«Լուսանցք»-ը այս տարվա թիվ 21 (367) թողարկումում հրապարակում էր արել «Ովքեր եւ ինչու են քաոս սարքում մեր էներգահամակարգում» վերնագրով: Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի այս օրերին «Անկախ»-ին տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հնչեցրել էր մեր նույն հարցադրումները. ինչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում եւ ինչու:
Ի դեպ, նա ցույցերն արդարացված էր համարել. «Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառների փոփոխության հետեւանքով գները կամաց-կամաց կարող են փոփոխվել: Բայց օբյեկտիվ պատճառներին գումարել նաեւ սխալներն ու չարաշահումները եւ անսպասելիորեն մոտ 20%-ով գին բարձրացնել (կուտակել-կուտակել ու պայթեցնել), աննախադեպ է, եւ ցանկացած երկրում դա վրդովմունք կառաջացներ՝ նամանավանդ, որ մարդկանց մեծ մասը արդարացիորեն կամ ոչ այնքան արդարացիորեն համոզված է, որ հիմնականում դա կատարվել է չարաշահումների պատճառով»:
Վազգեն Մանուկյանը ճիշտ է համարում 3 կամ 6 ամսով սակագնի բարձրացման որոշումը սառեցնելը: «Պետք է նստել, քննարկել եւ հասկանալ, որ երբ մենք սեփականաշնորհեցինք Բաշխիչ ցանցերը, ի՞նչ ներդրումներ են կատարվել այդ ընկերության կողմից, ի՞նչն է փոխվել, ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ համակարգում: Իմ տպավորությունն այն է, որ մենք էներգետիկ ոլորտում մեր ունեցած առաջավոր դիրքերից կամաց-կամաց իջանք՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որն ընդհակառակը, բարձրացավ: Այսինքն, պետք է գնահատել պատմությունը, տեսնել, թե ովքեր են մեղավոր, ովքեր են այդ ամենի վրա իրենց անձնական հարցերը լուծել եւ նրանց պատժել, որովհետեւ մի երկիր, որտեղ հանցագործության կամ սխալի համար պատիժ չեն կրում, ու ամեն ինչ ներվում է, այդ երկիրը զարգացում չունի: Բայց պատիժը դեռ խնդիր չի լուծում: Պետք է քննարկել էներգետիկայի ընդհանուր զարգացման խնդիրները՝ 20-30 տարում ի՞նչ ճանապարհով ենք ընթանալու, ի՞նչ սակագներ պետք է լինեն, սակագներն ինչպե՞ս են ազդելու հասարակության սոցիալական վիճակի եւ տնտեսության վրա եւ այլն: Թող այդ քննարկումները մի քանի ամիս տեւեն, որից հետո որոշում ընդունվի»:
Մի դիտարկում անեմ. ՀԷՑ-ին, բիբինախառը հանդերձ, պիտի շնորհակալություն հայտնել, որ նրանք, անխոհեմ եւ ճոռոմ գտնվելով, ստիպեցին հայ հանրությանը՝ մտածել՝ ինչ գումար է տալիս, ում է տալիս եւ ուր են գնում այդ գումարները: Եվ գոնե այս պահի դրությամբ) ստիպեցին որոշում ընդունել առանց քաղաքական կուսակցությունների աջակցության (լավ կլինի, իհարկե, որ ղեկավարող թեկուզ խումբ լինի՝ շարժումն ավելի կազմակերպված առաջ տանելու համար եւ լավ կլինի, որ ցուցարարները հստակ ներկայացնեն պահանջները հստակ հասցեատերերին):
ՀԷՑ-ը, իր վատ աշխատանքի շնորհիվ, կարողացավ նաեւ այնպես անել, որ այսօր մենք բարձրաձայնում ենք ՀԷՑ-ի ազգայնացման անհրաժեշտության մասին: Եվ գուցե ապագայում այնպես լինի, որ որեւէ ընկերություն մասնավորեցնելուց առաջ մտածենք՝ պե՞տք է, թե՞ ոչ: Կամ՝ լավ ուսումնասիրենք, թե ինչ ընկերության են տալիս հայկական ընկերությունները: Մեջբերեմ, սակայն, Վազգեն Մանուկյանի խոսքերը հիշյալ հարցազրույցից:
«Շատ սխալ էր Բաշխիչ ցանցերն այդ ընկերությանը հանձնելը: Իրենք ինչպե՞ս կարող են կառավարել մեր բաշխիչ ցանցերը, եթե իրենց երկրի ներսում չեն կարողանում կարգին կառավարել: Եթե դու որեւէ օտար ընկերության ես հանձնում որեւէ ոլորտ, ապա պետք է այնպիսի երկիր եւ այնպիսի ընկերություն ընտրես, որոնք դրական արդյունքներ են ապահովում տվյալ ոլորտում: Ի՞նչ դրական արդյունք ունի ՌԱՕ ԵԷՍ-ը Ռուսաստանում: Այսինքն, մենք վերցրել ենք կառավարման տեսակետից ոչ մի հետաքրքրություն չներկայացնող, ոչ արդյունավետ ծախսերով մի ընկերություն եւ մեր Բաշխիչ ցանցերը հանձնել նրանց: Որ ի՞նչ, չեմ հասկանում»:
ՀԷՑ-ի ազգայնացման հնարավոր գործը կարող է խոչընդոտել ռուսաստանահայ որեւէ գործարար, ում Մոսկվան կհրահանգի գնել ՀԷՑ-ը՝ հետագայում խնդրին ազգային ենթատեքստ չտալու նկատառումով: Իսկ որ Մոսկվան ռուսաստանահայ գործարարների հետ հրահանգով է խոսում, գաղտնիք չէ եւ ապացուցման կարիք չունի:
Նարե Մշեցյան
Երեւանում մայդան չկա՛
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում դիմել էր հայ ժողովրդին՝ էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների եւ ցուցարարների դեմ ուժի կիրառման հետ կապված:
Արսեն Ավակովի գրությունը մեզ զգուշացրեց, մանավանդ այն ֆոնին, որ ռուսական լրատվամիջոցներն էլ անընդհատ շեփորահարում էին, թե Երեւանում մայդան են սարքում: Երեւանում մայդան չկա՛, ու եթե սադրիչներին չտրվեն ցուցարարները, ապա չի՛ էլ լինի:
Երեւանում այլ վիճակ է, այստեղ հայը հայի դեմ չէ (ուկրաինական մայդանին մենք շա՜տ մանրամասն ենք անդրադարձել), այստեղ հստակ պահանջ կա. չհիմնավորված չթանկացնել էլէներգիայի սակագինը: Այստեղ գոնե առայժմ հաջողացրել են այնպես անել, որ հարցը չքաղաքականացվի: Մեզ այս տարիներին հաջողվել է, ի տարբերություն շատ երկրների, ավելի շրջահայաց լինել եւ տարատեսակ մայդաններ ու կակաչներ թույլ չտալ:
Բացի այդ, մեր ցուցարարները խաղաղ են, չե՛ն ջարդում, չե՛ն փշրում:
Հունիսի 23-ին ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված շուրջ 237 քաղաքացիներից 106-ը տեղափոխվել են Երեւանի Նարկոլոգիական կլինիկա՝ ալկոհոլի եւ թմրամիջոցների հայտնաբերման փորձաքննության ենթարկելու համար: Կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հայտնել է, որ 44 ցուցարար անցել է եւ՛ ալկոհոլի, եւ՛ թմրամիջոցների հայտնաբերման փորձաքննություն, 48-ը՝ միայն թմրամիջոցի, 14-ը՝ ալկոհոլի։ 4 քաղաքացի ընդհանրապես հրաժարվել է փորձաքննություն անցնել: Ալկոհոլային հարբածության վկայարկում անցած քաղաքացիները սթափ են եղել:
Այսինքն՝ մայդանյան նախանշաններ մեզ մոտ չկան. նարկոլոգիական դիսպանսերում հետազոտված ցուցարարները սթափ են եղել եւ՝ վերջ: Ամեն ինչ ասված է:
Այնպես որ, «հարգելի» գերտերություններ ու ածանցյալ պետություններ, եթե դուք ձեր կեղտոտ քթները չխոթեք մեր գործերի մեջ ու մայդաններ չհրահրեք, մենք ավելի լավ գլուխ կհանենք:
* * *
«Ռուսաստանն ուժով ճնշում է, բայց հավատացեք, Ռուսաստանը կկորցնի: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, նրան թվում է, թե նա դիրքերն ամրապնդում է, բայց իրականում կորցնում է: Կորցնում է հարգանքը, համակրանքը, կապվածությունը: Ես, որպես ռուս հայրենասեր, կարծում եմ, որ դա հակառուսական քաղաքականություն է, որովհետեւ Ռուսաստանը հակառակորդներ, նույնիսկ թշնամիներ է ծնում հետխորհրդային տարածքում»:
Անդրեյ Պիոնտկովսկի, Քաղաքական վերլուծաբան
«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



