«Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշար… Թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են որոնում… ՀՀ մշտական բնակչությունը, արտագաղթը եւ այլ լուրեր… ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաքը… Սերիալները՝ խայտառակություն…

«Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը կներկայացնի ամբողջ պատմական Հայաստանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադիրամը հրատարակելու է «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը (10.000 բնակավայրերի մասին): Հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ամեն մի հատոր, կախված նյութի ծավալից, նվիրված կլինի մեկ գավառի:

«Առաջին հատորը նվիրված կլինի Հայոց Ձոր գավառին, քանի որ այդ տարածքում է Հայկ նախապետը հիմնել Հայկաբերդը: Սա հայոց օրրանն է, առաջին հայոց տունը հենց այդտեղ էր գտնվում»,- աել էց Սամվել Կարապետյանն ու ավելացրել, որ առաջին հատորը լույս կտեսնի աշնանը եւ կներկայացնի Հայոց Ձորի հարյուրից ավելի գյուղեր:

Մատենաշարը ծածկելու է Մեծ Հայքն ու Փոքր Հայքն ամբողջությամբ: Այս հատորներն ամբողջական իրար վրա դնելիս ստացվում է պատմական Հայաստանի քարտեզը: Ըստ Սամվել Կարապետյանի այս յուրօրինակ լուծումը նաև խայծ է, որպեսզի մարդիկ ձեռք բերեն բոլոր հատորները՝ քարտեզն ամբողջացնելու համար: Մատենաշարը կարելի է ձեռք բերել բաժանորդագրությամբ՝ մեծ հատորի արժեքը 12 հազար դրամ է, իսկ փոքր հատորինը՝ 3 հազար:

* * *

Սեպտեմբերի 3-ը ՀՀ եւ ԼՂՀ միասնական պատկերով քարտեզի օրն է: Քարտեզը յուրաքանչյուր երկրի, պետության հայելին է:  Բայց քարտեզը միայն աշխարհագրություն չէ: Քարտեզը պատմություն է: Իսկ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն միասնական պատկերով քարտեզը նաեւ մեր հաղթանակի արձանագրումն էր, մեր հողերին կրկին տեր կանգնելու վկայությունը, մեր հողերը վերատիրելու կամքի փաստացի ապացույցը: Քարտեզ, որ ուղենիշ կլինի ապագա հաղթանակներում:

Այնպես որ, շնորհավորում ենք բոլորիս: Սեպտեմբերի 3-ից սկսած շնորհավորում ենք ու էլի կարիք կա շնորհավորելու:

Միայն թե հարց մնաց, ո՞վ է այդ քարտեզին կյանք տվողը, միս ու արյուն տվողը: Պարզվում է դա ՀՀ կադաստրի համակարգը ոտքի հանած (Հայաստանը աշխարհում ճանաչվել էր 2-րդը՝ Շվեդիայից հետո), նաեւ կապի ու տրանսպորտի նախարար աշխատած Մանուկ Վարդանյանն է, ով փաստորեն, նաեւ անձնական համառությամբ կարողացավ իրականացնել այս պետական ծրագիրը:

Թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են որոնում

Արեւմտյան Հայաստանում տարեցտարի ավերված հայկական եկեղեցիների եւ գերեզմանատների թիվն ավելանում է։ Այս մասին հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Նա վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից եւ պատմում է, որ իրենք այցելել են Ոչխարանց գյուղ ու տեսել, թե ինչպես է տեղի բնակչությունը քանդում այդ գյուղի հայկական գերեզմանատները՝ գանձ գտնելու նպատակով. «Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը՝ պայթեցվում»,- նշեց նաեւ ավելացրել է, որ թուրքական իշխանությունները մշտապես հայերի թողած գանձերի մասին լեգենդներ են հյուսել, եւ թուրքերը շարունակում են հայկական հուշարձանների տակ գանձեր որոնել։ Կարապետյանի տեղեկացմամբ՝ տեղի բնակիչները նաև հայտնել են, որ թուրքական իշխանությունները թողնում են քանդել հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները։

Հուշարձանագետի խոսքով՝ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող խումբը Արեւմտյան Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում շատ նոր բացահայտումներ է կատարել. «Շատ հետաքրքիր հուշարձաններ արձանագրվեցին, հատկապես՝ Կարսի եւ Սարիղամիշի շրջաններում: Դրանք հիմնականում եկեղեցիներ են կամ վանքեր, գնալով գերակշռում են դիմափոր հուշարձանները: Իսկ ավելի մեծ թիվ կազմող քարաշեն կառույցների թիվը պակասել է, մնացել են միայն դրանց հետքերը»,– ասել է Սամվել Կարապետյանը։

ՀՀ մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 9,8 հազար է

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն. 9,8 հազար մարդ է, որից գյուղաբնակ է 1 մլն. 97,9 հազարը, իսկ երեւանաբնակ է 1 մլն. 69 հազարը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:

Հաշվարկում չկա հաշվառումից հանվածների թվաքանակը, հանվում են մահացածների եւ տվյալ տարածքից մեկնածների  թվերը: Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների եւ եկողների, հաշվառվածների:

Ըստ այդմ, առավելագույն բնակչությունն ունենք Արմավիրի մարզում` 266 հազար, այնուհետ գալիս է Արարատի մարզն իր 261 հազար բնակչությամբ, Կոտայքի մարզը` 253 հազար, Շիրակի մարզում բնակչությունը կազմում է 247,3 հազար, Լոռիում` 233,2:

Հարյուր հազարանոց բնակչություն ունեցող մարզերն են Սյունիքը` 140,5 հազար, Արագածոտնը` 131 հազար եւ Տավուշը` 126,4 հազար: Իսկ Վայոց ձորն ունի 51,4 հազար բնակչություն:

Երևանի վարչական շրջաններից ամենախիտ հագեցածը Շենգավիթն է, որտեղ ապրում է 138 հազար մարդ, Մալաթիա-Սեբաստիան` 134,6 հազար, Նոր Նորքը` 128,8 հազար եւ Կենտրոնը, որտեղ ապրում է 125,7 հազար մարդ: Երեւանի վարչական շրջաններից ամենից քիչ բնակչությունն ունի Նուբարաշենը` 9,7 հազար մարդ:

Կես տարում Հայաստանից արտագաղթել է 112 հազար քաղաքացի

Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝  580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք ըստ սահմանային անցակետերի: Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 63 հազար 2 հոգի, յումրիի «Շիրակ» օդանավակայանով՝ 2 հազար 935 հոգի, Բագրատաշենի անցակետով՝ 40 հազար 899, Բավրայով՝ 4 հազար 959 ՀՀ քաղաքացի:

Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Հատկանշական է, որ 2014թ. տարեսկզբից ՌԴ-ն խստացրել էր միգրացիոն օրենսդրությունը, եւ բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիների այս կամ այն պատճառով սահմանից հետ էին ուղարկել: Ու չնայած այդ հանգամանքին, արտագաղթողների թիվը 100 հազարից չի նվազումե։

Արցախում զբոսաշրջիկների աճ է գրանցվել

Արցախն իր հիանալի բնությամբ շարունակում է գերել ոչ միայն հայաստանցի, այլ նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներին: Նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Այս մասին են  վկայում ոչ միայն Արցախում տարեցտարի ավելացող հյուրանոցները, այլ նաեւ զբոսաշրջիների այցելությունների տվյալները:

«Այս տարի, նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Առաջընթացը նկատելի է»,- Panorama.am-ի հետ զրուցում ասացին «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցից: Նաեւ նշել են, որ գուցե հուլիսի վերջի, օգոստոսի սկզբի օրերին արձանագրված միջադեպերը` կապված դիվերսիոն հարձակումների հետ, արցախցիների ու հայաստանցիների վրա հոգեբանորեն ազդել էին, բայց արտասահմանցի զբոսաշրջիկների վրա որեւէ ազդեցություն չեն գործել. նրանք շարունակել են այցելել Արցախ նույնիսկ այդ օրերին: «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից էլ ասացին, որ հուլիս ամսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկները հենց Հայաստանից: Սահմանային միջադեպերը, ըստ հյուրանոցի աշխատակից, որեւէ ազդեցություն չեն ունեցել իրենց հյուրերի թվի վրա. նախապես արված պատվերները չեղյալ չեն հայտարարվել, չեն հետաձգվել:

Օգոստոսի 4-8-ը հյուրանոցում անցկացվել է «Ասմունքի» փառատոն, հյուրեր են ունեցել Իրանից, ԱՄՆ-ից, Բեյրութից, Ջավախքից եւ այլ երկրներից, ամեն ինչ անցել է ըստ նախատեսվածի: Արցախում գործող մի քանի այլ հյուրանոցների աշխատակիցների խոսքերով, իրենց մոտ արձանագրվում է զբոսաշրջիկների թվաքանակի նվազում, որը պայմանավորում են հյուրանոցների ավելացմամբ:

«Մշակութային վերածնունդ» փառատոնը Դիլիջանում – րանցվել է նաեւ բոսաշրջության աճ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացավ «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ–կիրառական արվեստների փառատոն։ Տարբեր համայնքներ էին ներկայացնում իրենց ձեռքի աշխատանքները։ Երեւանից Դիլիջան էին մեկնել նաեւ սիրիահայերը, ովքեր հրավիրվածներին հյուրասիրեցին իրենց պատրաստած քաղցրավենիքն ու նաեւ տեղի ունեցավ ցուցահանդես–վաճառք։

Պետական աջակցությամբ փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նման միջոցառումները կարեւորում է, քանի որ այդպիսով համայնքներում զարգանում է զբոսաշրջությունը, նպաստում են համայնքների արհեստներն ու արվեստները վեր հանելուն եւ ներկայացնելու թե՛տեղական շուկայում, եւ թե՛ միջազգային շուկայում։ Նրա խոսքերով նման միջոցառումներն են, որ այս տարի մենք ունենք զբոսաշրջիկների թվի աճ. «Նախորդ տարվա հետ համեմատած 28%-ով ավելացել է զբոսաշրջիկների թիվը»։

Ստեփանավանը՝ Հայաստանի Հանրապետության 2015թ. երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյանը տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, անցկացվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Նիստին մասնակցում էին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի եւ փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Հայաստանի Հանրապետության 2015թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակից քաղաքների ներկայացուցիչները եւ այլ հյուրեր:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել ծրագրի փորձագետներին եւ հայտատու քաղաքների ներկայացուցիչներին՝ մրցույթին ակտիվորեն մասնակցելու համար: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղա» մրցույթն անցկացվում է 2013թ.-ից եւ այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Եղեգնաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Քաջարան ու Կապան քաղաքները: Փորձագիտական ուսումնասիրությունների հետ մեկտեղ կազմակերպվել է առցանց քվեարկություն:

Փորձագիտական գնահատականների եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել եւ Հայաստանի Հանրապետության 2015թ. երիտասարդական մայրաքաղաք հռչակվել Ստեփանավան քաղաքը: 2-րդ եւ 3-րդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան եւ Քաջարան քաղաքները, որոնք եւս 2015թ. ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացնելու են որոշակի ծրագրեր՝ ուղղված քաղաքի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երեւանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին: «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երեւանի վարչական 12 շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական եւ պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ, պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում: Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:

2-րդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է աշխուժացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին: «Երեւանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա Սեբաստիան: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են Շենգավիթ եւ Նորք Մարաշ վարչական շրջանները: ավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել քաղաքապետը, ակտիվ մասնակցության համար նրա շնորհակալագրերով եւ հուշագավաթներով են պարգեւատրվել բոլոր թիմերը: Քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական, իսկ արտահայտելով միջոցառման մասին իրենց տպավորությունները՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարեւորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլեւ Երեւանի միասնությունը:

Այսօրվա սերիալները` խայտառակություն

«Հայաստանում սերիալների բովանդակության հարցը պետք է պետական մակարդակով լուծվի»,- ահազանգում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը։

«Այն, ինչ այսօր տեսնում են երեխաները սերիալում, դա ուղղակի խայտառակություն է եւ ոչ մի կերպ չի նպաստում առողջ անձի ձեւավորմանը։ Մի կողմից էլ ծնողները երկու քարի արանքում են։ Եթե թույլ չտան երեխաներին նայել, դրսում երեխաները իրենց հասակակիցների հետ շփման խնդիրներ կունենան, ետ կմնան հասարակությունից, բայց մյուս կողմից էլ մեծ է վտանգը։

Երեխաների հոգեբանության ձեւավորման վրա մեծ ազդեցություն ունի հերոսի առկայությունը, ում պետք է նրանք ձգտեն նմանվել, բայց սերիալներում ովքեր են հերոսները՝ չսափրված, անկիրթ, խեղված արժեքներով առաջնորդվող կերպարները, իսկ աղջիկ երեխաների համար առաջնային է դառնում արտաքինը ու ինչպես գրավել տղաներին»,- մեկնաբանել է նա։

Ամենաազդեցիկ կանանց ցանկում Շարապովան շրջանցել է Ուիլյամսին

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան «Forbes»-ի վարկածով ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 14-րդ տեղը` մեկ հորիզոնականով առաջ անցնելով աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսից: Տեղեկացնում է Tennis.com-ը:

Այս ցուցակում թենիսիստուհիները սպորտի միակ ներկայացուցիչները չեն եղել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Բեյոնսեն, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը բաժին են հասել հեռուստահաղորդավարուհիներ Օպրա Ուինֆրիին և Էլեն Դեջեներեսին:

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.