Քաղաքական տվայտանքները չեն դադարում – անկախ Հայաստանի մեծ ալան-թալանի մասնակիցներից շատերը շարունակում են կա՛մ հաղթական երգով նահանջել կա՛մ հարձակվել… 

Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտի վիճակը՝ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանը: Քառօրյա նիստերի մեկնարկին այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ առաջիկա օրերին իրենք հանդես կգան հստակ պարզաբանումներով՝ ներկայացնելով իրենց քայլերն ու ռազմավարությունը: Հայտարարությունից հետո Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը եւ Էլինար Վարդանյանը դուրս եկան նիստերի դահլիճից:

Օրերս էլ հայտարարվեց, թե ԲՀԿ-ն մարտի 10-ին արտահերթ համագումար է հրավիրել, որպեսզի ճշտի իր անելիքները:

ԲՀԿ-ի գործունեությունը կարող է սահմանափակվել, այսինքն՝ նախկին համարձակությունը գուցե այլեւս չլինի, չնայած որոշ ԲՀԿ-ականներ շարունակում են պնդել, թե ոչ մի բան չի փոխվելու եւ իրենք մնալու են առաջատար դիրքերում: Բայց Գագիկ Ծառուկյանն այլեւս չի կարող նախկին համբավն ունենալ, քանի որ նա իրականում այն խոցելի (անկախ Հայաստանի մեծ ալան-թալանի մասնակից է եւ ՀՀ 3 նախագահների օրոք էլ այն շարունակել է) գործիչներից մեկն է, ով նախընտրում է վճռական պահին հաղթական երգով նահանջել… Ավելի ճիշտ՝ ոչ թե նախընտրում է, այլ դա միակ ելքն է՝ սեփական ամեն ինչը փրկելու… Բացի այս, ԱԺ-ում եւս սասանվել են այս կազմակերպության դիրքերը, քանզի որոշ պատգամավորներ նախընտրեցին հեռանալ՝ չհարմարվելով ԲՀԿ ղեկավարի եսակենտրոն մղումներով ընդվզումներին: Նրանք համալրեցին անկախ պատգամավորների փոքրաթիվ բանակը: Մինչ վերջերս անկախ պատգամավորներ էին միայն 4-ը՝ Կարեն Բոթոյանը, ով ժամանակին լքել էր ՕԵԿ խմբակցությունը՝ կուսակցության քաղաքական կուրսը փոխվելուց հետո, Արայիկ Գրիգորյանը (բնապահպանության նախարարի եղբայրը), Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը («Ժառանգություն» խմբակցությունից հեռացած, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը): Այժմ նրանց շարքերը կհամալրեն նախկին ԲՀԿ-ական գործարարները՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արագած Ախոյանը եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված անձինք օրենսդրությամբ իրավունք ունեն համապատասխան ընթացակարգով հեռանալ խմբակցությունից եւ իրենց հայտարարել որպես անկախ պատգամավոր, ինչպես վարվեց «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանը: Սակայն համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցրած անձինք այդ քայլին չեն կարող դիմել, ինչպիսին, օրինակ Ալեքսանդր Արզումանյանի վիճակն է, դարձյալ «Ժառանգություն» խմբակցությունից. նա խորհրդարանում աշխատում ու գործում է այդ խմբակցության կազմում, բայց՝ անկախ: Դա չի կարելի ասել մեծամասնական ընտրակարգով ընտրված, բայց տվյալ կուսակցության խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների մասին. նրանց ոչինչ չի կաշկանդում եւ նրանք կարող են ազատորեն դուրս գալ խմբակցության կազմից, ինչպես ԲՀԿ-ից՝ Գրիգորի Մարգարյանը, ՕԵԿ-ից՝ Կարեն Բոթոյանը: Իսկ մեծամասնական ընտրակարգով Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանի պարագան թույլ չի տալիս միանշանակ պնդել, որ անկախ պատգամավորի ինստիտուտը Հայաստանի խորհրդարանում արդարացված կամ արդյունավետ չէ: Սա պնդում են որոշ վերլուծաբաններ՝ հավաստելով, որ Էդմոն Մարուքյանի օրինակը լավագույնն է, ով միակն է անկախ պատգամավորներից, ում գործունեությունը ավելի քան ակնհայտ է, նա օրենսդրական քննարկումների ժամանակ, օրենսդրական նախաձեռնություններ հեղինակելու եւ ներկայացնելու հարցում շատ ակտիվ է եղել՝ ի տարբերություն մյուսների:

Եթե անկախ պատգամավորի մի այսպիսի օրինակ կա գոնե, ապա չկա որեւէ օրինակ, երբ ընտրողին բազում խոստումներ տված եւ ոչինչ չարած պատգամավորը վայր դնի մանդատը եւ ապաշխարհի: Եվ գուցե հետո նորից ընտրվի ու իսկապես աշխատի: Ինչպես ասում են, անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ ոչ մի պատգամավոր նման հերոսական քայլի չի դիմել:

ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւս պատրաստվում է դուրս գալ խմբակցությունից, ինչը պայմանավորված է «վերջին մի քանի օրերին տեղի ունեցած իրադարձություններով, որոնց արդյունքում ԲՀԿ-ն լրիվ հեղինակազրկվել է, հատկապես Գյումրիում»: Նա նաեւ հայտարարել է, որ մտադիր է 2016թ. մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին: Ու քանի որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ական է, կարծում է, որ երկու ԲՀԿ-անների մրցակցությունն այնքան էլ նպատակահարմար չէ»: Իսկ պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, սակայն խոսակցություններ կան, թե հնարավոր է, մնա անկախ պատգամավոր: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ է հանդես եկել Հրազդանից ընտրված պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ շուտով ԲՀԿ-ն կլքեն նաեւ պատգամավորներ Մուշեղ Պետոյանն ու Ռուստամ Գասպարյանը:

Եթե պատգամավորները «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը նրանց հնարավորություն չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ: Իսկ ահա, ՀՀ Սահմանադրական դատարանը դեռեւս 2009թ. հունիսի 30-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ՝ մանդատը վայր դնելով միայն: Ենթադրվում է, որ դեռ պիտի պարզաբանվի, թե ինչ է լինելու ԲՀԿ-ն լքած պատգամավորների մանդատների ճակատագիրը:

Ինչ մնում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքական ապագային, ապա նրան հստակ պայմաններ են առաջադրվել, որպեսզի խուսափի լուրջ տնտեսական եւ իրավական բարդություններից, այն է՝ նա պիտի վայր դնի պատգամավորական մանդատն ու հեռանա քաղաքականությունից: Բացի այդ, խոսք կա ԲՀԿ խմբակցության լուծարման մասին: Իսկ ԲՀԿ ղեկավարին խորհուրդ է տրվել դառնալ կուսակցության պատվավոր նախագահ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ, որ «Գագիկ Ծառուկյանը

իշխանափոխության պայքարը դադարեցրել է Սերժ Սարգսյանի ճնշումների արդյունքում. էստեղ ճնշող-ճնշվողի  խնդիր չի լինի, առավելեւս՝ ոչ հաղթողներ կլինեն, ոչ պարտվողներ»։ «Ճնշումներ չեն եղել, բայց ովքեր որ պետք է, հասկացել են իրենց գլխի գալիքը,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,- հասկացան եւ գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետեւանքներ կարող է ունենալ»։ Իհարկե ՀՀԿ-ն գոհ է այս իրավիճակից, Հանրապետականները դժվարությամբ են թաքցնում ուրախությունը, որ առանց արյուն թափելու ԲՀԿ-ին կարողացան չեզոքացնել։ Իհարկե, ոչ ոք նոր «մարտիմեկ» չէր ցանկանում: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նկատել է, որ իրենք արյունահեղություն չեն խոստացել եւ չի կարծում, թե  ՀՀԿ-ն նման սպառնալիքներով է քաղաքականություն վարում։ Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Կարեն Ավագյանը, այլեւս ոչ մեկին «օլիգոֆրենիկ ասելու կարիք չունի», մականուններ չկան, զոհեր էլ չկան, ով որ պետք է արդեն կառուցողական դաշտում է. «Քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ կառուցողական դաշտում առանց ձեռնոց նետելու կարող են իրագործել»։

Ինչ մնում է ԲՀԿ-ական պատգամավորներին, ապա ԱԺ նիստից առաջ ԲՀԿ-ի ապագայի մասին առաջին տեղեկությունը տրվեց բանաստեղծական ոճով: Տիգրան Ուրիխանյանն արտասանում էր. «Գործն է անմահ լավ իմացեք, որ խոսվում է դարեդար»։ Գործարար պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ երգով հայտնեց իր կարծիքը՝ «Մենք ուրախ ենք եւ երջանիկ… Ճամբարում, ճամբարում»։ ԲՀԿ գործարար հատվածը ցնծության մեջ է, քանի որ ահ ու սարսափ էր պատում, երբ մտածում էին, թե հարկային ստուգումները համատարած կդառնան:

Բայց դժգոհ են ԲՀԿ-ի նախաձեռնած «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները: Նրանց մեծամասնությունը դեռ պատրաստվում է հաշիվ պահանջել ԲՀԿ ղեկավարից: Իսկ Գագիկ Մելքոնյանը նշել է, որ այսպես կոչված հաշտեցումից հետո դեռ կորոշեն իրենց անելիքը. «Առանց Ծառուկյանի կարո՞ղ է էս երկիրը կոտրվեց։ Իհարկե, դաշինքն առանց Ծառուկյանի էլ կլինի»: Թեեւ հավելել է, թե «Ծառուկյանը ժամանակավորապես դադարեցրել է, կտրականապես չի հրաժարվել շարժումից, չի ասել՝ վերջ»։

Իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր գործընկերներն այս մտքին են. «ԲՀԿ-ին տեռորի են ենթարկում, որ հրաժարվի քաղաքականությունից»: Ինչեւէ, մարտի 10-ին ավելի պարզ կդառնա՝ կմնա՞ ԲՀԿ-ն այնպիսին, ինչպիսին եղել է, թե՞…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.