Ռուսաստանում սպորտը կդառնա անվճար
Ռուսաստանում մանկապատանեկան սպորտը կրկին անվճար կլինի. հայտնել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Մինչեւ 2018թ. Ռուսաստանում բացվելու են 30 հազ. նոր մարզական խմբակներ. «Մենք պլանավորել ենք ստեղծել համառուսական հասարակական կազմակերպություն, որը կօգնի մարզական ակումբներին ֆինանսապես, նյութապես, տարածքով եւ այլն: Նման կազմակերպության նպատակն է համակարգել մարզական ակումբները, դրանք կրկին վերաբացել տարբեր բնակավայրերում եւ կազմակերպություններում»,- ասել է նախարարը: Ըստ ծրագրի՝ Ռուսաստանում մինչեւ 2020թ. կկառուցվեն նոր մարզակառույցներ, որոնք կարող են անվճար սպասարկել մոտ 10 մլն. մարդու:
Նշենք, որ Գերմանիայում այժմ գործում են 90 հազ. անվճար մարզական խմբակներ:
Լողափնյա հանդբոլ էլ ունեցանք
Լողափնյա ֆուտբոլը եւ վոլեյբոլը ավելի զանգվածային են դարձել աշխարհում, նաեւ Հայաստանում են զբաղվում այդ մարզաձեւերով: Վերջերս ավելացավ նաեւ լողափնյա հանդբոլը: ՀՀ դպրոցականների մարզական ֆեդերացիան (նախագահ՝ Արայիկ Մեհրաբյան) վերջին տարիներին կրթության եւ գիտության նախարարության հետ սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնել է մրցումների քանակը: Մասնավորապես այս տարվա ընթացքում արդեն անցկացվել են մեզ համար այնպիսի անսովոր մարզաձեւերի մրցումներ, ինչպիսիք են լողափնյա վոլեյբոլը, լողափնյա ֆուտբոլը: Եվ ահա հանգստյան օրերին կազմակերպվեց նաեւ լողափնյա հանդբոլի փորձնական առաջնություն, որին մասնակցեցին Երեւանի, Վանաձորի, ավառի ու Սեւանի դպրոցականները:
Մրցումներն անցան շրջանաձեւ ու հաղթողի կոչման արժանացավ Երեւան-1 թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրին Վանաձորն ու Երեւան-2-ը:
Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ ծանր վիճակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հայտնվեց ծանր վիճակում, վնասվածքի պատճառով՝ 4 շաբաթով շարքից դուրս եկավ մեր թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է գերմանական (Դորտմունդի) «Բորուսիա»-ի կազմում:
Մեր ընտրանին Սերբիայի հետ տնային հանդիպմանը փաստացի կմասնակցի գրեթե սիրողական կազմով, չէ՞ որ թիմում բացակայելու են Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը եւ Հրայր Մկոյանը: Իհարկե լավ խաղացողներ են Ռոման Բերեզովսկին, Վարազդատ Հարոյանը կամ Ռոբերտ Արզումանյանը, բայց դա քիչ կլինի:
Շվեյցարացի մարզիչ Շալանդն առանց այն էլ չի արդարացնում իրեն, իսկ Սերբիայի հետ խաղից հետո, կարող է լուրջ խնդիրներ առաջանան՝ մեր երկրի գլխավոր թիմին ղեկավարելու հարցում:
«Բանանց»-ը՝ Հայաստանի 2014թ սուպերգավաթակիր
Հայաստանի ֆուտբոլի 2014թ. Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին տիրեց Երեւանի «Բանանց»-ը, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում հանրապետության չեմպիոնը 3:0 հաշվով ջախջախեց Երեւանի «Փյունիկ»-ին: Այս տարվա գավաթակիր «Փյունիկ»-ը հանդես եկավ փոխարինող կազմով, քանի որ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը 2-րդ կազմը խաղացնելու որոշումը բացատրեց գլխավոր թիմի բոլոր ֆուտբոլիստներին «պատժելու» հանգամանքով, որովհետեւ նրանք առաջնության խաղում սխալներ էին թույլ տվել: Նա միաժամանակ ավելացրեց, որ այսօրվա իր սաները նույնպես սխալներ են թույլ տվել, ուստի մյուս խաղին նրանց կփոխարինեն արդեն իրենց «պատիժը» կրած ֆուտբոլիստները:
Իսկ «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը նշել է, որ մեծ նշանակություն չուներ, թե ինչ կազմով է հանդես եկել հակառակորդը, կարեւորն այն է, որ թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց լրջորեն տրամադրվել խաղին եւ հաղթանակ տանել:
ՀՖՖ–ն «Ֆուրման-97» թիմին հանել է առաջնությունից
Հայաստանի 2014-15թթ ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակից թիմերի քանակը եւս մեկով պակասեց: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբի նախագահ Ա. Աբրահամյանը նամակով դիմել է ֆեդերացիային, որում նշել է, որ «Ֆուրման–97» թիմը հրաժարվում է մասնակցել պատանեկան առաջնությանը:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում որոշել է «Ֆուրման-97» թիմին հանել առաջնությունից, իսկ «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբին տուգանել 50.000 դրամով:
Հայ եւ թուրք բռնցքամարտիկների մենամարտը վերանայվեց
Լեհաստանի Կիելցե քաղաքում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Սեպտեմբերի 21-ին Հենրիկ Սարգսյանի մենամարտը թուրք բռնցքամարտիկի հետ ստացվեց սկանդալային: Հենրիկն անցկացրեց հիանալի մենամարտ՝ 2 անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին թուրք բռնցքամարտիկին:
Հայկական կողմը բողոքարկել է, իսկ Լեհաստանի ֆեդերացիան աղմուկ է բարձրացրել՝ նշելով, որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չեն տա: Արդյունքում՝ մրցաշարի կազմակերպիչը եւ գլխավոր մրցավարը մոտեցել են Հենրիկ Սարգսյանին եւ նրան են փոխանցել 1-ին տեղի մրցանակը եւ ոսկե մեդալը:
Մեր մարմնամարզիկների հաջողության գաղտնիքը
Հայաստանի մարմնամարզիկներ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հաջող են սկսել ելույթները Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող միջազգային մրցաշարում: Նրանք գերազանց մրցելույթներ ունեցան օղակների եւ նախնական, եւ եզրափակիչ փուլերում: Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը վաստակեցին համապատասխանաբար 15,575 ու 15,425 միավոր եւ արժանացան ոսկե ու արծաթե մեդալների:
Մեր փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգ թափերի մրցումներում 15, 475 միավորով նույնպես ճանաչվեց 1-ինը:
«Մրցումներից առաջ Քաթարում 10-օրյա ուսհավաք անցկացրինք։ Հիմնականում հենց դա նպաստեց տղաների հաջող ելույթներին»,– ասել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Մեր ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ուսհավաքներ անցկացնել նույնիսկ խոշոր մրցումներից առաջ։ Դրանք մեզ օգնում են ավելի լավ պատրաստվել, կատարելագործել եւ բարդացնել վարժությունները, ծանոթանալ նոր մարզասարքերի առանձնահատկություններին եւ այլն»,– ասել է անվանի մասնագետը։ Ի դեպ, Հայաստանի հավաքականը Քաթարում ուսումնամարզական հավաք անցկացրել է մեր լավագույն մարմնամարզիկներից մեկի՝ Էդուարդ Գեւորգյանի աջակցությամբ, որը թիմին հյուրընկալել է իր տանը, բացի այդ պայմանավորվել է Քաթարի մարմնամարզության ֆեդերացիայի հետ՝ անվճար մարզումներ անցկացնելու համար։
Այժմ մեր մարմնամարզիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է մայիսի 25-27-ը Սոֆիայում: Վիգեն Խաչատրյանը հանդես է գալու երիտասարդական առաջնությունում, որտեղ վիճարկվելու են նաեւ Նանջինի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանի 3 մարմնամարզիկներ մտել են եզրափակիչ
Սոֆիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից մեդալի համար պայքար են մղում միայն երկուսը:
Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը գերազանց հանդես եկան օղակների վրա եւ մտան եզրափակիչ փուլ: Մեդալների համար պայքարում նրանց հիմնական մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Դենիս Աբլյազինն ու Ալեքսանդր Բալանդինը, որոնք որակավորման փուլից հետո զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը:
Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 4-տեղը եւ մրցանակներից անմասն մնաց: Մեր թիմի ամենափորձառու մասնակից Հարություն Մերդինյանը նժույգաթափի մրցումներում գրավեց 20-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից:
Զուգահեռ ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր Վիգեն Խաչատրյանը մտել է բազմամարտի եզրափակիչ փուլ, որտեղ 24 ուժեղագույնների հետ կպայքարի մեդալների համար: Նա միաժամանակ հանդես կգա օղակների վրա վարժության եւ հենացատկի եզրափակիչներում:
Գեղարվեստական մարմնամարզություն` Ազատության հրապարակում
Վաղը, սեպտեմբերի 27-ին, Ազատության հրապարակում տեղի կունենան գեղարվեստական մարմնամարզության, ձյուդոյի եւ վոլեյբոլի ցուցադրական ելույթներ: Այդ մասին տեղեկացնում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Ելույթները կմեկնարկեն ժամը 16:00-ին
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



