«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը կարծիք է հայտնել, որ «այժմ արդիական չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Մինչեւ մենք հիմա այստեղ խոսում ենք, կարող է շատ բան պատահել: Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում կան բազմաթիվ վտանգներ»:
Ըստ նրա՝ Արցախի ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ՝ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է օրեցօր, նշել է «բարեկամ» երկրի մեզ «բարեկամ»եցողը:
Պապս կասեր՝ «Էս եղավ ռսի պոսլեզավտրան»…
Այն, որ Հայաստանն ինքը պետք է քայլեր անի, մենք համաձայն ենք՝ ճշմարիտ է, խնդիրը մերն է ու նախ եւ առաջ ինքներս պիտի տեր լինենք դրան: Բայց խորհուրդ տալուց պետք է մի քիչ էլ ամոթ ունենալ, գոնե տարրական… Արցախի անկախության ճանաչման հարցում ավելի քիչ վտանգներ կան, քան՝ Ղրիմի դեպքում էր: Սակայն վերջինս ոչ միայն անկախության արժանացավ, այլեւ՝ միավորվեց Ռուսաստանին, չնայած առ այսօր համաշխարհային վտանգ կա կախված Ռուսաստանի ու նրան սատարողների գլխին (որոնցից մեկն էլ Հայաստանն է, որ ճանաչեց Ղրիմի միավորման փաստը):
Երեւի Արցախը եւս պիտի Ռուսաստանին միանալու ցանկություն հայտնի, հա՞…
Դրա համա՞ր էր Զորի Բալայանը շտապել ստրկական նամակ գրել Վլադիմիր Պուտինին:
Իսկ այն տեսակետը, թե «ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ պետք է ռուսաց լեզվի դերը Հայաստանում մեծացնել»,- պարզապես գաղութացման ձայնն է հնչեցվել ՀՀ ԱԺ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբում հյուրընկալված ռուսի կողմից: Հազիվ այդքանն էլ պետք էր սպասել այսօրվա Մոսկվայի հերթական ձայնափողից:
«Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- ասել է Դմիտրի Կիսելյովը:
Իսկ այս կամակատար «հայտնի հաղորդավարը» կարո՞ղ է ցույց տալ 20, 30, 40 կամ 50 ուավելի տարիք ունեցող մի ռուսի, որ հայերեն հաշվել կարողանա: Լավ՝ գոնե ուկրաիներեն…
Բա ինչու՞ Ղրիմը վերցրեցիք:
Շուտով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով ՀՀ-ում կգտնվի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրան կընդունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի՝ մեր երկիր կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, տարաբնույթ տնտեսական հարցեր, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
Երեւանյան բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի միջազգային տարածաշրջանային օրակարգային հարցերին, կքննարկվեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Այ հենց այստեղ էլ պետք է տրվի հարցը՝ տաքսու վարորդների (գուցեեւ ուղեւորների) մասով… ո՞վ կհաշվի հայերեն կամ ուկրաիներեն: Եթե հնարավոր է, որ գոնե մի ռուս (ոչ ռուսաստանցի) հաշվի ուկրաիներեն՝ այդպիսով Ղրիմը թողնելով Ռուսաստանի կազմում, ապա հայերեն հաշվող ռուս չի գտնվի…
Այդ դեպքում՝ Ռուսաստանի ցանկությամբ՝ կա՛մ Արցախը միանում է Հայաստանին կա՛մ Հայաստանը ջնջոււմ է ռուսական շահերը մեր տարածաշրջանից եւ հայկական միջավայրից:
Երկնքից ընկած չեմ, եւ հայկական պետական կողմի լռելյայն դիրքորոշումը կարող եմ հասկանալ, բայց նաեւ հաստատ է մի բան՝ մենք չպետք է այսքան անպատիվ լինենք: Մեզ դրա համար է, որ չեն հարգում:
Արման Դավթյան
* * *
«Հայաստանում ռուսերենը պետական լեզու չէ« եւ ինքս անձամբ անհրաժեշտություն չեմ տեսնում այդ լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու« քանի որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է« իսկ պետական լեզուն էլ հայերենն է… «Եվ լեզվական օրենսդրության փոփոխության կարիք էլ ամենեւին չունենք: ՀՀ-ում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցների շրջանակներում« եւ հնարավորություն կա ունենալ չորս անգլալեզու կամ ռուսալեզու« կամ ֆրանսալեզու դպրոց: Ռուսական գործընկերները դեռեւս այդ քվոտայից եւ ոչ մի կետից չեն օգտվել»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պատասխանը «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին
«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



