Ինչպես սպասվում էր, Հունաստանի քաղաքացիների ավելի քան 61%-ը դեմ է քվեարկել եվրոպական վարկատուների պահանջներին՝ հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքում: Միայն 39,41%-ն է եղել կողմ:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունն իր քաղաքացիներին առաջարկել էր «այո» կամ «ոչ» ասել հարցին, արդյո՞ք հարկավոր է ընդունել այս տարվա հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած համաձայնագրի նախագիծը:
Սպասվում էր նաեւ, որ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական կտա այս արդյունքներից հետո, ինչը եւ եղավ: Նա հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող ընդլայնել տնտեսությունը, չի կարող մարել բոլոր պարտավորությունները, եթե հանրաքվեն դրական պատասխան չտա: Իսկ ահա Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բնակչության կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին, որպեսզի կարողանա Եվրամիության պատասխանատուների հետ այլ հարթության մեջ խոսել: Թե դա ինչպես է լինելու, կտեսնենք շուտով: Հետաքրքիր է, որ եվրապատասխանատուները հայտարարել էին, թե ոչ դրական պատասխանը կարող է ստիպել, որ Հունաստանին դուրս թողնեն եվրոպական համագործակցությունից:
Այն վտանգը, որ Աթենքը կարող է վերսկսել բանակցությունները Մոսկվայի հետ, կարծես առաջվա պես չի վախեցնում պաշտոնական Բրյուսելին եւ Վաշինգտոնին: Գուցե պատճառն այն վերլուծությունն է, թե Ռուսաստանին պետք է եվրոպական դիրքերում ուժեղ Հունաստան գործընկեր, իսկ այս դեպքում հարցը թույլ ու վտարանդի գործընկերոջ մասին է, ինչը երեւի թե ձեռնտու չլինի: Այս մասին խոսում են նաեւ որոշ ռուսական վերլուծաբաններ, սակայն, հայտնի չէ, նրանք ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ շահեր են սպասարկում:
Խիստ կասկածելի է, որ Ռուսաստանը կհրաժարվի այնպիսի գործընկերոջ ձեռքբերումից, որը դեպի Եվրոպա մտնող տարանցիկ ճանապարհի վրա է, բազմաթիվ ենթակառուցվածքներ են այնտեղով անցնում, Բալկաններում ունի ամուր դիրքեր, նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է… «Լուսանցք»-ի նախորդ թողարկման՝ «Հունաստանը կկարողանա՞ փոխել ներկայիս վիճակը» հոդվածում նշել էինք, որ Ռուսաստան-Հունաստան ռազմա-քաղաքական դաշինքը կարող է վերածվել Ռուսաստան-Հունաստան-Հայաստան տարածաշրջանային դաշինքի, ինչը մեծապես կսահմանափակի թուրք-ադրբեջանական հնարավորությունները ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով: Թուրքիայի գրեթե բոլոր ծրագրերը Հունաստանով են Եվրոպա թափանցում եւ դա լուրջ խնդիր կդառնա:
Կարելի է մտածել, որ Անկարան կփորձի լավացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչպես արել է հաճախակի՝ հայկական շահերին դեմ գնալու համար, այս անգամ էլ Հունաստանին նեղը գցելու նպատակով: Բայց այստեղ այլ բան կա, կթողնե՞ն Եվրոպայի համագործակցությունից վտարված Հունաստանի հետ, որ նաեւ շրջվում է դեպի Ռուսաստան, Թուրքիան խաղեր տա: Խիստ կասկածելի է, քանզի այս դեպքում Հունաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ մնալը եւս հարցականի տակ կդրվի:
Արդյո՞ք Հայաստանը կկրկնի՞ Հունաստանին. հարցը հուզում է արդեն հայաստանցիներին: Հունաստանում դեֆոլտ է հայտարարվել: Դա մի իրավիճակ է, երբ երկիրը չի կարողանում վճարել սեփական պարտքերը: Այսինքն՝ այս երկիրը հայտնվել է տնտեսական փլուզման մեջ, ինչի հետեւանքով անգործության են մատնվում տնտեսության մի շարք ճյուղեր: Սա կհանգեցնի գործադուլային պայքարի՝ զուգահեռ խթանելով արդեն իսկ նկատելի է ահռելի չափերի հասնող արտագաղթը: Հունաստանի աշխատանքի բորսան հրապարակել է տվյալներ, որոնք խոսում են երկրում ստեղծված ծանր կացության մասին:
Այս երկրում ստեղծված իրավիճակը անհանգստացնում է նաեւ մեզ 2 գլխավոր պատճառով՝ նախ՝ Հունաստանը մեզ բարեկամ ու հակաթուրքական ճակատում գտնվող երկիր է, ապեւ՝ հունական օրինակը կարող է պատահել շատ երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի, ինչը հաստատ լրջորեն մտորելու առիթ է տալիս: Եղածին պիտի հավելենք նաեւ, որ Հունաստանում մոտ 30 հազ. աշխատանքային միգրանտ ունենք, որոնց ուղարկած գումարներով են գոյատեւում նրանց ընտանիքները Հայաստանում:
Բայց համեմատական օրինակի գլխավորն պատճառն այն է, որ Հայաստանն էլ իր արտաքին պարտքով կմոտենա այն ճակատագրական նիշին (եթե այս տեմպերով շարունակի վարկ վերցնել), որից անցել էր Հունաստանը: Չներկայացնենք մեր արտաքին պարտքի ծավալները, քանի որ ամեն օր դրանք ընդլայնվում են, պարզապես նշենք, որ այսօր եղածին գումարվեց 200 մլն. դոլար, ինչն անհրաժեշտ է հանրահայտ «Իսկանդեր Մ» համակարգի ձեռքբերման համար: Քննարկման ենթական չէ նման համակարգի ձեռքբերման հարցը, ինչն անհրաժեշտ է երկրի անվտանգության պահպանման համար, պարզապես խոսում ենք երկրի ավելացող պարտքի մասին:
Մեր երկրի արտաքին պարտքը արդեն ՀՆԱ-ի 50%-ի շեմին է: Ճիշտ է, վարկատուները նշում են, որ ՀՀ-ն, որպես վարկառու, ճիշտ եւ ժամանակին կատարում է իր պարտավորությունները, բայց սա մխիթարանք չէ, որովետեւ ՀՀ-ն օրեցօր իր արտաքին պարքերն էլ է ավելացնում:
Երբ Հունաստանի արտաքին պարտքը հավասարվեց ՀՆԱ-ի 100%-ին, այս երկիրը սկսեց վարկեր վերցնել վարկերը փակելու համար: Եվ հայտնվեց այս վիճակում:
Իսկ մի ժամանակ Հունաստանը Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսություններից էր: 20-րդ դարի 70-ականներին «պետական փոքր ու կայուն պահպանվող պարտք» ուներ, ինչպես փորձագետներն են ասում: Բայց 1973թ.-ից տնտեսությունը սկսեց անկում ապրել: 1980թ., Հունաստանի պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի ընդամենը 20%-ը:
Մինչդեռ այսօր թաղված է պարտքերի մեջ: 2014թ. Eurostat-ի տվյալներով, Հունաստանի պետական պարտքը կազմել է 315,5 մլրդ եվրո: Այս գումարի 2/3-ը ստացվել է եվրագոտու անդամ երկրների եւ ԱՄՀ կողմից: Այս միջոցների տարամադրումն իրականացվել է օժանդակության երկու ծրագրերի միջոցով: 1-ինի ժամանակ եվրագոտու անդամ երկրները տրամադրել են 52,9 մլրդ եվրո, իսկ ԱՄՀ-ն՝ 20,1 մլրդ եվրո: 2-րդ ծրագրի շրջանակում, որն առ այսօր ընթացքում է, եվրագոտու անդամ երկրները Հունաստանին տրամադրել են 141,9 մլրդ եվրո, իսկ ԱՄՀ՝ 12: Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա 2014թ. 3-րդ եռամսյակի վերջին այն կազմել է 412 մլրդ եվրո:
Հայաստանն էլ Հունաստանի պես պարտքեր է վերցնում, իսկ տնտեսությունը լավ վիճակում չէ: Ահա թե որն է մեր մտահոգության պատճառը:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



