Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Չնայած նախկին նախարար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարեց պաշտոնը պահպանելու համար, բայց, ի վերջո, ՀԱՕԿ սպորտվարչության պետը, ով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է, փոխարինեց նրան:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի՝ նախարար դառնալուց հետո, Գագիկ Ծառուկյանի հետ մշտապես պայքար էր գնում մարզաշխարհում թիվ 1 դեմքը դառնալու համար: Այն փոփոխական հաջողություններով էր ընթանում, բայց ահա հասավ ավարտին:
Հաղթանակի ոգով` մրցասպարեզում եւ մարտադաշտում
Մայիսի 9-ին մեր ժողովուրդը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 69-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Հաղթանակների գործում զգալի ավանդ ունեն նաեւ հայ մարզիկները: Չնայած պատերազմական վիճակներին, Հայաստանում մարզական կյանքը չընդհատվեց: Ավելին` 2-րդ աշխարհամարտի տարիներին մարզակառույցների թիվն ավելացավ: 1943թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի ժողկոմխորհը (կառավարությունը) որոշում ընդունեց միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ, ստեղծել 10 նոր մարզադպրոցներ եւ այլն: Նույն թվականի հուլիսին որոշվեց եւ 1945-ին սկսեց գործել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Պատերազմի 5 տարվա ընթացքում մեր երկրում պատրաստվեց 11645 դահուկորդ, 15528 լողորդ, 25843 մենապայքարային մարզիկ, 42 հազար նռնականետորդ եւ այլն: Ֆիզկուլտուրային կազմակերպությունների թիվը հասավ 777-ի, իսկ մարզիկների քանակը` 33451-ի:
Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել աննկուն հայ մարզիկները: Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի անունը: Բայց երեւի քչերը գիտեն, որ «նժույգի արքան» Խորհրդային բանակի կազմում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ հյուսիսկովկասյան ռազմաճակատում եւ 1943-ին ծանր վիրավորվել: Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով վերադարձավ մարզադահլիճ: Կամքով արի մարտիկն ու մարզիկն ուժ գտավ` վերականգնելու վիրավոր ոտքը եւ, դեռ ավելին, Հելսինկիում 1952թ. կայացած օլիմպիական խաղերում նվաճեց 2-ական ոսկե եւ արծաթե մեդալ:
Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի է նաեւ արցախյան հերոսամարտում: Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ եւ ուսանողներ հերոսաբար ընկան մարտադաշտում: Նրանք խաղային, մենապայքարային, ջրային, կիրառական մարզաձեւերի ներկայացուցիչներ են: Անմահացած մարզիկների հիշատակը հավերժացնում է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար-հուշարձանը:
«Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր
«Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 23-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը մրցեց Կապանի «Գանձասար»-ի հետ, որն առաջին անգամ էր անմիջականորեն պայքարում պատվավոր մրցանակի համար:
Թիմերն արդեն կորցրել են առաջնությունում մրցանակային տեղ գրավելու հնարավորությունները, ուստի եվրոգավաթների ուղեգիր նվաճելու վերջին հույսը գավաթին տիրելն էր: Եզրափակիչ խաղն ավարտվեց համառ պայքարում՝ երեւանցիների հաղթանակով՝ 2:1 հաշվով:
«Արարատ»-ը կորցրեց առաջատարի դիրքը
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ փուլում Երեւանի «Բանանց»-ը 3:1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակ»-ին, իսկ Երեւանի «Միկա»-ն Կապանում 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին: «Բանանց»-ն 47 միավոր ունի եւ 3 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Երեւանի «Արարատ»-ին, որը մի քանի խաղափուլ առաջ 7-8 ավել միավորներով առաջատարն էր, բայց չկարողացավ պահպանել այդ մեծ առավելությունը: «Արարատ»-ն իր հարկի տակ պարտվեց առաջնության ետնապահ «Ուլիս»-ին՝ 1:2, եւ 44 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում: Մրցաշարի մյուս ետնապահ «Ալաշկերտ»-ը անսպասելի ջախջախեց «Փյունիկ»-ին՝ 5:1:
Վարդան Մինասյանը՝ 9-րդ փուլի լավագույն մարզիչ
Vesti.kz-ն ներկայացրել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9-րդ փուլի խորհրդանշական հավաքականը եւ լավագույն մարզիչին։ Լավագույնն է ճանաչվել «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով մինչեւ վերջերս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր: «Մասնագետը նոր է ծանոթանում թիմին, սակայն «Տոբոլ»-ի հետ հասցրել է 2 բարձունք հաղթահարել՝ վաստակելով 6 միավոր։ Դժվար է ասել, թե որ տեղում կավարտի առաջնությունը թիմը, սակայն այն, որ Վարդան Մինասյանը գերազանց մարզիչ է, կասկած չի առաջացնում։ Դեռ մի քանի փուլ առաջ «Տոբոլ»-«Ակտոբե» հանդիպումն այդքան հետաքրքրություն չէր առաջացնում, ինչպես հիմա։ Հայ մարզչի ջանքերի շնորհիվ գործող չեմպիոնի արտագնա հանդիպումը Կոստանայում պետք է որ հեշտ չանցնի»,- գրել են ղազախական զլմ-ները։
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը
Մայիսի 8-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը: Աղյուսակը կրկին գլխավորում է Իսպանիայի ընտրանին՝ 1. Իսպանիա-1460 միավոր:
2. Գերմանիա-1340, 3. Պորտուգալիա-1245, 4. Բրազիլիա-1210, 5. Կոլումբիա-1186, 6. Ուրուգվայ-1181, 7. Արգենտինա-1178, 8. Շվեյցարիա-1161, 9. Իտալիա-1115, 10. Հունաստան-1082, 17. Ուկրաինա-913, 18. Ռուսաստան-903, 23.Դանիա-819, 30.Սերբիա-759, 33. ՀԱՅԱՍՏԱՆ-750, 53. Ուզբեկստան-577, 70.Ալբանիա-486, 83. Բելառուս-404, 85. Ադրբեջան-398, 93. Էստոնիա-366, 99. Մոլդովա-325, 103. Վրաստան-303, 104. Լիտվա-293, 109. Լատվիա-273, 118. Ղազախստան-235, 121. Տաջիկստան-229, 146. Ղրղզստան-148, 156. Թուրքմենստան-119:
Չեմպիոնի տիտղոսը պաշտպանեց մեկ ձեռքով
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ ստիպված է եղել մենամարտել մեկ ձեռքով: Այդ մասին հայտարարել է 34-ամյա Աբրահամը. «Չեմ ցանկանում արդարանալ, բայց մենամարտում էի միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատերը կոտրվել էին դեռ նախորդ մենամարտում: Մարզումների ժամանակ շատ էի աշխատում ձախ ձեռքի հարվածների վրա»:
Հիշեցնենք, որ Բեռլինում մայիսի 3-ին կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:113, 116:112, 119:110: Դա Արթուրի 40-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
«Երեւանյան գավաթ-2014» ավտոմրցարշավը
«STR ավտոսիրողների ակումբ» հ/կ-ն տարեշրջանի բացումը նշանավորել է «Երեւանյան գավաթ-2014» մրցարշավով, որին մասնակցել են շուրջ 40 ավտոարշավորդներ՝ պրոֆեսիոնալ եւ սիրողական, ներկա է գտնվել շուրջ 3000 հանդիսատես։ «Դրագռեյսինգ» մրցումները ավտոսիրողների համար մեծ արագության հաճույքը զգալու լավ հնարավորություն են։ Մրցումներն անցկացվում են մայրուղիներում՝ համապատասխան թույլտվությամբ ու մասնագիտորեն սահմանված կարգով: »Այդպիսով մեծ արագության սիրահարները կարող են ուժերը չափել ճիշտ տեղում, եւ ոչ թե երթեւեկության մեջ»,- նշել է «STR ավտոսիրողների ակումբ»-ի նախագահ Արսեն Մանուկյանը։
Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգերի դասակարգմամբ, յուրաքանչյուրը՝ 3-ական հաղթական տեղով։ 1-ին տեղերը զբաղեցրած 5 ավտոարշավորդները պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետարանի տրամադրած գավաթներով:
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Չեխանովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային վերջին օրը գերազանց հանդես եկավ Հայաստանի միակ մասնակից Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրքաշայինների (+96 կգ) մրցումներում մեր 17-ամյա մարզիկը դեռեւս պոկում վարժությունում ցույց տվեց 182 կգ գերազանց արդյունք եւ 27 կգ-ով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված սերբ Թամաշ Կալդոչիից: Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցումը կատարեց այն ժամանկ, երբ բոլորն արդեն ավարտել էին ելույթները: Մեր մարզիկն առաջին փորձից իրեն ենթարկեց 195 կգ ծանրաձողը եւ վստահ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Այնուհետեւ նա բարձրացրեց 215 կգ ծանրաձողը: Այդպիսով, մեր մարզիկը 56 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Յուրի Ախմեթջանովին:
Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը (2-1-3)՝ ետ մնալով Ռուսաստանից (4-1-0) եւ Ռումինիայից (3-2-2):
Ըմբշամարտիկները պայքարում են Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ պատանիների Հայաստանի հավաքականը: Մեր մարզիկներն այս ստուգատեսում նվաճեցին 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ` թիմային հաշվարկում գրավելով 3-րդ տեղը:
Հիշեցնենք, որ արծաթե մեդալների արժանացան Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) եւ Արման Մնոյանը (42կգ): Բրոնզե մեդալներ նվաճեցին Սարգիս Հովսեփյանը (76 կգ), Գեւորգ Մխեյանը (63 կգ) և Նարեկ Հովհաննիսյանը (50 կգ), իսկ Վրեժ Քարամյանը (58 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (46կգ) գրավեցին 5-րդ տեղը:
Մեր մարզիկներից Սարգիս Հովսեփյանը և Վաղինակ Մաթեւոսյանը ձեռք բերեցին նաեւ Նանջինգում 2014թ. կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանշային ուղեգրեր:
Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչն է Արշակ Հայրապետյանը: Նշենք, որ երեկ մրցապայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:
«Ռազմական» օլիմպիադայի հաղթողները հայտնի են
Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր 3 օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:
Պատանիների ֆիզիկական, կրակային եւ շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու եւ անցկացվող մրցումներին հետեւելու նպատակով մայիսի 7-ին ռազմական ինստիտուտ այցելեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ընդգծեց երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարեւորությունը, հավաստիացրեց, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները: Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ մրցանակների արժանացան մրցումների արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը:
Թիմային ընդհանուր հաշվարկով Տավուշի եւ Լոռու մարզերի հավաքականները զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրեց Արցախի թիմը, որը, ի դեպ, արդեն 2-րդ տարին է, ինչ հաղթող է ճանաչվում առարկայական օլիմպիադայում: Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերի եւ հուշանվերների արժանացան նաեւ օլիմպիադայի ընթացքում լավ արդյունքներ արձանագրած մի շարք դպրոցների զինղեկեր ու աշակերտներ:
Վանաձորի հավաքականը` առաջատար
Երեւանի ճարտարագիտական համալսարանի մարզասահում պայքարը շարունակել են մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները: 2-րդ փուլում սկզբունքային մրցավեճ է ծավալվել մեկնարկային տուրում իրենց օգտին հաղթանակ գրանցած Աջափնյակի եւ Վանաձորի հավաքականների միջեւ: Առաջին կեսից հետո վանաձորցիները պարտվում էին 11:12 հաշվով, սակայն հանգստից հետո նրանք կարողացել են վերականգնել հաշվի հավասարակշռությունը, ապա հաղթել են 30:25 հաշվով:
Արցախ-ՀՄԴ խաղում հավասար մրցակցություն է ընթացել: Առաջին կեսն ավարտվել է 12:12 հաշվով: Ի վերջո, մեկ գնդակի առավելությամբ` 28:27 հաշվով հաղթել են ՀՄԴ-ի ներկայացուցիչները: «Պոլիտեխնիկ»-ը զիջել է ԽՄՕՄՄ-ին` 30:36 (13:16) հաշվով:
Վաստակած 4 միավորով աղյուսակը գլխավորում է Վանաձորի հավաքականը: 2-ական միավոր ունեն Ալավերդիի, ՀՄԴ-ի, ԽՄՕՄՄ-ի, Աջափնյակի թիմերը, Արցախի ընտրանին եւ «Պոլիտեխնիկ»-ը ոչ մի միավոր չեն վաստակել:
Հայաստանից կլինի 4 մասնակից
Արագ եւ կայծակնային շախմատի 2014թ. աշխարհի առաջնությունում Հայաստանից կմասնակցեն 4 շախմատիստ: Նրանք են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը:
Առաջնությունը տեղի կունենա հունիսի 15-20-ին, Դուբայում: Սկզբում մասնակիցները 3 օրում, 15 փուլով կորոշեն արագ շախմատի աշխարհի չեմպիոնին, ապա 2 օրվա մեջ կանցկացնեն կայծակնային շախմատի 21 խաղ եւ կվիճարկեն 1-ին տեղը: Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 200 հազար դոլար: Մրցաշարերի հաթողները կպարգեւատրվեն 40.000-ական դոլարով:
Կայացավ խուլերի շախմատի Հայաստանի 9-րդ առաջնությունը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ՝ «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում կայացավ խուլերի շախմատի Հայաստանի 9-րդ առաջնությունը, որին մասնակցում էին մարզիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից եւ Մարտունուց:
Երեւանցի Հակոբ Հակոբյանը եւ գյումրեցի Գեւորգ Խումյանը վաստակեցին 6-ական միավոր, սակայն գործակիցների հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց երեւանցի մարզիկը, իսկ գյումրեցին գրավեց 2-րդ տեղը: 4 մարզիկներ էլ վաստակեցին 5-ական միավոր եւ նորից գործակիցների հաշվարկով 3-րդ տեղը գրավեց Լեւոն Սադոյանը (Երեւան): Մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը 12-ամյա երեւանցի Սարո Մելքոնյանն էր, ով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Մրցաշարին հետեւում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի ու ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը: Նշենք, որ Հայաստանի հավաքականը պետական աջակցությամբ հունիսին մասնակցելու է Խորվաթիայի Օպատիա քաղաքում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիադային:
Տաթեւ Աբրահամյանը մեկնարկում հաղթել է
Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը հաղթանակով է սկսել Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության անդրանիկ փուլում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Աշխարհի չեմպիոնը լքում է Հայաստանը.- Պատճառը՝ սպորտի պետական կառույցի անտարբերությունն է
«Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն օրերս հայտարարեց, թե ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը մայիսի 11-ին Յարոսլավլ քաղաքում թուրք մրցակցի հետ չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտում վերջին անգամ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: «Դրանից հետո Դավիթը ութանկյուն կմտնի արդեն որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ»,- ասել է չեմպիոնի մարզիչը: Բայց, եթե Հայաստանը մարզիկին առաջարկի Ռուսաստանի եւ Իրանի առաջարկվող պայմանների թեկուզ 10%-ը, Դավիթը հաստատ կմնա Հայաստանում:
«Արմֆայթինգ» ֆեդերացիայում զրույցի ժամանակ Հայկ Ղուկասյանն ասել է. «Մինչեւ հիմա ինչ արել ենք, միայն ու միայն մեր միջոցներով ենք արել: Պետությունից ոչ մի լումայի աջակցություն չենք ստացել: Սպորտում մարզիկի կյանքը կարճ է: Առավել եւս՝ պրոֆեսիոնալ մարտարվեստներում, որտեղ ռինգում անցկացրած ամեն մի մենամարտը հղի է առողջությանը սպառնացող վտանգներով»: Դավիթն արդեն 26 տարեկան է, ընտանիք, երեխա ունի: Ու իր առողջությունը վտանգելով՝ նա վաստակում է մենամարտերով: Այս ամբողջ ընթացքում մենք նրա հետ միասին բոլոր հարցերը լուծել ենք մեր եղած հնարավորություններով: Հիմա նրա կարգավիճակն արդեն միանգամայն այլ է: Նա համաշխարհային ճանաչում ունեցող մարտիկ է ու արդեն 3 տարի է՝ շատ երկրներ հետաքրքրված ու շահագրգռված են նրա ծառայություններով: Բազմաթիվ գայթակղիչ առաջարկներ են եղել այս ընթացքում: Բայց մենք մերժել ենք՝ հանուն Հայաստանի, Հայաստանի մարզական դրոշի պատվի… ու դրա դիմաց ստացել զրո ուշադրություն ու վերաբերմունք: Պետությունից երբեք ոչ մի լումա ֆինանսավորում չի եղել: Ավելին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ինձ ասում էին, թե ՄՕԿ-ն ընդհանուր մենամարտերը որպես մարզաձեւ չի ընդունում:
Ինչ-որ տեղ այդպես է, շարունակել է Հայկ Ղուկասյանը, բայց չէ՞որ նախարարությունը զբաղվում է նաեւ երիտասարդության դաստիարակության հարցերով. «Հայաստանի տարածքով մեկ մեր ֆեդերացիայի մասնաճյուղերում մարզվող հազարից ավելի պատանիներ ու երիտասարդներ, տիրապետելով, այսպես կոչված, «կռվելու» այբուբենին ու նրբություններին, դրանից հետո իրենք են սկսում կանխարգելել փողոցային կռիվները: Իսկ ինչ վերաբերում է Դավիթին, նա արդեն շարքային մարզիկ չէ: Նա հաստատուն տեղ ունի աշխարհի էլիտայում: Ու հենց այնպես չէ, որ Ռուսաստանն ու Իրանը 3 տարի շարունակ համառորեն ձգտում են ձեռք բերել նրան՝ առաջարկելով իդեալական պայմաններ: Ի՞նչ է, նրանք չգիտե՞ն, որ մեր մարզաձեւն օլիմպիական չէ: Ես հիմա էլ չուզենալով եմ գնում այդ քայլին: Բայց այլընտրանք չկա: Թող անհամեստ չթվա, բայց այսօր յոթ երկրների մարզիկներ իրենց ցանկությամբ մարզվում են մեր ֆեդերացիայի՝ թիվ 188 դպրոցում վարձակալված փոքրիկ տարածքում ու ցանկանում են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Իսկ մենք… Մենք մեր աշխարհի չեմպիոնին ուշադրության չենք արժանացնում: Ես արդեն չեմ կարողանում այստեղ, Հայաստանում իմ աճեցրած աշխարհի չեմպիոնին ասել մնա, եթե նրան չեմ կարողանում վարձատրել, նվազագույն անհրաժեշտ պահանջները բավարարել»:
Ու մի բան էլ. Դավիթ Խաչատրյանն այն մարզիկներից չի, որոնք պրոֆեսիոնալ ռինգում 1-2 մենամարտ են անցկացնում ու արդեն մեծամտորեն պահանջներ են ներկայացնում: Պրոֆեսիոնալ ռինգում նրա անվան դիմաց ռեկորդային ցուցանիշ է գրանցված. 15 հաղթանակ եւ 2 պարտություն: Ընդորում, հաղթանակներ աշխարհի գործող չեմպիոնների նկատմամբ: Եվս 4 հաղթանակ էլ չի գրանցվել: Իսկ 2 պարտությունները իրականում սարքովի էին, կողմնակալության հետեւանք: Ի դեպ, վերջերս այդ 2 «երջանիկներից» մեկի մարզիչը տեսախցիկի առջեւ խոստովանեց, որ Դավիթը իրականում հաղթել է իր սանին, սակայն այդ հաղթանակը խլել են նրանից…
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



