Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցեցին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման եւ ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները եւ ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից եւ հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:
Շուտով պարզ կլինի, թե հարկային բարեփոխումներն ինչ տրամաբանությամբ են ընթանալու եւ արդյո՞ք բարեփոխումներ են լինելու…
Վարչապետը հանձնարարեց քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հուլիսի 23-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց մինչեւ 2015թ. ավարտը տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը: Վարչապետը նշեց նաեւ, որ դրա վերաբերյալ կառավարության հաջորդ նիստին ներկայացնեն առաջարկություններ:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ հանձնարարության նպատակն է ստեղծված տնտեսական իրավիճակում անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին. «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները եւ նվազագույնի հասցնել բոլոր կարգի ստուգումները»:
Անի Մարության
ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր
Սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014թ. հունիսի 21-ին ընդունված` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի եւ կից` 10 օրենքների, ինչպես նաեւ դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց.
- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` սույն գործով վեճի առարկա 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36 եւ 37-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 13-րդ մասերը, 37-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասի` «օրենքի 43-րդ հոդվածով» դրույթը, 39-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը եւ առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդվածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր:
- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաեւ տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ եւ 48-րդ (կետ.12) հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր:
- «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» ՀՀ (ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
- ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



