Հայկական խոհանոց – Ոսպը՝ կանաչ թանձրուկով… Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ոսպը՝ կանաչ թանձրուկով

Բաղադրությունը – Ոսպ – 0.5 կգ, գլուխ սոխ – 0.5 կգ, սխտոր – 50 գ, սամիթ – 0.5 կապ, համեմ – 0.5 կապ, աղ, սպիտակ պղպեղ, ձիթայուղ:

Թանձրուկի համար՝ ընկույզ – 100 գ, սպիտակ գինի – 100 գ, խնձորի քացախ – 50 գ, ձիթայուղ – 50 գ, սպանախ – 1 կապ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Ոսպը թրջել, խաշել: Սոխը լուսնաձեւ կտրատել, ձիթայուղով տապակել: Հենց կրակից վերցնել, ավելացնել կտրտած սխտորը: Խառնել ոսպին, համեմել աղով եւ պղպեղով, ավելացնել սամիթն ու համեմը:

Թանձրուկ պատրաստելու համար ընկույզը հարիչով խառնել՝ մինչեւ փոշիանման զանգված դառնա: Ավելացնել սպիտակ պղպեղը, գինին, քացախը: Խառնել, ավելացնել ձիթայուղը, կտրտած սպանախը: Կրկին խառնել:

Ափսեի մեջ լցնել ոսպը՝ մեջտեղը փոսիկ թողնելով: Փոսիկի մեջ էլ լցնել թանձրուկը եւ մատուցել: Անու՛շ լինի: Վայելե՛ք այս ախորժալի, սննդարար եւ դյուրամարս ուտեստը:

Համաճարակ չկա

Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ, իսկ տեղի ունեցածը բռնկում էր: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հայտնեց, որ վարակի տարածումը դիտարկվել է որպես բռնկում եւ ժամանակին ձեռնարկվել են համապատասխան քայլերը: «Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, առաջարկով դիմեցինք ԿԳՆ՝ երկարաձգելու գարնանային արձակուրդները: Նշեմ, որ հիվանդության դեպքերի գրեթե 80%-ն արձանագրվել էր 0-18 տարեկան երեխաների շրջանում: Վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են  նաեւ ռիսկային մանկապարտեզները՝ թվով 7-ը, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը՝ Տավուշի եւ 1-ը՝ Վայոց ձորի մարզերում»,- ասաց նախարարը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Անուշը թագուհների չեմպիոնուհի, Անին՝ փոխչեմպիոնուհի

Գերմանիայի Շտարլզունդ քաղաքում մարտի 17-22-ը կայացած մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկան աղջիկների բռնցքամարտի «Թագուհիների գավաթ» ինքնատիպ անվանումը կրող՝ «Queens-Cup» U-19/17՝ միջազգային ներկայացուցչական մրցաշարում 12 երկրների ուժեղագույն մարզուհիների պայքարում իրենց գերազանց դրսեւորեցին մինչ 19 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացրած Անուշ Գրիգորյանը (51 կգ) եւ Անի Հովսեփյանը (57 կգ):  

Նրանք վստահ ու համոզիչ հաղթանակներ տանելով իրենց նախնական փուլերի հանդիպումներում՝ իրավունք նվաճեցին եզրափակչում վիճարկելու «Թագուհիների գավաթը»: Նշենք, որ երիտասարդ աղջիկների՝ մինչեւ 19 տարեկանների մրցաշարի 8 քաշային կարգում եզրափակիչ մտած 16 մարզուհիները ներկայացնում էին 7 երկիր: Վճռորոշ փուլում Իտալիան ուներ 5, Շվեդիան՝ 3, Հայաստանը, Գերմանիան եւ Լեհաստանը՝ 2-ական, իսկ Տայպեյն ու Ֆրանսիան ՝ 1-ական ներկայացուցիչ: Տեղեկացնենք նաեւ, որ այս մրցաշարում հաղթողները որոշվում են են 2 րոպե տեւողությամբ 4 ռաունդանոց մենամարտերում:

Մեր մարզուհիներից 51 կգ քաշային կարգում հանդես եկած 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանն, ում 18 տարին լրանալու է ապրիլի 14-ին, ստուգատեսի հաղթողի կոչումը եւ «Թագուհիների գավաթը» վիճարկում էր Շվեդիայի ներկայացուցիչ Կարին Նորենի, իսկ 57 կգ քաշային Անի Հովսեփյանն էլ՝ Իտալիայի պատվիրակ Իրմա Տեստայի հետ: Վերջինս 2014թ Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի 51 կգ քաշային կարգի փոխչեմպիոնուհին է:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 24-ին՝ հայ ժողովրդի համար պատմական օրը, աղջիկների 51 կգ քաշային կարգում 17-ամյա Անուշ Գրիգորյանը, ինչպես Սոֆիայում անցկացրած բոլոր մենամարտերում, եզրափակչում էլ առավել քան համոզիչ առավելությամբ 3:0 (39:37, 40: 36, 40:36) հաշվով պարտության մատնեց հենց իտալուհի Իրմա Տեստային ու հռչակվեց աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնուհի:

Գերմանիայում միջազգային մրցաշարում ունեցած ելույթներին ֆեսյսբուքյան իր էջում այսպիսի գնահատական է տվել բռնցքամրտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը. «Ի սրտե շնորհավորում եմ մեր 2 աղջիկներին՝ նվաճած մեդալների կապակցությամբ։ Գերմանիայում ընթացող միջազգային մրցաշարը Անուշ Գրիգորյանի եւ Անի Հովսեփյանի համար կարեւոր փորձ էր, քանի որ նրանք մայիս ամսին պետք է մասնակցեն Տայպեյում կայանալիք երիտասարդ աղջիկների աշխարհի առաջնությանը: Անուշ Գրիգորյանն անցկացրեց երեք գեղեցիկ մենամարտ եւ հայրենիք է վերադառնում ոսկե մեդալով, իսկ Անի Հովսեփյանն՝ արծաթե մեդալով: Կարծում եմ՝ սա հաջող մեկնարկ էր երիտասարդ մարզուհիների համար»:

Հավելենք, որ մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկան աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությունները ընթանալու են մայիսի 14-24-ը:

Վոլոդյա Ֆրանգուլյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լեհաստանի Վալբժիխ քաղաքում շարունակվող մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցաշարի 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վոլոդյա Ֆրանգուլյանը Եվրոպայի չեմպիոն է ճանաչվել: Մինչեւ այդ նա 1/8 եզրափակչում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ձիանիս Մաքսիմաուին, քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզիտալովին, իսկ կիսեզրափակչում առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ռեջեփ Տոպալի նկատմամբ:

Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն է եղել ուկրաինացի Անրեյ Սվիրիդը, ում Ֆրանգուլյանը հաղթել է 8:3 հաշվով: Այսպիսով հայ մարզիկը դարձել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին հայ չեմպիոնը:

70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Իշխան Պողոսյանը, ով կիսաեզրափակչում պարտվելով ռուսաստանցի Ռասուլ Արսանլիևին իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար գոտեմարտում, որտեղ նրա մրցակիցն էր լինելու բելառուս Ալեքսանդր Կարպաչը: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար մենամարտում պարտվել է 21:10 հաշվով:

86 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Թամրազյանը քառորդ եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացնող Շամիլ Կուդիամագամեդովին և զրկվել է մեդալների համար պայքարից:

Առաջնության առաջին օրն արծաթե մեդալ էր վաստակել 74 կգ քաշային Արթուր Գրիգորյանը: Ըմբշամարտի Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնություն առաջին անգամ է անցկացվում:

Հարություն Մերդինյանը՝ ոսկե մեդալակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտին է մոտենում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Սպասելիքները գերազանցում են Հայաստանի բոլոր 4 պատվիրակները: Նրանք թեեւ ընթացիկ մրցաշրջանում առաջին մեկնարկն են կատարում, բայց բոլորն էլ կարողացան մտնել եզրափակիչ: Ավելին՝ նժույգթափերում  8 ուժեղագույնների պայքարում հավասարը չունեցավ մեր Հարություն Մերդինյանը: Նա վաստակեց 14,775 միավոր, վստահորեն գրավեց առաջին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալին: Նրանից բավական հետ մնաց 2-րդը ճանաչված խորվաթ Բարոն Մաթիան` 14,6 միավոր: Նույն գործիքի վրա հաճելի անակնկալ մատուցեց Արթուր Դավթյանը: Նա 8-րդ արդյունքով մտավ ութնյակ: Բայց մեդալների համար վճռական պայքարում դրսեւորեց նախանձելի սառանասրտություն, հավասարակշռություն եւ նպատակամղված կապակցություններով վաստակեց 14,525 միավոր, գրավեց 3-րդ տեղը ու պարգեւատրվեց բրոնզե մեդալով: Ի դեպ, Արթուրնը ելույթ կունենա նաեւ հենացատկերի եզրափակչում: Ինչպես հայտնի է, սա նրա ախասիրած մրցաձեւն է, եւ պատահական չէ, որ եզրափակիչ է մտել 1-ին ցուցանիշով:

Ուրախացրեցին նաեւ օղակներում վճռական փուլ մտած մեր 2 վարպետները: Ճիշտ է՝ գավաթակիր դարձավ 1-ինը ճանաչված, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, բրազիլացի Արթուր Զենեթին (15,725 միավոր), բայց հայաստանցի Արթուր Թովմասյանի` 15,425 միավորով գրաված 2-րդ տեղն ու նվաճած արծաթե պարգեւը նույնպես բարձր է գնահատվում: Նրան հաջորդեցին եւ լավագույն քառյակում տեղ գտան ռումինացի Անդրեյ Մունտյանը (15,325) եւ երեւանցի Վահագն Դավթյանը (15,275):

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Մարտի  27-ին Մոսկվայում մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիեւի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ:

Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝ մեր ամենահեղինակավոր մարզիկը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացրեց մրցելույթները եւ 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը:

Մեկ մեդալ էլ այդ օրը նվաճեց Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով 3-րդ տեղը:

Հայաստանի սամբոյի առաջնությունը` Արցախում

Նախագահ Բակո Սահակյանը մեծ կարեւորություն է տալիս Արցախում սպորտի զարգացմանը եւ տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը:

Այս անգամ նա ներկա է գտնվել Ստեփանակերտում անցկացված Հայաստանի սամբոյի տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին: Արցախի ղեկավարը նշել է, որ սպորտը միշտ մեծ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում եւ մեծապես նպաստել է սերունդների ֆիզիկական դաստիարակության գործին:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայ գրոսմայստերները` ԱՄՆ-ի առաջնությունում

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Սամվել Սեւյանը ապրիլի 1-13-ը կմասնակցեն Սենթ Լուիսում անցկացվելիք ԱՄՆ-ի առաջնությանը: Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը նույն օրերին Սենթ Լուիսում կմասնակցի ԱՄՆ-ի կանանց առաջնությանը:

Պլատինին վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ֆրանսիացի Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում եւ կազմակերպությունը կղեկավարի մինչեւ 2019թ.: Ընտրություններն ընթացել են առանց այլընտրանքի: 20-րդ դարի Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստն առաջին անգամ ՈւԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2007թ.: Այն ժամանակ նա ընտրություններում հաղթեց գործող նախագահ Լենարտ Յուհանսոնին: 59-ամյա նախագահը վերընտրվեց 2011թ.: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա այլ թեկնածուներ չէին առաջադրվել:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ալբանիա

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Ալբանիա: Մարտի 29-ին, ժամը 20:00-ին Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Էլբասան քաղաքում կմրցի Ալբանիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա է մեկնել հետեւյալ կազմով՝

Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան), Գևորգ Կասպարով «Միկա», Արսեն Բեգլարյան «Ուլիս»:

Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան), Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան), Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Լևոն Հայրապետյան «Փյունիկ», Տարոն Ոսկանյան «Փյունիկ», Վարազդատ Հարոյան «Փյունիկ», Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»:

Կիսապաշտպաններ՝ Արթուր Եդիգարյան «Դինամո» (Մինսկ, Բելառուս), Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս» (Լիտվա), Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Գեւորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան), Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան), Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա), Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Զավեն Բադոյան «Փյունիկ»:

Հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան),Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան), Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան):

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.