Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 1.- Եվրոպական էներգետիկհսկաները հեռանում են Ադրբեջանից – Ձախողվեց թուրք-ադրբեջանական քաղաքականությունը…

Ֆրանսիական Total եւ գերմանական E.on ընկերությունները պատրաստվում են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի նախագծից (TAP): Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիեւը՝ չնշելով այլ մանրամասներ: Total-ն ադրբեջանական «Շահ դենիզ-2» նախագծում իր 10% մասնաբաժինը վաճառել է թուրքական TPAO ընկերությանը, մինչ այդ էլ նորվեգական Statoil ընկերությունը SOCAR-ին է վաճառել «Շահ դենիզ-2»-ի TAP-ում իր 10% մասնաբաժինը: Տրանսադրիատիկ գազատարում Total-ի մասնաբաժինը 10% է, իսկ E.on-ինը՝ 9%: Սպասվում է, որ նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում ընդունել ինչպես «Շահ դենիզ»-ում, այնպես էլ «դարի պայմանագրում» իր մասնաբաժնի վաճառքի մասին:

«Շահ դենիզ» կոնսորցիումի կողմից գազի փոխադրման համար Անդրանատոլիական (TANAP) եւ TAP նախագծերի երթուղին ընտրելուց հետո Statoil-ն ու Total-ը հայտարարել են, որ չեն մասնակցի 10 մլրդ եվրո արժողությամբ TANAP նախագծին: Իսկ այժմ էլ ֆրանսիական ընկերությունն ու նրա գերմանական գործընկերն են հրաժարվում TAP-ից: Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում հասկանալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել նախատեսող 40 մլրդ եվրոարժողությամբ նախագծից եվրոպական էներգահսկաների հեռանալու պատճառը: Դեռ հաստատումներ չկան, որ դա կապված է քաղաքականության հետ, բայց դա այդպես է ու նաեւ պարզ է, որ ընկերությունները չեն ցանկանում կիսել ռիսկերը: Դա էլ կապված է ինչպես նախագծի բավական թանկ արժեքի, այնպես էլ ապագայի հնարավոր ռիսկերի հետ: «Չնայած, որ նախագծերն ավելի շատ Եվրոպային են պետք, քան Ադրբեջանին, քանի որ կապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ կիջեցնեն աշխարհամասի կախվածությունը ռուսաստանյան գազից,- նշում են ադրբեջանական զլմ-ները,- սակայն ամեն ինչ վատ է ընթանում»:

Հայտնի է, որ մինչեւ 2014թ. վերջը ադրբեջանական խոշորագույն SOCAR նավթագազային ընկերությունը Թուրքիայում կներդնի մինչեւ 5 մլրդ դոլար։ SOCAR Energy Turkey ընկերության ղեկավար Քենան Յավուզը հայտնել է, թե մինչեւ այս տարվա հունիսի սկիզբը ներդրվել է 3,5 մլրդ դոլար։ Նա նշել է, որ հիմնական գումարները ներդրվել են նավթավերամշակման ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծերում։ Այս պահին ներդրումային պորտֆելում կան 20 մլրդ դոլարի նախագծեր, այդ թվում՝ Տրանսադրիատիկ նավթամուղի կառուցման համար, որով ադրբեջանական գազը մոտ 10 մլրդ խմ ծավալով կհասցվի Եվրոպա։

Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հեռանկարը այլեւս մշուշոտ է, չնայած դա ընթանում է ուկրաինական ճգնաժամի համապատկերին, երբ հարցականի տակ են դրվել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները: Թվում էր, Եվրոպայի համար ավելի մեծ նշանակություն են ձեռք բերելու բնական գազի այլընտրանքային մատակարարումները, բայց կան ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական խնդիրներ: Խոսքը ադրբեջանական գազի մասին է, որը կասպյան ավազանից դեպի Եվրոպա հասցնելու համար նախատեսվում է կյանքի կոչել «Հարավային գազային միջանցք» նախագիծը:

Եվրոպան ունի մեծ կախվածություն ռուսական էներգակիրներից, եվրոպացիների բնական գազի պահանջարկի մոտ 40%-ն ապահովում է Ռուսաստանը: Եվրամիությունում մշակվում են տարբեր ռազմավարություններ ռուսական գազից կախվածությունը թուլացնելու համար, բայց ինչպես վերը նշվեց, 2 խոշոր եվրոպական ներդրողները՝ ֆրանսիական եւ գերմանական էներգետիկ հսկաները մտադիր են հրաժարվել «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող Տրանսադրիատիկ գազատարի (TAP) կառուցման նախագծից:

Իսկ ինչո՞ւ են եվրոպական էներգետիկ հսկաները հրաժարվում ադրբեջանական գազից: Հարկ է նշել, որ եվրոպական խոշոր ներդրողները հրաժարվում են այդ նախագծերից Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների բավական խանդավառ հայտարարություններից կարճ ժամանակ անց: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ TANAP նախագծի իրականացումը թույլ կտա եվրոպական պետությունների հետ այնպիսի երկարաժամկետ եւ ամուր հարաբերություններ ստեղծել, ինչպես որ ձեւավորվել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ, կարեւորելով այդ նախագծերի կյանքի կոչումը եւ արդյունքում ադրբեջանական տնտեսության վրա այդ ամենի դրական ազդեցությունը, նշել էր, որ TANAP եւ TAP գազատարերի կառուցումը կապահովի դեպի Եվրոպա գազի մատակարարումն այլընտրանքային աղբյուրներով՝ ըստ էության ակնարկելով ռուսական գազին այլընտրանք լինելը: Ինչը Բաքվի կարծիքով՝ կարող էր հետագայում այլընտրանք դառնալ նաեւ իրանական գազին:

Նշվեց, որ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման այս նախագծերի կյանքի կոչման ընդհանուր արժեքը գնահատվում է 40 մլրդ եվրո, ինչը բարձր գումար է եւ անկախ քաղաքական կարեւորությանը, որ ջանում են առաջնային դարձնել Անկարան ու Բաքուն, առավելապես կապվում են զուտ տնտեսական շահավետության հետ:

Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում տարեկան ընդհանուր մոտ 500 մլրդ խմ գազի պահանջարկի դեպքում Ադրբեջանը սկզբնական շրջանում կարող է այդ գազատարներով Եվրոպա մատակարարել տարեկան ընդամենը 10 մլրդ խմ գազ՝ մի քանի տարի անց միայն առավելագույնը կարողանալով ավելացնել մինչեւ 20 մլրդ խմ: Այս հնարավորություններով ադրբեջանական գազը չի կարող լուրջ այլընտրանք լինել: Տնտեսական շահավետության հարցը ուղղակիորեն կապված է սակագների հետ: Առայժմ հայտնի չէ, թե այդքան խոշոր ներդրումներից հետո որքան կարժենա Եվրոպայում ադրբեջանական գազը, ավելի թա՞նկ, թե՞ էժան, քան մատակարարում է ռուսական «Գազպրոմ»ը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն երջերս մի առիթով հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք»ը կարող է պոտենցիալ ապահովել ԵՄ պահանջարկի ավելի քան 10%-ը:

Համարվում է, որ դա իրականանալի կարող է լինել նախագծի շատ ավելի մեծ ընդլայնման դեպքում, եթե, օրինակ, դրան միանա նաեւ Թուրքմենստանը: Սակայն Կասպից ծովի կարգավիճակի շուրջ վեճը կասկածելի է դարձնում նման հեռանկարը: Հավանաբար, այս ու մի շարք այլ գործոնների ազդեցությամբ եվրոպական խոշոր ներդրողներն ուղղակի նպատակահարմար չեն համարել մասնակցել դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման այդ նախագծերին: Բացի այդ, ռուսական գազային կախվածությունը ամեն կերպ թուլացնելու մղումը էներգետիկ այդ նախագծերը դարձնում է ավելի շատ քաղաքական, ինչի համար վճարվող գինը կարող է ավելի թանկ լինել, քան նույն ռուսական գազի սակագինը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.