ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է նաեւ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Բանգկոկում կայացած այդ նստաշրջանում ներկայացվել են նաեւ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի իրականացման խնդիրները:
Հանձնաժողովի լիագումար նիստում մեր դեսպանը ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները տնտեսության արդիականացման, երկրի մրցունակության բարձրացման եւ գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործընթացում, այլ ոլորտների զարգացման եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»-ի իրականացման խնդիրների մասին: Դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի լխավոր քարտուղարի տեղակալ, UNESCAP-ի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարի հետ եւ քննարկել հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության ու Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ճանապարհահատվածներում շարունակվում են շինարարական աշխատանքները, կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում: Բետոնապատման աշխատանքներ են արվում, նախատեսվում է դրանք ամբողջությամբ ավարտել հոկտեմբերի 2-րդ կեսին: Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաեւ այդ հատվածներում տեղակայված կամրջային կառույցները:
Սա կարեւոր գործ է Հայաստանի համար, ինչը պետք է կատարել որակով եւ միջազգային չափորոշիչների համաձայն: Մեր երկիրը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կարող է լուրջ խթան դառնալ:
Այս ճանապարհը կարող է դառնալ կարեւոր հատված ոչ միայն տարածաշրջանի երկրների համագործակցության համար, այլեւ՝ Եվրոպա-Ասիա կապի առանցքում, ինչն էլ քննարկվել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի ընթացքում:
Եթե «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին առավելապես կառուցվում է միջազգային առումով շահեկան վիճակում հայտնվելու համար, ապա Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կդառնա Հայաստանը Արցախին կապող մի նոր եւ ապահով ուղի: Վերջին մի քանի ամսում շինարարական տեխնիկայի ձայնը չի դադարում: Մայրուղին գործել է դեռ խորհրդային տարիներից, բայց նորից ու նորովի է կառուցվում: Ընթանում են ճանապարհի հետ կապված բազմատեսակ աշխատանքներ՝ ճանապարհի լայնացում, ջրթող խողովակների տեղադրում, հենապատերի կառուցում: Վերակառուցման ենթակա հատվածի ընդհանուր երկարությունը 115,3 կմ է: Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց հետո սա 2-րդ միջպետական ճանապարհն է, որն իրար է կապում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասում է, որ այս մայրուղին առաջին հերթին կարեւոր է ԼՂՀ Մարտակերտի ու Շահումյանի շրջանների համար, որոնք տնտեսական առումով կապված են հատկապես ՀՀ Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջաններին:
Նորակառույց ճանապարհը թույլ կտա խթանել ԼՂՀ նշված շրջաններում վերաբնակեցումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը, բացի դրանից՝ բանակի կարիքների համար օգնությունն այդ ճանապարհով ավելի շուտ կհասնի, քան որիսով, չնայած Երեւան-Վարդենիս-Մարտակերտ-Ստեփանակերտ եւ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհները երկարությամբ գրեթե հավասար են (340-350 կմ): Առաջինը պարզապես ավելի ուղիղ է եւ հարմար երթեւեկելու համար: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը 2013թ. դրամահավաքի արդյունքում գոյացած 22 մլն դոլարից 12-ը հատկացրել է հենց այս նպատակին: Սակայն հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հայտնել է, որ դեռ 20 մլն դոլար էլ անհրաժեշտ է՝ ծրագիրն ավարտելու համար: Ամբողջ ճանապարհի շինարարությունն իրականացնում են արցախյան 6 կազմակերպություն, որոնք հաղթել են մրցույթում: Որոշվել է արցախցի շինարարներին ներգրավել գործընթացում, որպեսզի հարկերը մուծվեն ԼՂՀ բյուջե: Մյուս կողմից էլ՝ ԼՂՀ աշխատուժի ներգրավումը զբաղվածության որոշակի խնդիր է լուծում՝ ամեն կապալառու նվազագույնը 40 աշխատող ունի՝ մեխանիզատորներ եւ բանվորներ (գումարած նախագծող ընկերությունները):
Նախագծողները տարբեր են՝ 5 կազմակերպություն, 3-ը՝ Հայաստանից, 2-ը՝ Արցախից: Այս տարի կիրականացվեն խճապատման, մյուս տարի՝ կոպճապատման եւ ասֆալտապատման աշխատանքները: Նոր ճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածն արդեն պատրաստ է, այն ասֆալտապատվել է այս տարի, իսկ Սոթքից մինչեւ Շահումյանի շրջան (Սոթքի լեռնանցք) հատվածը, ինչպես եւ մյուսների դեպքում, ամբողջական տեսքի կբերվի գալիք տարի: Ճանապարհը շահագործման հանձնելը նախատեսված է 2015թ. նոյեմբերին, բայց ամեն ինչ կախված է գումարից, որը հիմնադրամը հույս ունի հավաքել այս տարի:
Ըստ նախագծի՝ ճանապարհը կարեւոր նշանակություն կունենա իրենից 2-3 կմ հեռավորության վրա գտնվող համայնքների, ինչպես նաեւ ավելի հեռու գտնվողների համար: Դրանք շուրջ 30-ն են: Ճանապարհի հարակից տարածքներում նախատեսվում է կառուցել հասարակական նշանակության օբյեկտներ, որը խթանելու է նաեւ տուրիզմը Շահումյանի ու Մարտակերտի շրջաններում, որոնք հարուստ են մշակութային կոթողներով:
Երեւան-Գորիս-Ստեփանակերտից ու նոր մայրուղուց զատ՝ քննարկման փուլում է Արցախի հարավային հատվածը՝ Հադրութի ու Քաշաթաղի շրջանները, Սյունիքի մարզին կապող ճանապարհի կառուցման հարցը: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ այս 3 մայրուղիները լինելու են այն կմախքը, որի վրա հետագայում կճյուղավորվեն այլ ճանապարհներ: Գալիք հարավային ճանապարհը Հադրութի Առաջամուղ գյուղով հասնելու է մինչեւ Քաշաթաղի Իշխանաձոր, որտեղից Խնձորեսկով կմտնի Գորիս:
Կա նաեւ Միջնավան-Կովսական-Կապան տարբերակը: Ճանապարհները հիմա էլ կան, բայց բարվոք վիճակում չեն:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



