Ցավոտ կետեր.- Հայկական կոնյակը՝ միջազգային իրավունքի շրջանակներում – Ինչպես լուծել ծագելիք խնդիրները… Առավելություններ եւ խնդիրներ… Դեպի չինական եւ այլ շուկաներ…

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ-ի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն ունենք, որը նախանշում է նաեւ այնպիսի ոլորտների զարգացում, որոնցում ձեւավորվող կարողություններ կան: Ըստ այդմ, խոսենք կոնյակագործության մասին:

Ընդհանրապես, արտահանման ծավալների տեսանկյունից 2-րդը լինելով (ընդհանուրի մեջ՝ 14%)՝ սննդամթերքի արտադրութունը կարեւոր դերակատարում ունի գյուղատնտեսության ոլորտի խնդիրները լուծելու հարցում: Օրինակ՝ միայն կոնյակագործությունը, մթերելով մեր երկրի խաղողի բերքի շուրջ 60%-ը, խաղողագործության ոլորտում 8-10 հազ աշխատատեղ է ապահովում:

Ոլորտի հիմնական խնդիրն է պատշաճ որակի ապահովումը եւ վերահսկողությունը, իսկ կարեւոր խնդիրների շարքում են երկարաժամկետ հատվածում հումքային հենքի սահմանափակությունը, սերտիֆիկացման միջազգային ճանաչումը, միջազգային շուկայում շուկայավարման ապահովումը, տրանսպորտային հաղորդակցության անկայունությունը, ոգելից խմիչքների արտահանման պարագայում տրանսպորտային ուղիների սահմանափակությունը (նկատենք, որ Իրանի տարածքով տարանցումն արգելված է):

Ի՞նչ վիճակ է այժմ ոլորտում: Խոսենք հիմնական ցուցանիշներով: Վաճառքի ծավալը 2010թ. եղել է մոտավորապես 107,3 մլն դոլարի կամ 5,1 մլն լիտր (100% սպիրտ): Արտահանումը (ներառյալ կոնյակի սպիրտ) նույն տարում եղել է 95,2 մլն դոլարի: Համեմատության համար նշենք, որ համաշխարհային արտահանման ծավալը 4 մլրդ դոլարի է, Հայաստանը 6-րդ տեղում է՝ իր 2,8% մասնաբաժնով: Հիմնական արտահանման շուկան Ռուսաստանն է՝ 80%: Ի դեպ, ռուսաստանյան ներմուծման մեջ Հայաստանի մասնաբաժինը 23,5% է: Ոլորտում ընկերությունների քանակը 25 է, արտադրությունում զբաղվածների քանակը՝ 1800: Խաղողի ցանքատարածությունները 15,000 հա են, կոնյակագործության համար խաղողագործության մեջ զբաղվածների թիվը 8-10 հազ է, խաղողի արտադրության ծավալը 110 հազ տոննա է:

Մինչ ակնկալիքներից խոսելը, ասենք, թե ինչ նախաձեռնություններ են նախատեսված մինչեւ 2015թ.-ն: Օրինակ՝ որակի ապահովման համար – օրենքի հստակեցում եւ կիրարկման մեխանիզմների մշակում, ժամանակակից լաբորատորիայի հիմնում: Նոր շուկաներ մուտքի համար – շուկայական գիտելիքներ, գործարար կապերի ստեղծում, բրենդինգ, օժանդակություն վաճառքին: Հումքի ապահովման համար – բնական աղետների դեմ պայքար, ֆինանսավորման եւ սուբսիդիաների մեխանիզմների մշակում: Տրանսպորտային ենթակառուցվածքի մասով –  Վերին Լարսի անցակետի բացում ակցիզային ապրանքների համար:

Շուկա մուտք գործելու համար չենք կարող չխոսել մի խնդրից՝ «հայկական կոնյակ» ապրանքային անվանումից:

Բանն այն է, որ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է որպես բրենդիի ապրանքային անվանում սահմանել «Արբուն» բառը: Ըստ այդմ, կթույլատրվի արտադրանքի մակնշվածքում «Բրենդի» եւ «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը: Նշված օրենքով հայկական կոնյակը եւ հայկական բրենդին նույնականացվել են (դրանք ՀՀ եւ Արցախի տարածքներում մշակվող խաղողի որոշակի սորտերի գինենյութերից թորված սպիրտերից ստացված խմիչքներն են, որոնք շշալցվում են ՀՀ-ում):  Ըստ օրենքի մեկ այլ հոդվածի պահանջի էլ, կարող է արտադրվել բրենդի՝ մինչեւ 40% ներկրված սպիրտի պարունակությամբ: Նշված օրենքի պահանջով հայկական կոնյակը (հայկական բրենդին) բրենդիից տարբերելու եւ սպառողներին թյուրիմացության մեջ չգցելու նպատակով  կառավարությունը բրենդիի համար սահմանեց առանձին ապրանքային անվանում: Որպես այդպիսին էլ առաջարկվեց «Արբուն»-ը: Բրենդին դասակարգվում է ԱԱ ԱՏԳ 220820 ծածկագրով (սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողագինու կամ խաղողի չանչի թորումից), որի տակ ներառվում են նաեւ կոնյակը, արմանյակը, գրապպան (իտալական խաղողի օղի) եւ այլն: Օրենքով հայկական կոնյակը եւ հայկական բրենդին նույնականացված են: Մինչեւ օրենքի ընդունումը Հայաստանում արտադրվում էր նաեւ բրենդի, որն ամբողջությամբ ներմուծված բրենդիի սպիրտերի հումքով արտադրվող խմիչք էր: Հայաստանում խաղողագործությունն ու հայկական կոնյակի սպիրտների արտադրությունը խթանելու նպատակով օրենքում ներառված է դրույթ, ըստ որի Հայաստանում արտադրվող բրենդին պետք է պարունակի առնվազն 60% տեղական արտադրության բրենդիի սպիրտ եւ մինչեւ 40% ներկրված բրենդիի սպիրտ:

Ապրանքների ծագման տեղանունների եւ աշխարհագրական նշումների միջազգային պահպանության հարցերը շոշափվում են Լիսաբոնի (Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին) ու Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ)  TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում: Լիսաբոնի համաձայնագրին անդամակցում են 26 երկիր, այդ թվում՝ Եվրամիության 10 երկիր, իսկ TRIPS համաձայնագրին միացել են ԱՀԿ անդամ ավելի քան 150 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Հայաստանը: ՌԴ-ն առայժմ նշված համաձայնագրերին չի միացել: Կոնյակը (շամպայնը, բորդոն եւ այլն,) որպես ծագման տեղանուններ, համաձայն Լիսաբոնի համաձայնագրի, գրանցված են, եւ այլ երկրներում արտադրվող նմանատիպ խմիչքները չեն կարող շրջանառության մեջ դրվել համաձայնագրի անդամ երկրներում այդ անվանումներով կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներով, մասնավորապես՝ կոնյակ կամ հայկական կոնյակ անվանումներով: Ավելին, TRIPS համաձայնագրով նախատեսված է, որ ԱՀԿ անդամ երկրները պարտավորվում են պահպանել աշխարհագրական նշումները‘ սահմանելով «Աշխարհագրական նշում» հասկացությունը, որն ըստ էության ներառում է նաեւ ծագման տեղանունները: Բացի դրանից, սահմանված են լրացուցիչ դրույթներ, որոնք վերաբերվում են գինիների եւ սպիրտային խմիչքների աշխարհագրական նշումների պահպանությանը, որոնց համապատասխան ԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են նախատեսել իրավական մեխանիզմներ, որոնք կբացառեն աշխարհագրական նշումների օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական տարածքից: Այսինքն՝ «հայկական կոնյակ» անվան տակ սպիրտային խմիչքը հնարավոր է արտահանել միայն ԱՀԿ անդամ որոշ պետոթյուններ՝  ԱՊՀ որոշ երկրներ եւ ԱՄՆ: Այստեղ ընդունում են, որ «հայկական» բառի օգտագործումը բավարար է սպառողներին մոլորության մեջ չգցելու համար: Ստացվում է, ԱՊՀ-ից ու ԱՄՆ-ից բացի, մնացած երկրներ «հայկական կոնյակի» արտահանումը շատ մեծ ռիսկերի հետ է կապված: Եթե հայկական կոնյակի ավանդական եւ հիմնական իրացման շուկա համարվող երկիրը՝ ՌԴ-ն անդամակցի նշված համաձայնագրերին, իսկ ԱՀԿ անդամ մյուս երկրները խստացնեն պահանջները՝ աշխարհագրական նշումների պահպանության նկատմամբ, ապա այդ դեպքում հայկական կոնյակն այդ երկրներ պետք է արտահանվի հայկական բրենդի անվանումով:

Այս խնդրից ելնելով է, որ մինչեւ 2015թ. նախաձեռնությունների շարքում պետք է քննարկվեն մի շարք հարցեր՝ 1. «Հայկական կոնյակ» ապրանքային անվանման հնարավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում, 2. «Հայկական բրենդի» եւ «Հայկական կոնյակ» բրենդի գովազդում նպատակային նոր շուկաներում, 3. բրենդինգի գրավչության տեսանկյունից նոր ապրանքային կատեգորիաների ստեղծում: Այս ամենին զուգահեռ կոնյակագործությունում զբաղված ընկերությունները նաեւ պիտի մտածեն մի բանի մասին էլ. «հայկական կոնյակ» անվանման ներքո ցածրորակ ապրանքատեսակներ են տարածվում, ինչը վնասում է ամբողջ ոլորտի համբավը:

Վերոնշված նախաձեռնություններից հետո 2015թ. արտահանումը ակնկալվում է 180 մլն դոլարի, իսկ 2020թ. արդեն՝ 300 մլն դոլարի: 2015թ. Հայաստանի արտահանումն այլ շուկաներ 15 մլն դոլարի կհասնի, իսկ 2020թ.՝ 20 մլն դոլարի: Արտադրության ծավալը 2015թ. հասնի 195 մլն դոլարի, իսկ 2020թ.՝ 320 մլն դոլարի: Խաղողի ցանքատարածությունները 2015թ. կլինեն 23 հազ հա, իսկ 2020թ.՝ 32 հազ հա: Խաղողագործության մեջ զբաղվածների թիվը, միայն կոնյակագործության մեջ, կլինի 13400, իսկ 2020թ.՝ 18 հազար:

Ոլորտի համար նոր շուկաներ են դիտարկվում՝ 1-ին փուլում՝ Չինաստանը, 2-րդ փուլում՝ Արեւելյան Ասիայի այլ երկրները եւ Արեւելյան Եվրոպան:

Առավելություններ եւ խնդիրներ 

Անդրադառնանք կոնյակագործության ոլորտի հիմնական առավելություններին ու խնդիրներին:

Առավելություններն են՝ 1. որակյալ խաղողի հումքի առկայությունը, 2. կոնյակի արտադրության համար յուրահատուկ հատկանիշներով (օր.՝ շաքարի պարունակություն)՝ պայմանավորված բնակլիմայական գործոններով՝ արեւային օրերի քանակ, հողի եւ ջրի որակ, 3. բնակլիմայական բարենպաստ եւ քիչ թե շատ կայուն պայմաններ խաղողագործության համար, 4. առաջատար ընկերությունների կողմից օժանդակություն գյուղացիական տնտեսություններին, 5. կոնյակագործության ոլորտում արտադրական կուլտուրայի առկայություն, 6. կուտակված մեծ փորձ ոլորտում, 7. առաջատար փոքրաթիվ ընկերություններն ունեն միջազգայնորեն մրցունակ սարքավորումներ՝ թե արտադրության, թե լաբորատոր ստուգումների համար, 8. նախկինում հզոր բրենդի՝ դեռեւս պահպանված ներուժ նախկին ԽՍՀՄ  երկրներում, 9. Սփյուռքի կապերի օգտագործում դժվարամատչելի շուկաներում:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք են՝ 1. մեծ ֆերմերային տնտեսությունների բացակայություն, 2. հումքի ձեռքբերման հստակ մեխանիզմների բացակայություն, պայմանագրային համաձայնությունների թերի դաշտ, 3. խաղողի բերքը վտանգված է միջատների հիվանդություններով, որոնք տարածման դեպքում կարող են բնական ֆորս-մաժոր առաջացնել, 4. բացակայում է գնային տարբերակումը տարբեր տեսակի եւ որակի խաղողի համար, 5. խաղողի արտադրության ծավալների վերահսկման անհնարինություն վիճակագրական ոչ պատշաճ տվյալների արդյունքում, 6. ոլորտում նոր կադրերի սահմանափակ ներհոսք, 7. կոնյակի արտադրության համար ներմուծված կոնյակի սպիրտերի կամ այլ հումքից սպիրտերի լայնորեն օգտագործում, որպես «հայկական կոնյակ» վաճառվող արտադրանքում, 8. առավել ցածրորակ ապրանքների ծավալների աճի պատճառով որակի վարկանիշի նվազում, իսկ սա որոշակի ազդեցություն է ունեցել ռուսաստանյան ներմուծումների մեջ հայկական կոնյակի մասնաբաժնի նվազման վրա (27%-ից 23%), որը մասամբ պայմանավորված էր նաեւ ռուսական արտադրողների հզորացմամբ, 9. Ռուսաստան դուրս գալու միայն մեկ ճանապարհ, որը բացասաբար է ազդում մատակարարման անընդհատության եւ գնագոյացման վրա:

Դեպի չինական եւ այլ շուկաներ

Կարո՞ղ ենք արդյոք չինական շուկայում սպառել հայկական կոնյակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանում կոնյակի սպառման մշակույթը չափազանց թույլ է զարգացած (ոգելից շուկայի ընդամենը 0,2%-ը):

Հայկական կողմը վստահ է՝ կարող ենք, որովհետեւ այնուամենայնիվ շուկայի ծավալը բավականին մեծ է եւ գրավիչ  աշխարհի կոնյակագործների համար:

Ավելին, շուկան բնութագրվում է աճի տպավորիչ տեմպերով:

Այն ամբողջովին հիմնված է ներմուծված արտադրանքի վրա եւ շուկայից գրեթե բացակայում են ցածր ու միջին գնային սեգմենտները: Բացի այդ՝ ելնելով չինական խոհանոցի առանձնահատկություններից, հայկական կոնյակը, որն ավելի քաղցրահամ է ֆրանսիականի համեմատ, կունենա որակական առավելություն շուկայում:

Ավելին, հայ արտադրողներն արդեն իսկ փոքրածավալ հաջող փորձեր ունեն չինական շուկա մուտք գործելու մեջ:

Այնպես որ, հայկական կոնյակը դեռ շուկաներ կարող է գրավել՝ ճիշտ ու նպատակային գործելու պարագայում:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.