Կարիքավոր երկրի նախագահները – նրանք տնօրինում են երկրի քաղաքական ոլորտը, ունեն ամեն ինչ եւ մի բան չունեն՝ այն, որ ոչ մի բանի կարիք չունեն… Մեր ամենահարուստ եւ հարուստ նախարարները…

Կարիքավոր երկրի նախագահները

ԱԺ-ում բուռն քննարկվեցին «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների նախագծերը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքների ընդունումից հետո նախագահներին գրասենյակը, բնակարանը, ավտոմեքենան կտրամադրվի ցմահ, կենսաթոշակն էլ կլինի հատուկ: «Ինչու հատուկ, քանի որ իրանք շատ հատուկ մարդիկ են»,- բացատրեց պատգամավորը:

Ճիշտ է երկրի նախագահի պաշտոնաթողությունից հետո նրան գործելու, աշխատելու հնարավորություն տալը, սակայն մեր երկրում առկա խնդիրներն այնքան շատ են, որ այս հարցը պետք է «հատուկ» հերթի դրվի: Ինչու հատուկ, որովհետեւ այդ «հատուկ» մարդիկ կամա, թե ակամա մեղավոր են մեր երկրի այսօրվա վիճակի համար… Եվ պիտի որ չհրաժարվեն իրենց հարցը հերթի դնելու համար:

Ինչեւէ, պատգամավորը մեծ առաջընթաց համարեց այն, որ քաղաքական ուժերը սկսել են խոսել սահմանադրական բարեփոխումների արդյունքում ապագա նախագահի սոցիալական երաշխիքների մասին: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես «հատուկ» հարց ուղղեց. «Եթե նախագահների կենսաթոշակը համարում եք հատուկ եւ դոշով էլ պաշտպանում եք, այո, դոշով, այս դեպքում դոշն է կարեւոր, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք պարզելու՝ նախկին նախագահները նշանակվել են որեւէ այլ տեղ աշխատանքի, վարձատրություն ստանու՞մ են, թե՞ ոչ: Ինչո՞ւ եք նսեմացնում այս դիրքը: Օրինակ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դա ինչպե՞ս պետք է պարզեք, հարցում եք անելու Մոսկվա եւ պարզեք՝ այնտեղ որեւէ աշխատանքի նշանակվա՞ծ է, թե ո՞չ: Հարցերն էլ պետք է տրամաբանական լինեն: Եթե խոսում ենք նախագահի ինստիտուտը պահելու մասին, ուրեմն արժանապատիվ համակարգ ներդնենք»:

Ի պատասխան Հակոբ Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, պարոն Մինասյան, որ դուք մինչեւ հիմա չգիտեք, որ թոշակ ստացողներին ուղղակիորեն չենք հարցնում՝ դրսում ի՞նչ եք ստանում, աշխատում եք, թե ոչ: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք»: Ա. Մինասյանի արձագանքը չուշացավ. «Ցավոք, դուք մինչեւ հիմա չեք տիրապետում, որ օրինակ՝ դատավորների, զինվորականների, նախարարների դեպքում կատարվում է նման հարցում: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ, ի տարբերություն շատերի»:

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւս խոսեց պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի եւ այլ արտոնությունների մասին: Հայտարարեց, որ մեր նախագահները խիստ պահանջարկված են մեր հասարակական-քաղաքական կյանքում, ու հենց սա է այս օրենսդրական փոփոխությունների մեխը. «Սա է պատասխանը միջազգային հանրությանը, որ ՀՀ-ում չկա թշնամանք մեր երկրի ներսում: Անձնական խնդիրներն այս պարագայում հետին պլան են մղվում, երբ հարցը վերաբերում է պետականությանը, ու հիշեք՝ եթե քար ենք նետում դեպի անցյալ, ապա ապագան թնդանոթով կպատասխանի: Կուզեմ, որ մենք էլ ԱՄՆ-ի նման մեր պաշտոնաթող նախագահներին ցմահ դիմենք «պարոն նախագահ» եզրույթով»: Նախագծի հաջորդ պաշտպանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էր. «Այս նախագծերը պետականության հասունության ուղերձ են նաեւ, ու այստեղ ոչ թե անձերի խնդիր է, այլ՝ պատմական կերպարների»: Նա նաեւ ժպտալով հետարքրքվեց՝ արդյոք չկան բոնուսներ նաեւ այն քաղաքական գործիչների դեպքում, որոնք իրենց են համարում ընտրված նախագահներ… «Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, կառուցողական ելույթի համար, սակայն չի բացառվում, որ ձեր ելույթից հետո հայտնվեն մարդիկ, որ ասեն՝ իրենք էլ են ընտրվել»,- կատակեց արդեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  

Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահներից միայն մեկն է ընտրվել նախագահ, մյուսները՝ բռնազավթել են նախագահի աթոռը: Նա հայտարարեց, որ ոչ թե մեծ կենսաթոշակ կնշանակեր պաշտոնաթող նախագահներին, այլ նրանց կպատվեր ամսական 41 հազար դրամ եւ մի փոքրիկ խրճիթ տալով, ինչպես այսօր ապրում են աղքատ տատիկ-պապիկները. «Հետ տարեք այս նախագիծը: Միասնությունից եք խոսում, սակայն սա միասնության օրինագիծ չէ: Այս 3 նախագահն էլ պետք է հեռանան, եթե չենք ուզում կործանվենք»:

«Այս ամբիոնը նախատեսված չէ, որ այն օգտագործենք նախագահական ճառեր ասելու համար: Իսկ հեռացողը հեռացել է, մնացողը՝ մնացել, տիկին»,-  արձագանքեց Է. Շարմազանովը:

Մեր կողմից հավելենք, որ այս նախագծերը հերթի դնելուց հետո, պետք է ուշադիր զննել երկրի քաղաքական դաշտը: Արդեն ավելի քան 25 տարի ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ՝ գործող, նախագահները տնօրինում են երկրի քաղաքական ոլորտը, ունեն ամեն ինչ եւ մի բան չունեն՝ այն, որ ոչ մի բանի կարիք չունեն:

Ուստի «դոշով» այս նախագիծը պաշտպանելու կարիք չկա, կարծում ենք՝ ժամանակավրեպ է:

Նարե Մշեցյան

Մեր ամենահարուստ եւ հարուստ նախարարները

ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ըստ տեղեկանքի՝ ամենաշատ դրամական միջոցներ ունի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 մլրդ 214 մլն 600 000 դրամ (269,000,000 դրամ, 1,970,000 դոլար)։ Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը շատ ավելին է հայտարարագրել, քան ամուսինը՝ շուրջ 1, 5 մլրդ դրամ (180 մլն դրամ, 2 մլն 745 000 դոլար)։

Մյուս հարուստը  բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է, ով ունի 1 մլրդ 184 մլն դրամ։ Նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, ըստ 2013թ. հայտարարագրի՝ ունի 300, 630, 945 դրամ։

Երրորդ հորիզոնականում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է, ով 2014թ. համար հայտարարագիր չի ներկայացրել, բայց ըստ 2013թ. հայտարարագրի՝ ունի 92,000.00 դոլար, 535,408,000 դրամ, որը դրամով կազմում է շուրջ 580 մլն դրամ։ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, հայտարարագրել է շուրջ 33 մլն 700 հազ դրամ։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է՝ շուրջ 359 մլն դրամ։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ունի 81,200 դոլար, 75,120 եվրո,  174,950,385 դրամ, որը դրամով կազմում է՝ 254 մլն դրամ։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ ունի շուրջ 51 մլն դրամ՝ 26,881 դոլար, 21,827.00 եվրո, 26,736,000 դրամ։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարագրել է 14 մլն դրամ եւ 48,000 դոլար, ընդհանուրը՝ 37 մլն դրամ։

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ ունի 49,800 եվրո եւ 140,000 դոլար, որը դրամով կազմում է՝ շուրջ 35 մլն դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2014թ. հայտարարագրել է 30,000,000 դրամ։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 29 մլն 800,000 դրամ։

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարագրել է 25,000,000 դրամ։

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարագրել է  550,000 դրամ, 37,000 եվրո, 1,200 դոլար։ Դրամային հաշվարկով նա 22 մլն դրամ ունի։

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2014թ. հայտարարագիր չի ներկայացրել, իսկ ըստ 2013թ. տեղեկանքի՝ նա հայտարարագրել է 18,000,000 դրամ։

ՊՆ Սեյրան Օհանյանը հայտարարագրել է 16,000,000 դրամ։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 6,500,000 դրամի եւ 20,000 դոլարի տեր է։

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարագրել է  5,000,000 դրամ, 14,000.00 դոլար, միասին 11 մլն դրամ։

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 11,5 մլն դրամ՝ 7,000,000 դրամ, 6,000 դոլար եւ 3,500 եվրո։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարագրել է 4 մլն դրամ։

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը 1,900,000 դրամ ունի։

«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.