![]()
Վերջերս ներկա իշխանություններին ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հետեւողականորեն վարում են մեծանուն հայ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) եւ նրա ստեղծած Ցեղակրոն ուսմունքի (որոշակիորեն նաեւ՝ Հայկ Ասատրյանի Տարոնական ոսմունքի) դատափետման քաղաքականություն:
Սկզբում կարծես հիմնական մաղձը թափվում էր իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ–ի եւ ՀՅԴ–ի վրա, հետո՝ միայն ՀՀԿ–ի: Այս կուսակցությունը իրավացիորեն մեղադրվում էր Նժդեհին ու Ցեղակրոնության գաղափարները վարկաբեկելու մեջ: Հարցերն ու մեղադանքները կարծես հստակ էին եւ ինչ-որ տեղ համապատասխանում էին իրականությանը:
«Լուսանցք»-ը նույնպես անդրադարձել է այս խնդրին՝ բայց զատելով Նժդեհյան Ցեղակրոնությունը հանրապետական ցեղակրոնությունից:
Սակայն, այդ նույն գործիչներից ու լրատվամիջոցներից շատերն արդեն այնքան են ոգեւորվել, որ ՀՀԿ–ական ցեղակրոնությանը զուգահեռ սկսել են փնովել ու վատաբանել Նժդեհյան Ցեղակրոնությունը, Գարեգին Նժդեհի ազգանվեր գործունեությունը: Սա շատ վտանգավոր, եթե չասենք հակազգային կեցվածք է եւ անհարիր է ազգից ու հայրենիքից ամեն օր խոսացող քաղաքական այրերին ու մամուլի աշխատակիցներին:
Եթե ցանկություն կա իշխանություններին կամ ՀՀԿ–ին ինչ-որ բան հասկացնել, հասկացրեք ուղղակի: Չի կարելի անուղղակիորեն հարվածել մի հայորդու ու նրա ստեղծած կուռ ազգային ուսմունքին ինչ-որբան ոմանց հասկացնելու համար: Այսօրվա ազգային հերոսներին հարգանքի տուրք տալու մասին ենք խոսում, բայց վարկաբեկում ենք մեր փառապանծ նախնու կերպարը: Ավելին՝ ուզու՞մ եք ՀՀԿ–ին բան հասկացնել, հասկացրեք հենց Նժդեհով եւ ոչ նա դեմ խոսելով:
Իսկ եթե իրապես Նժդեհի ու Ցեղակրոնության դեմ խոսացողներ կան, ապա սա այլ թեմա է…
Հայկ Թորգոմյան



