Միշտ մտածել եմ անդրադառնալ հրապարակախոսության ոլորտին, ինչն ազդեցիկ ուղղություն է մեր կյանքում եւ ունի ներգործելու հզոր լծակներ: Սակայն այս ոլորտը բազմաճյուղ է եւ գնահատելու նույն սանդղակը չի կարող լիարժեք գործել բոլոր ճյուղերի համար: Սույն հոդվածում եւս զերծ կմնամ համընդհանուր գնահատականներից, պարզապես մեր գործընկերների, հայ արիների բաց նամակների ներկայացմամբ, թերեւս կկարեւորեմ հրապարակախոսության այս ոճի գոյությունը: Հենց բաց նամակների ձեւը նկատի ունենալով էլ ընտրել եմ հոդվածի վերնագիրը:
Կարծում էի մայիսյան հանգստյան օրերի ընթացքում համեմատաբար եւ համընդհանուր զինադադար կլինի, սակայն այդպես չեղավ, չնայած այդ օրերին հիմնականում ազատ էր նաեւ մամուլը: Թերեւս այս դեպքում ավելի ակնհայտ երեւաց հրապարակախոսության բաց նամակների ձեւի կիրառելիությունը: Երբ ընդհանուր թոհուբոհից հեռու, որոշակի դադարի պայմաններում, ուղղակի հղումներով վեր են հանվում որոշակի հարցեր, հղված որոշակի անձանց, ուղղված որոշակի մարդկանց կամ նրանց գործունեության դեմ:
Ամեն բան առավել քան հստակ է բաց նամակների դեպքում, որովհետեւ դրանք նպատակային են հրապարակվում եւ ներկայացնում են որոշակի խնդիրներ, դրանց պատճառներն ու հետեւանքները, անգամ լուծումներ են առաջարկվում:
Առաջին բաց նամակը, որ կներկայացնեմ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից է՝ հղված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այստեղ մի քանի խնդիր է արծարծվել: 1-ինը եւ ամենակարեւորը՝ նորացված կառավարության կազմում նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նշանակման հարցն է: «Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը, ում կերպարը մշակույթի ու մտավորականության լայն շրջանակներում միանշանակ ընկալվում է հակամշակութային, իսկ մեզ համար՝ նաեւ հակազգային: Այս տիկնոջ պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական մշակութային ու ազգային շատ արժեքներ միջազգայնորեն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում, «դարձան» թուրքական, ադրբեջանական, վրացական կամ իրանական (ոչ թե՝ պարսկական): Իսկ պատասխան չկա, ցավոք, չկա նաեւ պատասխանատու»: ՀԱՄ առաջնորդը հիշեցրել է, որ ինքը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այն ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու սրբապիղծ քայլը կանխելու համար: Եվ հենց Արմեն Ավետիսյանն էլ պարզաբանում է, թե ինչու է ընտրել բաց նամակի ոճը. «Հաճախ ենք դիմում բաց նամակի ձեւին, քանզի վստահ չենք, թե բոլոր նամակներն ու հայտարարություններն են զեկուցվում երկրի բարձրաստիճան անձանց: Չգիտեմ, Ձեզ զեկուցե՞լ են նշածս նամակի մասին, թե՝ ոչ, որն ուղարկել էինք արդեն «Լուսանցք» շաբաթաթերթում հրապարակած: Չգիտեմ նաեւ՝ այժմ կզեկուցե՞ն, թե՝ ոչ: Չգիտեմ, քանի որ որոշ նամակների, այդ թվում՝ մեր տաճարի տարածքում սրճարանի կառուցման հարցով գրավոր պատասխաններ չեն եղել: Ուստի՝ այս դիմումս եւս կդառնա բաց նամակ»:
Սա շարունակում է այն պարզաբանումը, որը կար նյութի սկզբում, հրապարակախոսության մեջ բաց նամակների թեմայի առումով: Այնուհետեւ շարունակվում է խնդրի արծարծումը սեփական լուծումների առաջարկով. «Հուսով եմ, գոնե Դուք կհասկանաք, որ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիները նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները: Եթե անգամ կարող եք սրճարանի գոյությունը պատկերացնել Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակում, Ձեզ էլ՝ պատարագի ժամանակ այնտեղ կաթողիկոսի հետ սուրճ խմելիս եւ ինչ-որ երաժշտություն վայելելիս, ապա Գառնո տաճարում ես դա պատկերացնել անգամ չեմ կարող: Ուստի՝ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անունից դիմում եմ Ձեզ՝ 1. Նախաձեռնել՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականների հարցը: 2. Միանշանակ արգելել Գառնո տաճարում որեւէ բիզնես-շինարարության նախաձեռնությունը՝ պաշտպանելով տարածաշրջանի միակ արիադավան-հեթանոսական (հեթանոս-էթնոս-ազգ՝ այսինքն՝ ազգային) տաճարի ապականումը, որը ինչպես հոգեւոր-մշակութային, այնպես էլ պատմա-քաղաքական մեծ դերակատարում է դեռ ստանձնելու տարածաշրջանում ու աշխարհում նաեւ»:
Բաց նամակում կա նաեւ մեկ այլ թեմա՝ նորանշանակ կառավարության եւ արտախորհրդարանական ուժերի համագործակցության առումով: Ինչպես նախորդ վարչապետները, նորանշանակ վարչապետը եւս համագործակցություն սկսեց փնտրել միայն խորհրդարանական ուժերի հետ: Դա ձախողվեց, եւ ստացվեց այնպես, որ երկիրը հանրապետական միակուսակցական իշխանության տակ է հայտնվել… ՀԱՄ առաջնորդը կարծես հուշում է ՀՀ վարչապետին, որ նա «տեւական ժամանակ է աշխատում է երկրի ղեկավարման վահանակին մոտ, ՀՀ 3 նախագահների օրոք էլ գտնվել է թե՛ տեսանելի, թե՛ ստվերային ղեկավարման շրջանակներում, իսկ ԱԺ նախագահի պաշտոնը Հայաստանի բարձրագույն դիրքերից մեկն է, որի նախագահը տակավին վերջերս էր Հովիկ Աբրահամյանը»: Այսինքն՝ նա ծանոթ է բոլոր առկա հիմնախնդիրներին, ինչպես սոցիալական ու տնտեսական բնույթի, այնպես էլ ազգային, հոգեւոր, մշակութային եւ այլ: Ուստի՝ բոլոր առկա խնդիրներին լուծում տալու համար պետք է երկրում մեծ տեղ հատկացվի արտախորհրդարանական ուժերին, նաեւ ընդդիմությանը, «քանի որ այս իրավիճակում հայտնված քաղաքական ուժերը հաճախ զրկված են բարձրաձայն արտահայտվելու, իրենց տեսակետները համընդհանուր ներկայացնելու հնարավորությունից, իսկ ասուլիսներն ու գործունեության նման այլ ձեւերն անիմաստ են, քանի որ երկրի լրատվական դաշտը ներկայացնում է մասամբ, բացառապես այն, ինչը հետաքրքրում է միայն իր պատվիրատու ուժերին»:
Խոսելով Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անունից՝ Արմեն Ավետիսյանը հայտնում է, թե հասկանում են, որ նախկին կառավարության սխալներն ու բացթողումները ուղեկից կլինեն մի որոշ ժամանակ, բայց դրանցից արագ ձերբազատվելու համար պետք է հենվել ազգային ու հանրային բոլոր կարող ուժերի վրա՝ երկիրը իրական զարգացման տանելու համար: Չնայած հանրապետության նախագահի հայտարարած լուրջ փոփոխություններով կառավարությունը չստեղծվեց, բաց հրապարակավ, համախմբման տանող քայլերով գործելու դեպքում հայ արիները տեսնում են խնդիրները հաղթահարելու ելքեր: «Կառաջարկենք, որ ընդդիմություն ասվածը չդիտարկեք միայն խորհրդարանական ձեւաչափով, ինչպես հաճախ է լինում, հատկապես, որ այդ ձեւաչափի բոլոր կազմակերպությունները եւ դրանց կարկառուն դեմքերը եղել են իշխանության մեջ ու դեռ հարց է՝ կմնա՞ն ընդդիմադիր, թե՞ նորից կառաջանան դեպի իշխանական բուրգ»,- ասված է բաց նամակում:
Հերթական բաց նամակն էլ մի շարք կազմակերպությունների կողմից է (Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան, Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան, «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի ներդրման» միավորման ղեկավար՝ Ռուբեն Ալանակյան, «Ընդդեմ սոցքարտերի եւ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան, «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» միավորման ղեկավար՝ Խաչիկ Ստամբոլցյան, «Հայաստանի կանաչների միության» նախագահ՝ Հակոբ Սանասարյան) եւ հղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Արծարծվող թեման չարչրկված կենսաչափական փաստաթղթերի, կենսա(բիո)քարտերի եւ կենսա(բիո)չիպերի վտանգավոր խնդիրն է:
Բաց նամակում նշվել է, որ ինչպես մարդկանց համարակալման ժամանակ, սոցքարտերի ստեղծման անվան տակ՝ միջազգային մութ ուժերի ծրագրերի համաձայն, համարակալեցին Հայաստանի բնակչությանը, այնպես էլ բիոքարտերի անվան տակ գործը հասցվում է մարդկանց մարմնում բիոչիպերի տեղադրման վերջաբանին. «Բիոմետրիկ փաստաթղթերում քաղաքացիների համար վիրավորական է ոչ միայն համարանիշը, վիրավորական է ամեն ինչ, այդ թվում՝ ստրկական ակնարկը-չիպը, ստրկական դրոշմի նմուշը, որի միջոցով ապագայում հետեւելու են ամեն մեկին, ինչպես հիմա դրա միջոցով հետեւում են չիպավորված անասուններին: Եվ որի միջոցով, ինչպես հայտնի է բոլորին, նախապատրաստում են բնակչությանը այն մտքին, որ ապագայում չիպը ներդնելու են արդեն մաշկի տակ»: Նշվում է, որ չի կարելի քաղաքացիներին իրենց կամքին հակառակ հարվածի տակ դնել, ինչպես դա անում են «Էլեկտրոնային կառավարման…» ծրագրով եւ նույնականացման քարտերի պարտադրանքով: Տվյալների էլեկտրոնային գողությունը անհնար է վերահսկել: Չի կարելի նաեւ ստիպել քաղաքացիներին՝ մտնել վտանգավոր համացանց-ինտերնետ, առնել թանկարժեք ծրագրեր, ինչը նախատեսում է վերոնշյալ ծրագիրը: Եվ հավանական է, որ դա կարող են անել նաեւ Հայաստանի թշնամիները. ահազանգում են բաց նամակի հեղինակները՝ հավելելով. «Դա մարդու սահմանադրական իրավունքների, նրա անձնական, ընտանեկան գաղտնիքի խախտում է եւ ազգային անվտանգության սպառնալիք է ստեղծում: Այս փաստաթղթերի իրական նպատակն այն է, որ ոչ բարեկամական, եթե չասենք՝ թշնամական արտաքին կառույցները, հզոր համակարգիչների միջոցով ուսումնասիրեն ու պլանավորեն իրենց քայլերը հայության (ընդհանուր առմամբ՝ մարդկության) դեմ՝ մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթի վերլուծությունների միջոցով: Տվյալների բազայում գաղտնի կերպով պարզեն Երկրի բոլոր բնակիչների հոգեբանական, բարոյական, առողջական եւ այլ ստատուսները, դրա միջոցով հայտնաբերեն ու գաղտնի չեզոքացնեն այս իրենց կառույցների ու իշխանության համար վտանգավոր այլախոհներին: Ակնհայտ է, որ դեստրուկտիվ արտաքին կառույցներն ունեն այդպիսի դրդապատճառներ: Մենք չէ, որ առաջինը խոսել ենք աշխարհի գաղտնի կառավարության կամ «ոսկե միլիարդի» մասին»…
Տարբեր երկրների իշխանությունները տկարանում են այսպես, հատկապես սիոնա-մասոնական կառույցների առջեւ, որոնք ինչպես հայտնի է, համաշխարհային իշխանություն ունեն եւ համարակալմամբ ու նույնականացման տարբեր ձեւերով վերահսկելի են դարձնում «իրենց մոլորակի» բնակչությանը: Իսկ համացանցը հենց նրանց վերահսկողության տակ է: Ըստ հեղինակների, մատնահետքերի պարտադիր հավաքումով պետությունը հավասարեցնում է բոլոր անմեղ քաղաքացիներին, հանցագործներին ու ահաբեկիչներին, դրանով վիրավորում ու վտանգում անմեղ մարդկանց, խախտում է անմեղության կանխավարկածը (երբ իր ընտանիքի հետ իր տանը նստած մարդու մատնահետքերը հանկարծ կհայտնվեն մի դաժան սպանության գործի մեջ եւ այլն), այդպիսով ցուցաբերում է հակասահմանադրական դաժան վերաբերմունք, ոտնահարում է մարդու արժանապատվոթյունը, մարդու իրավունքները:
Հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելեց նույնականացման քարտերն իր տարածքում եւ վերացրեց դրա հետ կապված տվյալների բազաները: Չեն արտահայտվել, բայց հստակ է, որ նույնականացման քարտերը եւ բիոմետրիկ տվյալների բազան շատ վտանգավոր են համարել երկրի անվտանգության համար, անգամ նշել են, թե ոտնահարում է Սահմանադրությունը, թերեւս նաեւ անիմաստ ու վտանգավոր ծախսեր է պահանջում… Իսկ վերոնշյալ բաց նամակում ահազանգ է հնչեցվել. «Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քարտ»), այժմ փորձում են չիպավորել («Բիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝ զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական եւ մանկա-պղծական օրենքներ պարտադրելով…
Մյուս հրապարակումը որպես բաց նամակ, նույնպես ՀԱՄ առաջնորդինն է եւ Արմեն Ավետիսյանն այն հղել է ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին, ինչպեսեւ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին, ով Սահմանադրական դատարանի նախագահն է: Նամակում անդրադարձ կա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին, որը ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին: ՀԱՄ ղեկավարը բարեփոխումները բավարար չի համարում Սահմանադրության ազգայնացման համար եւ դրան որպես այլընտրանք, ներկայացրել է Հայաստանի Ազգային Սահմանադրության նախագիծը:
Բաց նամակում նշված է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հայեցակարգը մշակելիս փորձել է համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը Հայաստանում, դիտարկելով, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, նաեւ միջազգային պահանջներն ինչ են թելադրում: Եվ այդ միջազգային պահանջների թելադրանքն էլ, ըստ հայ արիների, թույլ չի տա ապահովել ազգային բնույթի որեւէ բարեփոխում: «Ինչ վերաբերում է ՀՀ-ում կառավարման համակարգին, ապա ինչպես Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, մասնագիտական հանձնաժողովում վերջնական միասնական դիրքորոշում չի դրսեւորվել կառավարման համակարգի վերաբերյալ, եւ հանձնաժողովը փորձել է առաջադրել մոտեցումը հետեւյալ սկզբունքով՝ կա կառավարման գործող համակարգ, որը պետք է բարեփոխվի: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման խորհրդարանական ձեւի այլընտրանքային մոտեցում է ներկայացրել, որի վերաբերյալ մասնագիտական հանձնանժողովը իր դիրքորոշումը կհստակեցնի միայն հանրային քննարկումներից հետո»: Կառավարման ձեւի ընտրությունը իրավաքաղաքական խնդիր է եւ դրանից ելնելով այն թողնվել է քննարկումների ավելի լայն շրջանակների որոշմանը, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Այնուամենայնիվ, հայ արիականների համար մի բան հստակ է, որ ներկա Հայաստանի եւ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում մեզ ամուր եւ կայուն պետություն է անհրաժեշտ, որը կարող է լինել կենտրոնաձիգ նախագահական պետական կառավարման համակարգի պայմաններում»:
Հայ Արիական Միաբանությունը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները պիտի վերաճեն Սահմանադրության փոփոխության եւ Հայաստանն ի վերջո պիտի հանրային պետությունից վերածվի ազգային պետության: Եվ դա պետք է ամրագրվի Սահմանադրությամբ: Հայ ազգայնական այս կառույցը վաղուց է հանգել Սահմանադրության լիարժեք փոփոխության խնդրին՝ քանզի մասնակի բարեփոխումները այն չեն կարող հայաբնույթ, հայահոգի ու հայանպաստ դարձնել:
Վերոնշյալ պետական այրերին է ուղարկվել Հայաստանի Ազգային Սահմանադրության նախագիծը, որը տպագրվել է «Լուսանցք»-ի թիվ 13-14 (318-319), 2014թ. թողարկումներում: Այդ նախագծում, որը Արմեն Ավետիսյանը անցումային է համարել (մինչեւ միջազգային իրավիճակը առավել նպաստավոր կլինի եւ թույլ կտա ներկայացնել Սահմանադրության այն նախագիծը, որը կդառնա Հայ Ազգի Անձնագիրը): Իսկ անցումային այս Սահմանադրությամբ արդեն իսկ ասվում է, որ «Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն պիտի լինի»: Ինչպես մարդիկ ունեն անձնագրեր, այնպես էլ՝ ազգը, նույնն էլ Սահմանադրության դեպքում է: Հասկանալի է, որ այս դեպքում խոսքը մարդկային տեսակի, ազգային պատկանելությամբ եւ ինքնությամբ օժտված հավաքականության մասին է, որին միջազգային պարտադրմամբ անընդհատ փորձում են զրկել իր կերպից ու արժեհամակարգից: Սա իրականացնում են պարտադրված արժեքներով Սահմանադրության ներքին էությամբ եւ դրանից բխող օտարահունչ օրենսդրությամբ, եզրակացնում են հայ արիականները: Այնպես որ Հայոց Գլխավոր Օրենսգիրքը ամբողջական դեռ կկազմվի եւ իր ժամանակին կդրվի հանրաքվեի: Իսկ մինչեւ հուլիսի 1-ը կքննարկվեն այս Սահմանադրության առաջարկված փոփոխությունները եւ, ըստ ամենայնի, այդ հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015թ. վերջին կամ 2016թ. սկզբին՝ նկատի ունենալով այն, որ 2017թ. մեր երկրում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018թ.՝ նախագահական:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



