Եվրադատարանն ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման… Ո՜չ հերթական հակահայ կառույցի (Եվրասիամիության) ձեւավորմանը… Իսկ Աստանայի ստորությունը բացահայտ թյուրքական եւ իշխանական արմատներ ունի…

ՄԻԵԴ-ը հարվածում է ժխտողականներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 5 դատավորից բաղկացած կազմով, հունիսի 2-ին քննարկեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի ներկայացրած բողոքը։ Հրապարակված որոշմամբ՝ դատարանն ընդունելի է համարել Շվեյցարիայի կառավարության ներկայացրած բողոքը՝ վերանայել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը։ Դատարանի որոշմամբ՝ գործը փոխանցվել է ՄԻԵԴ Մեծ Պալատ քննության։

Նշենք, որ 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճռով ՄԻԵԴ-ը որոշել էր, որ նշալ գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում։ Ըստ դատարանի, Դողու Փերինչեքը, Շվեյցարիայում կոնֆերանսի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «միջազգային սուտ», չի չարաշահել իր իրավունքները։ Ընդգծվել էր, որ զգայուն եւ հակասական բնույթի հարցերի ազատ քննարկման իրավունքի իրացումը ազատ արտահայտման հիմնարար ասպեկտներից է եւ տարբերակում է բազմակարծիք ժողովրդավարական հասարակություները տոտալիտար կամ բռնապետական ռեժիմներից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար՝ համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է: Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի ՄԻԵԴ հայցը ներկայացրել էր դեռ 2008թ.։

Կարեն Բալյան

Ո՛չ հերթական հակահայ (թուրքամետ) կառույցի ձեւավորմանը

Դեռ ամիսներ առաջ Անկարան հայտարարել էր, թե չի բացառվում, որ Թուրքիան ներգրավվի Եվրասիական միության մեջ: Հասկանալի է, որ սա միայն խաղ է, քանի որ Արեւմուտքը թույլ չի տա Անկարային՝ լինելով ՆԱՏՕ-ի հիմնական ներկայացուցիչը Մերձավոր Արեւելքում, դառնալ ԱՊՀ-ական եվրասիականության կցորդ: Բայց թուրքերը մշտապես մասնակցում են բոլոր համաշխարհային ու տարածաշրջանային խաղերին, ուստի՝ այդ հայտարարությունը նոր բան չէր: Բայց արի ու տես, մեր բարեկամ Ռուսաստանը ՙսրտից՚ թույլ է եւ նման հայտարարություններին արձագանքում եւ ընդառաջ է գնում:

Օրերս Ադրբեջանը եւս խաղաց թուրքական խաղը, եւ կրկին Մոսկվան սրտի նոպաներ ունեցավ… Ադրբեւանի նախագահի նամակի արծարծումը ազդակ էր Բաքվին, եւ պատասխանը չուշացավ: «Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը»,- Բաքվում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Նա ասել է, որ ինտեգրացիայի բոլոր ձեւերը ենթակա են քննարկման, եւ Ադրբեջանի անդամակցությունն այդ ձեւաչափերը արդեն իսկ քննարկվում են:

Ալեքսեյ Ուլյուկաեւի ադրբեջանցի գործընկերը՝ Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաեւը, հայտարարել է, որ բացի այս քննարկումներից, պետք է զարգացնել ռուս-ադրբեջանական համագործակցությունը: Ըստ նրա, առաջիկա 5-6 տարիներին Ռուսաստանի տարածքում ադրբեջանական ներդրումների ծավալը կարող է հասնել 18 մլրդ դոլարի:

Ռուս նախարարը այս օրերին նորից է կրկնել, խոստովանել, որ Ադրբեջանին հրավիրել են Մաքսային միություն ու Եվրասիական տնտեսական միություն. «Ինտեգրման բոլոր ձեւերը բաց եւ քննարկելի են: Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը Ադրբեջանի ինտեգրումը կոնկրետ քննարկման առարկա է, ինչպես եւ ինտեգրման մյուս ձեւերը: Այստեղ գոյություն չունի որեւէ արգելք: Կարծում եմ, որ այդ համաձայնագրերին Ադրբեջանի մասնակցությունը կլիներ տրամաբանական»:«ՙԱդրբեջանն օգտվում է ԱՊՀ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմից. սակայն անհրաժեշտ է առաջ ընթանալ: Եվրասիական տնտեսական միությունը միայն ազատ առեւտրի շուկա չէ: Այստեղ հաշվի են առնվում ծառայությունների մատուցումը, ներդրումներ անելը, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանություն»:

Այսինքն, մի քանի օր առաջ Աստանայում կատարվածը՝ դեպի Եվրասիական միություն Հայաստանի անդամակցությունը Լեռնային Ղարաբաղով խոչընդոտելու առումով, ունեցել է հստակ նպատակ: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Կրեմլից «հրավեր» է ուղարկված եղել՝ Եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին միանալու վերաբերյալ եւ, ի թիվս այլ պայմանների, Իլհամ Ալիեւն էլ իր հերթին Բաքվի հնարավոր անդամակցության պայմաններից մեկն է դրել՝ Հայաստանի Եվրասիական մուտքը առանց Արցախի ապահովելու համար: Դա հենց Սերժ Սարգսյանի ներկայությամբ պիտի կատարվեր, որպեսզի Իլհամ Ալիեւի փայլատակումը ամբողջական ստացվեր: Եվ մի թուրքի խաղը մյուս թուրքը՝ Ղազախստանի նախագահը, ստանձնեց:

Առանց այն էլ համաթուրքական դաշինքի անդամները խցանել են ԱՊՀ-ն: Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը հերիք չեն, Մոսկվան ամեն ինչ անում է Ադրբեջանին ու Թուրքիային իր կառույց ներքաշելու համար: Այս դեպքում արդեն ոչ թե հնչում, այլ գոռում է տրամաբանական այն հարցը՝ թե ի՞նչ է այդ դեպքում, այդ եվրասիականության ճահճում, կորցրել Հայաստանը… Երեւանի համար առկա են բոլոր հիմքերը՝ հրաժարվել թրքամետ եվրասիականությունից: Հայաստանը սահմաններ ունի Արցախի հետ եւ չի կարող այդ սահմանները արգելափակել մաքսայինի խաղերով:

Եթե Ռուսաստանի նախագահը հետեւողականությամբ փորձում է վերականգնել հետխորհրդային տիրույթում Մոսկվայի ազդեցությունը, ապա դա միայն ռուսական խնդիր է եւ չի կարող հայանպաստ լինել: Ինչպես հակահայ էր Խորհրդային Միությունը, այդպես էլ լինելու է նոր ԽՍՀՄ-ի դեպքում՝ անկախ անվանումից ու խոստումներից: Նախկին 15 հանրապետություններից այդօրինակ միություն չեն վերադառնա մերձբալթյան Լատվիան, Լիտվան ու Էստոնիան, կովկասյան Վրաստանը, եվրոպական Մոլդովան եւ Ուկրաինան: Այսինքն՝ կմնան Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Ադրբեջանն ու… Հայաստանը, ինչի մասին էլ խոսեցինք վերեւում:

Այս դաշինքում հայերն անելիք չունեն, քանի որ այսօրինակ միավորումը մի նոր հակահայ քաղաքականություն է վարելու:

Ու պատմության կրկնությունն ավելի վտանգավոր է լինելու:

Նարե Մշեցյան

Աստանայի ստորությունը թյուրքական արմատներ ունի – Հայ համայնքի խժդժությունները կապված են Ղազախստանի նախագահի հետ

Ըստ որոշ տեղեկությունների, Ղազախստանի հայ համայնքում վերջերս կատարված խժդժությունները ուղիղ թելով կապված են Ղազախստանի բարձրագույն իշխանությունների հետ: Մասնավորապես այս պատմություններին խառն է անձամբ Նուրսուլթան Նազարբաեւի մատը (ում ղազախահայերը նոր սուլթան Նազարբաեւ են կոչել): Այս նոր սուլթանի հետ մտերիմ հարաբերություններ ունի հայ համայնքի տխրահռչակ նախագահ Արտյուշա Կարապետյանը, ով էլ նախաձեռնել է պաշտպանել իր սուլթանի շահերը:

Ղազախստանի հայ համայնքում կատարվող պատմությունները, ըստ էության ադրբեջանական լոբինգի հետեւանք են, եւ այդ ամենն արվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Տեղեկություններ եղան, որ «Հայ համայնքի խնդիրների կարգավորմանը փորձել են միջամտել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱԳ նախարարը, սակայն որեւէ արդյունի նրանք չեն հասել: Նազարբաեւը խորհուրդ է տվել դժգոհությունների հետ կապված դիմել դատարան»:

Իսկ եղել է այն, որ հայ համայնքի նախագահ Արտյուշա Կարապետյանը փակել է Ղազախստանի Սբ. Կարապետ հայկական եկեղեցին ու թույլ չի տվել, որ պատարագ մատուցվի: Ղազախստանի հայ համայնքի կենսագրության մեջ առաջին անգամ կիրակնօրա պատարագը մարտի 30-ին տեղի չի ունեցել:

Բացի այդ՝ Ղազախստանի հայ համայնքի նախագահը հայտարարել է, որ ապրիլի 24-ին որեւէ հայ չհամարձակվի գալ եկեղեցի ու միջոցառում անցկացնել: Նա նաեւ սպառնացել է, որ եթե ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը, ինչպես միշտ, հայերը հավաքվեն եկեղեցում, ապա ինքը ոստիկանություն կհրավիրի:

Իսկ որտե՞ղ է մեր երկրի արտաքին գերատեսչությունը, ինչու՞ չի ահազանգու՛մ…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.