Թանկացումները կհարվածե՛ն երկրին
Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում սկսված թանկացումներն արդեն պարբերական բնույթ են կրում: Բայց, անկախ այս հանգամանքից, ըստ «ավանդության», տարեփոխության շեմին Հայաստանում թանկանում է ամեն բան… Այսպես են հայերը նշում Ամանորը, երբ ամբողջ քաղաքակիրթ կոչված աշխարհում այդ օրերին ամեն բան էժանանում է: Բայց այս օրինակը մեր փողատերերի ու բիրդան աղաների համար վաղուց եվրաարժեք չէ:
Մարդիկ մի կերպ՝ պարտքեր կուտակելով, մի քանի օր Նոր տարի են նշում, հետո 3-4 ամիս փակում են այդ մի 3-4 օրվա պարտքերը: Իսկ հունվար-ապրիլ ամիսները տարվա ամենադժվար ժամանակահատվածն են:…
Արդեն շեշտակի թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները: Դրանց մեջ են մտնում սուրճը, բուսայուղը, կաթնամթերքի ամբողջ տեսականին, միրգ-բանջարեղենն ու մսեղենը եւ այլն: Ի դեպ, սուրճի 1 կգ-ն թանկացել է միջինը 400 դրամով, ձեթը՝ 50-70 դրամով, շաքարավազը՝ 100-ից ավելի դրամով, կաթնամթերքը՝ 50 դրամով: Հերթական անգամ թանկացել են հացը, հրուշակեղենը:
Հացը, որը ամենաանհրաժեշտն է մեր սեղանին, նորից է թանկացել, եւ պատճառը դարձյալ դրամի արժեզրկումն է: Մայրաքաղաքի խանութներում 1 գիշերվա ընթացքում հացն ու հացամթերքը թանկացել են 1 կգ-ն՝ 10 դրամով: Եթե հաշվենք, որ քաշն էլ է պակասել, ապա թանկացումը 10 դրամից էլ շատ կլինի: Պատճառը ալյուրի գնի բարձրացումն է: Միջազգային շուկայում ալյուրի եւ ցորենի գնի վերջին բարձրացումը գրանցվել էր այս տարվա փետրվար-մարտին՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, իսկ ներկայիս թանկացումն արդեն ոչ թե միջազգային շուկայի, այլ դարձյալ դրամի արժեզրկման հետեւանք է: Ռուսաստանյան շուկայում ալյուրը թանկացել էր դեռ 10 օր առաջ: Նոյեմբերի վերջին այդ երկրի գյուղնախարարությունն արձանագրել էր ցորենի եւ ալյուրի գնաճ՝ դա մեկնաբանելով ռուբլու դիրքերի թուլացմամբ ու ռուսաստանյան արտադրողների բացասական սպասումներով: Սակայն հատկանշական է, որ ռուսաստանյան ալյուրի 2%-անոց թանկացմանը հայաստանյան հացամթերքի շուկան արձագանքել է 5,8%-անոց թանկացմամբ: Ավելին՝ մեր «աճպարարները» վաղուց ներկրածն ու պահեստում տեղավորած ալյուրն էլ են «կոխել» նոր ներկրածի անվան տակ ու գերշահույթ են ստանում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանում նկատվող թանկացումներից անհանգստացած են իշխանությունները. «Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Ամենաշատն իշխանությանն է մտահոգում, որովհետեւ իշխանության իմիջի խնդիր է, որ ժողովուրդը լավ ապրի»: Բայց, ցավոք, ԱԺ նախագահի խոսքերը միայն «բարոյական աջակցություն» են այս պահին: Նա հայտնել է, որ դրամի արժեզրկման պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ չնայած այն բանին, որ փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում. «Համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ ավանդաբար այդպես է կարծես թե եղել, Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետեւ շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետեւ շրջանառությունը շատ փոքր է լինում… Զսպման մեխանիզմներ կկիրառվեն, թե ինչ կլինի, կերեւա դեկտեմբերի 15-ից հետո»:
Դեկտեմբերի 15-ից հետո էլի թանկացում եղավ: Հնդկաձավարն արդեն եռակի թանկացավ, եթե հաշվի առնենք այն, որ թանկացավ նաեւ վաղուց ներկրածն ու վաղուց փաթեթավորածը: Բայց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյանի ազիզ արեւ հավատում եմ, որ, ինչպես ինքն է ասում, թանկացումների առումով չարաշահումներ չկան, հենց դիփունքը մեղավոր են աշխարհի շուկաները:
Այս թանկացումները շատ խնդիրներ են առաջ քաշելու:
Իհարկե մարդիկ ամեն գնով կանեն իրենց Նոր տարին, բայց ձմռան գալիք ցուրտն ու կուտակված պարտքերը կարող են չկայացած «թեժ աշունը» փոխարինել «թեժ ձմեռով»… կամ «եկող թեժ գարունով», ինչը հաստատ միջազգային «գարնանային հեղափոխությունների հետ, որ հեղաշրջումներ են առավելապես, կհամընկնի»…
Նարե Մշեցյան
Ձգե՛լ մարդուն մեջտեղից կիսող գոտիները
Ելնելով տարածաշրջանում ստեղծված նոր պայթյունավտանգ իրավիճակից՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե «մեր գոտիները պետք է ձգենք, եւ դա ժամանակավոր է, ժամանակի ընթացքում կհաղթահարենք խոչընդոտները»:
Իհարկե հեշտ էր, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ խոսել այս առույգությամբ, սակայն երկրի վարչապետը բոլորից լավ պետք է իմանա, որ գոտիները ձգելու տեղ չկա՛… Հաջորդ ձգումը շատերի համար կարող է ճակատագրական լինել՝ սոված փորի ձգումը պարզապես կկիսի մարդուն մեջտեղից:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքը պատրաստ է կրճատել ծախսերը: Այո կարող է, ու դա կարող են անել բոլոր պաշտոնյաները եւ պատգամավորները, ժամանակին գոտի ունեցած, բայց այսօր գոտի չձգող գործարարները, բայց ոչ ժողովրդի զգալի մասը: Վերնախավը ինչքան էլ կրճատի ծախսերը, հաստատ հարյուրավոր ընտանիքների տարեկան բաժնից շատ կծախսի ամենօրյա հաշվարկով…
Հետաքրքիր է, մեր պետա-քաղաքական ու գործարար «վերնախավը» միայն ճգնաժամային իրավիճակներում է մտածու՞մ ճոխությունները կրճատելու մասին: Երեւի այո՛, քանի որ միայն այդ ժամանակ է վտանգն ակնհայտ դառնում, որ թշնամին կարող է մեր պետական սահմանն անցնել ու… հայտարարել «մա՛հ ճոխությանը»…
Ափսոս, որ վարչապետի ասածը ամենօրյա ցանկություն չէ ու բոլորինը չէ: Իսկ այս թանկացումների համապատկերին, առավել եւս՝ ամանորյա, այդ մասին պարզապես պետք է չասվեր:
Տնտեսական աճ. թո՛ղ որ տեսանելի լինի
Դեռ Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքն ակնկալում է 2014թ. համար ավելի մեծ տնտեսական աճ: Հասկանալի է, որ այդ աճը կապված ու կախված է համաշխարհային գործընթացներից, ինչը գուցե հասկանալի չէ բոլորին: Բայց մի բան բոլորին հաստատ պարզ է, որ աշխատատեղերի լուրջ կարիք կա, իսկ մեր երկիրը դարձել է ընդամենը սպասարկող պետություն՝ առանց արդյունաբերության:
Մարդիկ ակնկալում են տնտեսական աճը տեսնել, զգալ, շոշափել եւ ճաշակել:
Միայն թղթի վրա գրված թվերով դա նկատելի չէ:…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ վերջերս փակ հանդիպում ունեցավ խոշոր գործարարների, արտահանողների հետ՝ հասկանալու, թե ինչ վիճակում ենք: Մոտ 2 ամիս առաջ նման հանդիպմանը գործարարները դժգոհել էին, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում եւ գործարարների հետ չեն աշխատում:
Սակայն այս հանդիպումները, այնտեղ հնչող խոստումները առարկայական չեն լինում մարդկանց համար:
Այսօր նվազագույն աշխատավարձը նվազագույնս բարձրացնելով կամ ապագայի մասին լավ երաշխիքներ տալով՝ հնարավոր չէ ոգեւորել այն մարդկանց, ովքեր օրնիբուն աշխատում ու մաքառում են, որ կարողանան գոնե իրենց երեխաներին սոված չթողնել ու այդպե՛ս գոնե իրենց ապագան տեսնել…
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



