Աշխարհի մարզական հեւքից – Պատանի օլիմպիականների վերադարձը՝ 7 մեդալով… Հայտնի են ֆուտբոլի գավաթային հանդիպման զույգերը… Հայ տանկիստները՝ բարձրակարգ եւ դիպուկ… Շախմատիստուհիները գոհ են, շախմատիւստները՝ ոչ… Այլ մարզական լուրեր…

Պատանի օլիմպիականների վերադարձը՝ 7 մեդալով

Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացան ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը: 9 մրցաձեւ ներկայացնող Հայաստանի հավաքականի 14 մասնակիցներից 7-ը 5 մրցաձեւում նվաճեցին 7 մեդալ՝ 2 ոսկե (ծանրամարտ), 2 արծաթե (գնդակային հրաձգություն եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտ) եւ 3 բրոնզե (1 բռնցքամարտ եւ 2 ազատ ոճի ըմբշամարտ):

Հիշեցնենք, որ Հայաստանը Խաղերին ներկայացավ 14 մարզիկներով – Սպորտային մարմնամարզություն. Վիգեն Խաչատրյան, ձյուդո. Հարություն Դերմիշյան (66 կգ), հրաձգություն. Զավեն Իգիթյան եւ Հրաչիկ Բաբայան, լող. Վահան Մխիթարյան, ծանրամարտ. Սոնա Պողոսյան (63 կգ), Հակոբ Մկրտչյան (77 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+85 կգ), բռնցքամարտ. Անուշ րիգորյան (51 կգ) եւ Նարեկ Մանասյան (81 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Զավեն Միքայելյան (58 կգ), ջրացատկ. Լեւ Սարգսյան, 10 մ աշտարակացատկ, ազատ ոճի ըմբշամարտ. Վաղինակ Մաթևոսյան (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյան (76 կգ):

Հայտնի են ֆուտբոլի գավաթային հանդիպման զույգերը

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2014-2015թթ. խաղարկության վիճակահանությունը: ավաթի խաղարակությանը կմասնակցեն բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից, որում կհանդիպեն հետեւյալ զույգերը՝ «Ուլիս»-«Բանանց», «Միկա»-«Գանձասար», «Փյունիկ»-«Շիրակ» եւ «Արարատ»-«Ալաշկերտ»: Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին եւ հոկտեմբերի 1-ին: Պատասխան խաղերը նշանակված են հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 5-ին:

Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն. «Միկա»-«Գանձասար»/«Ուլիս»-«Բանանց» եւ «Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»-«Ալաշկերտ» զույգերի հաղթողները: Այս հանդիպումները կկայանան 2015թ. մարտի 18-19-ին եւ ապրիլի 15-16-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015թ. մայիսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ֆուտբոլայի խճանկար – Ազգային հավաքականի ընկերական խաղը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց Լատվիայի ազգային թիմին: Ռիգայում կայացած խաղում դաշտի տերերը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին (երկու դեպքում էլ աչքի ընկավ Վալերի Շաբալան) եւ 2:0 հաշվով հաղթանակ տարան: Սա Հայաստանի հավաքականի վերջին փորձախաղն էր 2016թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ: Այդ մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 7-ին մեր ընտրանին Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականը մեկնեց Կոպենհագեն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Մեր թիմը հանգրվանել է տեղի «Հիլթոն» հյուրանոցում: Երեկոյան մեր ֆուտբոլիստները կանցկացնեն առաջին մարզումը Դանիայում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական փուլի՝ Դանիա–Հայաստան հանդիպումը: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը՝ 20:00-ին:

Հայաստանի երիտասարդականը խոշոր հաշվով պարտվեց

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում: Ռեյկյավիկում կայացած հանդիպումն ավարտվեց Իսլանդիայի հավաքականի խոշոր հաղթանակով՝ 4:0: Իսլանդացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆրիդյոնսոնը (երկու անգամ), Ատլասոնը եւ Ֆինսենը:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը 5-րդ պարտությունը կրեց մրցաշարում եւ 6 միավորով իր խմբում զբաղեցնում է նախավերջին 4-րդ տեղը:

Հայ տանկիստները՝ բարձրակարգ եւ դիպուկ

Ռուսաստանում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում «Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլում մրցեցին նախորդ օրերի արդյունքներով 1-4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի եւ Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը: Եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը: Ռուսաստանը գրանցել է 26 րոպե 39 վայրկյան արդյունք, Հայաստանի թիմի ցուցադրած արդյունքը եղել է 28 րոպե 58 վայրկյան, իսկ Ղազախստանինը՝ 29 րոպե 53 վայրկյան:

Մրցումներին մասնակցել են 12 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը: Առաջնությանը հետեւել է ավելի քան 20 երկրից ժամանած դիտորդ: «Վերջնական 2-րդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Միջազգային մրցույթին մասնակցած հայ տանկիստներին հայրենիք վերադառնալիս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի  է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, երիտասարդական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տանկիստների հարազատները: Դիմավորման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրել էր ավտոբուսներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ. «Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ, շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների եւ փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման եւ առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է: Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն էլ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրեք տղաներ»:

Հայկական բանակն է Հայաստանի ու հայ ժողովրդի ամենահզոր եւ անպարտելի դաշնակիցը – Հայ սկաուտների բանակումը Հայաստանում

Կայացավ ՀՄԸՄ համահայկական 10-րդ հոբելյանական բանակումը: ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ՀՄԸՄ համահայկական 10-րդ հոբելյանական բանակումի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս արեգին Բ-ի օրհնության խոսքը ներկաներին փոխանցել է Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ողջունելով բանակումի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Սիրելի սկաուտներ, պատանիներ եւ աղջիկներ, սրտի անհուն բերկրանքով ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երեւանում: Վստա’հ եղեք, Ձեր կողքին է Հայոց պետությունը, Ձեր աջակիցն ու մեծ բարեկամն է ՀՀ սփյուռքի նախարարությունը: ՀՄԸՄ համահայկական բանակումը Հայրենիքում անցկացնելն ազդակ է հայկական Սփյուռքի եւ Մայր Հայրենիքի միջև կապերն ամրապնդելու, մայրենի հողից նոր լիցքեր ստանալու եւ ձեր բնակության երկրներում հայանպաստ նոր ծրագրեր ու նոր գաղափարներ իրականացնելու համար:

Սիրելի’ աշխարհասփյուռ երիտասարդներ, այս շիկացած օրերի զգացումները մշտապես կջերմացնեն ձեր սրտերն ու հոգիները ու կսերտացնեն այն կապերը, որոնք դուք ձեռք եք բերելու բանակումի օրերի ընթացքում: Մաղթում եմ, որ մշտարթուն լինի ձեր մեջ մրցակցության ոգին: Սնվեք Հայրենիքի կենարար ուժով, ձեր ներուժով ծառայե՛ք Հայրենիքին, նպաստե՛ք նոր ու ապահով կյանքի կերտմանը»: Ելույթ են ունեցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը եւ այլք:

Հիշեցնենք, որ Բանակումին մասնակցում են 17 երկրի 720 սկաուտ: Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կնքվելու է ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ)` միջեւ համագործակցության հուշագիր:

– Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 10-րդ հոբելյանական բանակումի մասնակիցները հյուրընկալվել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, հանդիպման էր եկել նաեւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Սկաուտների շարժմանն անդամագրվածներն այդ օրերին տարբեր երկրներից ժամանել են Հայաստան, ամրացնում են սփյուռքի կապերը, քննարկում անելիքներն ու ճանաչում Հայաստանը եւ հայկական բանակը:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ հայոց բանակը Հայաստանի պետականության գոյատևման հիմնական երաշխավորն է. «Մենք գիտենք, որ մեր բանակը հզոր է: Մենք անպարտելի ենք, երբ մեր բանակը համահայկական ուշադրության առարկա ենք դարձնում: Հայոց բանակը մեր փառքն ու պատիվը, մեր արժանապատվությունն ու հպարտությունն է»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին կարեւորել է, որ այդ լարված օրերին ՀՄԸՄ բանակումի մասնակիցները Հայաստանում են: Նշել է, որ ինչքան էլ նրանք սփռված են աշխարհով մեկ, միավորված են հայոց լեզվով, Հայաստանով ու Արցախով եւ հայկական բանակով: «Մեր հանդիպումը տեղի է ունենում հայկական բանակի սպայական անձնակազմի անդամների դարբնոցում, որը կրում է սպարապետի անունը: Բանակումը համընկավ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պատճառով հայոց զույգ պետությունների սահմաններում տիրող աննախադեպ լարվածությանը: Հակառակորդը փորձեց դիպուկահարների պատերազմից գործողությունները տեղափոխել հետախուզադիվերսիոն դաշտ: Սակայն հայկական բանակի փայլուն իրականացրած զսպիչ գործողությունների արդյունքում հասկացավ այդ դաշտում իր ազնորությունը, եւ ընդհանուր առմամբ, իրավիճակը հանդարտվեց: Թեեւ առաջնագծում լարվածությունը պահպանվում է, բայց ՀՀ ռազմաքաղաքական ջանքերի շնորհիվ, գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի: Բոլորդ տեղյակ եք ամեն ինչին, սգացել եք մեր զինծառայողների կորուստները, կիսել մեր մտահոգությունները, տեսել եք արցախյան պատերազմը հաղթած կամավորականներին, ովքեր պատերազմից քսան տարի անց ինքնաբուխ բարձրանում են մարտական հենակետեր՝ իրենց փորձառությամբ օգնելու երիտասարդ հրամանատարներին եւ զինվորներին»,- ասել է նախարարը:

Նախարար Օհանյանը եւս մեկ անգամ նշել է, որ բոլոր կորուստները ծանրացած են հարեւան երկրի հրամանատարության առանց այն էլ ոչ մաքուր խղճին: Շեշտել է, որ հայկական բանակը վստահորեն պաշտպանում է ՀՀ ու ԼՂՀ սահմանները եւ ՀՀ զինված ուժերն առանց արտաքին կամ երրորդ ուժի միջամտության կարողանում են պաշտպանել հայրենիքի սահմանները. «Հայաստանը վարում է ակտիվ քաղաքականություն եւ ունի դաշնակիցներ, բայց ծանր օրերն ապացուցեցին, որ հայկական բանակն է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ամենահզոր եւ անպարտելի դաշնակիցը: Իհարկե, մենք ուրախ կլինեինք սովորական լեզու հասկացող հարևան ունենալու համար, սակայն այդ երկրի իշխանությունները հասկանում են միայն հզոր հակահարվածի լեզուն»,- սկաուտներին իրավիճակը ներկայացրեց ՀՀ ՊՆ-ն: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ցուցադրական ելույթներ են ունեցել:

– Նախագահ Սերժ Սարգսյանը եւս հանդիպել էր հայ սկաուտների հետ: Նա այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր եւ ողջունել բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի տարածքում, ծանոթացել պայմաններին եւ սկաուտների առօրյային: ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը 2011թ. անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված մեկ հեկտար հողատարածքի վրա ստեղծված բանակավայրում նվիրատվության շնորհիվ, ըստ պատասխանատուների, հնարավոր է դարձել այս տարվա բանակումին ավելի մեծ թվով սկաուտների հյուրընկալել:  2014թ. մարտի 29-ից բանակավայրում ՀՀ նախագահի հովանու ներքո եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսի 29-ին: Նախագահը բացել է բանակավայրի նոր տարածքի գործունեությունն ազդարարող ցուցատախտակը: Կառուցապատված տարածքն այժմ կարող է ընդունել շուրջ 400 մասնակցի:

Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել նաեւ համահայաստանյան բանակումի փակման արարողությանը:

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: Նշվել է, որ կազմակերպությունը համահայկական տարածում ունեցող մարզական եւ սկաուտական կառույց է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ` շուրջ 28.000 անդամով եւ քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, սկաուտական բանակումներ ու մարզախաղեր։ Ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում եւ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության իրագործմանը: ՀՄԸՄ Լիբանանի ատենապետ առնիկ Մկրտչյանը նախ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել կենտրոնական վարչության անդամներին, ապա անդրադարձել Երեւանում դեպի Հանրապետության հրապարակ երթով մեկնարկած ՀՄԸՄ 10-րդ՝ հոբելյանական համընդհանուր բանակումի միջոցառումներին: Գառնիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն 10 օրով Բյուրականի բանակավայրում է համախմբել 17 երկրից ժամանած շուրջ 730 երիտասարդի՝ հայրենիքին ծանոթանալու եւ սկաուտական գիտելիքները փոխանակելու նպատակով:

– ՀՄԸՄ-ն հիմնադրվել է 1918թ., Հայաստանում գործել է 1920-1923թթ, վերահիմնադրվել՝ 1989թ.։ Հայաստանի ազգային սկաուտական շարժում` ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպությունը պատանեկության եւ երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից է, որը հանդիսանում է ՀՄԸՄ գործունեության եւ ավանդույթների կրողը: Ներկայումս ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը գործում է 12 միավորով` ՀՀ 6 մարզում:

Կիրսան Իլյումժինովը կրկին վերընտրվեց

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կրկին վերընտրվեց այդ պաշտոնում: Նորվեգական Տրոմսյոյում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել հենց նախագահական ընտրությունները: Կիրսան Իլյումժինովը 171 ձայնից ստացել է 110-ը, իսկ նրա միակ մրցակցին՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին, աջակցել են 61 ազգային ֆեդերացիաներ: Նշենք, որ ՖԻԴԵ-ն հիմնադրվել է 1924թ. եւ 90 տարվա պատմության ընթացքում այն ղեկավարել են 6 նախագահներ: Կիրսան Իլյումժինովը ֆեդերացիան գլխավորում է 1995թ.-ից:

ՖԻԴԵ-ի նախագահական ընտրությանը մասնակցել են ֆեդերացիայի կազմի մեջ մտնող բոլոր 181 ազգային ֆեդերացիաները: Հայաստանը ներկայացրել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը:

Շախմատիստուհիներըը գոհ են, շախմատիւստները՝ ոչ

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացավ շախմատի համաշխարհային օլիմպիադան: Կանանց մրցաշարում Ռուսաստսնի թիմը 20 միավորով գրավել է 1-ին տեղը, իսկ Չինաստանի ու Ուկրաինայի ընտրանիները 18-ական միավորով՝ համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:

Կանանց հավաքականը, վաստակելով 17 միավոր, բաժանել է 4-6-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով հայտնվելով 5-րդ տեղում: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատմության մեջ, ինչպես տեղեկացրել է chessfed.am-ը, կանանց ընտրանին առաջին անգամ է այսքան բարձր տեղ գրավել:

Տղամարդկանց մրցաշարում օլիմպիական բարձունքներ նվաճած մեր ընտրանին այս անգամ հաջողության չհասավ: 19 միավորով օլիմպիական չեմպիոն է հռչակվել Չինաստանի հավաքականը, 2-րդ եւ 3-րդ տեղերն զբաղեցրել են Հունգարիայի ու Հնդկաստանի թիմերը՝ 17-ական միավորով:

Տղամարդկանց ազգային հավաքականը վաստակել է 16 միավոր եւ բաժանել 6-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանելով 8-րդ հորիզոնականում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկվել էին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Կանանց թիմը հետեւյալ կազմն ուներ` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան եւ Շուշաննա Սարգսյան:

Լեւոն Արոնյանը զիջու՞մ է դիրքերը

Շախմատի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները: Սեպտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը, որն իր ակտիվում ունի 2870 միավոր: 2-րդ տեղը շարունակում է զբաղեցնել մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը` 2804 միավոր: Նրանից արդեն շատ քիչ ետ է մնում իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանան` 2801:

Հավելենք, որ ՖԻԴԵ-ն աղյուսակում չի ընդգրկել այս օրերին ամերիկյան Սենտ Լուիսում ընթացող միջազգային մրցաշարի արդյունքները: Ըստ նախնական հաշվարկի Լեւոն Արոնյանը, որը անչափ վատ է հանդես գալիս այդ մրցաշարում (5 հնարավորից վաստակել է 1,5 միավոր), ներկա պահին զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ 2-րդ հորիզոնական է բարձրացել Ֆաբիանո Կարուանան, ով, հակառակը, շատ լավ է խաղում Սենտ Լուիսում (5 միավոր 5 հնարավորից): Հավելենք նաեւ, որ արագ եւ կայծակնային շախմատի արդյունքներով Լեւոն Արոնյանը աշխարհում 4-րդ տեղում է:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը բաժանեց 4-5-րդ տեղերը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը անhաջող հանդես եկավ Սենտ Լուիսում կայացած Սինկֆիլդի գավաթ խաղարկությունում: 2 շրջանով անցկացված մրցաշարում մեր գրոսմայստերը 10 խաղում տարավ ընդամենը 1 հաղթանակ բուլղարացի Վեսելին Թոփալովի նկատմամբ, 6 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ 3-ում պարտություն կրեց, ընդ որում անընդմեջ, ինչը հազվադեպ է պատահում նման բարձր մակարդակի մրցումներում: Արդյունքում, Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Lագրավի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը:

Գաբրիել Սարգսյանը` Իսպանիայի թիմային առաջնությունում

Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Լինարեսում անցկացվող Իսպանիայի թիմային առաջնության 1-ին փուլում ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Ոչ-ոքի` 3:3 հաշվով ավարտվեց նաեւ նրա գլխավորած «Մաջիք էքստրեմադուրայի» մրցախաղը «Նատուրգասի» հետ:

Էլինա Դանիելյանը 8-րդն է Գրան պրիում

Շարժայում (ԱՄԷ) ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի եզրափակիչ 6-րդ մրցաշարը: Կայացած վերջին՝ 11-րդ փուլում, Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով մրցեց հնդկուհի Հումպի Կոներուի հետ: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 3-րդ շախմատիստուհին չնայած անհավասար փոխանակումներ արեց եւ որակ կորցրեց, սակայն դիրքային առավելություն ստացավ: Էլինա Դանիելյանին չհաջողվեց հավասարացնել դիրքը եւ 38-րդ քայլին անձնատուր եղավ:

Այդպիսով, մեր շախմատիստուհին 11 հնարավորից վաստակեց 5 միավոր (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի) եւ 12 մասնակիցների մեջ զբաղեցրեց 8-րդ տեղը: Ի դեպ, Հումպի Կոներուն այս հաղթանակից հետո շրջանցեց հենց Էլինա Դանիելյանին եւ բարձրացավ 7-րդ հորիզոնական:

Հայաստանի հավաքականը հանդես կգա 5 ըմբիշով

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սեպտեմբերի 6-10-ը կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա 5 ըմբիշով: Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ): Մեր թիմը մասնակից չի ունենա 97 եւ 125 կգ քաշային կարգերում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով առաջնությանը, օգոստոսի 26-ից ուսումարզական հավաք է անցկացնում հենց Տաշքենդում: Հիշեցնենք, որ 2013թ աշխարհի առաջնությունում մեր ըմբիշ Դավիթ Սաֆարյանը հռչակվել էր չեմպիոն:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.