Վարչապետ դառնալու նոր հա՞յտ… Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա… Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ՞…

Վարչապետ դառնալու նոր հա՞յտ

Օրերս թարմացան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին լուրերը, թե հաջորդ վարչապետը նա է լինելու: Դեռ նոր կառավարության ձեւավորման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ կառավարության անդամները պետք է ապացուցեն իրենց տեղերում մնալու անհրաժեշտությունը: Նույնիսկ որոշակի «բացթողումներ» եղան, թե ընթացքում նոր փոփոխություններ են սպասվում: Նաեւ Կարեն կարապետյանի կողմից հնչեց սուր քննադատություն կառավարության հասցեին, եւ այս ամենը տրամաբանորեն հանգեցնում է մտքին, որ փոփոխությունները սարերի հետեւում չեն:

Հասարակության մի մասի մոտ նշյալ գործիչի անունը ավելի շատ առնչվում է առավելապես բարերարությամբ զբաղվողի, քան քաղաքականության հետ գործ ունեցողի հետ: Ճանաչում են որպես մեծահարուստ, բիզնեսմեն Սամվել Կարապետյանի եղբայր, եւ եղբայրները միասին ունեն գործարարի համբավը, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս փող են աշխատում եւ այդ աշխատած գումարից ներդրումներ կատարում Հայաստանում: Բայց նաեւ տեսակետ կա, որ տարիներ շարունակ Սամվել Կարապետյանն ամեն ինչ եւ տարբեր ներդրումներ է անում, որպեսզի եղբայրը դառնա վարչապետ: Այս մասին խոսում էին դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն կարապետյանին թիվ 1 թեկնածու էին կարծում շատերը, բայց երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, խոսք գնաց արդեն նրա՝ ԱԺ նախագահ նշանակվելու մասին: Ըստ լուրերի, նա չի ցանկացել այդ պաշտոնը: Մարդը տնտեսությունն է ուզում ղեկավարել: Եվ նրա հանկարծակի ակտիվացումը անուղղակի կերպով համարում են երկրի վարչապետ դառնալու հայտ, քանի որ ներկա կառավարության ղեկավարի հետ ՀՀԿ-ական այդ պատգամավորը հույսեր չի կապում: Հեշտ չի լինի, կա ունեւոր եղբայր, բայց չկա թիմ, առանց որի որեւէ գործունեությունն անարդյունք կլինի:

Անի Մարության

Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա

Օրերս ՕԵԿ-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել: Նպատակն է՝ ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Ընդդիմադիրները սակայն չեն շտապում քառյակը դարձնել հնգյակ: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեմ չի արտահայտվել հանդիպումներին, բայց նշել է, որ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը մշտապես ՀՅԴ-ն է բարձրացրել… Բայց խանդի տեսարաններ չեն լինելու եւ պատրաստ են ցանկացած հարց քննարկել:

ՕԵԿ-ը, այնուամենայնիվ ձգտում է միանալ քառյակին, իսկ ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանն այնքան էլ մեծ կարծիք չի հայտնել դաշինքի մասին: Դեռ ԱՄՆ-ում գտնվող պատգամավորի աչքին երեւում է, որ «քառյակի սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգայինպետական շահը»:

Եվրասիական համատեքստում գնահատելով իր կուսակցության դիրքորոշումը՝ Զարուհի Փոստանջյանը, քառյակի մյուս ուժերի պահվածքն այնքան էլ դրական չի գնահատել, քանի որ «մեր ազգային շահը թելադրում է անհապաղ դադարեցնել նման ապազգային ծրագիրը, որը փորձ է արվում իրականացնել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։

Թե որքանո՞վ է քառյակն ի զորու արտահայտել հանրության կարծիքը, այն դեպքում, երբ 12 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացնում իշխանությանը, առանց հրաժարականի պահանջի, Զարուհի Փոստանջյանն ասել է.«Նախ, քառյակ կոչվածը այն ձեւով, որով ներկայացվում է մամուլում կամ ընկալվում հասարակության մեջ, գոյություն չունի: Հենց «Ժառանգություն»-ն էր, որ ամեն բան փորձեց անել, 4 խմբակցությունների հատվածական համագործակցության ձեւաչափը բարձրացնել միջկուսակցական միասնական օրակարգով ձեւաչափի, բայց դա չընդունվեց որոշ կուսակցությունների կողմից: Այսօր ակնհայտ է, որ այս սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ ազդեցիկ պայքար մղելու, ավելին՝ տպավորությւոն կա, որ այս պահին ուղղակի փորձ է արվում մեղմացնել հարուցված խնդիրների բացասական հետեւանքները։ Իսկ բուն խնդիրը շարունակում է մնալ եւ ունենալ կործանարար ազդեցություն»։

Ընդդիմադիր քառյակի մասին հնչում են նաեւ այնպիսի կարծիքներ, որոնցում խորհրդարանական 4 ուժերի համագործակցության օրակարգը համարում են նույնքան հետամնաց, ինչպես իշխանություններն են հետ մնում քաղաքական իրադարձություններից: Անգամ դա նմանեցնում են 1988թ. Կոմունիստական կուսակցության «պարտ.ղեկավարների»՝ իրադարձություններից հետ մնալու հետ, ինչը բերեց ծանր հետեւանքների: Քաղաքական էլիտայի ուղղակի պարտականությունն է գործել ժամանակին համահունչ, բայց քառյակի կուսակցությունների հետ արդեն քչերն են հույսեր կապում:

Նաեւ արծարծվեց, թե «Քառյակին «աստղայինը» տարել է… հրաշալի կոչվող քառյակն այդ հիվանդությամբ է տառապում՝ փակ, գաղտնի հանդիպումներից հետո նրանց արդեն ոչ այնքան մտահոգում է ասելիքը, որքան այն, թե ինչ տեսքով կներկայանան լրագրողներին՝ կոստյումով, թե առանց կոստյումի, նստած, թե կանգնած՚: Իսկ նրանց որոշումների, անելիքների մասին իմանալը բարդացել է:

Թեժ է նաեւ այն առումուվ, որ ԲՀԿ-ն քառյակին հակամարտությունից տանում է համագործակցության, ինչը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապի գործոնով է պայմանավորված… Այսպես խորհրդարանական ոչ իշխանական քառյակը փորձում է նաեւ ցույց տալ, որ գոյություն ունի միասնություն: ԲՀԿ-ն բավարարված է վարչապետի փոփոխությամբ, գիտակցում է, որ առանց ԲՀԿի մյուսներն ի զորու չեն ազդեցիկ քայլեր անելու, եւ արմատական ընդդիմությունը դարձել է կառուցողական ընդդիմություն, ինչն անչափ գոհացրել է իշխանություններին:

ԱրմանԴավթյան

* * *

«Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ»,- ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը պահպանելու իշխանությունը սահմանադրական բարեփոխումներից հետո, արդարադատության փոխնախարար Գրիգորի Մուրադյանը պատասխանել է. «Ինքը պարզ ասաց, որ չի դառնալու վարչապետ, եթե մենք անցում անենք խորհրդարանական կառավարման ձեւին»։ Ըստ փոխնախարարի, բարեփոխումները նախաձեռնելով՝ Սերժ Սարգսյանը չի փորձի պահպանել նաեւ նախագահի աթոռը, բայց դա չի նշանակում, որ նա պետք է ընդհանրապես հեռու մնա Հայաստանի քաղաքական դաշտից. «Ինչո՞ւ բացառել, որ գործող նախագահը չի կարող հավակնել որեւէ այլ պաշտոնի։ Դա տրամաբանական չէ»։

Գործող նախագահի՝ իշխանությունը պահպանելու «ծանրակշիռ պատճառ» կա, որն ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, այսպես է հնչում. «Ինքը իմ կարծիքով իշխանության մեջ է հավերժ, որովհետեւ ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը»։

Իսկ ընդդիմադիրները սահմանադրության փոփոխությունները կապում են Սերժ Սարգսյանի նպատակադրված քայլերի հետ, որով նա իշխանությունը վերարտադրելու պայմաններ է մշակում: Եվ Սահմանադրությունը խանգարում է ընտրական գործընթացներով նորից վերցնել բարձրագույն իշխանությունը, եւ այն պարտադիր փոփոխման է դրված:

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.