Աստանայում հայերի համար հերթական անակնկալն էր նախապատրաստվել, որի ստվերային նախաձեռնողը Ադրբեջանի նախագահն էր: Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները հավանություն էին տվել Բաքվի խաղերին, իսկ մատուցելու գործը թողել էին Ղազախստանի նախագահին: Նուրսուլթան Նազարբաեւը էթնիկ թուրք է ու նրա համար միշտ ցանկալի է Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերը ներկայացնելը:
Ավելի քան 20 տարի է Հայաստանը մանեւրում է Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, բայց տպավորությունն այնպիսին է, որ միշտ չենք սպասում անակնկալների, իսկ այն միշտ մեզ մատուցվում է: Կամ մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամիները ամենուր եւ ամեն հարցում մեր դեմ աշխատելու են օրնիբուն, կամ անընդհատ անախորժ վիճակներում ենք հայտնվելու: Ավելին՝ մենք ինքներս պետք է ամենուր եւ ամեն հարցում անակնկալներով ներկայանանք, նաեւ հակառակորդի մի քանի ենթադրյալ անակնկալների պատասխաններ ունենանք պատրաստի՝ կռահելով, թե որ միջոցառմանը ինչ հարցեր կարող են առաջանալ:
Բայց քանի որ այդպես չէ, ուրեմն՝ մեր երկրի նախագահի խորհրդականներն ու անհրաժեշտ կառույցները իրենց բարձունքի վրա չեն: Սա պետք է հաշվի առնել այսուհետ եւ ինչպես պետության ղեկավարին, այնպես էլ պետությանն ու ժողովրդին հեռու պահել տհաճ անակնկալներից:
Մինչեւ Աստանա գնալը արդեն խոսակցություններ կային, թե Եվրասիական միությունը ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական առումով կարող է հետաքրքրել նաեւ Թուրքիային, Հնդկաստանին, Սիրիային եւ այլն: Ինչը նշանակում է՝ քաղաքական խաղերը չպետք է բացառվեին: Այդ խաղերը չպետք է բացառվեր ինչպես դրսից, այնպես էլ ներսից, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը վաղուց են զենք-զինամթերք վաճառում մեր թշնամի Սդրբեջանին, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ է փնտրում, քան՝ ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ: Եվ այս ամենը մեր՝ պաշտոնական Երեւանի ցանկալիից ավելի նվիրվածության պատճառով… Այո, ամեն ինչի շատն էլ է վտանգավոր, եթե համարժեք վերաբերմունքի չի արժանանում: Իսկ Ռուսաստանի դեպքում երբեք համարժեք չի եղել բարեկամի նվիրվածության չափանիշը: Սա վաղուց ապացուցված է:
Իսկ մեր «անգործությունը» Մոսկվային նոր թեւեր է տալիս: Վերջերս Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Մոսկվայի կողմից բանակցություններ վարելով Ուկրաինայի ուժային կառույցների ղեկավարների հետ, կարողացավ գերեվարված ռուս լրագրողներին ազատագրել ու իր հետ տանել Գրոզնի: Հայտնի է, որ բանակցությունների ժամանակ, երբ գործը գլուխ չէր գալիս, Չեչնիայի նախագահը նախազգուշական տոնով ուկրաինացիներին ասել էր. «Հիմա մենք բարեկամանու՞մ ենք, թե՞ ոչ»: Ասում են՝ այս խոսքից հետո ուկրաինացիները կարեւորել են… բարեկամանալը, եւ հանձնել էին գերի լրագրողներին: Հիմա էլ խոսք կա, թե Մոսկվան որոշել է Ռամզան Կադիրովին Հայաստան «գործուղել», քանի որ Կրեմլում խիստ դժգոհ են, որ Հայաստանում արեւմտամետ հայ քաղաքական ուժերը հարձակման են անցել իրենց դեսպան Իվան Վոլինկինի դեմ՝ նրա հայտնի հարցազրույցից հետո, երբ դեսպանը հրահանգիչի տոնով նշել էր, թե Հայաստանում պետք է փակվեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք հակառուսական քարոզչություն են անում:
Բայց Մոսկվան մոռացել է երեւի, երբ խոսքը հայկական տարածքներին է վերաբերում՝ ո՛չ ռուսները, ո՛չ էլ առավել եւս չեչենները չեն կարող մեզ տալ այդ հարցը. «Հիմա մենք բարեկամանու՞մ ենք, թե՞ ոչ»: Չեչենական գրոհայինները անգամ թուրքական «գորշ գայլերի» կամ աֆղանական մոջահեդների հետ չկարողացան այդ հարցը տալ հայկական կամավորական զինուժին: Իսկ հանրահայտ չեչեն ահաբեկիչ Շամիլ Բասաեւը իր ջոկատով հեռացավ Արցախից՝ իր լուր աշխարհի հայտարարելով, որ առաջին անգամ է, որ հակառակորդը տեսավ իր թիկունքը: Դա եղավ Արցախում, քանի որ հայերը իսկապես լավ կռվողներ են ու պայքարում են իրենց երկիրը ազատագրելու համար, մինչդեռ ադրբեջանցիների մոտ այդ զգացումը չկա…
Ռուսաստանը բացի քաղաքական խաղերից, նախաձեռնում է նաեւ տնտեսական խաղեր, ինչը արտահայտվում է «առատաձեռնությունը դաշնակիցների վրա չի տարածվում» նրբերանգներով: Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստից հետո Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիեւը հայտարարեց, որ Ռուսաստանը Ղրղզստանին կհատկացնի 1,2 մլրդ. դոլար՝ երկրի տնտեսությունը Մաքսային միության պայմաններին համապատասխանեցնելու եւ անդամակցելու համար: Նախարարը մանրամասնել էր նաեւ դրամական օգնության իրացման ուղղությունները. ստեղծվելու է տնտեսության զարգացման հիմնադրամ՝ 500 մլն. կանոնադրական կապիտալով, եւս նույնքան տրամադրվելու է արտոնյալ վարկ, իսկ 200 մլն.-ն. ուղղվելու է «Ճանապարհային քարտեզի» իրացման համար, որի շրջանակներում ղրղզական խորհրդարանում ընդունվելու են 30 օրենքներ եւ հարյուրավոր ենթաօրենսդրական ակտեր:
Հատկացվող օգնության չափը պատկերացնելու համար նշենք, որ Ղրղզստանի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 6,5 մլրդ.. դոլար: Այսինքն՝ Մոսկվան այդ պետության ՀՆԱ-ի 18%-ի չափով դրամական օգնություն է տրամադրում Մաքսային միությանն «անցնցում» միանալու նպատակով:
Հայաստանի դեպքում մեր բարեկամ ու ռազմավարական դաշնակից Ռուսատանը նույն կերպ չի վարվել, բայց եթե վարվեր, ապա Հայաստանը Ռուսաստանից կարող էր ակնկալել մոտ 2 մլրդ. դոլար: Ղրղզստանի «ճանապարհային քարտեզի» իրացման համար միայն տրամադրվում է 200 մլն. դոլար, մինչդեռ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը» միջոցառումների իրականացման ծավալով չի զիջում ղրղզականին, իսկ ռուսական օգնության մասին խոսք չի եղել: Ավելին՝ մեր պետական բյուջեի միջոցներով են կատարվել նախատեսված միջոցառումները: Մեր կառավարությունը Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ժամանակացույց ունի՝ «ճանապարհային քարտեզը», որ հաստատել է այս տարվա հունվարի 23-ին, որով նախատեսվում է անցկացնել 262 միջոցառում: Բաղկացած է 20 գլուխներից ու ենթադրում էր տարաբնույթ աշխատանքներ մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների, առեւտրային քաղաքականության՝ ընդհանուր առմամբ 20 ոլորտներում:
Ենթադրվում էր, թե Երեւանը Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն անելու ժամանակ արդեն ուներ Եվրամիության հետ ասոցացման շուրջ բանակցված պատրաստի փաստաթուղթ եւ հետաքրքիր առաջարկներ, եւ Մաքսային միությանը միանալու որոշում կայացնելով պետք է, որ օգտվեր արտոնությունների ավելի լայն հնարավորություններից, քան ասենք՝ Ղրղզստանը, սակայն սեպտեմբերի 3-ից այս կողմ Հայաստանի ստացած «արտոնյալ պայմանները» համեմատելի չեն վերոնշյալ հարյուրմիլիոնների հետ:
Իսկ Ղրղզստանին տրամադրվող 500 մլն. արտոնյալ վարկի մասին պետք է ասել, որ ականատես ենք լինում մեր ռազմավարական դաշնակցի կողմից վարվող հերթական «խտրական» քաղաքականությանը, քանի որ Հայաստանը եւս արտոնյալ վարկի ներգրավման խնդիր ունի: Հայաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից նաեւ ավելի մեծ կարեւորություն ունի, քան Ղրղզստանը: Իմիջիայլոց, արտոնյալ վարկի մասին խոսելիս՝ հիշենք 2009թ. Ռուսաստանի կողմից 500 մլն. վարկի մասին, որը ուղղված էր գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների վերացմանը եւ վաղաժամ մարվեց նախորդ տարվա սեպտեմբերին՝ Հայաստանի կողմից թողարկած եվրապարտատոմսերի միջոցով, քանզի ռուսական վարկի պայմանները այնքան էլ «արտոնյալ» չէին: Չնայած, եթե հիշենք «գույք՝ պարտքի դիմաց» ռեկետը, ապա էլի լավ ենք պրծել… Ավելին՝ Մոսկվան վերջին տարիներին «մեծահոգաբար» զիջել է այլ դաշնակից կամ բարեկամ երկրների պարտքեր, անգամ այսօր «այլ բեւեռներում» գտնվող մի շարք պետությունների պարտքեր, ինչը երբեք չի կիրառվել Հայաստանի դեպքում…
Ընդհանուր առմամբ՝ վերջին 14 տարվա ընթացքում Մոսկվան ներել է մոտ 100 մլրդ դոլար պարտք, միայն նախորդ տարում ներվել է 599 մլն. ղրղզական պարտքը, 29 մլրդ.՝ Կուբայի, իսկ 2008թ. Մոսկվան ներել էր Իրաքի 12 մլրդ. պետական պարտքը, այս շարքում կան նաեւ աֆրիկյան «շատ կարեւոր» երկրներ: Պարտքի ներումը քաղաքական նպատակներ է հետապնդում նաեւ, սակայն ըստ ռուս վերլուծաբանների, այդ «ներումները» ոչ մի քաղաքական ազդեցություն չեն ապահովել Ռուսաստանի համար եւ շատ երկրների պարտքերը ներվել են՝ ոչինչ չստանալով դրա դիմաց:
Իսկ Երեւանը շարունակում է իր քաղաքական նվիրվածության գերին մնալ… Հայաստանի պարագայում 2000-ականների սկզբից սկսած ռուսական պարտքի մարումը իրականացվել է վերոնշյալ «գույք՝ պարտքի դիմաց» սկզբունքով, իսկ ամենաթարմ օրինակը նախորդ տարեվերջին «Հայռուսգազարդ»-ի 20% բաժնետոմսերի փոխանցումն էր ռուսական կողմին եւ պարտքի ներում որպես այդպիսին երբեք չի գրանցվել: Իսկ այսօր հայկական կազմակերպված էներգոհամակարգը կանգնած է նոր թանկացումների շեմին:
Մոսկվան իր որոշումների հիմքում շարունակում է խտրական վերաբերմունք դնել: Ավելին, այս գործելաոճի հետեւանքով ռազմա-քաղաքական դաշնակից Հայաստանը ոչ միայն զրկվում է հնարավոր նյութական օժանդակությունից, այլ վտանգվում է պետության ապագան: Մոսկվան զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում Ադրբեջանին, իսկ մենք ստիպված ենք լինում այդ վտանգին դիմակայելու նպատակով սեփական սուղ միջոցները օգտագործել՝ համարժեք զինատեսակներ ձեռք բերելու համար: Վերջերս մեր դաշնակից Ռուսաստանը, որ նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ մեր առաջնային գործընկերն է, Ադրբեջանին T-90 մոդելի 100 հրասայլեր է մատակարարել: Նույն վերաբերմունքը նկատելի է Բելառուսի կողմից: Իսկ մենք դեռ թյուրքական Ղազախստանից ենք նեղանում:
Ինչեւէ, Հայաստանի բանակը նույնպես վերազինվում ու համալրվում է, ինչը սակայն բացառապես մեր գրպանի հաշվին է կատարվում: Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ից ու Եվրոպայից ժամանած մի խումբ գործարարների՝ Ջոզեֆ Ուղուրլյանի գլխավորությամբ, եւ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս առումով կարեւոր են նաեւ Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների շփումները ՆԱՏՕ-ի պատասխանատուների հետ, ինչը պետք է զարգացնել՝ ի հակակշիռ ՌԴ-ական ու ԱՊՀ-ական «բարեկամական» վերաբերմունքի: Այս դեպքում տեղին է հիշել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» խոսքը, ինչը հավաստում է, որ կարիք չկա Ռուսաստանի մասին ռուսներից ավելի շատ մտածել… Եվ պետք է առաջնային դիտարկել բացառապես սեփական շահերը: Նույնը նաեւ ցանկացած մեկ այլի մասին կարելի է ասել:
Արման Դավթյան
* * *
Մոսկվան շարունակում է Արցախի հարցը պահել իբրեւ իր՝ Կովկասում մնալու եւ իրավունքներ ունենալու հաղթաթուղթ: Սա ռուսական կողմի միակ հնարավորությունն է մնացել այս տարածաշրջանում, ինչը թույլ է տալիս հավասարի պես խոսել Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ:
Թուրքագետ Արտակ Շաքարյանը եւս այդ կարծիքին է: Նա անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ նշել է, որ Հայաստանը պետք է զգուշանա, որպեսզի եվրասիական համագործակցությունը չվերածվի տարածաշրջանային հակահայկական քայլի՝ Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում:
«Չնայած ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները խորանում են, երկու երկրներն էլ հասկանում են, որ իրենք այս տարածաշրջանում մրցակիցներ են»,- նշել է թուրքագետը եւ հավելել, որ Ռուսաստանը երբեք Արցախի հարցը չի նվիրի Թուրքիային ու Ադրբեջանին, այլ կփորձի պահպանել «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրադրությունը: Ըստ վերլուծաբանի՝ Արցախյան հարցի հանգուցալուծումն այս պահին ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ ԵՄ-ին. «Մեզ էլ է այս ստատուս-քվոն ձեռնտու, քանի որ, ճիշտ է, Արցախը շատ լավ վիճակում չէ, սակայն կայունություն է պահպանում»:
«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



