Հայաստանը բացի Արեւմուտք եւ Ռուսաստան բեւեռների հետ համագործակցությունից, պիտի կարողանա արագորեն զարգացնել հարաբերությունները Արեւելքի հետ: Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը Երեւանում հայտարարեց, որ Հայաստանը տնտեսական զարգացման համար պետք է ուշադրություն դարձնի իրանական կողմից տրվող հնարավորությանը եւս: Նրա խոսքով, Իրանի հանդեպ պատժամիջոցի վերացումը կարող է կապիտալի հոսք ապահովել Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը:
Սա աննախադեպ հայտարարություն է: Դժվար է հիշել, թե արեւմտյան որեւէ տերության կամ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ երբ է այսպես արտահայտվել եւ Հայաստանին հորդորել ուշադրություն դարձնել իրանական, իսկ մեծ հաշվով՝ արեւելյան ուղղությանը: Ավելին, ընդունված է եղել համարել, որ այդ ուղղությամբ Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ մտադրությունները մշտապես արժանացել են Արեւմուտքի անբարյացակամ վերաբերմունքին՝ նկատի ունենալով Իրանի հետ լարված հարաբերությունը եւ Չինաստանի հետ ոչ աշխույժ հարաբերությունները: Եվ առաջին անգամ է, որ արեւմտյան կառույցի, միջազգային ֆինանսական կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանին հորդորում է ուշադիր լինել իրանական ուղղության հանդեպ: Իհարկե, սա այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագրով զբաղվող վեցյակը հանգեց դրական արդյունքի:
Սա լուրջ խթան կդառնա նաեւ Հայաստանի՝ որպես տարանցիկ երկիր դառնալու հեռանկարին: Եթե Արեւմուտքին անհրաժեշտ լինի իրանական նավթի ու գազի ծավալները Եվրոպա հասցնել, ապա դա կարող է մրցակցային թեմա դառնալ թուրքական ու ռուսական ծրագրերի հետ, ինչն էլ ձեռնտու է նաեւ մեզ: Հայ-իրանական ուղղությունը Հարավային Կովկասի, նաեւ միջազգային աշխարհա-տնտեսական զարգացումների հեռանկարային ուղղություն է, նաեւ ռազմա-քաղաքական առումով: Հայաստանն այդտեղ առանցքային օղակ է, որի նախաձեռնող եւ նպատակային քաղաքականությունը կարող է նպաստել Իրանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերության կարգավորմանն ու Հարավային Կովկասի փակ տնտեսական ռեժիմը բացելուն, նաեւ անվտանգության համակարգի տրամաբանությունն էապես փոխելուն: Իրանը նաեւ որոշ արաբական երկների հետ ունի սերտ կապեր:
Մեր անվտանգության համար սա եւս լրացուցիչ խթան է, որովհետեւ վտանգավոր է, երբ հայտնվում ես աշխարհի տնտեսական կարեւոր հանգույցներից դուրս: Կարեւոր է ոչ միայն Իրանի, այլեւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, իսկ Երեւանը շարժեր կատարել է Չինաստանի ուղղությամբ, որը եւս Իրան-Հայաստան հարաբերության կողմնակից է եւ այդ ուղին դիտարկում է իր Նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քարտեզում:
Այս զարգացումը կարող է բերել Կովկասում Ռուսաստանի դերի էական վերանայման՝ նվազեցնելով Մոսկվայի ծավալապաշտական ազդեցությունը տարածաշրջանի վրա, ինչը արդեն անհանգստացնում է Ռուսաստանին: Իզուր չէ, որ Մոսկվան փորձում է ամեն բան անել, որպեսզի Հայաստանը մնա իր տնտեսական դաշտում: Հայ-իրանական ներկա հարաբերությունները ավելի շատ սպասարկում է ռուսական շահերը, քան՝ հայկական, ինչը ցայսօր չի խանգարել Մոսկվային: Բայց այսուհետ կարող է խանգարել: ԱՄՀ պաշտոնյայի խոսքն՝ ուղղված Երեւանին, դեռ ազդակ է ու պիտի ապացուցենք, որ անկախ քաղաքական գիծ ունենք: Կարո՞ղ է արդյոք պաշտոնական Երեւանն իրեն թույլ տալ նախաձեռնողականություն, եթե կա Ռուսաստանի շահը: Պիտի՛ կարողանա: Հայտնի չէ, թե Արեւմուտք-Ռուսաստան փոխադարձ պատժամիջոցները մինչեւ ուր կհասնեն, ինչը եւս պիտի զգաստացնի Հայաստանին: Հաջողելու դեպքում կունենանք ոչ միայն տնտեսական շահ, այլեւ մեր քաղաքական շահերը տարածաշրջանում կարժեւորվեն ու կդառնան առաջնային:
* * *
Մինսկում կայացած Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի եւ Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ալեն դե Ռոյի հետ։ Սա լավ հնարավորություն էր՝ Եվրոպական միության հետ քննարկելու մեր երկկողմ օրակարգը, ինչպես նաեւ՝ Ռիգայի գագաթաժողովից հետո անդրադառնալու Արեւելյան գործընկերության հեռանկարներին: Ըստ մեր ԱԳ նախարարի, հայկական կողմը ակնկալում է համաձայնագրեր ստորագրել ԵՄ այնպիսի նախաձեռնություններին մասնակցելու համար, ինչպիսիք են՝ «Հորիզոն 2020»-ը, ինչպես նաեւ՝ «Ձեռնարկությունների եւ Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում մեր կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթակներում եւ 10-ից ավելի աշխատանքային խմբերում։
Մուտքի արտոնագրերի ազատականացումը եւս ընդհանուր նպատակ է եւ պետք է ըստ պատշաճի ընդգծված լինի նորացված Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ: Հայաստանն ամուր հիմք ունի համագործակցության հաջորդ փուլի՝ շարժունակության եւ մարդկային շփումների խթանման մեկնարկը տալու համար: «Շարժունակության գործընկերությունը» 2011թ.-ից ընթացքում է, եւ դրա հովանու ներքո մի շարք ծրագրեր են իրականացվել։ ՀՀ- ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից՝ Հայաստանի քաղաքացիների համար ապահովելով մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված եւ հետընդունման կանոնակարգված գործընթացներ: 2013թ. հունվարից սկսած՝ Հայաստանը վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Այս ապրիլին Բրյուսելում հաջողությամբ անցկացվեցին ՀՀ-ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները:
Երեւանը ցանկանում է առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից, միեւնույն ժամանակ, ավելի սերտ փոխգործակցություն ունենալ Եվրոպական միության հետ, ինչը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշերից մեկը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում


