ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով – Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է…

Ըստ տարածված լուրերի, բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն է հայտնել, որ օրեր առաջ, երբ դոլարը դեռեւս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի, եւ արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից:

Չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց ԿԲ-ն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա եւ ստացել իր ուզած քանակի դոլարը: Միայն նշվել է, որ «այդ անձը պատասխանատու է երկրի տնտեսության համար եւ այս օրերին պիտի միայն պետական գանձարանի մասին մտածեր, բայց…»:

Հայկական դրամի արժեզրկումն աննախադեպ է

Դրամը շեշտակի արժեզրկվեց բոլոր արժույթների նկատմամբ։ Առեւտրային բանկերը 1 դոլարը օրերս վաճառում էին միջինը 501-502 դրամով, որոշ բանկեր՝ 505-510 դրամով։ ՀՀ ԿԲ-ն էլ միանգամից 24 դրամով թանկացրեց իր կողմից վաճառվող դոլարի գինը. ԿԲ-ն մի քանի օր առաջ վաճառել է 4 մլն դոլար՝ 494,46 դրամ միջին կշռված փոխարժեքով (դրանից առաջ վաճառել էր 6 մլն դոլար՝ 470,22 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով)։

«Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004թ. վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր՝ արժեզրկվում։ Շատերը զուգահեռներ են անցկացնում 2009թ. մարտին արձանագրված դրամի արժեզրկման հետ։

Այդ ժամանակ դոլարի գինը 1 օրվա ընթացքում 305 դրամից հասավ 370-ի։ Այս անգամ օրական կտրվածքով նման շեշտակի տատանում չեղավ, սակայն իրավիճակը առավել մտահոգիչ է։ Բանն այն է, որ 2009թ. փոխարժեքը պարզապես ճշգրտվեց ու կայունացավ, իսկ այսօր գործ ունենք շարունակական ու անկանխատեսելի գործընթացի հետ, որին գումարվում է նաեւ կյանքի պայմանների թանկացումը:

ԵՏՄ մուտքը՝ հայկական դրամի արժեզրկմամբ եւ թանկացումներով

Դրամի արժեզրկումը շարունակվում է, իսկ թե ինչ տեղի կունենա հունվարի 1-ից հետո, երբ կդառնանաք ԵՏՄ-ական պետություն՝ հայտնի չէ, քանի որ ԵՏՄ եւ ԵՄ մաքսային կանոնները կհակադրվեն մեր երկրի տարածքում եւս:

Ըստ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի, «ՀՀ դրամի ճշգրտումը պայմանավորված է օբյեկտիվորեն գոյություն ունեցող եւ արժութային շուկայի վրա ազդող մի շարք գործոններով: Մասնավորապես դրամի փոխարժեքի ճշգրտմանը նպաստեցին արտաքին գործոնները, վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումները՝ տնտեսական աճի անկում, ազգային արժույթի արժեզրկում եւ այլն»: ԿԲ խորհրդի անդամը նշել է նաեւ, որ «մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, ուստի այդ երկրի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տնտեսության վրա: Խոսքը վերաբերում է թե՛ ներդրումներին, թե՛ տրանսֆերտներին»: Հաջորդ արտաքին գործոնը, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաեւ կապված զարգացած ու զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի անկման հետ: Այսինքն, համաշխարհային տարբեր ապրանքային շուկաներում նկատվող գնանկումային միտումները եւս անդրադառնում են Հայաստանի վրա: Մեզ հիմնականում առնչվում են հանքարարերի շուկաները, որտեղ նկատվող գնանկումը նույնպես բերում է արժութային հոսքերի ծավալների կրճատման:

Այս ամենը պետք էր իր ազդեցությունն ունենար իհարկե, իսկ վերջին շաբաթներում այդ ճնշումն արժութային շուկաների վրա ուժեղացել էր եւ դրանով է պայմանավորվում ԿԲ-ի՝ դրամի փոխարժեքի ճշգրտելը, քանի որ «հակառակ պարագայում մենք ունենում էինք տարբեր բացասական ազդեցություններ, մասնավորապես, արժեզրկումը տեղի էր ունենում մեր հիմնական առեւտրային գործընկեր երկրներում, դրա հետեւանքով տեղի էր ունենում արտահանման մրցունակության նվազում»: Դա էլ, փաստորեն հանգեցրել է արտահանման ծավալների կրճատման, զբաղվածության եւ եկամուտների կրճատման:

Սա իհարկե զգայուն խնդիր է, որը արժութային շուկայում իր արձագանքն ունեցավ:

ԱՄՆ դոլարն արժեւորվել է մի շարք երկրների արժույթների նկատմամբ: Դոլարն իր դիրքերն ամրապնդում է ԵՄ երկրներում. օրինակ՝ Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում ազգային արժույթի տարեկան արժեզրկումը հասել է 8-11%-ի: Ինչ վերաբերում է ազգային արժույթի պահպանմանը, ԿԲ-ն նշել է, որ արժութային շուկայում արժեզրկման ճնշումների առկայության պարագայում, եթե արհեստականորեն փորձում ես պահպանել ազգային արժույթի փոխարժեքը, ապա դա տեղի է ունենում արժութային ռեզերվների հաշվին: Ըստ Արմենակ Դարբինյանի, ԿԲ-ի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը: Իսկ թե այդ ճշգրտումը ինչ հետեւանքներ կարող է ունենալ գնաճի վրա, նա նշել է, որ ճշգրտման արդյունքում գնաճային մեծ ռիսկեր իրենք չեն տեսնում. «Մեր գնաճը ներկայումս գտնվում է տատանումների թույլատրելի միջակայքում՝ 4+-1,5%: Տարեվերջին ակնկալում ենք, որ գնաճը գտնվելու է այդ թույլատրելի միջակայքում»:

Ֆինանսական կայունության առումով նշվում է, որ այստեղ նույնպես էական ռիսկեր չեն նկատում, քանի որ «բոլոր սթրես-թեստերը վկայում են այն մասին, որ նման ճշգրտումը մեծ ռիսկեր, նույնիսկ էական որեւէ ռիսկ ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից չի պարունակում»:

Մի խոսքով՝ ԿԲ-ից հանրությանը հավաստիացնում են, որ ամբողջ գործընթացը գտնվում է Կենտրոնական բանկի հսկողության ներքո եւ գործող քաղաքականությամբ անում են ամեն ինչ, որպեսզի բացառվեն «սպեկուլյատիվ դրսեւորումնեը շուկայում», նաեւ «պահպանվի արժութային շուկայի կայունությունը»: Շուտով պարզ կլինի՝ իսկապե՞ս ԿԲ-ի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները:

Մեր բնակչության զգալի մասը արտերկրից է գումարներ ստանում, ուստի նշենք նաեւ, որ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ին 1 ԱՄՆ դոլարի դիմաց սահմանել է 452,50 դրամ փոխարժեք, ինչը նախորդից բարձր է 4,64 կետով (երեկվա դրությամբ ցուցանիշն արդեն 525 էր): Հաջորդ օրերին մեր բանկերի կողմից 1 ԱՄՆ դոլարը գնվում է նվազագույնը 450, առավելագույնը՝ 456 դրամով: Rate.am-ի տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառում են նվազագույնը 458, առավելագույնը 462 դրամով: Դոլարի առքի միջին փոխարժեքը 452,60 դրամ է, վաճառքինը՝ 459,19: Դեկտեմբեր 8-ի համեմատ դոլարն աճել է 2,48 կետով առքի, եւ նվազել 0,12 կետով վաճառի դեպքում: 1 եվրոն գնվում է նվազագույնը 551 դրամով, առավելագույնը՝ 561 դրամով, իսկ վաճառվում նվազագույնը՝ 569 դրամով, առավելագույնը՝ 580 դրամով: Եվրոյի առքի միջին փոխարժեքն է 555,86, վաճառքինը՝ 573,53 դրամ։ Ռուսական 1 ռուբլու առքը կազմում է նվազագույնը 8,07 դրամ, իսկ առավելագույնը՝ 8,44 դրամ։ Ռուբլին վաճառվում է նվազագույնը 8,74 դրամով, իսկ առավելագույնը՝ 9,30 դրամով։ Ռուբլու առքի միջին փոխարժեքն է 8,30, վաճառքինը՝ 8,96 դրամ:

Ըստ ԿԲ հայտարարության՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչեւ տարեվերջ նոր մոտեցում է որդեգրվել, ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Նպատակ ունենալով նվազեցնելու ԿԲ ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձեւավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչեւ ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձեւավորումը: Հիեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21-ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով եւ 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ՝ թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ ԿԲ-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ եւ արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Որ հայկական դրամը դեռ կարժեւորվի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը չի կասկածում: Այս մասին ասուլիսում ասաց 2 օր առաջ: Բայց թե երբ, չի կարող ասել. սա էլ ասուլիսում ասաց: Անկեղծորեն ասած՝ հավատում եմ, որ չգիտի, որովհետեւ երբ ընդհանրապես դրամի արժեզրկում է սկսվում այս տեմպերով, այսինքն՝ ազատ անկում է սկսվում, կանխատեսումներն ու տնտեսական տարատեսակ հաշվարկներն անիմաստ են դառնում:

Ռուսական ռուբլու փոխարժեքի ցնցումները զգացվում են նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներում: Վրացական արժույթը՝ լարին, եւս արժեզրկվել է դոլարի նկատմամբ՝ սահմանելով ավելի քան 10 տարվա նվազագույն փոխարժեքը, իսկ հայկական դրամը՝ ամենացածր փոխարժեքը 2006-ից ի վեր։ Ռուսաստանի հարեւանները սերտ կապված են իրենց նախկին կենտրոնի տնտեսության հետ առեւտրային կապերի ու դրամական փոխանցումների միջոցով։ Ռուբլու անկումն ազդում է նրանց արժույթների վրա։ Տարեսկզբին Ղազախստանը ստիպված դիմեց տենգեի արժեզրկմանը, երբ ռուբլին արձանագրեց առաջին անկումը, եւ այժմ ճնշումը Հայաստանի ու հատկապես Վրաստանի վրա է։ Վրացական լարին դեկտեմբերի 5-ին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4,4%-ով՝ նոյեմբերի սկզբից՝ 14,4%-ով, իսկ հայկական դրամը՝ 1,4%-ով՝ նոյեմբերի սկզբից՝ գրեթե 10%-ով։

Ըստ միջազգային վերլուծաբանների, Ռուսաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի եւ Վրաստանի համար. երկու երկրներն էլ օգուտ են ստանում աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներից, արտահանումը Ռուսաստան նույնպես բավական զգալի է երկու երկրների համար։ Հայաստանն ու Վրաստանը գյուղատնտեսական ապրանքների մեծ արտահանում ունեն Ռուսաստան, եւ հույս ունեին օգտվելու Ռուսաստանի՝ արեւմտյան որոշ ապրանքների ներկրման արգելքից։ Բայց արժեզրկումը Ռուսաստանում ակնհայտորեն սպառնում է նաեւ այս առեւտրին։ Եթե մեր տնտեսությունն այդքան հիմնված չլիներ ներկրման վրա, այսչափ չէինք տուժի:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.