Սկիզբը՝ թիվ 12-14-ում
Հայկական տեքստիլին հիմա զարկ տալու համար ինչու՞ է մեր էկոնոմիկայի նախարարությունը խոսում նախ արտապատվիրումից:
Դա պատկան մարմինը բացատրում է հետեւյալ հանգամանքով. բանն այն է, որ սեփական արտադրանքով նոր շուկաների մուտքը ռիսկային է եւ պահանջում է լուրջ ֆինանսական ներդրումներ, իսկ արտապատվիրումը կարող է հիմքեր ստեղծել հայկական ընկերությունների սեփական արտադրությունը զարգացնելու համար: Արտասահմանյան սպառողների շրջանում նախ կձեւավորենք «Made in Armenia»-ի նկատմամբ դրական վերաբերմունք՝ հատկապես առաջատար բրենդերի արտադրանքների դեպքում: Ոլորտի զարգացման համար նպատակը պետք է լինի արտադրական կարողությունների զարգացմամբ սեփական արտադրության զարգացման եւ արտահանման պոտենցիալի մեծացման համար հիմքեր ձեւավորելը, միաժամանակ կարգավորելով ներմուծումը՝ նպաստել արտադրողների տեղական շուկայում բազայի ամրապնդմանը: Մոտակա 10 տարիների ընթացքում հագուստի արտադրության ոլորտը պետք է ձգտի ներգրավել նոր պատվերներ միջին գնային հատվածում:
Ըստ ռազմավարության թիրախային ցուցանիշների կանխատեսման՝ Հայաստանի ոլորտի ընդհանուր արտահանումը 2018թ. 2012թ. համեմատ կարող է աճել շուրջ 4.5 անգամ, իսկ 2023թ.՝ ավելի քան 9 անգամ՝ կազմելով մոտավորապես 120-147 մլն դոլար, ընդ որում շուրջ կրկնակի ավելի արագ կաճի արտապատվիրումը: 2023թ. տեղական արտադրանքի մասնաբաժինը ներքին շուկայում կարող է ներկայիս 10%-ից հասնել մինչեւ 20%: Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտում ներգրավված աշխատուժի քանակը ներուժ ունի 2018թ. 2012թ. համեմատ աճելու գրեթե կրկնակի չափով, իսկ 2023թ.՝ շուրջ եռակի (2012թ. մեր երկրի այս ոլորտի պաշտոնապես գրանցված աշխատուժի քանակը կազմել է 2,718: Հաշվի առնելով ոլորտում ստվերայնության գործոնը (մոտարկվում է 25%-35%-ի շուրջ)՝ աշխատուժի իրական քանակը կարող է կազմել մոտ 3,200-3,900 մարդ): Ի դեպ, խոսվում է նաեւ նախաձեռնություններից, օրինակ՝ 1. հումքի ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման հետաձգում մինչեւ 6 ամիս, 2. հումքի մաքսազերծման ժամանակ հսկիչ գների չկիրառում առնվազն արտադրող ընկերությունների կողմից ներմուծման պարագայում, 3. արտերկրից ուղարկված արտադրական նմուշների ազատում մաքսազերծման վճարներից, 4. մաքսազերծման վարչարարության արդյունավետության բարձրացում՝ մասնավորապես հումքի եւ սարքավորումների պարտադիր սերտիֆիկացման պահանջների վերանայում, 5. շրջանառու միջոցների վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորում, 6. կապիտալ ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորում, 7. ներմուծված սարքավորումների ազատում ԱԱՀ-ից, 8. արտադրական աշխատուժի վերապատրաստում, 9. արտադրության կազմակերպիչների ուսուցում/վերապատրաստում մասնագիտական կրթական հաստատություններում, 10. համագործակցություն կրթական եւ մասնավոր հատվածի միջեւ նոր աշխատուժի պատրաստման ուղղությամբ:
Մեկ այլ նախաձեռնություն է ռուսական շուկայում Հայստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանման ընկերության հիմնումն ու համալիր գործողությունների իրականացումը: Արտահանման ընկերության ընտրության համար կմշակվեն համապատասխան չափանիշներ եւ կհայտարարվի մրցույթ: Արտահանման ընկերությունը պետք է լինի Ռուսաստանում գրանցված մասնավոր ընկերություն, որը կիրականացնի հայկական արտադրանքի ներմուծումը, մարքեթինգը, առաջմղումը եւ մեծածախ վաճառքը: Պետական աջակցությունը ուղղված է լինելու հայկական նոր ապրանքների շուկա մուտքի հետ կապված ռիսկերը մեղմելուն:
Այնուամենայնիվ, ռիսկ կա, ի՞նչ կլինի, եթե ռուսական շուկա արտահանման ընդլայնումը ձախողվի: Հաշվարկված է, որ այս դեպքում ռազմավարությամբ պլանավորված արտահանման ծավալները կլինեն մոտ 5%-ով ավելի փոքր: Հայկական արտադրողները կլինեն կախված արտապատվիրումից, որը երկարաժամկետ հեռանկարում կկրճատվի: Ռիսկը մեղմելու համար պետական գործուն աջակցություն կտրվի 1-2 տարվա ընթացքում՝ ապահովելով շրջանառու միջոցներ: Արտադրանքի արտահանման ընկերության նպատակային գործունեությունը ռուսական շուկայում հաջողության հիմնական գործոնն է լինելու: Այս առումով կրիտիկական կլինի վերոնշյալ ընկերության կառավարչի ճիշտ ընտրությունը եւ վերահսկումը, որը օպտիմալ կիրականացնի առաջմղման գործողությունները: Այն պարագայում, երբ ռուսական շուկայում տեղի կունենան առանցքային փոփոխություններ եւ հայկական արտադրանքը օբյեկտիվ պատճառներով հիմնականում անմրցունակ կդառնա, անհրաժեշտ կլինի ռազմավարության վերանայում եւ այլ պոտենցիալ թիրախային շուկայի կամ շուկաների ընտրություն՝ սեփական արտադրանքի արտահանման համար:
Եվ ընդհանրապես, ամեն քայլ էլ պայմանավորված է ոլոտի համաշխարհային միտումներով: Պարզապես հարկ է միշտ ուշադիր լինել՝ այս կամ այն հաջողությունը ձեռքից բաց չթողնելու, ռիսկերից հնարավորինս խուսափելու կամ դրանք մեղմելու եւ մշտապես զարգացման տեսլականները ճիշտ կառուցելու համար: Սա անհրաժեշտ է նպատակային ճիշտ քայլերի համար:
Ի դեպ, նպատակային քայլերի համար ոչ մի դիտարկում մանրուք չէ…
Թուրքական ապրանք չգնելն ինձ համար անխախտ սկզբունք է: Պատճառները հասկանալի են, ուստի բացատրության կարիք չկա: Բայց եւ չեմ կարողանում միանշանակ մեղադրել այն անվճարունակ սպառողներին (ընդգծում եմ անվճարունակի պարագան), ովքեր նախընտրում են թուրքական՝ այս պարագայում տեքստիլ եւ տրիկոտաժե ապրանքը, որովհետեւ համեմատության մեջ այն էժան է նույնիսկ տեղական համանման ապրանքից: Չեմ հասկանում սակայն նրանց, ովքեր գնային նույն արժեքն ու որակական նույն սանդղակն ունեցող հայկական ու թուրքական ապրանքից նախապատվությունը տալիս են վերջինիս: Դրա բացատրությունն էլ ունեմ, բայց այն այս նյութի քննարկման առարկան չէ:
Ինչեւէ, գանք կարեւորագույն մի հարցի. ՀՀ-ն որոշել է տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրանքի ոլորտը զարգացնել ու միջազգային շուկայում ոտքի տեղ անել: Մենք անդրադարձել ենք այդ առումով մեր հնարավորություններին, ռիսկերին, վտանգներին ու ներուժին, թեեւ չենք քննարկել դա մի համապատկերում՝ որոշիչ ինչ մեկ կամ երկու քայլերով ենք դա անելու՝ հաշվի առնելով այն, որ միջազգյաին շուկայում այդ բնագավառում հիմնական դերակատարները Թուրքիան եւ Չինաստանն են: Չինաստանի գործոնը քննարկելիս կարող ենք չզգուշանալ, քանզի Չինաստանը հիմնականում ծավալի վրա է աշխատում, ինչի հետ, բնականաբար, մրցել չենք կարող: Բացի այդ՝ Չինաստանը հայկական ապրանքի դեմն առնելու խնդիր չունի: Այլ է Թուրքիայի պարագան: Թուրքիայի անվտանագության ռազմավարության համաձայն՝ Հայաստանը թշնամի երկիր է հռչակված, իսկ դա նշանակում է, որ Անկարան ամեն միջոցով, յուրաքանչյուր ատյանում եւ ցանկացած բնագավառում ամեն ինչ անում է եւ անելու է մեր առաջխաղացումը կանխելու համար: Վստահաբար միամտություն է հավատալ հայ եւ թուրք գործարարների՝ ժամանակ առ ժամանակ հանդիպումների այն «արդյունքներին», թե տնտեսությունը քաղաքականության հետ կապ չունի, կան գործարարները կարող են շատ բան փոխել: Պետք է ընդունել, որ թուրքական պետական քարոզչամեքենան երբեք չի դադարեցնելու հակահայկական քաղաքականությունը, եւ ա՜յս տեսակետից մշակել մեր ոլորտային այն ռազմավարությունները, որոնք միտված են արտահանման ծավալնելն ավելացնելուն: Մեր նյութի խնդրո առարկայի պարագայում՝ պետք է տեսնել, թե ինչ է անում Թուրքիան տեքստիլի եւ տրիկոտաժի միջազգային շուկայում, եւ ըստ այդմ, ինչ պետք է անենք մենք:
Այստեղի՛ց, հենց ա՛յս կետից պետք է լինի մեկնարկը, որովհետեւ վիրավորական չէ, որ Թուրքիան հաջողում է, վիրավորական է, որ մենք չենք հաջողում: Առայժմ չենք հաջողում: Ներուժն ունենք ու կարող ենք (սա քննարկել ենք): Այ, արդեն աններելի է մեր այն արտադրողների մոտեցումը, որ իրենց ընկերությանն ու ապրանքին միջազգային հազար ու մի անուն են դնում (հակագովազդ չեմ ուզում անել), իսկ թուրքական արտադրողներն իրենց ապրանքը «Ուրարտու» են կոչում, «Սիփան» ու «Ներութ»:
Սա այն է, ինչ վերեւում ասացի պետական քարոզչամեքենայի մասով: Իսկ մեր արտադրողներին մնում է հուշել, որ միջազգային անունը միջազգային շուկա մտնել չի նշանակում…
Գանք թուրքական տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրանքի ոլորտին‘ հասկանալու, որն է նրանց հաջողության պատճառը:
1980-ականներին վարված պետական ազատական քաղաքականության շնորհիվ ոլորտը բացվեց օտարերկրյա ընկերությունների համար (ազատական ասվածը Թուրքիայի պարագայում ուղիղ հասկանալ պետք չէ, այստեղ պետական վերահսկողությունը մշտապես ուժեղ է): 1990թ. ոլորտի արտահանումը արդեն կազմում էր երկրի ողջ արտահանման ավելի քան 9%-ը:
Արտահանումը շարունակական աճ ունեցավ, որովհետեւ ԵՄ-ն Թուրքիայի հանդեպ արտոնյալ տնտեսական քաղաքականություն վարեց:
Թուրքիան մտավ եվրոպական սպառման խոշոր շուկաներ՝ գնային ու որակական տարբեր չափանիշներով:
Ի դեպ, Թուրքիայում ոլորտային զարգացան համար ստեղծված էր ասոցիացիա, որի պարտականությունն էր տեղական ընկերություններին արտաքին շուկաներ մղել: իսկ դրա համար պետք էր «Պատրաստված է Թուրքիայում»-ը բրենդ դարձնել: Լուծումը գտնված էր. թուրքական տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտը ներգրավվեց ոչ միայն սեփական, այլեւ տարբեր երկրների զանազան ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ): Արդեն 2012թ. Թուրքիայի ԱՏԳ-ներում տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտի արտադրության ծավալը կազմեց շուրջ 4.5 մլրդ ԱՄՆ դոլար. ԱՏԳ-ներում բոլոր ոլորտների արտադրության արժեքի շուրջ 16%-ը: Թուրքիայի ԱՏԳ-ներում արտադրող տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի ընկերությունները օգտվում են 3 հիմնական ուղղվածությամբ առավելություններից. 1.արտադրության ժամանակակից ենթակառուցվածքներ, 2. հարկային եւ մաքսային արտոնություններ (ազատում շահութահարկից եւ եկամտահարկից, արտերկրից ներմուծման եւ արտերկիր արտահանման դեպքում բոլոր տեսակի մաքսատուրքերից ազատում), 3. ԱՏԳ-ների մեծ մասի պարագայում՝ ուղիղ ելք դեպի ծով (հիմնված են ծովափնյա նավահանգստային քաղաքներում):
Ընդհանրապես ոլորտի արտահանումը Թուրքիայում 2011թ. կազմել է 7.9 մլրդ դոլար:
Ներկայում ոլորտում գործում են շուրջ 7,500 արտադրողներ, որոնց գերակշիռ մասի արտադրությունն ունի արտահանման ուղղվածություն: Արտադրությունները հիմնականում զինված են ժամանակակից մեքենա-սարքավորումներով: Եթե մինչեւ 2000-ականները արտադրանքի գերակշիռ մասը ցածրարժեք տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրատեսակներն էին, ապա 2000-ականներից սկսած Թուրքիան շարունակաբար մեծացնում է համեմատաբար բարձր ավելացված արժեք ունեցող հագուստի արտահանումը Եվրոպա եւ այլ շուկաներ:
Այդ պետությունը արդեն 9 տարի «Turk Quality» (թուրքական որակ) քաղաքականությունն է տանում:
Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞վ կարող է մեզ խանգարել, ի՞նչ հակընդդեմ քայլեր պետք է ձեռնարկենք:
Շարունակելի
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



