Սկիզբը՝ թիվ 17-ում
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը հիմնականում ներմուծվել է Բելգիայից, Իսրայելից եւ Ռուսաստանից: Ռուսաստանյան հումքի կշիռը մեծ է եղել միայն 2001-02 եւ 2010-2011թթ. ընթացքում՝ Հայաստանի կառավարության՝ ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների շնորհիվ: Ռուսական հումքի ներկրումն էապես կրճատվել է 2003-2009թթ. Ռուսաստանում ադամանդի ոլորտի ազատականացման հետեւանքով, որի արդյունքում Հայաստանը զրկվել է նպաստավոր պայմաններով Ռուսաստանից հումք ներմուծելու հնարավորությունից: Մեր էկոնոմիկայի նախարարությունից այդ տարիներին ասում էին, որ ռուսական հումքի գների փոփոխությունները կախված են բարդ վարչարարական ընթացակարգերից եւ հաճախ տարբերություններ են առաջանում միջազգային շուկայի գների հետ: Ներկայումս ՌԴ-ում դեռ գների համապատասխանեցում միջազգային շուկայի գներին չեն արել, որի արդյունքում այն մոտ 10%-ով ավելի բարձր է: Իսկ Իսրայելից հումքի ներմուծումները կապված էին հիմնականում «Շողակն» գործարանի գործարկմամբ, որը զրոյացավ ընկերության գործունեության դադարեցման հետեւանքով (նախորդիվ ասել ենք, որ ընկերութունը խնդիրներ ուներ մեր ՊԵԿ-ի հետ):
Մեր երկրում ադամանդի մշակման ծախսերի մակարդակը հնարավորություն է տալիս մրցակցել առավել բարձրարժեք, միջին չափի քարերի մշակման հատվածում: Հայաստանը ադամանդի մշակման ծախսերով զիջում է Հնդկաստանին, Չինաստանին եւ Թայլանդին: Մեր ադամանդի մշակման ոլորտում աշխատավարձը հիմնական ծախսային հոդվածն է: Հայաստանում աշխատավարձի տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ բավական բարձր է, բայց դա էլ պայմանավորված է հիմնականում առավել մեծ չափերի քարերի եւ առավել որակյալ մշակմամբ: Ծախսերի այսպիսի մակարդակի արդյունքում հայկական ընկերությունները հիմնականում մասնագիտացել են միջին չափերի ադամանդի մշակման սեգմենտում (0.5-2 կարատ):
Բայց Հայաստանը մշակման որակի առումով այսպես ասենք ամենաբարձր՝ գերազանց դասում է:
Ըստ միջազգային փորձագետների, Չինաստանում աստիճանաբար բարձրանում է ադամանդի մշակման արժեքը, ինչի արդյունքում միջազգային խոշորագույն խաղացողները լրջորեն դիտարկում են իրենց պատվերներն այլ երկրներ տեղափոխելու հնարավորությունը:
Նկատի ունենք, որ ոլորտի միջազգային խաղացողները տեղյակ են նաեւ, որ Հայաստանում առկա է ոլորտի զարգացման համար բարենպաստ օրենսդրական դաշտ (սակայն վերջին տարիներին խնդիրներ են առաջացել կապված ավելացված արժեքի հարկի վերադարձի հետ): Բանն այն է, որ մեր երկրում մշակված եւ չմշակված ադամանդի արտահանումն ու ներմուծումն ազատված է մաքսատուրքից: Թանկարժեք մետաղների եւ քարերի իրացումն ազատված է ավելացված արժեքի հարկից: 2001թ.-ից ադամանդի առեւտուրը ենթակա է լիցենզավորման՝ պարզեցված ընթացակարգով: 2004թ.-ից ոլորտն ազատված է շահութահարկի կանխավճարի 1% նվազագույն շեմից:
Այս ամենից զատ. մեզ մոտ գործում է թանկարժեք քարերի գնահատման եւ գիտաուսումնական կենտրոն: «Զանգ» գիտաուսումնական լաբորատորիան զբաղվում է թանկարժեք քարերի գնահատմամբ, սերտիֆիկացմամբ, գիտական եւ ուսումնական գործունեությամբ: 2000թ.-ից կենտրոնն ուսումնական ծրագրեր է իրականացնում եւ մինչ այժմ ունի մոտ 400 շրջանավարտ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից: Երկրում կա նաեւ թանկարժեք քարերի փոխադրումների համար անհրաժեշտ ծառայություն: «Կուրիեր Հայկ»-ը զբաղվում է ադամանդի տեղափոխությամբ, միջազգային հեղինակավոր Brinks ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Ադամանդի տեղափոխումը «դռնից դուռ» սկզբունքով է: Բեռն ապահովագրված է տեղափոխման ամբողջ ընթացքում:
Նաեւ ադամանդագործության հաստոցների տեղական արտադրություն ունենք: Ադամադագործության գագաթնակետային տարիների որոշ տեղական ընկերությունները մասնագիտացել էին հաստոցների արտադրության բնագավառում, եւ նույնիսկ արտահանել են հաստոցներ:
Այսքանով հանդերձ՝ մեր երկիրը միջազգային ադամանդագործական շուկայում չի կարողանում լուրջ տեղ զբաղեցնել: Բայց կարո՞ղ է:
Հասկանալու համար դա՝ պիտի քննարկենք համաշխարհային միտումները:
Միջազգային ոլորտային պատմությունն այդքան էլ պատմական չէ՝ ընդամենը 143 տարի, երբ 1870թ. ՀԱՀ-ում հայտնաբերվեցին ադամանդի առաջին խոշոր պաշարները, եւ հիմնադրվեց «Դը Բիրս» ընկերությունը: 1902թ. արդեն այս ընկերությունը վերահսկում էր ադամանդի համաշխարհային արդյունահանման եւ վաճառքի 90%-ը: 1910-1950թթ. հայտնաբերվում են ադամանդի պաշարներ Ռուսաստանում, աֆրիկյան այլ երկրներում: 1947թ. «Դը Բիրս»-ը սկսում է «A Diamond is forever՚»(ադամանդն ամենուրեք է) գովազդային արշավը, որի նպատակն էր ադամանդը ներկայացնել որպես սիրո խորհրդանիշ: Գովազդն արդյունք տվեց, ամուսնական մատանիները սկսեցին ադամանդով պատվիրվել: «Դը Բիրս»-ն ակտիվորեն ձեւավորեց ադամանդի բրենդը՝ ներգրավելով ժամանակի հայտնի նկարիչներին, Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամներին: 1960-2010թթ. գրացվեց որպես «Դը Բիրս»-ի մենաշնորհի ավարտ:
Զաիրը, այնուհետեւ նախկին ԽՍՀՄ-ը սկսեցին ադամանդ վաճառել՝ շրջանցելով «Դը Բիրս»-ին: 2000թ. Եվրահանձնաժողովը ստիպեց «Դը Բիրս»-ին վերանայել ռուսական «Ալռոսա» ընկերության հետ կնքած՝ ադամանդների ձեռք բերման բացառիկ իրավունքը: Արդյունքում 2010թ. աշխարհում չմշակված ադամանդների վաճառքի արժեքի միայն 40%-ն է իրականացվում «Դը Բիրս.-ի համակարգի միջոցով: 90-ականների վերջին ադամանդը լայնորեն կիրառվեց ոսկերչության մեջ. ԱՄՆ-ում ամուսնական մատանիների 80%-ը ադամանդով էին:
Այսօր միջազգային ադամանդագործության հիմնական առանձնահատկություններից է կենտրոնացվածությունը:
Ոլորտը կենտրոնացված է մի շարք աշխարհագրական կետերում (Բելգիա՝ Անտվերպեն, Իսրայել՝ Ռամաթ Գան, Հնդկաստան՝ Սուրաթ, ԱՄՆ՝ Նյու Յորք, Թայլանդ, Չինաստան): Բայց ոլորտը առավելապես կենտրոնացված է ուղղափառ հրեաների եւ հնդկական Գուջարաթ նահանգի բնակիչների ձեռքերում: Ադամանդի վերամշակման ոլորտում գերակշռում են ընտանեկան ձեռնարկությունները:
Ադամանդագործության մյուս առանձնահատկությունը գնահատման դժվարությունն է: Ի տարբերություն ոսկու եւ այլ թանկարժեք մետաղների, ադամանդի գնահատումը, ինչքան էլ զարմանալի է, սուբյեկտիվ բնույթ է կրում: Մշակված ադամանդի գինը կախված է 4 բնութագրիչներից՝ քաշ, մաքրություն, գույն, տաշվածք: Օրինակ, տարբեր միջազգային սերտիֆիկացիոն ընկերություններ ունեն ադամանդի տաշվածքի գնահատման իրենց մոտեցումները: Ադամանդի գինը կարող է զգալիորեն տատանվել, երբ այն դասակարգվում է ըստ իր 4 հիմնական հատկանիշների: Ադամանդի գնահատման դժվարությունները խոչընդոտում են, որպեսզի այն որպես ներդրումային ապրանք օգտագործվի:
Մեկ այլ առանձնահատկություն է վստահությունը: Ադամանդագործության եւ առուվաճառքի ոլորտում խիստ կարեւոր են վստահությունն ու անձնական կապերը: Շատ հաճախ բորսաներում կնքվում են բանավոր գործարքներ՝ «ազնիվ խոսքի» հիման վրա: Ոլորտը կարգավորվում է ոչ ֆորմալ ինստիտուտների կողմից:
Եվ մեկ այլ առանձնահատկություն էլ, արդի լեզվով ասած, արտադրության մոբիլությունն է: Ադամանդի վերջնական արժեքի մեջ տրանսպորտային ծախսերի ցածր կշռի պատճառով ադամանդի մշակումը կարող է իրականացվել յուրաքանչյուր աշխարհագրական վայրում: Բիզնեսի զարգացման հիմնական գործոններն են հումքը եւ վերամշակողի հեղինակությունն ու կապերը: Հետեւաբար, արտադրությունները հեշտությամբ կարող են տեղափոխվել մի երկրից մյուսը՝ իրենց հետ տանելով որակյալ մասնագետներին:
Ադամանդի հումքի հիմնական մասի շրջանառությունը վերահսկվում է առաջնային գնորդների կողմից: Իսկ սրանք այն ընկերություններն են, որոնք իրավունք ունեն ձեռք բերել չմշակված ադամանդն անմիջապես արդյունահանողից: Այս համակարգը ներմուծվել է «Դը Բիրս»-ի կողմից: Առաջնային գնորդներների ցուցակը հաստատվում է երեք տարի ժամանակով: Ներկայում «Դը Բիրս»-ից չմշակված ադամանդ գնելու իրավունք ունի 78 ընկերություն: Յուրաքանչյուր հինգ շաբաթը մեկ անգամ նրանք այցելում են «Դը Բիրս»-ի գրասենյակները՝ ուսումնասիրելու իրենց պատվերով կազմված ադամանդի խմբաքանակները եւ կայացնում այն ձեռք բերելու որոշումը: Նրանք իրավունք ունեն նաեւ հրաժարվելու խմբաքանակից, սակայն իրավունք չունեն գնել խմբաքանակից առանձնացված ադամանդներ: «Դը Բիրս»-ն իր ադամանդների 90% վաճառում է այս համակարգով: Նույնատիպ համակարգ ունի նաեւ «Ալռոսա»-ն:
Բայց «Դը Բիրս»-ն արդեն սկսել է հանդես է գալ սեփական ոսկերչական բրենդով, ունի խանութների իր ցանցը: «Թաչ» ընկերությունը զբաղվում է հումքի ձեռք բերմամբ, մշակմամբ, մանրածախ եւ մեծածախ վաճառքով, ոսկերչական արտադրությամբ:
Աշխարհում արդյունահանվող հումքը կենտրոնացված է 4 երկրներում: Աշխարհի 4 խոշորագույն արդյունահանող երկրներին բաժին է ընկնում հումքի արդյունահանման 69%-ը: Երկրները տարբերվում են ադամանդի որակական հատկանիշներով, ինչի արդյունքում տարբերվում է նաեւ 1 կարատի արժեքը: Օրինակ, Ռուսաստանին է բաժին ընկնում արդյունահանված ադամանդի ծավալի 27%-ը, բայց արժեքի 20%-ը: Կանադայի կշիռը բնեղեն արտահայտությամբ կազմում է 9%, իսկ արժեքի մեջ՝ 20%:
Ընդհանրապես չմշակված ադամանդի գնագոյացումը ունի շատ փոքր թափանցիկություն, այն որոշվում է փոքրաթիվ արդյունահանողների եւ առաջնային գնորդների կողմից: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջացրած ադամանդի պահանջարկի անորոշությունը ստիպեց գլխավոր խաղացողներին կրճատել արտադրության ծավալները՝ գնանկումից խուսափելու համար: 2009թ. «Դը Բիրս»-ն արտադրել է 25 մլն կարատ, 2006թ. 51 մլն-ի փոխարեն: Ռուսական «Ալռոսա»-ն գնաց այլ ճանապարհով՝ արտադրության ավելցուկը վաճառելով պետական ,Գոխրան»-ին: «Դը Բիրս»-ի օրինակին հետեւեցին նաեւ մյուս ընկերությունները՝ արդյունքում արտադրության ծավալները 2006թ. 176 մլն կարատից հասան 120 մլն-ի 2009թ.-ին:
2010թ. շուկան սկսեց վերականգնվել: Կարատների ծավալն ավելացավ 7%-ով, արտադրության արժեքը՝ 38%-ով, իսկ մեկ կարատի գինը ՝ 28%-ով:
Պատմականորեն «Դը Բիրս»-ը ստանձնել էր շուկայում գների կարգավորիչի դերը՝ ավելցուկային առաջարկի դեպքում պաշարներ կուտակելով եւ դրանք վաճառելով‘ պահանջարկի ավելցուկի պայմաններում: Սակայն 2002-2007թթ. «Դը Բիրս»-ը սպառեց իր պաշարները եւ ներկայում նման դեր կարող է խաղալ միայն ռուսական «Գոխրան»-ը՝ որպես ադամանդի աշխարհի խոշորագույն գանձարան: Սա շատ լավ է խաղարկում այն գործոնները, որ ադամանդի արժեքը տարբերվում է ըստ առաջացման երկրի, նույնիսկ՝ ըստ հանքավայրի: Լեսոտոյի Լեթսենգ հանքավայրը հայտնի է իր մեծ եւ բարձրակարգ ադամանդներով (մեկ կարատի միջին արժեքը մոտ 1,000 ԱՄՆ դոլար), ավստրալիական Արգայլ հանքահորի մեկ կարատի արժեքն է մոտ 16 ԱՄՆ դոլար: 0.1-2 կարատանոց չմշակված ադամանդի կշիռը արդյունահանման բնեղեն կառուցվածքում 45% է, եւ արժեքայինում՝ 30%: Հայկական ընկերություններն աշխատում են հիմնականում 0.1-2 կարատանոց քարերի սեգմենտում: Մեծ քաշով ադամանդները մշակվում են զարգացած երկրներում, քանի որ այդ դեպքում աշխատավարձը ադամանդի արժեքում շատ փոքր մասնաբաժին ունի:
Ինչ վերաբերում է ադամանդների վաճառքին: Յուրահատուկ մեծությամբ քարերը սովորաբար վաճառվում են աճուրդների միջոցով: «Ալռոսա»-ն 10.8 կարատ եւ ավել քաշով չմշակված ադամանդները վաճառում է միայն աճուրդով: Մեծ քաշով քարերի գներն ավելի քիչ են ենթարկվում տնտեսական գործոնների ազդեցությանն ու աճում են ավելի բարձր տեմպերով, քան փոքրերինը: 2 կարատ եւ ավել քաշով չմշակված ադամանդը կազմում է ընդհանուրի ծավալի 5%-ը եւ արժեքի՝ 50%-ը:
Հաշվի առնելով միջազգային վայրիվերումները՝ հետաքրքիր է իմանալ, թե ինչ կանխատեսումներ են անում փորձագետները, եւ այդ համապատկերում դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:
Այս մասին հաջորդիվ կխոսենք:
Աստղինե Քարամյան
* * *
Կառավարության երեկվա որոշմամբ արտոնություն տրվեց «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը: Սրա ներդրումային ծրագրի շրջանակներում 2014թ. մայիսի 26-ից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների դիմաց ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց մինչեւ 2017թ. մայիսի 26-ը:
Թե ումն է այս ընկերությունը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ակնհայտորեն գիտեր, բայց ասաց. «Տեղյակ չեմ»: Իսկ լրագրողների ծիծաղին ի պատասխան հավելեց. «Ձեր ինչի՞ն է պետք»:
Հե՛չ, ուղղակի ուզում էինք ճշտել, թե ով է էդ խեղճ ու կրակը, որին էդպես ջանասիրաբար օգնեց պետությունը:
«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



