Լեգենդ Զորավարի մասին…

andranik

Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում եւ՛ բարեկամները, եւ՛ թշնամիները: Ու զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք:…1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզու բացող):

Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:

Օգոստոսի 31… Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի… հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին՝ հույնին, հրեային, գերմանացուն… հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով անչափ դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը.– Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու Բուլղարիայում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը…Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը… ու լսվում է ինքնաբուխ երգը.Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,  Հայոց լերինք քեզ ապաստան, Անդրանիկ:  Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն՝ ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ՝ հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր. Երակներիդ ազնիվ քաջի արյունը չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ… Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատու ձայնը.– Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերն անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում՝ հիշելով ու պատվելով ձեր հերոսներին… Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը… բայց սա լինի վերջին անգամը…– Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ, – 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապող իր խորթ աղջկան՝ հայազգի Սապիհա հանըմին, կասի, – դու պիտի չազատվես այդ հիվանդությունից…Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով զորավարի լեգենդը կպատմի հայրենիքից եկած հայ գիտնականին, ավելացնելով՝– Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին… Երեւի հայրենաբաղձություն կոչվող հայկական այդ սքանչելի «հիվանդությունն» է պատճառը, որ օտարության մեջ գտնվող հայը վճռական պահին հայրենիքի համար անում է անհրաժեշտը՝ առանց հետեւանքների մասին մտածելու…  Արյան կանչը 1935թ. Թուրքիայում բռնկվեց քրդերի ապստամբությունը: Դրա ճնշմանը մասնակցում էր նաև Թուրքիայի առաջին կին օդաչուն՝ Սապիհա հանըմ Գյոլքեն (իրականում հայուհի Խաթուն անունով, որին չորս տարեկան հասակում որդեգրել էր հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը): Ամառային այդ օրը Սապիհան պետք է ռմբակոծեր քրդական ապստամբության կենտրոնը՝ Դիարբեքիրը: Դուրս գալով խարսխակայանից՝ նա ուղղություն վերցրեց դեպի նշանակետը, բայց հետո… ինքնաթիռի ղեկը կտրուկ թեքեց դեպի իր ծննդավայրը՝ Ուրֆա… ու ռմբակոծեց թուրքական մզկիթը: Լուրը հասցրին նախագահ հորը, որն իր սիրեցյալ դստերը դիմավորեց Ադանայի մոտ գտնվող Ախարճա ռազմակայանում: Այն հիմա թուրքերը կոչում են Ինջիռլիք: Սեւեռուն հայացքով զննելով հաճելիորեն շառագունած ու ոչ մի շփոթմունք չարտահայտող դստեր դեմքը Քեմալն ասաց.– Դուք, հայերդ, տառապում եք կարոտախտով… ու չպետք է բուժվեք այդ հիվանդությունից:


Հավաքեց` Հակոբ Մանջյանը

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.