Լուծումը թողնում են կողմերի՞ն – Պետք է նաեւ հիշեցնել, թե քանի տոկոս հայկական հողերի վրա եւ հայության քանի տոկոսին ցեղասպանելով են իրենց պետությունները մոգոնել քոչվոր թուրքերն ու ադրբեջանցիները,… Թուրքիան եւ Ադրբեջանը խոչընդոտում են… Ապակայունացնող տարրը թյուրքական է…

Լուծումը թողնում են կողմերի՞ն

Հայոց ցեղասպանության եւ անկախ Արցախի հարցերը թուրք-ադրբեջանական եղբայրության համատեղ ծրագրերում նորից մեծ ուշադրության են արժանանում: Դրա վառ ապացույցը վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի այդ, հենց ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Անկարան պաշտպանելով Ադրբեջանի շահերը, փորձել է բարձրացնել արցախյան հակամարտության հարցը:

Աժ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս առիթով նշել է, որ ակնհայտ է, թե ինչպես է Ադրբեջանը մոռացության մատնում այն, որ Թուրքիան 3 տասնամյակից ավելի բռնազավթած է պահում ԵՄ անդամ Կիպրոսի 38%-ը: «Թուրքիայի նման քաղաքականությունը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը եւ հիշեցրել, որ օրեր առաջ Նյուպորտում ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից հանդես եկավ ելույթով ու ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չպետք է փոխվի, իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, ինչպես նաեւ նշվեց, որ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող բռնապետի հովանավորն ու լոբբիստը Թուրքիան է:

ԱԺ փոխխոսնակը պետք է նաեւ հիշեցներ, թե քանի տոկոս հայկական հողերի վրա եւ հայության քանի տոկոսին ցեղասպանելով են իրենց պետությունները մոգոնել քոչվոր թուրքերն ու ադրբեջանցիները,

ինչպես են ջղաձգվելով անտեսում Հայկական լեռնաշխարհի գոյությունը, ինչ դաժանությամբ են ցայսօր ոչնչացնում հայկական ազգային արժեքներն ու պատմության հետքերը բռնազավթված տարածքներում…

Փաստորեն, Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հստակ ազդակ էր ուղարկել Ադրբեջանին՝ մի քանի խնդիրների ընդգծմամբ: Նախ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա եւ պետք է դադարեցնել ռազմագոչ հռետորաբանությունը: Որ տարածաշրջանում իրավիճակի ապագա սրումն անթույլատրելի է ու վտանգավոր: Եվ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի ձեւաչափով: Չնայած Անկարան ու Բաքուն ամեն բան արել են այդ ձեւաչափը փոխելու համար: «Այսպիսով՝ վստահաբար կարելի է նշել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը փոխելուն միտված թուրք-ադրբեջանական գործարքը տապալվեց»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Իմիջիայլոց, մի զավեշտալի դեպք գրանցվեց Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպումից առաջ, երբ ԱՄՆ պետքարտուղարը մոտենալով Սերժ Սարգսյանին՝ ողջունեց նրան, նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին բարեւեց եւ «չնկատեց» Իլհամ Ալիեւին: Վերջինս շփոթված մոտեցավ ԱՄՆ պետքարտուղարին, ով ժպտալով բարեւեց, թե՝ «այս որտե՞ղ էիք թաքնվել, չնկատեցի ձեզ…»:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ֆրանսուա Օլանդի հրավերով կհանդիպեն հոկտեմբերին՝ Ֆրանսիայում: Համանախագահները որեւէ նոր առաջարկ չունեն կողմերին, գլխավոր նպատակն է կազմակերպել հանդիպումներ՝ քայլ առ քայլ հասնել հակամարտության կարգավորմանը:

Կարծում ենք՝ սա քայլ է նաեւ Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը հավասարակշռելուն ուղղված:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան հրավիրելու մասին, ԱՄՆ դեսպանն ասել է, որ իրենք շարունակում են սատարել հարաբերությունների հաստատմանը, կոչ են անում կողմերին կապ ստեղծել ոչ միայն կառավարությունների, այլեւ հասարակությունների մակարդակով: Եվրասիական միությանը ՀՀ անդամակցելու որոշման մասով դեսպանն ընդգծել է, որ դա չի անդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա եւ իրենք կշարունակեն համագործակցությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ավելի հաճախ է ներկայացնում իր երկրի տեսակետները, բայց հայտարարել է, թե «Ղարաբաղյան հակամարտության կողմերը իրե՛նք պետք է կարողանան լուծման գալ»:

Արտակ Հայոցյան

Թուրքիան եւ Ադրբեջանը խոչընդոտում են

Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են, որ խանգարեն Իրաքի եզդիների՝ Արցախ տեղափոխվելու հնարավորությանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ Արցախի իշխանությունները դատապարտում են Իրաքում եզդի համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող բռնություններն ու պատրաստ են բարոյական աջակցություն ցուցաբերել եզդի ժողովրդին: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն ասել էր նաեւ, որ պատրաստ են անգամ ապաստան տրամադրել փախստական եզդիներին:

Այս հայտարարությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցների կողմից խեղաթյուրվեց ասվածի բուն նպատակը եւ Ադրբեջանում Իրաքի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Քանի դեռ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարգավորել ԼՂ հակամարտությունը, Իրաքը դեմ է, որ իր քաղաքացիները այցելեն եւ բնակվեն «գրավված տարածքներու­մ»:

Չնայած այս ամենին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Աշխարհի եզդիների միության» անունից դիմում-խնդրանք է ուղարկվել, փախստական եզդիներին ապաստան տրամադրելու հետ կապված: «Նամակն արդեն ուղարկվել է՝ դեռ հստակ որոշում չկա, իհարկե մենք էլ հասկանում ենք, որ դա քննարկման հարց է եւ սպասում ենք որոշմանն ու արձագանքին: Այսինքն նշվել է միայն, որ քննարկումը կլինի, ապա կլինի եւ պատասխանը: Թվաքանակի հետ կապված մենք չենք նշել, այսինքն այդ դիմում-խնդրանքի վրա գրված չէ, թե մենք քանի եզդիների ենք ցանկանում բնակեցնել այդ տարածքում»,- ասել է Ազիզ Թամոյանը:

Նա հեռախոսակապ է ունեցել իրաքյան եզդիների հետ, ասել են, թե նոր խնդիր կա՝ Թուրքիան թույլ չի տալիս սահմանն անցնել: «Դա էլ նոր խնդիր է, թե այդ մարդիկ ոնց են գալու՝ ես չգիտեմ: Թե ինչ քայլեր կձեռնարկենք, ինչ կանենք այս ուղղությամբ, դա արդեն հետագայի հարց է: Նրանք պետք է Թուրքիայի սահմանով մտնեն, ուրիշ ճանապարհ չկա: Հանդիպումներ են եղել այնտեղի ղեկավարության հետ՝ հասկանալու համար, թե սրա վերջն ինչ է լինելու…»:

Կարեն Բալյան

Հ.Գ. – Եզդիների փրկության դեմ հանդես գալուն զուգահեռ՝ կրկին լուրեր են ստացվում թուրք եւ ադրբեջանցի զինյալների մահվան մասին, որոնք կռվում են ծայրահեղական իսլամականների շարքերում:

Ապակայունացնող տարրը

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Ադրբեջանում Իրաքի դեսպանատան հայտարարությանը, ասել է, որ սա «ստիպողական» արձագանք է, պարտադրված եւ թելադրված է Ադրբեջանի կողմից: Պաշտոնական Բաքուն շահարկում է Արցախի բարեկամական ժեստը եւ փորձում է նաեւ այդ խաղերի մեջ  ներքաշել Իրաքի իշխանություններին: Դա ցույց է տալիս Ադրբեջանում տիրող իրավիճակը, քանի որ փորձում են ամեն ինչ շահարկել:  Ներսում էլ ուրախանում են եզդիների հետ կատարվածի առումով, քանի որ իրենք եզդիներին դիտարկում են որպես իրենց թշնամի ազգ եւ հայ ժողովրդի ամենամտերիմ բարեկամներից մեկը:

Արցախի կողմից արված հայտարարությունը բարոյական քայլ էր, եւ ամեն մի նորմալ պետություն պետք է նման մոտեցում ցուցաբերեր. այսպես են մտածում ոչ միայն հայերը, այլեւ եզդիները:

Ադրբեջանը դեմ է, որ փախստական եզդիները հաստատվեն Արցախում, բայց չի ասում՝ թող գան հաստատվեն Ադրբեջանում:

Բաքուն եւ Անկարան ահաբեկված են նաեւ այն փաստից, որ եզդիների նկատմամբ կատարվող ոճիրը որակվում է ցեղասպանություն, իսկ ծայրահեղ իսլամականների կողմից կռվում են նաեւ թուրքեր ու ադրբեջանցիներ: Սա նշանակում է, որ թյուրքական տարրը մասնակից է մի նոր ցեղասպանության:

Վահագն Նանյան

Հ.Գ.. – Իրանի հատուկ ծառայությունները տասնյակ ադրբեջանցիների են ձերբակալել, ինչը փաստում է, որ թյուրք-ադրբեջանական խառնամբոխը տարածաշրջանն ապակայունացնող տարրն է:

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.