցայսօր չեն դադարում ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս կազմելու մասին զրույցները:

Նույն կարգավիճակում էին նաեւ դաշնակցականները, բայց երեկ հայտարարեցին, որ կառավարությանը մաս չեն կազմի: ՀՅԴ-ականներն իրենց 7 կետանոց առաջարկներն են նորից պնդել եւ ընդհանրապես գործադիրի հետ համագործակցությունը հենց այդ 7 կետերի շուրջ են պատկերացնում: Բայց իշխանական կոալիցիա ասվածը դադարեց գոյություն ունենալ, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանության կազմից ու հայտարարեց ընդդիմադիր ուժ դառնալու մասին: Սա քայլ էր՝ ի պատասխան այն մերժման, որը Արթուր Բաղդասարյանին զրկեց վարչապետ լինելու հնարավորությունից: ՕԵԿ-ական նախարարները հեռացան կուսակցությունից՝ մնալով իշխանության մեջ: Իհարկե, Ա. Բաղդասարյանը նաեւ կհրաժարվի ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից:

Ոչ իշխանական քառյակը կվերածվի՞ հնգյակի: Քառյակը ՕԵԿ-ին իրեն մոտ դեռ չի թողնում: Իսկ մինչ դա, քառյակը շատ խիստ մոտեցումներից է հրաժարվել, «եթե մենք այսօր այս իշխանությանը դիտում ենք որպես թշնամի, երբ մենք գանք նրանց տեղը, մեզ են ընկալելու որպես թշնամի»,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդպես թշնամաբար չի կարելի աշխատել: Ըստ նրա՝ ոչ իշխանական քառյակը հրաժարվել է այլ մոտեցումներից էլ. «Մեզ համար ընդունելի չեն ծայահեղ ազատական մոտեցումները, երբ մեջբերվում է Ադամ Սմիթը որպես դասական: Պետության դերի վերաիմաստավորումը եւ արժեվորումը շատ կարեւոր է: Պետություն եւ իշխանություն հասկացությունների տարանջատումը շատ հստակ պետք է լինի»: Իսկ ահա, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները, որ առավելապես տնտեսական ծրագրերի մասին են խոսում, շեշտը դրեցին քաղաքական փոփոխությունների վրա, թե միայն «վիրահատության միջոցով հնարավոր կլինի երկրոււմ փոփոխություններ անել»: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն այլ կերպ են մտածում, նրանց կարծիքով՝ չի կարելի անընդհատ ասել, թե երկրում պակասում է վստահությունը, հավատը վաղվա նկատմամբ:

Ոչ իշխանական 4 ուժերի քննարկմանը մասնակցել են ՀԱԿ-ից՝ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Վլադիմիր Կարապետյանը: «Ժառանգություն»-ից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը, ԲՀԿ-ից գրեթե բոլոր պատգամավորները:

Այս ընթացքում պարզ դարձավ, որ նախկին վարչապետը կզբաղվի դիվանագիտական աշխատանքով: Տիգրան Սարգսյանը կնշանակվի Բելգիայի թագավորությունում դեսպան,  միաժամանակ համակարգելու է նաեւ ՀՀ հարաբերությունները բոլոր այն եվրոպական կառույցների հետ, որոնք գտնվում են Բելգիայում: Այսպես էլ պետի լիներ՝ հենց Բրյուսելում: «Որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել»,- ասել է նախկին վարչապետը:

Չնայած վարչապետափոխությանը, սոցիալական բնույթի տարբեր հարցերով բողոքի դուրս եկած մարդիկ մեծ հույսեր չեն կապում դրական տեղաշարժերի առումով: Կողոպուտը երկրում շարունակվում է. ասել է հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Մեղավորը Հանրապետական կուսակցությունն է: Բարոյալքված է նաեւ հայկական սփյուռքը. «Մարդիկ, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում այստեղ՝ Հայաստանում, արդեն հրաժարվում են իրենց արմատներից»,- հայտարարել է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամը, ով նաեւ զարմացած է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակման լուրից. «Ղարաբաղյան կլանը ուներ նաեւ այլ թեկնածուներ, ինձ համար զարմանալի է, թե ինչու ընտրեցին հենց այս մեկին»:

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը որոշել են իրենց կարծիքները հայտնել, երբ կանցնի որոշ ժամանակահատված, երբ աշխատանքը կգնահատեն, ոչ թե անձին: Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ «Հովիկ Աբրահամյանի միջոցով իշխանությունները փորձելու են կաշկանդել ԲՀԿ-ի գործողությունները, փորձում են կապել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի ձեռքերն ու ոտքերը»: Իսկ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար, ով «Ազգային դեմոկրատներ»-ի կազմում դարձավ պատգամավոր, անակնկալ չէր ԱԺ նախագահի վարչապետ դառնալու լուրը, քանի որ «նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հենց առաջին օրվանից ԱԺ նախագահի անունը շրջանառվել է որպես հավանական թեկնածու. Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար նախընտրելի ֆիգուր է, եւ իրեն այլընտրանքային ուժ հռչակած ԲՀԿ-ն այս դեպքում այդքան սուր չի կարող լինել, ինչպես հանդես էր գալիս նախկինի օրոք»:

Այսինքն՝ մտավախություն կա, որ քառյակը առաջվա համերաշխությամբ չի գործի: Բայց իշխանական կոալիցիա կազմելու թեման փակված չէ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.