Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, սակայն առայժմ հայտնի չէ, թե որքանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայտը, սակայն որոշման մասին կհայտնեն հունիսի 9-ին կամ 10-ին։
Ինչ վերաբերում է հայտում ներառված ծախսերին՝վարձակալած տներ, ավտոմեքենաներ, թանկ շինանյութ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց, որ ՀԷՑ-ի հայտում «շքեղության որեւէ էլեմենտ իր արտացոլումը չի գտնի»:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1 կվ էլեկտրաէներգիան 17 դրամով բարձրացնելու խնդրանքով։ Դեմ արտահայտվող քաղաքական ուժերը եւ քաղաքացիները պնդում են, որ թանկացումը մի նպատակ ունի՝ սպառողների հաշվին մարել ՀԷՑ-ի կուտակած 250 միլիոն դոլար պարտքը:
Պահանջվում են ապուշներ
Ստացվում է՝ շքեղության էլեմենտները լավ էլ տեղ են գտնում հայտում:
Էս հե՛չ, կարեւորը ՀԷՑ-ը մեզ խնդրանքով է դիմել՝ խնդրում եմ թանկացնե՛լ, դե մոտավորապես «պահանջվում են ապուշներ» ոճով:
Տնտեսագետ Հակոբ Սաֆարյանը (նրա խոսքին այնքան էին հղում արել, որ չեմ հիշում սկզբնաղբյուրը) լավ էլ պարզաբանում է, թե այդ ի՜նչ արդարացված թանկացում է (որոշակի կրճատումներ արվել են տեղի սղության պատճառով):
Եվ այսպես՝
«2015թ. մայիսի 14-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման հայտով:
Հայտի հետ միասին «ՀԷՑ»-ը հանձաժողով է ներկայացրել նաեւ սակագնի հաշվարկները եւ սակագնի հաշվարկները հիմնավորող փաստաթղթեր:
Առաջին հայացքից հայտում կարծես ամեն ինչ պատշաճ ներկայացված է՝ սյունակ առ սյունակ հիմնավորումներ տալով, թե ինչ հիմքերով պետք է էլեկտրաէներգիայի սակագինը թանկանա մոտ 17 դրամով: Սակայն 20 էջանոց փաստաթղթի ցանկացած էջը մի քանի րոպե տնտղելն իսկ բավական է, որպեսզի ակնառու դառնան ինչպես փնթի վրիպակները, այնպես էլ բովանդակային չհիմնավորված ծախսերը, որոնք չեն խոսում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հրատապության մասին:
Շահույթ: «ՀԷՑ»-ը ներկայացրած հայտում նախատեսում է կանխատեսվող տարում նախորդ տարվա 13 640 մլն դրամի փոխարեն ապահովել 14 970 մլն դրամ շահույթ: Ստացվում է, որ ընկերությունը, չնայած ունեցած ահռելի պարտքերին, մտադրված է ապահովել ավելի մեծ շահույթ, քան նախորդ տարի: Ավելի զավեշտական է այն, որ կանխատեսվող տարում «ՀԷՑ»-ի օգտակար առաքման մակարդակը նվազելու է նախորդ տարվա 5571.92 մլն-ի փոխարեն իջնելով 5554.39, սակայն դա եւս չի ազդում շահույթի մակարդակի վրա, եւ այնուամենայնիվ ընկերությունը, որոշել է բարձր շահույթ ապահովել: Առհասարակ տնտեսվարող սուբյեկտների մոտ, երբ մատուցված ծառայության կամ ապրանքների ֆիզիկական քանակությունը կրճատվում է, այն անմիջապես ազդում է եւ շահույթի մակարդակի վրա, եւ հանգեցնում աշխատողների կրճատումների: Սակայն «ՀԷՑ»-ը կարծես բացառություն է: Այստեղ պլանավորում են ավելի քիչ ապրանք վաճառել, բայց ավելի շատ զուտ շահույթ ստանալ:
Նշենք, որ ըստ հայտի, շահույթի բաժինը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ կազմում է 2.695 դրամ:
Տեխնիկական եւ առեւտրային կորուստներ: Բաշխիչ ցանցերում կորուստների մակարդակը 2015-2016թթ-ին կանխատեսվում է 12.4%, կամ 790.29 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվանից ավելին է 83.99 մլն կՎտ/ժ-ով: Ստացվում է, որ օգտակար առաքումը նվազելու է, իսկ կորուստները, ինչպես եւ շահույթը, ավելանալու են: Հարկ է շեշտել, որ միջազգային պրակտիկայում կորուստների ընդունելի ցուցանիշը 4-5%, իսկ 10%-ը համարվում է առավելագույն թույլատրելին եւ կորուստների սահմանային շեմը: Ինչպես երեւում է մեզանում 10.1% կազմում է միայն տեխնոլոգիական կորուստները:
Այսպիսով՝ շարքային քաղաքացիների սպառած յուրաքանչյուր 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարելիք միջինով 54.628 դրամից 3.66 դրամը ծածկելու է կորուստները: Իսկ մի՞գուցե էլեկտրաէներգիան առանց «ՀԷՑ» մտնելու ավելի քիչ կորուստով հասնի սպառողին:
ՀԷՑ-ը ցեմենտի գործ է դրել
Շահագործման ծախսեր: Այս բաժնում ներառված են «Նյութական ծախսեր» (8039.71 մլն դրամ), «Նորոգման ծախսեր» (2345.35 մլն դրամ), «Աշխատավարձ» (22613.76 մլն դրամ), «Այլ ծախսեր» (6598.34 մլն դրամ): Առասպելական ծախսերը սկսվում են հենց այս բաժնում:
Ի՞նչ ոլորտում աշխատող ընկերություն կարելի է համարել «ՀԷՑ»-ը, եթե պարզվում է, որ 8 մլրդ դրամ անհրաժեշտ նյութական ծախսերի մեջ 45%-ը, կամ 3.6 մլրդը նախատեսված է ցեմենտ ձեռք բերելու համար: Անհասկանալի է «ՀԷՑ»-ը շինարարակա՞ն կազմակերպություն է, թե՞ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցեր, որի միայն ցեմենտի ձեռք բերման ծախսերը գերազանցում են ամբողջ ցանցի նորոգման ծախսերին:
Տաքսի ծառայության գործ է դրել
Եթե հաշվի առնենք, որ բենզինով շահագործվող մեքենաներին տարվա ընթացքում 310 օր անհրաժեշտ է օրական 14 լիտր վառելիք, ապա ընկերությունը, ամենայն հավանականությամբ, զբաղվում է նաեւ տաքսի ծառայության մատուցմամբ: Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ բենզինով աշխատող բոլոր մեքենաները ամբողջ տարվա ընթացքում բացառությամբ կիրակի օրերի ամեն օր 100-130 կմ հեռավորություն են անցնում: Ենթադրաբար տաքսի ծառայության հետ կապված մեր բնորոշումը տեղին է, թե չէ ինչ կարիք կա ընկերությունում շահագործվող բոլոր 607 մեքենաների համար ձեռք բերել 2428 անվադող՝ այն էլ շուկայականից անհամեմատ բարձր՝ 67500 դրամով:
Դժվար է նաեւ գտնել տրամաբանություն, թե ինչու են շահագործվող նյութերի մեջ ներառված ամսագրերի ձեռք բերման նախատեսված 2 մլն դրամ ծախսը: Պարզվում է «Ամսագիրը» շահագործվող նյութ է եւ այդ տողը հատկապես արտահայտիչ է «Կրակմարիչ» տողի կողքին: Ամսական 164 հազար դրամի ամսագիր ձեռք բերող ընկերությունը ավելի շատ հիշեցնում է քաղաքային գրադարան, քան՝ բաշխիչ ցանցեր:
Ահա այս եւ այլ «անհրաժեշտ» նյութական ծախսերի արդյուքնում է գոյանում սակագնի մեջ 1.44 դրամը:
Մինչեւ անցնելը հաջորդ հոդվածներին՝ նշենք, որ մեկ էջից մյուսը տեղափոխելուց նույն հոդվածի ներքո տվյալները այնքան մեծ տարբերություն են տալիս, որ ամբողջ փաստաթղթում անհամապատասխանութունը կազմում է 274 մլն դրամ: Ասինքն, օրինակ՝ «Շահագործման ծախսեր» վերաբերյալ տեղեկանքում վերջինիս մաս կազմող «Այլ ծախսեր»-ի դիմաց նշված է 6598.34 մլն դրամ, սակայն «Այլ ծախսեր»-ի ընդլայնված ցուցակում այն ներկայացված է 192 մլն դրամով ավելի քիչ, եւ այսպես շարունակ գրեթե բոլոր հոդվածներով:
«Այլ ծախսեր» բաժնում թերեւս զավեշտական է գովազդի եւ մարքետինգի վրա ծախսվող տարեկան 56 մլն դրամի ծախսերը: Ստացվում է, որ բաշխիչ ցանցերը տարեկան 120 հազար դոլարի գովազդի ծախսեր է կատարում, որպեսզի մենք՝ էլեկտրաէներգիայի սպառողներս գնենք հենց բաշխիչ ցանցերի էլեկտրաեներգիան եւ չօգտվենք այլ ընկերություններից, որոնք անգամ գոյություն չունեն:
«Այլ ծախսեր»-ի մեջ «ՀԷՑ»-ը նպատակահարմար է գտել 92 մլն դրամ գումար հատկացնել «էլեկտրաէներգիայի կորուստների կրճատման նպատակով կատարվող հաշվարկներին ու վերլուծություններին», այն դեպքում երբ տեխնիկական եւ առեւտրային կորուստների ծավալը կանխատեսվող տարում աճելու են 83 մլն կվտ/ժ-ով, քան նախորդ տարի: Ենթադրելի է, որ նման վերլուծություններ դպրոցականը եւս կարող է գրել, միեւնույն է դրանք իրենց նպատակին չեն ծառայում:
Գումարը ես տամ, ՀԷՑ-ը բարեգործ լինի
Սակագնային մարժայի հաշվարկում ներառված ծախսերի շարքում զավեշտական է նաեւ 348 մլն դրամի սոցիալական օգնության գծով ծախսերը, որից 252 մլն-ը աշխատակիցներին տրվելիք նյութական օգնությունն է: Անհասկանալի է՝ «ՀԷՑ»-ը ի՞նչ իրավունքով է սեփական աշխատակիցներին տրվող հարյուր միլիոնավոր օգնության գումարը ներառել «Այլ ծախսեր»-ի մեջ եւ այն չի վճարում սեփական շահույթից, որը ի դեպ փոքր չէ՝ 14.9 մլրդ դրամ է (32 մլն դոլար): Հետաքրքիր է էլեկտրաէներգիայի շարքային սպառողներից քանիսն են տեղյակ, որ իրենց վճարած գումարների հաշվին «ՀԷՑ»-ի ղեկավարությունը բարեգործություն է անում սեփական աշխատակիցներին:
Եվ սա դեռ ամենը չէ՝ տարեկան 1 մլրդ դրամ ծախս է հաշվարկված տույժերի ու տուգանքների գծով:
Այսինքն, ընկերության աշխատակիցների ոչ պատշաճ եւ ժամանակին պարտավորությունները կատարելու պատճառով կուտակվող տույժերի ու տուգանքների 1 մլրդ դրամը վճարում է իրականում էլեկտրաէներգիայի վերջնական սպառողը՝ շարքային քաղաքացին:
Այսքանից հետո գուցե մենք՝ էլեկտրաէներգիայի շարքային սպառողներս, խնդրենք «ՀԷՑ»-ին, որպեսզի նա չմիջամտի եւ չխանգարի՞ հոսանքը ատոմակայանից կամ այլ հզորություններից մեր տուն հասնելուն:
Չի բացառվում, որ «ՀԷՑ»-ի կողմից ներկայացված խիստ խոցելի հայտը միտումնավոր կերպով է այդ աստիճան «հիմնավոր» ներկայացվել:
Որպեսզի այն մերժելի լինի թե՛ հանրության, թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, եւ արդյունքում էլեկտրաէներգիայի գինը իրապես չթանկանա 17 դրամով, սակայն բավարարվի սակագինը վերանայելու «ՀԷՑ»-ի առաջարկը՝ արդեն ավելի նվազ չափով, որը եւս հիմնավորված չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը շարունակում է սպառողների հաշվին անհասկանալի ծախսեր կատարել եւ պահպանել շահույթի նման բարձր մակարդակը»:
«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



