Մենք՝ ընդդեմ թանկացման, արեւն՝ ընդդեմ ՀԷՑ-ի (կյանքի կկոչվի՞ «Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրը»)… Արեւային սալօջախը՝ մեր կենցաղում (Արեգակը էներգիայի անսպառ աղբյուր է, իսկ ֆրենելային ոսպնյակները կուտակում են այդ էներգիան)…

Մենք՝ ընդդեմ թանկացման, արեւն՝ ընդդեմ ՀԷՑ-ի

ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերը առժամանակ հանդարտվել են, սակայն ամեն բան կարող է վերսկսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած միջազգային աուդիտից հետո, որ կարող է մինչեւ 3-6 ամիս տեւել:

«Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը հայտնել է, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան արեւային ժամեր ունենք մենք ու դա չենք օգտագործում, ուղղակի հանցագործություն է»:

Հելոֆիկացիան արեւային էներգիայի զանգվածային օգտագործումն է. «Գյուղերում մենք ունենք 350.000 տնտեսություն, եթե նրանք բոլորը օգտագործեն մեր մշակած արեւային սարքերը՝ յուրաքանչյուրը 20 կՎ hզորությամբ, արդյունքում՝ կստանանք հայկական ատոմակայանի արտադրության հնգակի չափով լրացուցիչ էներգիա»:

Մասնագետը ցավով է նշում, որ իշխանությունները չեն ուզում նպաստել այս ծրագրի զարգացմանը. «Արեւի ջերմային էներգիան շատ էժան կլինի՝ 0.3 դրամ ԿՎ/Ժ-ի համար, իսկ նրանք հիմա շատ-շատ ավելի թանկ են ծախում»:

Իսկ հնարավոր է արդյո՞ք, որ հելոֆիկացիայի ծրագրի ներդրման արդյունքում, մարդիկ կարողանան ամբողջությամբ հրաժարվել պետության առաջարկած թանկ էլեկտրաէներգիայից: Վահան Համազասպյանը նկատում է. «Ամբողջությամբ հրաժարվել չեն կարող, բայց երբ այս ծրագրը կիրառվի ու այլընտրանքային էլեկտրաէներգիա լինի, կվերանա ոլորտի մոնոպոլիզացիան, ՀԷՑ-ը ստիպված կլինի էժանացնել սակագինը»: Գիտնականի հաշվարկներով՝ գյուղական համայնքներում, արեւային էներգիան կարող է փոխարինել օգտագործվող էներգիայի 60%-ը:  

Ի դեպ, 20 կՎ/Ժ էներգիա արտադրող սարք տեղադրելու համար, գյուղացուն անհրաժեշտ կլինի 2000 դոլար։ Բայց չէ՞ որ սա շատերի համար պատկառելի գումար է:

Մասնագետը վստահ է, եթե նրանք այդ էներգիան օգտագործեն նաեւ արտադրություն կազմակերպելու համար, ապա շատ արագ կվերադարձնեն իրենց գումարը:

«Մենք նաեւ մտածում ենք, որ կարող ենք անվճար տրամադրել այդ սարքը, փոխարենը գյուղացին կմասնակցի բիզնեսի զարգացմանը, որը կառաջարկի ներդրողը»:

Արեւային սալօջախը՝ մեր կենցաղում

Նոր հայտնագործված արեւային սալօջախն ի վիճակի է ոչ միայն 1 ամբողջ օրվա ընթացքում սնունդ եփել, այլ նաեւ կուտակել էներգիան եւ այն օգտագործել գիշերվա ընթացքում: Այն հնարավորություն կտա մարդկանց սնունդ եփել նաեւ գիշերը՝ սպառելով ցերեկվա ընթացքում կուտակած էներգիան: Արեւային սալօջախն ունի ֆրենելային ոսպնյակներ, որոնք տաքացնում են լիթիումի նիտրատը, ինչը ազոտաթթվի լիթիումային աղն է, եւ տաքանալիս էներգիա է անջատում: Սալօջախն ի վիճակի է կուտակել էներգիա 25 ժամվա համար եւ այն բաց թողնել ջերմության տեսքով՝ մինչեւ 450 աստիճան Ֆարենհայտի սանդղակով (ավելի քան 232 աստիճան Ցելսիուսի սանդղակով):

Այս նորագույն տեխնոլոգիան հայտնաբերել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Ուիլսոնը, եւ այն, մասնագետների գնահատմամբ, չափազանց մեծ պոտենցյալ ունի: Կուտակված էներգիան հնարավոր է օգտագործել ոչ միայն տան, ջրի, սննդի տաքացման, այլ նաեւ էլէներգիա ստանալու համար:

Այժմ այն դեռեւս նախագծային մակարդակում է, սակայն հիմնված է իրական գիտական եւ տեխնոլոգիական բազայի վրա:

Արեգակը էներգիայի անսպառ աղբյուր է, իսկ ֆրենելային ոսպնյակներն ի վիճակի են կուտակել այդ էներգիան:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.