Ասել այնպես, որ ոչինչ չասե՞լ
ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովը չարդարացրեց շատերի սպասումները: Որեւէ տպավորություն, թե հավաքված կուսակցությունների խումբը պատրաստվում է արտահերթ ընտրություններով իշխանափոխություն իրականացնել, չի գործել այդ խորհրդաժողովը (նաեւ փորձագետների կարծիքով): Ոմանք անգամ այսպես ձեւակերպեցին տպավորությունը. դա հերթական միջոցառում էր, առիթ, «ասել այնպես, որ ոչինչ չասել»։
Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն համոզված չէ, որ կարող է հաղթել արտահերթ ընտրություններում: Տպավորություն չի գործել նաեւ Գագիկ Ծառուկյանի ելույթը, անգամ ԲՀԿ-ի հետ համագործակցող Տիգրան Կարապետյանի սպասումները չեն արդարացել: «Ժողովրդական կուսակցության» ղեկավարն անդրադարձել է ԲՀԿ ղեկավարի հրավիրած խորհրդաժողովին, ու չի թաքցրել իր հիասթափությունը՝ ասելով. «Ակնկալիքներս չարդարացան, այնքան էլ բավարարված չեմ», բայց ճշգրտել է, ոչ թե Գագիկ Ծառուկյանի խոսքից է հիասթափված, այլ ավելի կոշտ դիրքորոշում է ակնկալել. «Արտահերթ ընտրություններ՝ անկախ այն բանից, իշխանությունները կկատարե՞ն ընդդիմության 12 կետը, թե ոչ»:
«Իշխանությունն ունի զրոյական վստահություն. տապալել է բոլոր ոլորտները»,- ոչ իշխանանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարել է, որ օր առաջ իշխանափոխություն է պետք։ Նա ընդգծել է, որ այս իշխանությունը չունի վստահություն, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ձախողումների համար, այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում։ Ըստ ԲՀԿ-ականի, մարդիկ տեսնում են, որ այս իշխանությունը ռեսուրս չունի՝ պատժելու մեղավորներին, (նկատի ունենալով ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին) եւ սա տեսնելով՝ հասարակությունը բռնում է արտագաղթի ճանապարհը։ «Մեղավորը Սահմանադրությունը չէ,- ասել է նա,- եթե իշխանությունները հարգեին Սահմանադրությունը, ապա լրիվ այլ իրավիճակ կլիներ, փոփոխության կարիք էլ չէր լինի։ Իսկ սահմանադրական փոփոխությունների ավանտյուրայի տակ եւս 10 տարի շարունակելու են իրենց իշխանավարությունը: Մելիք–Ադամյանը դարձրել են Քրիստոսի դուռ եւ ասում են, որ եւս 10 տարի իրենք են կառավարելու, ու դրանով մատնում են իրենց բուն նպատակը»։ Նաիրա Զոհրաբյանը խոսքն ավարտել է այսպես, որ հավաքվել են՝ հասնելու իշխանափոխության. «Արյունահեղությունը, բախումները ճանապարհ չեն, եւ եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր կկարողանան երկխոսության միջոցով զիջել իշխանությունը, լա՛վ, եթե ոչ, մենք պետք է խոսենք բոլորովին այլ խաղի կանոնների մասին, որովհետեւ երկիր ենք կորցնում. այս իշխանությունն՝ իր քաղաքականությամբ, երկիրը հասցնում է անդառնալի կետի»:
Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Ծառուկյանի նախաձեռնությունները բացարձակապես չեն հետաքրքրում. «Չեմ էլ կարծում, որ քաղաքական դաշտում որեւէ նշանակություն ունի նման նախաձեռնությունը… Եթե մարդն իրապես դժգոհ է այս իրավիճակից, նա պետք է իր գործողություններով ապացուցի, իսկ ձեր նշած անձն այդ ուղղությամբ ոչ մի գործողություն չի իրականացրել»:
«Ծառուկյանի ելույթի մեջ ինչ-որ գեղեցիկ բառեր կային, բովանդակությունը չկարողացա հասկանալ»,- ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետ Նարեկ Գալստյանը: Նա մեկ անգամ հպանցիկ նայել է այդ ելույթը եւ բովանդակային առումով ինչ-որ բան չի հասկացել: Ըստ նրա, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին կարող է խոսել այն քաղաքական ուժը, որն ընդդիմություն է. «Ինչքան գիտեմ՝ մինչեւ այսօր ԲՀԿ-ն իրեն որպես ընդդիմություն չի ներկայացրել, ապաքաղաքագիտական տերմին է օգտագործում՝ այլընտրանք»,-նկատեց ՍԴՀԿ ատենապետը՝ հավելելով. «Կրկնում եմ՝ դա, իմ կարծիքով, բարի ցանկությունների եւ գեղեցիկ խոսքերի շարան է, բայց թե վերջիվերջո՝ ինչ էին ուզում ասել այդ խորհրդաժողովին հավաքվածները, չկարողացա հասկանալ»:
Գագիկ Ծառուկյանի ելույթին առավել հանգամանալից քաղաքական գնահատական դեռ կտա ՀՀԿ գործադիր մարմինը: Առայժմ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշել է առաջին տպավորությունը: «Ինչպես հանրությանն են ներկայացնում՝ «գործի մարդ» ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար: Օրինակ՝ նրանցից մեկը պնդում է, որ կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել: Մինչդեռ նույն ելույթում մի քանի տող վերեւ մյուս հեղինակը պնդում է, որ այսօր, նման իրավիճակում կարելի է ու պետք է գնալ խոշոր հանրահավաքների, հզոր հանրահավաքների եւ այլն: Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին»:
Ըստ ԱԺ նախագահի, ամեն դեպքում այն, ինչ մնում է այդ ելույթը ավելորդ բառակույտից մաքրելուց հետո, բավականին մտահոգիչ է, առնվազն այն առումով, որ տպավորություն կա, որ չի էլ ընկալվում այդ մտահոգիչը, անգամ եթե նյութը բառացիորեն հեղեղված է գրագետ, կրթված, խորը եւ նոր արժեքներով մարդկանց կարեւորելու մասին դրույթներով:
Նարե Մշեցյան
Հասունացող ասելիքի ժամը
ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ն ուՀԱԿ-ը կարծես պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին 3 ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու եւ որոշելու նպատակով։ Ըստ երեւույթին Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձեն ի մի գալ իշխանափոխություն պահանջելու հարցում եւ ձեւերի մեջ, սակայն միմյանց միջեւ մրցակցությունը դեռ կմնա, ինչն այլեւս հնարավոր չէ թաքցնել: Չնայած թաքցնելու փորձեր էլ թերեւս չեն կատարվում:
Խորհրդարանական ուժերից ՕԵԿ-ն այդպես էլ չկարողացավ ընդդիմադիր եռյակը նորից քառյակի վերածել, բայց շարունակում է արձագանքել ընդդիմադիրների բոլոր նախաձեռնություններին կամ նրանց նկատմամբ կատարվող իրավական ու ոչ իրավական գործողություններին: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դեռ հետեւում է քաղաքական զարգացումներին եւ, ըստ ամենայնի, կաշխուժանա եռյակի համատեղ որոշումները լսելուց հետո:
Բերձորի միջադեպը եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգումը թերեւս միավորեց ընդդիմադիրներին՝ ահազանգելու եւ իշխանություններին մեղադրելու առումով, սակայն այդ միասնականությունը գուցե տեւի մինչեւ հերթական բանակցությունն իշխանությունների հետ: Նման մի համախմբում էլ եղավ նախորդ տարվա վերջերին, երբ ՀԱԿ-ի անդամների նկատմամբ եղան բռնություններ: Այս ուժերը պատահական չեն համարում, որ նախ բռնությունների ենթարկվեցին հասարակական կազմակերպությունների, փոքր քաղաքական ուժերի անդամները, այնուհետեւ «իշխանական ահաբեկչության թիրախ դարձան համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված հոծ քաղաքական կազմակերպությունների, ազատամարտիկների դաշինքի, ապա նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները»։ Սա առայժմ միակ ուղղությունն է, որ բոլորը պաշտպանում են բոլորին անխտիր:
ՀՅԴ-ն էլ քննարկել է իր առաջիկա անելիքները: Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպել են Երեւանի ու Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեների ներկայացուցիչների եւ ուսանողական կառույցների հետ, որոնց ներկայացվել է վերջերս ավարտված ՀՅԴ Ընդհանուր ժողովի ընդունած բանաձեւերը: Քննարկվել են առաջիկա անելիքները եւ աշխատանքների ծրագրերը:
Իշխանություններն ուսումնասիրում են ՀՅԴ ներկայացրած սահմանադրական փոփոխությունները եւ համաձայնության գալու դեպքում դա կարող է դառնալ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր դաշինքի նպաստավոր պայման: Իսկ ընդդիմադիրները սպասում են, թե ինչ է ասելու երկրի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում սահմանադրական փոփոխությունների առնչությամբ:
ՀՀԿն էլ իր առաջիկա խորհրդի նիստերում կքննարկի կարեւոր ներքաղաքական հարցեր, որոնք կվերաբերվեն նաեւ ընդդիմության հետ հետագա հարաբերություններին: Գլխավոր հարցը սակայն վերաբերում է սահմանադրական փոփոխություններին։
Հիմնական քաղաքական ուժերից մեկը հանդիսացող ԲՀԿ–ն նախապես ցույց տվեց իր դիրքորոշումը այդ հարցում: Փետրվարի 5-ի համաժողովում Գագիկ Ծառուկյանը 2 տարբերակ առաջարկեց Սերժ Սարգսյանին եւ ներկայացրեց իր անելիքները տարբերակներից ցանկացածի ընտրության դեպքում։ Այսպես՝ կա՛մ իշխանությունները գնում են զիջումների՝ հրաժարվելով սահմանադրական փոփոխություններից, որոնք ըստ ԲՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանի «երրորդ անգամ եւ ցմահ իշխելու համար է արվում», կա՛մ պետք է կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մինչ այդ փոխելով Ընտրական օրենսգիրքը։ Ասում են՝ սա առանց ցնցումների քաղաքական փոփոխությունների հասնելու տարբերակն է, ինչը երեւի թե պետք է քննարկվի նաեւ Մոսկվայում, ինչի համար էլ ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղել այնտեղ: Թեեւ ռուսական զլմ-ները գրել էին, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնունայն է մնացել:
Չի բացառվում, որ նորից իմ հայտ կգա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ-ի կողմից առաջադրելու հարցը, ինչից այդպես նեղսրտում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԲՀԿ ղեկավարն առավելապես հարմարվել է գործող եւ նախկին 2 նախագահների միջեւ խաղալուն, ինչը նրան թույլ է տալիս մնալ ինչպես իշխանության հետ, այնպես էլ մնալ ընդդիմության փաստացի առաջնորդ:
Արտակ Հայոցյան
* * *
ՀՅԴ-ի ներսում կրկին խժդժություններ կան՝ Հրանտ Մարգարյանին փոխելու հետ կապված: ՀՅԴ -ականները պատասխանում են, թե միշտ այդպես է եղել, որեւէ Ընդհանուր ժողովից առաջ արդեն խոսում են Դաշնակցության մեջ ինչ-որ խժդժությունների մասին:
Բայց մեր աղբյուրները հայտնում են, որ հատկապես ՀՅԴ ԱՄՆ-ի թեւը վճռական է տրամադրված, հենց այդ թեւում կա մեկը, ում հարգում եւ վստահում են կառույցի սփյուռքյան հատվածում:
Արտերկրի ՀՅԴ-ականները դժգոհ են նաեւ ՀՅԴ բյուրոյի կազմում նախկին վարկաբեկված նախարարների եւ նմանների ներկայությունից:
«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



