Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այս օրերին առանց քաղաքական որեւէ նկատառման, բացառապես երիտասարդական կառույցների միջոցով սատարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, որը կազմակերպեց ու նախաձեռնեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը:
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը համաժողովրդական պայքարի վերածվեց, ինչը մի խումբ երիտասարդների հասուն գործելաոճի եւ ազնիվ պայքարի արդյունք եղավ, նաեւ յուրաքանչյուր հայի սրտով էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առաջարկեց հանդիպել եւ բանակցել, սակայն նախաձեռնության կազմակերպիչները նախընտրեցին հեռահար բանակցությունը եւ պայքարի շարունակականությունը: Ի վերջո, նախաձեռնողները հասան այդ դրական արդյունքին, որ երկրի նախագահը իր մոտ հրավիրած համապետական քննարկմանը հավաստեց միջազգային աուդիտի անցկացման անհրաժեշտությունը եւ հանգամանալից ստուգումների ապահովումը, որին կարող են մասնակցել նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայրենասեր երիտասարդների համառությունն ու հաղթական առաջին քայլերը եւ կրկին առանց քաղաքական որեւէ նկատառման, հայտնում իրենց աջակցությունը շարունակվող պայքարին, որը կշարունակվի Ազատության հրապարակում: Ողջունում ենք նաեւ կուտակային դեմ պայքարած «Դեմ եմ»-ի տղարների՝ «Ո՛չ թալանին» շարժմանը աջակցելու գործելաոճը, քանի որ «Դեմ եմ»-ի կազմակերպիչները արդեն ապացուցել են, որ կարողանում են զերծ մնալ քաղաքական խաղերին տրվելուց եւ պայքարում են հանուն նպատակի հաղթանակի:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց զարմանքն են հայտնում այն քաղաքական ու հասարակական ուժերի, անհատների նկատմամբ, որոնք փորձում են պառակտել այս շարժումը եւ փորձում են իրենց քաղաքական նպատակներին հարմարեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը, ինչպես յուրաքանչյուր նմանատիպ պայքար:
Չի կարելի պառակտման ու բացասման տանել ամեն բան, հանուն եսակենտրոն նպատակների, այսօր պետք է արժանավույնս գնահատել« Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների գործը եւ համառությունը եւ առաջնորդվել մի կարգախոսով՝ «եթե չես կարող օգնել, մի խանգարիր»… Այս առումով ողջունում ենք նաեւ այն պետական ու քաղաքական գործիչներին, պատգամավորներին, մտավորականներին, հոգեւորականներին եւ պարզապես քաղաքացիներին, ովքեր հանուն մարդկանց բարեկեցության եւ պետության արժանապատվության կանգնեցին պայքարող երիտասարդների կողքին ու այսօր էլ պատրաստ են լինել նրանց հետ:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը հայությանը կոչ է անում սատարել երիտասարդների նախաձեռնությանը, ովքեր այսօր Ազատության հրապարակում են շարունակում պայքարը բոլորիս համար ու հանուն երկրի: Միաժամանակ, կոչ ենք անում Բաղրամյան պողոտայում մնացած հայորդիներին ճիշտ գնահատել իրավիճակը երկրի եւ ազգաբնակչության տեսանկյունից եւ չենթարկվել որեւէ քաղաքական սադրանքի: Պայքարը՝ երկրում սոցիալական վիճակը շտկելու, պետք է մեկտեղված լինի եւ հեռու նաեւ օտարի «բարեգործական» միջամտություններից: Մի՛ տարանջատվեք եւ մի՛ թույլ տվեք փոխել շարժման հստակ ուղղությունը, եւ մենք կհաղթենք:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
29.06.2015թ.



