Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (1-ին մաս)…

Սովորաբար գրող-ընթերցող փոխադարձ կապը հաստատվում է տարբեր եղանակներով՝ սկսած լույս ընծայված գրքի անմիջական հանդիպում-քննարկումներից մինչեւ հեռահար արձագանքների հրապարակումները: Գրողների գործերի գեղարվեստական արժեքի մասին լայն ընթերցողական շրջանակում տեղեկանալու համար առավել հարմար ձեւը՝ ֆրագմենտար (ասույթի) խոսքի սահմանում սեղմված հակիրճ գնահատականներն են՝ քաղված գրողական արվեստի ներկայացուցիչների գրախոսականներից, աշխատություններից, հոդվածներից…

Սույն հոդվածի շարժառիթը ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին 70 գնահատականների գոյության փաստն է, որ ինքնին վկայում է արդի գրականության ասպարեզում նրա՝ որպես ամենագրախոսվող հեղինակներից մեկը լինելու իրողությունը:

Իբրեւ հիշատակի ու մեծարանքի երախտիքի արտահայտություն՝ առաջինը մեջբերենք մեծ բանաստեղծ, Սոնա Վանի մի շարք գործերի թարգմանիչ եւ լավագույն բարեկամ, համառուսաստանյան «Պոետ» ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր Իննա Լիսնյանսկայայի տարբեր ժամանակներում ու առիթներով արտահայտած մտքերը թերեւս ամբողջությամբ:

Ուզում եմ իմ ողջույնի խոսքը փոխանցել Սոնա Վանին իբրեւ նամակ: Ինձ շատ-շատ դուր եկան նրա բանաստեղծությունները. նրանք ինձ դուր եկան մտքի ճկունությամբ, նրանք ինձ դուր եկան զգացմունքայնությամբ, նրանք ինձ դուր եկան ռիթմի բեկունությամբ: Ես չէի սպասում, որ երբեւէ կկարողանամ ազատ բանաստեղծություն թարգմանել: Նույնիսկ վախենում էի ջանալ, սակայն հետո այդ աշխարհն ինձ գրավեց, որովհետեւ Սոնա Վանը ճշմարիտ բանաստեղծ է՝ զգայուն, մտածող, ոչ մեկի նման չէ: Ես ուրախ եմ մեր այս հեռակա հանդիպման համար, բայց այդ՝ հեռակա հանդիպումը, անհամեմատելի է այն բանի հետ, երբ բանաստեղծները հանդիպում են բանաստեղծության խորքում: Եվ երբ հանդիպեցի այդ բանաստեղծություններին, ինչպես ասում են, հոգիս բռնկվեց: Եվ ուզում էի, որ նրանք հնչեն ռուսերեն: Ու ինչ-որ զորեցի՝ արեցի, անշուշտ, ոչ այնքան լավ, որքան իր մոտ է… Բայց որքան զորեցի…

Ներկայացնենք Իննա Լիսնյանսկայայի եւս մեկ գնահատականը արդեն իսկ երկու պոետների առաջին ծանոթությունից հետո, որը կազմակերպել է Սոնա Վանի ռուսերեն առաջին՝ «Անքնության զուգահեռներ» (,,Պարալլելի բեսսոննիցի,,) Մոսկվայում լույս տեսած ժողովածուի, այժմ տպագրության պատրաստվող երկրորդ գրքի հրատարակիչ՝ բանաստեղծ, թարգմանիչ Աննա Բերդիչեւսկայան:  

Չնայած ակնհայտ ինտելեկտուալ ուժի, սա ոչ թե իմացության, այլ էմոցիայի ներքին հոգեւոր շարժման տանող գրականություն է, որը ընթերցողին հասնում է հաճույքի ու կարեկցանքի նրբերանգով։ Զգացողությունների եւ հոգեվիճակների համարյա աճպարարական ընթացքի մեջ Սոնա Վանը բազմաթիվ հոգեբանական հայտնություններ է անում, առանց զոհաբերելու խոսքի պարզությունն ու թափանցիկությունը։ Սա գիր է, որը հայտնվում է անճիգ թեթեւությամբ, բայց ընթերցողի հիշողության մեջ ամրագրվում է որմնանկարի ամրությամբ՝ հաճախ դառնալով նրա հոգեւոր կենսագրության հավելումը:

Սա գգացող ու մտածող կնոջ ձայն է… ինքնատիպ, ոչ մեկին չնմանվող։ Ինձ հատկապես հիացնում է մտքի խորը եւ մակերեսային շերտերի միջեւ ճշգրիտ ու նուրբ հարաբերություններ ստեղծելու նրա տաղանդը, բնության ու արյան լսելի ու երեւակայական ռիթմերի միջեւ ներդաշնակություն գտնելու նրա անճիգ մղվածությունը։ Ոչ միայն դրամատիկ վիճակներում ու հավերժական թեմաներում, այլ՝ մինչեւ իսկ ապրումի կոմիկականության մեջ Սոնա Վանին զարմանալիորեն հաջողվում է դիպչել ընթերցողի հոգու ու ինտելեկտի նրբագույն շերտերին, առաջացնելով մարդկային փորձի իրական զգացողություն։ Մեր հանդիպումը նախ տողերի մեջ եւ ապա անձամբ, իմ կյանքի ամենաթանկ ու գունեղ անակնկալներից է։

Սոնա Վանը մեր ժամանակների մեծագույն երեւույթներից է։

Թվում էր, թե Իննա Լիսնյանսկայան իր կյանքի մայրամուտին՝ 9-րդ տասնամյակի մատույցներում կրտսեր իր արվեստակցի ստեղծագործական գործունեության մասին գնահատանքի իր գրառումները կարծես այսքանով ավարտել է, եւ սակայն, վերջերս Սոնա Վանի արխիվը վերանայելիս հայտնվեց ռուս պոետի եւս մեկ գրառում:

Երբ իրականությունը ինքնին գրոտեսկային է եւ պատմական հիշողությունն էլ առավել դժոխային պատկերներ է պարունակում, քան երեւակայությունն է ի զորու ստեղծել, գրողի խնդիրը դառնում է մարդկային հիշողությունը փրկելը՝ դժոխային հոտերը բուրմունքի վերածելու ալքիմիան: Սոնա Վանի օժտված ու կարեկից գրիչը այս խնդիրը լուծում է մեծ նկարչին հատուկ ջրաներկային գույների թեթեւությամբ: Երեխայի վիրակապը փոխող բժշկի հոգացությամբ նա մի պահ բացում – ցույց է տալիս արատավոր մարդկության դեռեւս թաց վերքերը, բայց եւ կարեկից արագությամբ էլ անմիջապես շեղում է նրա ուշադրությունը՝ տեղափոխելով այն գեղագիտական մեկ այլ հարթություն, որտեղ կյանքի եւ հույսի հնարավորությունը դեռեւս բացառված չէ: Մարդկային փորձի, ապրումի, ճշմարտացիության, մետաֆորի նորարարության եւ պատկերի թարմության, ինչպես նաեւ վերջնական էֆեկտի ու ազդեցության խորության առումով, սա ինձ համար եզակիորեն արժեքավոր գիր է, լի տողերով ու պատկերներով, որոնք ուզում ես պարզապես խլել… քոնը դարձնել… անմիջապես:

Կյանքից վերջերս հեռացած մեծ բանաստեղծուհին, քաջածանոթ լինելով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» ժողովածուի՝ դեռեւս հրատարակչական նախնական տարբերակին (այստեղ նա եւս ունի մի քանի թարգմանություններ), հասցրեց արտահայտել պոետի գլխավոր ու նվիրական ստեղծագործական սխրանքի մասին: Ընդամենը մի քանի գործերի հիմամբ Իննա Լիսնյանսկայան հանգել է հետեւությանն առ այն, որ՝ «Հայերի ցեղասպանության թեմայով Սոնա Վանի գործերը անկասկած պետք է համարել մինչ օրս գրված ամենահզորներից մեկը»:

Ի դեպ, «Պոետ» մրցանակի դափնեկրի երկու դուստրերը, բնակվելով Իսրայելում, ցանկություն են հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ժողովածուն եբրայերեն թարգմանությամբ հրապարակել նաեւ իրենց երկրում, որը կլինի 9-րդը՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն լեզուների շարքում:

«Գրիչը փոխանցենք» բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանին. «Ինչպես Ուիլիամ Բլեյքի լիրիկայում այստեղ եւս Աստված ազատ, ճշմարիտ ու ստեղծագործ էություն է, եւ ինչպես Սարոյանի լավագույն պատմվածքներում Սոնա Վանի երկերում եւս առկա է ամերիկյան պրագմատիկ իրողության եւ հայի բնական էության բախումը։ Ուիթմենյան «Խոտի տերեւների» կյանք կոչվող համակարգի բացահայտման մղումներով եւ Սիլվա Պլատի խոստովանական լեզվի հմտությամբ է Սոնա Վանը յուրովի վերակերտում իր ներաշխարհի սահմանները, նոր չափումներ ու իմաստ հաղորդում իրականությանը՝ դառնալով բնական իրողությունների արձանագրողը, արդարացնողն ու ամոքիչը։

Ինչպես Վան Գոգի «Ծերունու կոշիկները» կտավի մեջ, Սոնա Վանի գործերը եւս ներկայացնում են մարդկային ճակատագիր, մարդու անցած ուղի-այնքան որ խորն է ապրումի, գույնի եւ առարկայի միասնությունը։

«Նարցիս» գրական-մշակութային հանդեսի համահիմնադիրների՝ Սոնա Վանի եւ բանաստեղծ, թատերագիր Վահան Վարդանյանի համատեղ աշխատանքային տարիներին, կյանքից վաղաժամ հեռացած հանդեսի գլխավոր խմբագիր Վ. Վարդանյանը հաճախ էր գրչընկերուհու արվեստի մասին վերլուծական կարծիքներ հայտնում: Ահա՛ մեկը դրանցից. «Սոնան նախ իր, ապա ընթերցողի աչքն է փրկում իրականության տխեղծությունից: Միայն ընտրյալին հատուկ այս շնորհների համադրությամբ է, որ դասականության ու պոետական լեզվի պայմանականությունները խախտելով հանդերձ ու առանց պաթոսի Սոնա Վանին, այնուամենայնիվ, հաջողվում է ընթերցողի ծույլ ականջը բերել կատարյալ սեւեռումի, պաթոսը թողնելով տողի անակնկալ վերադարձին՝ նրա հիշողության մեջ, որը երբեք չի ուշանում»:

Փարիզում աշխատանքային գործունեություն ծավալող ֆոտոլրագրող Սվետլանա Մակավեցկայան լուսանկարչական սարքի օբյեկտիվի սրությամբ, սեփական մտածումների տեսադաշտում, պոետի մասին խոսքն առավել տպավորիչ ներկայացնելու համար երկու մեծությունների անուն է հիշատակում. «Սոնա Վանի երեւակայական պատկերները առաջին հայացքից, իրոք Մարկ Շագալի կերտած գունեղ պատկերների հելիումով լցված փուչիկներով բարձրանում ու կախվում են գլխավերեւումդ, բայց այնուհետեւ հստակ ասոցիատիվ կապ են ստեղծում ընթերցողի հիշողության հետ, թելավորվում են ու հայտնվում ընթերցողի ձեռքում՝ դառնում նրանը: Պարի ու պոեզիայի սիրահարը, ինչպիսին Պիեռ Գարդենն է (ում հետ զրուցել ենք Սոնա Վանի բանաստեղծությունների մասին), չի կարող չհիանալ բանաստեղծական արարքի այս ձեւով, զգացումի ու շարժման այս սինխրոն պլաստիկայով, ասելիքի այսօրինակ ջղաձիգ վայելչագեղությամբ: Ես հույս ունեմ, որ, ինչպես խոստացավ նորաձեւության արքա Պիեռ Գարդենը, Սոնա Վանի ֆրանսերեն գիրքը այստեղ Փարիզում առաջիկայում կմատուցվի իր ընթերցողին»:

Մեկ այլ կին գործիչ՝ եւս փարիզաբնակ արվեստաբան Ամինա Մուհամեդի գրառումը, որտեղ նա խոստանում է միառժամանակ անց իր կողմից թարգմանելիք գիրքը, հպարտությամբ հանձնել ընթերցողի դատին. «Թե՛ եվրոպացի, թե՛ նախնական կամ վայրի ցեղերի»: Փոխաբերական իր ասվածին արվեստաբանը հավելում է. «…ու ես պետք է անեմ դա»: Որ ասել է, ուրեմն կանի, բայց վայրի ո՞ր լեզվով. նա մասնագիտական թե այլ բնորոշմամբ այս գաղտնիքը չի բացահայտում, բայց որ այս խոսքերը Սոնա Վան կարդալու ազդեցությամբ են գրվել, երեւում է նաեւ գրվածքի ենթատեքստում. «Ես Սոնա Վանին կարդացի ֆրանսերեն ու անգլերեն, եւ երկու դեպքում էլ առկա էր ինքնատիպ, հզոր բանաստեղծական անհատականությունը եւ մտքի սրընթաց շարժման բնատուր ու թարմ պլաստիկան: Ժամանակի այսպիսի զիգզագումների եւ ասոցիացիաների համարյա տարօրինակ թվացող նորության պարագայում՝ ստեղծագործող մտքի առողջությունն ու իրատեսությունը պահպանելն իսկ ինքնին փորձություն է, որից Սոնա Վանը անցնում է առանց տեսանելի ճիգի, իր իսկ պատրաստած ծուղակից ամեն անգամ դուրս գալով հաղթանակած: Այս հնարքի հիմքում ընկած է կրքոտ սեւեռումով տողի շարժման գիծը պահպանելու մեծ կարողությունը, գիծ, որը հաճախ հանճարեղ նկարչի գծի ճշգրտությունն ունի»:

Ոչ հատուկ իմ ընտրությամբ այս եւ նախորդ կին գործիչների խոսքում հետաքրքիր մի զուգադիպությամբ վկայակոչվում են հանճարեղ երկու նկարիչների հետ ստեղծագործական սինթեզ-մոտեցումի հարանվանության եզրեր:

Ծանոթանանք եւս մի կնոջ՝ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու արձագանքին, որը կառուցված է էսսեի ու արձակ բանաստեղծության սինթեզի ոճով.

Ահա՛ իմ առջեւ «Բառի տաճարը» վրացերեն գիրքն է:

Այն կառուցվել է կին-բանաստեղծ Սոնա Վանի խոսքով, ողողված նրա արցունքներով, գեղեցկացված ամենօրյա աշխատանքով:

Հանուն ինչի: Հանուն հոգու հանգստությա՞ն: Հանուն մեղքերի թողությա՞ն, թե պարզապես տանիք է գլխավերեւում, որտեղ կարելի է պատսպարվել չար աչքից, փրկություն գտնել բոլոր կարերով ճարճատող այս աշխարհից……

Սոնա Վանի բանաստեղծությունները ինձ երեւակվում են քնի եւ արթնության, խելացնորության եւ իմաստության, հոգեկան ջերմության եւ ցավի սահմանում…

Սոնա Վանի ճշմարտապես բյուրեղյա գիրքը ասես ներթափանցված է Փրկչի օրհնյալ հայացքով:

Մի տեսակ արդար չէ, երեք գեղանի կնոջ գրառումներից հետո չդնել գրականության այր մի տեսաբանի՝ «Կուլտուրա» պարբերականի գլխավոր խմբագիր, գրաքննադատ Յուրի Բելյավսկու՝ Սոնա Վանի մասին իր խմբագրած հանդեսում հեղինակած «Կինը հայելիների միջեւ» ծավալուն հոդվածից Սոնա Վանի պոեզիայի էությունը բնորոշող ըստ էության հանրագիտարանային ուսյալության պարագայում համարժեք հատվածը. «Սա արժանապատիվ մերկության պոեզիա է, որը սակայն ոչ թե վայրենի էրոսի, այլ ընդհակառակը՝ ողբերգականության ու կարեկցանքի զգացողություն է ծնում հանդեպ կանացի անպաշտպան մարմինն ու մինչեւ իսկ զայրույթ, հանդեպ այն չարաշահելու կիրքը ինչպես ռեմբրանդյան կտավներում պատկերված կանացի մերկությունը: Գոյաբանական ռեալիզացիայի պահը ոչ թե ցնցումի, այլ հաճելի գլխապտույտի մեջ է գցում ընթերցողին… Եվ սա ինքնին լավ, կարեւոր բան է մեր օրերում… սա նաեւ բանաստեղծության սահմաները ընդարձակելու հաջողված օրինակ է… Վերջնարդյունքում սա քնի մեջ տեսանող կնոջ զրույցն է բաց աչքերով քնած ժամանակի տիկնիկի հետ»:

Լոս Անջելեսում բնակվող բանասեր, համաշխարհային գրականության տեսաբան Աննա Անդերսոնը Սոնա Վան պոետի մասին հեղինակած հոդվածում արել է մի քանի ձեւակերպումներ, որոնցում այս անգամ համեմատական եզրերի առանցքում նշվում են սոսկ կին ստեղծագործողների անուններ: Իսկ նրա արտահայտած հատկապես վերջին միտքը համահունչ է Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» ժողովածուի ոգուն. «Համաշխարհային գրականության  ականավոր կին գրողների համեմատության մեջ անգամ Սոնա Վանը առանձնանում է իր կանացի լիարժեքության զգացումով, համարձակության ու ընդգրկումի չափով: Վերջինիա Վուլֆ, Ժորժ Սանդ, Ֆրիդա Կալլո, Էդնա  Սեյնթ, Վինսենթ Միլլեր և ուրիշները ունեին կանացի թերարժեքության բարդույթ եւ հաճախ էին օգտվում տղամարդու «հենակներից»… Սոնա Վանը կրողն է կնոջ բազմաշերտության, նրա հավաքական կերպարի ու նրա բազմաձայնության: Նա էրոսը բարձրացնում է մեկ այլ հարթություն: Մինչ օրս ոչ մի բանաստեղծ չի հասել մերկության ու պարզության այս չափին, չի կարողացել այսպես կապել իրականն ու անիրականը, առօրեականն ու երկնայինը: Հայ ժողովրդի գաղթականության ալիքը ափ է հանել մի հազվագյուտ մարգարիտ, հայ գրավոր մտքի Մարիամ Մագթաղենացի, որպեսզի գա ու վկայի:

Շարունակելի

Մանե Սամարյան, ռեժիսոր, լրագրող, 2015թ. ապրիլ

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Արվեստ, Հոդվածներ. Bookmark the permalink.