Երբ պաշտոնյայի նշաձողը տգիտությունն է – «գլխակեր» ու «հայակեր» Միկոյանը փողոց ունեցավ… Գառնո արադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու պատմության՝ մի այլ ոճով կրկնություն – փողն առնում են ու… ընկնում ք..-ը…

Հայ հանրությունը բուռն քննարկումներ ծավալեց Երեւանի ավագանու կողմից սովետական ստալինամերձ գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման դեմ: Անհերքելի փաստարկներ են բերվել, որ Միկոյանը Ստալինից ոչ պակաս «գլխակեր» է եղել, ինչպես բոլշեւիկյան շատ այլ ներկայացուցիչներ… ու հանկարծ մայրաքաղաքում անակնկալ հայտնվում է ցուցանակ, որը հայտնում է, թե Դավթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը:

Թե սա ի՞նչ ազգամերժ նախաձեռնություն է, դեռ կպարզվի, բայց որ նման ձեռնարկները մեծ արագությամբ են առաջ գնում, այլեւս գաղտնիք չէ: Հասարակական բոլոր շերտերում այս ստալինահայի կյանքն ու գործը չի հարգվել, անգամ առաջարկ է եղել, որ եթե հանկարծ Միկոյանի արձանը տեղադրեն, ապա Չարենցի, Բակունցի… արձանները պիտի հանեն…

Գիտնականները պետք է համակողմանիորեն ուսումնասիրեն այս գործչի արձանի տեղադրման հարցը, քանզի նա ազգային մտածողությամբ առաջնորդվող հայ գործիչների թշնամին էր եւ հետապնդում էր նրանց: Ամենամեղմ արտահայտվողների խոսքն է այսպիսին: Անաստաս Միկոյանի թոռը՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ ու կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինը եւս մեկնաբանել է իր պապի արձանը Երեւանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը: «Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը։ Կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»: Արձանաշինության մասին տեսակետն իհարկե վիճարկելի է, բայց մի բան հստակ է՝ հայության մեծամասնության սրտերում Ստաս Նամինի պապի հիշատակը գրեթե չի տարբերվում հայհոյանքից:

Անվանի երաժիշտը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեի Միկոյան), ստեղծված իրավիճակին ավելի լավ տիրապետելու համար որոշել է ծանոթանալ դաժանություններին եւ գնդակահարություններին՝ Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին: Սա թերեւս զարմանալի է, քանի որ Երեւանի քաղաքապետարանը պնդել էր, թե «ԽՍՀՄ պետական գործչի արձանը կանգնեցնելու հասարակական պատվերի հեղինակը նրա ընտանիքն է»։ Իհարկե, կարող է լինել էլի մեկ թոռ, ով համաձայնել է, բայց դա միանշանակ ընտանիք ձեւակերպումը չի կարող ունենալ:

Մի խայտառակ տեսարան արդեն կա Երեւանի Նժդեհի հրապարակում, որտեղ կանգնած է մեկ այլ բոլշեւիկի՝ Սուրեն Սպանդարյանի արձանը, որը պարզ տրամաբանությամբ շատերը համարում են Նժդեհի արձանը (ի՞նչ իմանան, որ մեր պաշտոնյաների տրամաբանությունը ընդգծված շահակառույց է)… «Լուսանցք»-ն այս առումով վերջերս հրապարակեց «Գուցե Միկոյանը Սպանդարյանի հե՞տ հալածի Նժդեհին» (Վահագն Նանյան, «Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.) հոդվածը. «Երբ 2001թ.-ն Հայաստանում Նժդեհյան տարի կոչվեց, վարչապետը Տարոն Մարգարյանի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանն էր: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել էր համայնավար Սուրեն Սպանդարյանի արձանը Նժդեհի անվան հրապարակից հանելու համար, կամ էլ՝ հրապարակի անունը փոխել հայ բոլշեւիկների անվամբ… Նույն վիճակը մնում է, գուցե Տարոն Մարգարյանն էլ հենց Նժդեհի հրապարակու՞մ դնել տա Անաստատս Միկոյանի արձանը… Գարեգին Նժդեհը համայնավարների (եւ թուրք-ադրբեջանցիների) հետ անհաշտ պայքարում պաշտպանեց Լեռնահայաստանը, ու մինչեւ մահ հալածվեց նրանց կողմից ու այսպես կարելի է Սպանդարյան-Միկոյան երկյակով շարունակել հալածել Նժդեհին… Իսկ հրապարակն էլ հետո հայ բոլշեւիկյան կոչելով՝ կարելի է հայության հալածանքները շարունակել արդեն ամբողջ մայրաքաղաքում… Հետո էլ՝ ամբողջ երկրի մասով «մտածել»»…

Այսքանից հետո «գլխակեր» Անաստաս Միկոյանին ոմանք համառորեն «անմահացրին» փողոցի անվանակոչությամբ, մինչեւ հաջողեն նաեւ արձանը տեղադրելու հարցը: Եվ այժմ պետք է պայքարել նաեւ անվանակոչությունը չեղյալ անելու համար:

Սա դարձավ Գառնո արադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու՝ մշակույթի նախարարության տխուր պատմության մի այլ ոճով կրկնությունը… Փողն առնում են ու… ընկնում ք..-ը… Ու մեզ էլ են փորձում այնտեղ «տեղավորել»… Հիմա Երեւանի քաղաքապետարանն է երեւի նման մի բան արել ու… Ստալինի կամակատարներից մեկի՝ Միկոյանի արձանն են ուզում տեղադրել մայրաքաղաքում (հաստատ արդեն «բարեգործությամբ» վճարված է)… Երեւի էլի մի օտարահպատակ բարեգործ է հայտնվել ինչպես Գառնու տաճարի սրճարանի հարցում, մուծվել է ու… գոնե փողոց են անվանակոչել, մինչեւ…

Ասում են՝ Միկոյանը ստիպված է արել… այդպես «ստիպվածների» պատճառով հայ մտավորականներն ու ազգային գործիչները գնդակահարվեցին ու կորան ընտանիքներով, հարյուր հազարավոր հայեր պարտադրված սիբիրներ ու ալթայներ բռնագաղթեցին…

Եվ հիմա մի քանի լումայի համար հայասպանների անունները պիտի հավերժացնե՞ն:

Ինչպես Գառնո տաճարի պաշտպանությունը (մշակույթի նախարարն ու իր կամակատարները այդպես էլ չհասկացան, որ տաճարը նախ եւ առաջ հոգեւոր կենտրոն է…), այնպես էլ սովետախեղ տարիների հայ զոհերի հիշատակը պետք է պաշտպանել ամեն գնով: Տաճարի տարածքում սրճարան թերեւս չկառուցվի՝ պայքարը հուժկու էր, իսկ կառուցվելուց հետո հաստատ տուժողներ կլինեն ու թեկուզ այդ գնով կփակվի: Իսկ Միկոյանի արձանը… մի օր կկոտրվի, եթե կառուցվի: Այդ անվանակոչված փողոցն էլ երեւի շուտով դառնա փողոց՝ փողոցայինների իմաստով՝ սրիկաների, գող-ավազակների ու անբարոների մի «կանգառ-կայանատեղի», մինչեւ նորմալ հայեր գան իշխանության եւ «կանգառազերծեն» Երեւանը, առհասարակ՝ երկիրն հայոց…

Այս դեպքում հին ազգադավների կողքին նորերի անունները պետք է դրվեն՝ պատմությունը կեղծողների, արհամարողների ու փողով ծախողների առումներով:

Ինչո՞վ են սրանք տարբերվում այն պատմակեղծարարներից, ովքեր փողի ու գիտական կոչումների համար աղավաղեցին հայոց պատմությունն ու անցյալը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.