Երեւանում ընթանում է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը, որը հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ոչ միայն Հայաստանում: Հատկանշական է, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը, որը միջազգային նշսնակություն է ձեռք բերել: «Այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգեւում»,- աաել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ հանդիպմանը: Նաեւ կարեւորել է, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին, իսկ երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, ովքեր, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու եւ նկարահանելու: Երկրի նախագահը վստահ է, որ «Երեւանյան կինոփառատոնը կլինի կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը նոր կամուրջներ կկապի տարբեր մշակույթների միջեւ, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը», ուստի «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին մաղթել է ապագայում եւս նույն եռանդով իրենց ազնիվ գործը շարունակելու ուժ եւ կորով:
Պետք է նշել նաեւ, որ այս փառատոնը, անկասկած, հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը: Ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցում են համաշխարհային կինոյի լավագույն նմուշները, որոնք ներկայացվում են հայ հանդիսատեսին: Շատ կարեւոր է, որ ամեն տարի փառատոնի շրջանակներում Երեւան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայության դարավոր պատմությանը եւ հարուստ մշակութային ժառանգությանը:
Այս անգամ համաշխարհային աստղերից կինոփառատոնի հյուրերն էին նաեւ իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտին եւ ոչ պակաս հանրահայտ, գերմականան ծագմամբ ամերիկյան դերասանուհի Նաստասյա Կինսկին: Նրանք հիացած են ոչ միայն կինոփառատոնի կազմակերպմամբ, այլեւ Հայաստանով: Դերասանուհիներին հիացրել է հայկական մշակույթը, իսկ Վարդավառի ջրոցին պարզապես ցնցել է նրանց: Օռնելա Մուտին ասել է, որ շատ երկար է հարդարվել, որ գեղեցիկ լինի, ուստի իրեն թույլ չի տվել ջրվել, ինչի համար ափսոսում է: Վարդավառի ջրոցին ոչ բոլորին է ոգեւորել, Գերմանիայից ժամանած անկախ լրագրող Ալիսիին ջրոցին ուղղակի հունից հանել է (երեւի անխնա են ջրել, ինչպես եւ կարգն է…) եւ նա նեղսրտել էր. «Դա իսկական սեռական ակտի է նման, մինչեւ չեն ջրում՝ չեն հանգստանում»:
«Աշխարհում 900-ից ավելի կինոփառատոն կա։ Յուրաքանչյուր իրեն հարգող երկիր պետք է թույլ տա իրեն նման փառատոն»,– «Ոսկե ծիրան»-ի մասին ասել է գերմանացի լրագրողը, ով 3-րդ անգամ է մասնակցում կինոփառատոնին: Ֆիլմերի ընտրությունը եւս դուր է եկել նրան, սակայն կազմակերպչական հարցերում որոշակի թերություններ է նկատել այս տարի, որի մասին խոսել է կազմակերպիչների հետ։
Կինոփառատոնը շատ է կարեւորել նաեւ մոսկովյան «Կինոարվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր Դանիիլ Դանդուրեյը։ «Երկրի մշակույթի զարգացման համար, միջմշակութային կապերի հաստատման համար սա անփոխարինելի է»,- վստահ է նա եւ կարծում է, որ ««Ոսկե ծիրանը» նշված մոտեցումներով դեմոկրատական կինոփառատոն է։
Ըստ ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանի (ով, ի դեպ, Հայկական կինոհամայնապատկերի ժյուրիի անդամ է), ամենակարեւորն այն է, որ կինnփառատոնը զերծ է մնում գավառական ցածր չափանիշների ֆիլմերից, ինչը նաեւ մյուս մասնագետների տեսակետն է:
«Ոսկե ծիրան» երեւանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերը՝ դերասանուհիներ Օռնելա Մուտին եւ Նաստասյա Կինսկին կինոփառատոնի բացման արարողության ժամանակ արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին: Մրցանակները նրանց հանձնեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Սերգեյ Փարաջանովը սրանք պատրաստել է բանտում եղած ժամանակ: Այն ձեզ ենք հանձնում հույսով, որ ձեզ կրկին կտեսնենք մեր փառատոնում»,- հանձնման ժամանակ ասաց կինոփառատոնի տնօրենը: Դերասանուհիները հայտնել են իրենց երախտագիտությունը: «Փառատոնին մասնակցելը կարծես քնքուշ երազ լինի: Հրաշալի էր հանդիպել նաեւ Օռնելային եւ ձեզ հետ կիսել այս օրը»,- նշել է Նաստասյա Կինսկին:
Երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում մեծ դեր է խաղում եւ մեծ ապագա ունի: Այս մասին ասել է Ասիայի ամենաներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Կիմ Դոն-հոն: «Ոսկե ծիրան»-ը հավաքում է տարբեր հայտնի մարդկանց եւ կինոգործիչներին եւ այն արդեն մեծ անուն ունի: Այս մասին նշել է Կիմ Դոն-հոն. «Ես պատկերացնում եմ բարի, բարեսիրտ, սրտով ջերմ մարդկանց: Այդ իսկ պատճառով սա իմ ամենասիրելի կինոփառատոնն է»: Նա 4-րդ անգամ է Հայաստանում: Այս տարի Երեւան է բերել Կիմ Դե-հուանի «Ձմռան վերջը» կինոնկարը, որի պրոդյուսերն է: Ֆիլմն ընդգրկված է այս փառատոնի «Միջազգային խաղարկային» մրցույթում:
Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրը մի քանի տարի առաջ դպրոց է հիմնել եւ բերել է իր ուսանողի ֆիլմը: Այս ֆիլմը Բուսանի եւ Բեռլինի կինոփառատոններում մրցանակներ է շահել:
Կիմ Դոն-հոն խոսել է նաեւ հոլիվուդյան ու ասիական ֆիլմերի տարբերության մասին: «Հոլիվուդում շատ մեծ գումարներ են ներդնում ֆիլմերի մեջ, իսկ Ասիայում՝ ոչ: Այս մշակույթները տարբեր են, ասիական ֆիլմերում փորձում են իրենց մշակույթն աշխարհին ցույց տալ»,- նշել է նա, նաեւ խոստացել կինոնկար նկարահանել ու ներկայացնել հաջորդ «Ոսկե ծիրան»-ին:
Գոհար Վանեսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



