Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Դդմիկով աղցան
Բաղադրությունը – Դդմիկ – 500 գ, սխտոր – 1 գլուխ, ռեհան – 1 կապ, թթվասեր – 100 գ, քամած մածուն – 200 գ, կիտրոն – 0.5 հատ, աղ, սպիտակ պղպեղ:
Պատրաստման եղանակը – Դդմիկը մաքրել, լվանալ, կեղեւից հեռացնել, լուսնաձեւ կտրատել, գոլորշու վրա եփել 10 րոպե, սառեցնել:
Քամած մածունը թթվասերի, կիտրոնի հյութի, աղի եւ սպիտակ պղպեղի հետ հարել:
Շոգեխաշած դդմիկի կեսը լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել քամած մածունով զանգվածը, սրա վրա էլ՝ կտրտած ռեհանի եւ սխտորի մի մասը, հետո նորից՝ դդմիկի մնացած մասը, վրան՝ մածունով զանգվածը եւ կանաչին ու սխտորը:
Ամառ է՝ սննդարար ու սառը ուտեստների իսկական ժամանակը: Անու.շ վայելեք:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Հայաստանի հավաքականը 38-րդ հորիզոնականում է
ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը։ Հայաստանի ազգային ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով, այժմ 38-րդ հորիզոնականում է։ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Պորտուգալիան 4-րդ տեղում է, Դանիան՝ 23-րդ, Սերբիան՝ 30-րդ, Ալբանիան՝ 66-րդ։ Հարեւան Վրաստանը զբաղեցնում է 96-րդ, իսկ Ադրբեջանը 83-րդ տեղը:
Ցանկանում է փոխել հավաքականի մտածելակերպը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն իր գլխավորությամբ 3-րդ մրցախաղին նախապատրաստվող ազգային հավաքականի մասին ասել էր, որ լավ փորձառություն կլինի Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ խաղալ, միշտ չէ, որ հնարավորություն է լինում այդ մակարդակի թիմի հետ մրցակցել: Գերմանիայի դեմ խաղում միայն հարձակողական ֆուտբոլը օգտակար չէր լինի, եւ մարզիչը նախատեսում էր կազմակերպել լավ պաշտպանություն: Ինչը սակայն, չստացվեց:
Եթե խաղը դիտած չլինեի, ապա 1:6 հաշվով պարտությունը ինձ պետք է հուշեր, որ Հայաստանի հավաքականը պարզապես չի կարողացել դիմադրել: Սակայն դիտել եմ խաղը, եւ շատ եմ ցավում մեր խոշոր հաշվով պարտության համար: Այդ խաղում Հայաստանի ընտրանին ավելի լավ դրսեւորեց իրեն, քան նախորդ 2 խաղերում: Իհարկե՝ մինչեւ 2-րդ խաղակեսի կեսերը, երբ մեր հավաքականը պարտվում էր 0:1 հաշվով, հետո հաշիվը հավասարվեց՝ 1:1, որից հետո սկսվեց մի աներեւակայելի իրավիճակ, երբ մերոնք կարծես դադարեցին խաղալ եւ պարզապես ժամանակ էին անցկացնում խաղադաշտում…
Բեռնար Շալանդը նշել է, որ դժգոհ է ոչ թե առանձին վերցրած պաշտպանների խաղից, այլ թիմի պաշտպանական ընդհանուր գործողություններից: Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ եւ հանդես գային արտասահմանում: «Իհարկե, տղաները պայքարեցին, փորձեցին, բայց»… Մարզիչը կարեւորում է հոգեբանական պատրաստվածությունը, նոր խաղային մտածելակերպը: Նա ցանկանում է եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը, բայց ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել: Եթե այդ խնդիրը չլուծվի, ապա ազգային հավաքականը կբավարարվի ներքին ինչ-որ հանդիպումով: Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումը Գերմանիայի ընտրանու հետ ավարտվեց1:6 hաշվով, մեր թիմի կազմում 11 մետրանոցից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ, մեր թիմը հաղթել էր Արաբական Միացյալ Էմիրություններին՝ 4:3, պարտվել էր Ալժիրին՝ 1:3 հաշվով:
Ադրբեջանի բողոքը չխանգարեց Արցախի հավաքականին
«Լուսանցք»-ը ներկայացրել էր, որ Շվեդիայի Էստերսունդ քաղաքում ընթացող «Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը» մասնակցել է նաեւ Արցախի հավաքականը, որը 2 անընդմեջ պարտությունից հետո զրկվեց հաղթելու համար պայքարելու հնարավորությունից: Առաջին խաղում Արցախը 2:3 հաշվով պարտվել է Մեն Կղզու թիմին (ցավալի պարտություն, քանի որ խաղի ավարտից 2 րոպե առաջ արցախցիները հաղթում էին 2:1 հաշվով, եւ խաղավարտին բաց թողեցին 2 գնդակ: Հաղթանակը բոլորովին այլ իրավիճակ կստեղծեր), իսկ Նիցցայի կոմսության թիմին զիջել է 0:1 հաշվով:
ԼՂՀ-ի ֆուտբոլի հավաքականի մասնակցության կապակցությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան աղմկել էր եւ բողոքի նոտա էր հղել ConIFA-ին եւ FIFA-ին, որով պահանջվում էր արգելել Արցախի հավաքականին մասնակցել չճանաչված երկրների աշխարհի գավաթի առաջնությանը: «ConIFA-ի նպատակն է կամուրջներ ստեղծել, որպեսզի չճանաչված պետությունները կարողանան ներկայանալ հանրությանը: Գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան չի հանդիսանում ոչ ԱՖՖԱ-ի, ոչ էլ FIFA-ի անդամ: Նշանակում է» Լեռնային Ղարաբաղն ամբողջովին կտրված է հաղորդակցության աշխարհից, իսկ ֆուտբոլիստները հնարավորություն չունեն իրենց դրսեւորել միջազգային խաղերում: Կարծում ենք՝ աշխարհի ցանկացած կետում էլ մարդիկ պետք է հնարավորություն ունենան միջազգային ֆուտբոլ խաղալ ու ներկայացնել իրենց մշակույթը: Այդ պատճառով մեզ ոչինչ չի մնում, քան մերժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը: Միեւնույն ժամանակ մենք հուսով ենք, որ ԱՖՖԱ-ն ըմբռնումով կմոտենա մեր որոշմանը, եւ այն չի ընդունվի որպես քաղաքական քայլ Ադրբեջանի դեմ՚,- պաշտոնական կայքում հրապարակել էր ConIFA-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի:
Նշենք, որ ֆուտբոլի Արցախի ֆեդերացիան այս տարվա հունվարից է դարձել ConIFA-ի լիիրավ անդամ, հետեւաբար այս կազմակերպության կողմից Արցախի հավաքականին չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավերը վաղուց հաստատված էր: Իմիջիայլոց, դեռ 2012թ., երբ Իրաքի հարավում գտնվող 4 քաղաքներում՝ Էրբիլում, Դոհուկում, Սուլեյմանիայում ու Շալահադինում ընթանում էր չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, շատերն էին հարց տալիս, թե ինչու չի մասնակցում Արցախի թիմը, երբ անգամ Հյուսիսային Կիպրոսի բռնազավթված թուրքական տարածքի հավաքականն էր ներկայացրել իր հավաքականին: Տիբեթի, Աստուրիայի, Գրենլանդիայի, ֆրանսիական Պրովանսի, Իտալական Ռեցիայի, Զանզիբարի, Արեւմտյան Սահարայի թիմերը պարբերաբար չեն մասնակցում այս առաջնություններին, իսկ իսպանական Կատալոնիան հրաժարվում է անվտանգության խնդիրներից ելնելով:
Խմբային խաղերում անհաջող հանդես գալուց հետո արցախցի ֆուտբոլիստները 9-12-րդ տեղերի համար մրցաշարի խաղերում տարան 2 հաղթանակ՝ Լապլանդիայի (Նորվեգիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի հյուսիսային մասերում բնակվող սաամներից կազմավորված) եւ Դարֆուրի (Սուդանի արեւելյան հատված) թիմերի նկատմամբ՝ հաղթելով 5:1 եւ 12:0 խոշոր հաշիվներով: 12 ընտրանիների մեջ Արցախի հավաքականը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Եզրափակչում մրցում էին Էլան Վանինը (Մեն կղզի) եւ Նիցցայի Կոմսությունը, եւ հենց այս հավաքականների հետ միեւնույն խմբում էր ընդգրկված Արցախի թիմը: Այլ խմբում հանդես գալու դեպքում արցախցիները բոլորովին այլ ցուցանիշ ցույց կտային հաստատ: Ինչեւէ, եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակն անցավ առանց խփած գոլերի, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին Նիցցայի Կոմսության հավաքականի ֆուտբոլիստները՝ 5:3: Մրցաշարային աղյուսակը ստացավ հետեւյալ տեսքը՝ 1. Նիցցայի Կոմսություն, 2. Էլան Վինին, 3. Ասարիա, 4. Հարավային Օսեթիա, 5. Պադանիա, 6. Քրդստան, 7. Օկսիտանիա, 8. Աբխազիա, 9. Արցախ, 10. Լապլանդիա, 11. Թամիլ-Իլամ, 12. Դարֆուր Յունայթեդ:
Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերով՝ տոնահանդես
Այս օրերին վրացական Ախլցխե քաղաքում տեղի է ունենում «Մեսխեթի ֆուտբոլի տոնահանդես» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլի 16 պատանեկան թիմեր: Հայաստանն այդ մրցումներում ներկայացնում են «Շիրակ-2000» թիմը եւ Երեւանի պատանեկան հավաքականը: Ըստ մրցաշարի կանոնակարգի, ֆուտբոլիստները պետք է ծնված լինեն 2000թ. հունվարի 1-ից հետո: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Վրաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւան Կիպիանին:
Հաղթեց Նոր կյանքի դպրոցի թիմը
«Բանանց» ակումբի մարզադաշտում տեղի ունեցան «ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2014թ» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության վճռորոշ հանդիպումները: Մրցաշարի եզրափակիչ օրվա ծրագիրը բացեցին Գյումրու 27 դպրոցի եւ Չարենցավանի 6-րդ դպրոցի թիմերը: 3-րդ տեղի համար խաղում Գյումրու թիմը հաղթեց 2:1 հաշվով:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին Նոր կյանքի դպրոցի եւ Կապանի թիվ 3 դպրոցի թիմերը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2014թ.» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը շահեց Նոր կյանքի դպրոցի թիմը, որը եզրափակչում հաղթեց 4:2 հաշվով: 1-ին, 2րդ, 3-րդ եւ 4-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները ստացան արժեքավոր նվերներ՝ սմարթֆոններ, MP3 նվագարկիչներ եւ գնդակներ: Մրցանակակիրներին պարգեւատրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Կասպարովը, Ալեքս Էնրիկե դա Սիլվան, Արսեն Բեգլարյանը, Ռումյան Հովսեփյանը, Գագիկ Դաղբաշյանը եւ Արթուր Միրանյանը:
«Արարատ»-«Արձիվ» հանդիպումը Ֆրանսիայում
Ընկերական հանդիպում անցկացնելու նպատակով Մարսելում գտնվում էր Երեւանի «Արարատ»-ը: Կայացած «Արարատ»-«Արձիվ» հանդիպումն ավարտվել է երեւանյան թիմի հաղթանակով`2:1 հաշվով: Հանդիպումը նվիրված էր Մարսելի հայ համայնքի «Արձիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադրման 90-ամյակին:
Վոլեյբոլի առաջնության առաջատարը՝ ՖԻՄԱ–ն
Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի 1-ին շրջանը կայացել է Արմավիրում։ Մրցաշարին մասնակցել է 5 թիմ՝ Ստեփանակերտը, Արմավիրը, Երեւանի «Դինամո-Նոր Նորքը», ՖԻՄԱ-ն եւ Խաղային մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ) թիմը: 1-ին շրջանից հետո աղյուսակը գլխավորում է ՖԻՄԱ-ն, որը հաղթանակ է տոնել բոլոր հանդիպումներում: 2-րդ տեղում է Արմավիրը, 3-րդում՝ ԽՄՕՄՄ-ն: Առաջնության 2-րդ շրջանը կկայանա Երեւանում հոկտեմբերին:
Լողափնյա վոլեյբոլի փառատոն՝ Սեւանում
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Երեւանի «Կիլիկիա» մարզադահլիճում անցկացրեց «Volley All Festival 2014» մանկապատանեկան փառատոնը: Մասնակցեցին 120-ից ավելի պատանի վոլեյբոլիստներ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ մասնակից թիմերին նվիրեց վոլեյբոլի գնդակներ:
Նշենք, որ 2014թ. հունիսի 20-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եւ Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի հետ համատեղ Սեւանում կանցկացնի լողափնյա վոլեյբոլի փառատոն, իսկ 2015թ. սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի լողափնյա վոլեյբոլի եվրոպայի առաջնություն:
Գոռ Հովսեփյանը եւ Սամվել Աղաջանյանը գրավեցին 1-ին տեղը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցի Էջմիածնի մասնաճյուղի 3 մարզիկներ մասնակցեցին Լեհաստանի Կարտուզ քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան ավանդական մրցաշարին:
Վաստակավոր մարզիչ Վարուժան Աղաբաբյանի ուղեկցությամբ մեր պատվիրակները հրաշալի ելույթներ ունեցան: Գոռ Հովսեփյանը (29 կգ), Սամվել Աղաջանյանը (38 կգ) եւ Արման Մելքոնյանը (42 կգ) 3-ական հաղթանակ տոնելով մտան եզրափակիչ: Գոռը եւ Սամվելը վճռական փուլում նույնպես հաղթեցին, գրավեցին 1-ին տեղը եւ կանգնեցին պատվո պատվանդանի 1-ին աստիճանին: Առաջին տեղի համար պայքարում Արման Մելքոնյանը ձախողվեց եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Լեւոն Արոնյանը 9-րդն է Ստավանգերում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Ստավանգերում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրեց նախավերջին` 9-րդ տեղը: Վերջին` 9-րդ փուլում, մեր գրոսմայստերը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Շախմատիստները շատ ակտիվ սկսեցին, միջնախաղում փոխանակեցին քարերի մեծ մասը, որի արդյունքում 41-րդ քայլին ստեղծվեց սիմետրիկ դիրք, ինչը հազվադեպ է պատահում շախմատում: Հենց այդ վիճակում էլ կողմերը խաղաղ դաշն կնքեցին:
Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ բաժանեց 6-9-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ի վերջո հանգրվանեց նախավերջին տեղում: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:
Արշակ Պետրոսյանի ելույթը` Սան–Ֆրանցիսկոյի մրցաշարում
Սան-Ֆրանցիսկոյում կազմակերպված արագ շախմատի շրջանային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց շախմատի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը 7 հնարավորից վաստակել է 3,5 միավոր եւ բաժանել 3-ից 5-րդ տեղերը: 1-ին եւ 2-րդ տեղերը բաժին են հասել Իրինա Կրաշին եւ Միխայիլ Գուրեւիչին:
Հիշեցնենք, որ այս անչափ հետաքրքիր մրցաշարում Արշակ Պետրոսյանի մրցակիցներն են եղել գրոսմայստերներ Միխայիլ Գուրեւիչը (Թուրքիա), Ադրիան Միխալչիշինը (Սլովենիա), Եվգենի Սվեշնիկովը (Ռուսաստան), Լեւ Ալբուրտը (ԱՄՆ), Գենադի Զայչիկը (ԱՄՆ), Իրինա Կրաշը (ԱՄՆ) եւ Մաշա Կլինովան (Իսրայել):
Զավեն Անդրիասյանը գրավեց 3-րդ հորիզոնականը
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտված Նեժմետդինովի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: 7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստերներ Դմիտրի Կոկարեւը (Ռուսաստան): Միջազգային վարպետ ռուսաստանցի Նիկիտա Մատինյանի արդյունքն էր 5 միավոր:
Հայ շախմատիստները` Գոլդեն Սանդսում
Հայաստանի շախմատիստները Բուլղարիայի Գոլդեն Սանդս քաղաքում շարունակում են պայքարը Եվրոպայի Մեծ գավաթի համար, որը խաղարկվում է «Ալբենա-2014» միջազգային մրցաշարի շրջանակում։ Տիգրան Լ. Պետրոսյանը անցկացվող մրցաշարում 4 փուլից հետո վաստակել է 4 միավոր եւ իսրայելցի Ռազնիկով Դանիի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հովհաննես Գաբուզյանն ունեն 3,5-ական միավոր, Տիգրան Ս. Պետրոսյանը` 2,5 միավոր, Վլադիմիր Պողոսյանը` 2 միավոր: Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով։
Երևանում կայացավ հաշմանդամների հանրապետական 12-րդ մարզական փառատոնը
Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամների հանրապետական 12-րդ մարզական փառատոնը, որը կազմակերպել էր «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ն, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, նաեւ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Փառատոնը, որին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող 14 եւ ավելի բարձր տարիքի մոտ 100 մարզիկներ` ՀՀ տարբեր մարզերից, ավարտվել է հունիսի 12-ին: Մարզիկներն իրենց ուժերը չափեցին 6 մարզաձեւերով` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ թենիս: Փառատոնի ընթացքում նրանք նաեւ մասնակցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին:
«Այս փառատոնը եզակի հնարավորություններից մեկն է հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում ներառական սպորտն ու պարալիմպիկ սպորտը խթանելու համար: Հաշմանդամություն ունեցող երիտասարդները իրենց հասակակիցների հետ մրցելու արդյունքում վեր կհանեն իրենց ուժեղ կողմերն ու ներուժը, որը կնպաստի իրենց ինքնահաստատմանն ու ինտեգրմանը հասարակությունում: Ուրախ ենք երիտասարդ մարզիկների կողքին տեսնելու իրենց քաջալերող եւ մշտապես աջակից ծնողներին, բարեկամներին, ընկերներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:
Տեղի է ունենա նաեւ համաժողով, որին մասնակցել են հաշմանդամային սպորտին առնչվող պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս տարի համաժողովին մասնակցել են «Մոբիլիթի ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ընտրված 6 փորձագետներ, ովքեր Հայաստան են ժամանել իրենց փորձը ներառական սպորտի բնագավառում հայաստանյան գործընկերների հետ կիսելու նպատակով: Փառատոնի փակման արարողության ժամանակ էլ կայացել է մրցանակաբաշխությունը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Իդեպ, ՀԱՄ կայքը google–ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org–ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք»թիվ 20 (325), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



