Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը նշել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը՝ վերածնունդը:
Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ–Աստված):
Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման սպասումով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման ու նորովի կիրառման համար: Միհրական արդարադատությունը պետք է հաստատվի ինչպես Երկիր մոլորակում, այնպես էլ բոլոր Տիեզեաաշխարհներում:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ արեւածագը դիմավորեցին քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ: Արիադավան-հեթանոսական ծես է կատարել եւ Միհր Աստծու արդարադատության հաստատման համար փառաբանվել է նաեւ Վահագն Աստծու զորությունը, որպեսզի հայոց արդարադատության ուժը երկրում այլեւս չհակասի երկնային օրենքներին…
Մասնակցել են Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները եւ հրավիրյալներ:
Դեկտեմբերի 22-ին ծիսական արարողություն է կատարվել նաեւ Հայ Արիական Միաբանության գրասենյակում, եւ հայ արի քրմերը փառաբանել են Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին:
Հատուկ ձոներ են հնչել՝ Հայաստանի վերամիավորման, հայության համախմբման ու Հայ տեսակի առաքելության իրականացման համար:
Հայ Արիական Միաբանության – Լրատվական կենտրոն
23.12.2014թ.



