Զենքը դեռ չկա, իսկ պարտքը հաշվվում է
ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվել է վարկի այն ձեւակերպումից, ըւստ որի եթե վարկը դառնում է ժամկետանց, 3%-ը դառնում է 4,5%: «Չեմ կարող ասել, թե պարտքերի մեծ մասնագետ եմ, բայց այնուամենայնիվ ֆինանսիստ եմ եւ կարծում եմ, որ սա դաժան միջոցառում է, տնտեսական դաժան գործողության հստակ տարրեր պարունակող»,- ասաց պատգամավորը: Նա նկատեց, թե չի առարկում, որ որոշ զինատեսակներ իսկապես անհրաժեշտ են, եւ որոնք ավելի վաղ մատակարարվել են Ադրբեջանին. «Զինատեսակներ կան, որոնց արտադրությունը նոր սկսվելու է, բայց պարտքի տոկոսը հաշվվում է արդեն, սա ինչպե՞ս է քննարկվել ու ինչո՞ւ է հավանություն ստացել այս լուծումը»,-հարցրեց նա:
Արա Նազարյանը պատասխանեց. «Ես էլ պարտքերի մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ այն ստանդարտ պայմանագիր է՝ բանկային համակարգերի վարկերի տրամադրման առումով ստանդարտ, այստեղ որեւէ սարսափելի բան չկա: Ֆինանսների նախարարությունն իր դրական կարծիքը տվել է, ինչը ենթադրում է, որ համապատասխան հաշվարկներ են արվել ու որեւէ վնասի հարց չկա»:
Հեռատես քայլ
«Երեւան ջուր» ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը եւ համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Ընկերությունը ՀԾԿՀ նախագահին ուղարկված նոր գրության մեջ մասնավորապես նշում է. «Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015թթ.) ընթացքում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթեւացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը եւ այն թողնել անփոփոխ»:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ հուլիսի 7-ին տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի այս հարցը եւ կվերահաստատի ջրի նախկին սակագինը:
Միաժամանակ հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսի 9-ի նիստում հանձնաժողովը որոշել էր անփոփոխ թողնել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը՝ 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
«Երեւան ջուր»-ը, վստահաբար հետեւելով էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերին, որոշել է ավելի խելամիտ գտնվել եւ թանկացման հայտը հետ վերցնել: Ի դեպ, «Երեւան ջուրը» խոստացել էր տարեցտարի նվազեցնել սակագինը, բայց նման բան դեռ չի եղել:
Ազգայնացումից վախենալ պետք չէ
ՀԷՑ-ի ազգայնացման տարբերակը չեն բացառում նաեւ իշխանական վերնախավում: Ինչ կարծիքի է իրեն ընդդիմություն հայտարարած ԲՀԿ-ն: Ըստ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի, ազգայնացում չի նշանակում, որ պետությունը միանձնյա սկսում է կառավարել. «Միջազգային իրավապրակտիկայից ելնելով՝ դա նշանակում է, որ պետությունը կարող է համակարգը հանձնել հավատարմագրային կառավարչին, որ պետք է լինի պրոֆեսիոնալ օպերատոր: Այսինքն, չեմ կարծում, որ ՀԷՑ-ը կդառնա պետական ՓԲԸ: Ոնց որ օդանավակայանը Էռնեկյանի՞նն է, ո՛չ, տրված է 30 տարով, ուղղակի կառավարում է Էռնեկյանի հիմնարկը»:
Շատերն են վախենում ազգայնացումից՝ խառնելով այն սովետական պետականացման հետ: Մինչդեռ, օրինակ, Բրիտանիան արդեն մեկ անգամ ազգայնացրել է երկաթուղին: Եվ ընդհանրապես, ժամանակ առ ժամանակ, երբ դժգոհ է մնում սեփականատիրոջից կամ կառավարողից, այն հետ է վերցնում, ազգայնացնում է:
Ազգայնացման պահանջ չկա՞
Խոսելով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացումից՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Նման հարց չունենք: Մենք հիմա աուդիտի արդյունքները կունենանք, չենք կարող ասել երեք ամիս կլինի, չորս ամիս կլինի, ժամկետ չենք ասի, ընկերությունները կասեն, ովքեր որ զբաղվում են այդ գործով: Կասեն, մենք այդ որոշման մասին կհայտնենք ձեզ բոլորիդ»:
Ազգայնացումն անհրաժեշտ է
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը բավականին իրատեսական սցենար է. «Սա թե՛ իրավաբանորեն, թե՛ տեխնիկապես անհրաժեշտ սցենար է եւ հնարավոր է՝ սրա համար անհրաժեշտ լինեն ինչ-որ քաղաքական որոշումներ»:
Նրա խոսքերով՝ ազգայնացումը կատարվում է այն փիլիսոփայությամբ, ինչով երկրում ժամանակ առ ժամանակ այս կամ այն սեփականության նկատմամբ հայտարարվում է հանրային գերակա շահ:
Ծաղկաքաղը՝ Անի Մարությանի
Աուդիտի անցկացումը՝ խելամիտ որոշում
ՀԷՑ-ում աուդիտի անցկացումը խելամիտ որոշում է, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է անի ամեն ինչ, որպեսզի սպառողները տեղեկանան խորքային բոլոր վերլուծությունների մասին։
Այս կարծիքին է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը:
ԱՄՀ պաշտոնյան նշել է, որ ներկայիս խնդիրը էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության կողմից կուտակած զգալի պարտքերն են:
– Այդ պարտքերի գոնե մի մասը պայմանավորված է նրանով, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ավելի բարձր է, քան իրենք կանխատեսել են։ Բայց պարտքը նաեւ այլ պատճառներով է կուտակվել։ Պետք է ունենալ սակագների այնպիսի համակարգ, որը ողջամիտ ծախսերը կհատուցի եւ կշահագրգռի էլէներգիա մատակարարողներին, որ իրենց բիզնեսը ավելի խելամիտ կառավարեն։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, անդրադառնալով էներգետիկ ոլորտի այս կարեւոր կառույցի մասնավորեցմանը, նկատել է, որ Հայաստանը ՀԷՑ-ը չի վաճառել ՌԴ-ին պարտքի դիմաց. «Գործարքի մեջ նշված է, որ տրվել է պարտքի դիմաց կապիտալ, իսկ եթե լիներ մրցույթ, գուցե ՀԷՑ-ը կառավարեր ավելի լավ ընկերություն»։
ՀԷՑ-ի սնանկացումը՝ հնարավոր ելք
Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի (ՀԱԿ)՝ ստեղծված իրավիճակից ելքի հավանական տարբերակներից կարող է լինել ՀԷՑ-ի սնանկացումը, որը կարող է նպաստել ընկերության կառավարման արդյունավետությանը եւ առողջացմանը. «Սնանկացումից վախենալ պետք չէ: 2009թ. ճգնաժամի ժամանակ աշխարհում բազմաթիվ ընկերություններ գնացին այդ ճանապարհով, դա նորմալ տնտեսական գործընթաց է, եւ ես կարծում եմ, որ պետության համար այդ տարբերակը առավել նպաստավոր կարող է լինել»:
ՀԱԿ ներկայացուցչի դիտարկմամբ՝ ՀԷՑ-ի հսկայածավալ պարտքերը՝ շուրջ 250 մլն դոլար, կուտակվել են 2011-2014թթ., երբ ընկերությունը նույնիսկ պետության երաշխիքով սկսել է նախկին պարտքերը փակելու համար վարկեր վերցնել ու խրվել է պարտքերի մեջ:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վաճառքին, որի համար որպես հավանական գնորդ շրջանառվում են տարբեր անուններ, մասնավորապես ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի անունը: Նշվեց նաեւ, որ գործարարին ՀԷՑ-ը գնելու հրահանգ են իջեցրել ռուսական կողմից, որպեսզի ՀԷՑ-ի շուրջ ծավալվելիք հնարավոր՝ ազգային գործոնը չշրջանառվի: Վահագն Խաչատրյանը համոզված է, որ որեւէ սեփականատեր իր փողերը քամուն չի տա, իսկ անունները որեւէ արժեք չունեն, քանի դեռ պարզ չէ, թե ինչպիսի ծրագրով են նրանք գալու:
ՌԴ տրամադրած պետական արտահանման վարկից ոչ մի ցենտ, ոչ մի լումա չի կարող ծախսվել այլ կարիքների համար։ Այս մասին հուլիսի 2-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ տրամադրվող գումարը ծախսվի էլէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու վրա, որի բեռն իր վրա է վերցրել կառավարությունը։
«Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ գումարը տրամադրվել է միայն ռուսական արտադրության զինամթերք գնելու համար։ Հետեւաբար վստա՛հ եղեք, որ ոչ մի կոպեկ չի ծախսվի այլ կարիքների համար»,-շեշտեց Ա. Նազարյանը:
«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



