Առաջին հանդիպմանը Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող 6 ուժերին չհաջողվեց միասնական հայտարարություն ընդունել։ Կրքերը թեժացել էին այնքան, որ ոմանք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին մեղադրեցին Բաղրամյան 26-ից ուղարկված լինելու մեջ: Իսկ ԱԻՄ առաջնորդն առաջարկում էր «Հանրային փրկության ճակատ» ձեւավորելու մասին հայտարարությամբ չամրագրել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին դրույթը։ «Դե վերջ տվեք էլի… Պարզ ասեմ ուրեմն՝ ձեր նպատակն այն է, որ այստեղ վարչախմբի հեռացում չլինի։ Մենք համատեղ պայմանավորվել ենք այս կետերի մասին, ինչի մասին է խոսքը»,- վրդովվել էր ոչ անհայտ Հմայակ Հովհաննիսյանը, ով «բազմակուսակցական» անցյալ ունի հարուստ…
ԱԻՄ ղեկավարը վերապահում ուներ նաեւ իշխանությանը հեռացնելու համար փաստաթղթում, որպես հիմնական միջոց, ամրագրել քաղաքացիական անհնազանդությունը։ Իսկ ժամանակին նախագահի թեկնածու գրանցված Անդրիաս Ղուկասյանը հակադարձել էր, որ դա ժողովրդին արդեն իսկ Սահմանադրությամբ տրված իրավունք է, ինչը պետք է իրագործել պարզապես։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ լարվածությունը մեղմացնելու համար առաջարկել էր փաստաթղթի ընդունումը հետաձգել մեկ շաբաթ՝ հույս հայտնելով, թե դա նաեւ հնարավորությյուն կտա այլ ուժերի եւս ընդգրկել «Հանրային փրկության ճակատի կազմում»։ «Մենք խնդիր ունենք մեծ կոնսոլիդացիա ապահովելու։ Չենք սահմանափակվելու միայն 6-7 ուժեր ներգրավելով։ Բոլոր այն ուժերը, որոնք մարտի 1-ի ոճրագործության մեջ չեն ներքաշվել, բոլոր այդ ուժերին մենք ուզում ենք տեսնել այս ճակատը ձեւավորելու գործի մեջ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ կար ընդդիմադիր խորհդարանական քառյակ, որը կարող էր դառնալ հնգյակ, բայց դարձավ … եռյակ, ապաեւ՝ երկյակ ու անհետացավ…
Բայց նոր ուժերի ներգրավման գործընթացը չի գոհացրել Ժիրայր Սեֆիլյանին: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը խիստ հակասական է եղել։ Իսկ Սեֆիլյանի այն խորհուրդը, որ «ակտիվ պայքար չծավալեն Սահմանադրական փոփոխությունների դեմ»՝ առհասարակ դուր չի եկել պատգամավորին։ «Իմ հորդորն է Փաշինյանենց, որ ոչ թե հրաժարվեն իրենց մտադրությունից, այլ սառեցնեն իրենց այսօրվա գործունեությունը եւ մեզ հետ միասին, բոլոր ուժերի հետ միասին ելքը գտնեն՝ օր առաջ ձերբազատվելու այս ռեժիմից»։ Բայց Փաշինյանն անդրդվելի է եղել, անգամ հայտարարել, թե այսպես կոչված «Հանրային փրկության ճակատ»-ում իր «քաշին» հակակշիռ որեւէ մեկին չի տեսնում… Գրեթե նույնկերպ է պատասխանել նաեւ «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ՝ նախ իրեն չեն հրավիրել միանալու, բայց եթե հրավիրեն, ապա ինքը կմերժի, քանի որ երբեք չի պատրաստվում միանալ նման անպատասխանատու ճակատիկների… Ըստ նրա, հավաքվել են մարդիկ, ովքեր բամբասելուց բացի՝ այլ բանի ընդունակ չեն, եւ ինքը կարող է նրանցից յուրաքանչյուրի կենսագրությունը ներկայացնել… նրանք միայն իշխանության գալու մասին են մտածում եւ իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու, ավելին՝ իրենց դուր չեկած հայ մարդկանց Հայաստանից «քշել տալու»… Դեռ հարց է՝ նրա՞նք պատիվ կհամարեն Գառնիկ Իսագուլյանին հրավիրել, թե՞ ինքը պատիվ արած կլինի, եթե գնա միանա նրանց. այսպես է ամփոփել խոսքը ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք աշխատած գործիչը: Ինչեւէ, այս ընթացքում, սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերի՝ «Ոչ»-ի համաժողովը, որին մասնակցեցին նաեւ «Հանրային փրկության ճակատի» ձեւավորմանը մասնակցող ուժերը։ Այն կայացավ ՀԺԿ գրասենյակում, քանի որ մայրաքաղաքի հյուրանոցները հրաժարվել են տարածք տրամադրել միասնական համաժողովի համար:
Շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ ստորագրեցին միասնական փաստաթուղթ՝ ձեւավորելով «Ոչ»-ի ճակատ: Պնդելով, որ խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ Սերժ Սարգսյանն իրականում նպատակ ունի շրջանցել նախագահական պաշտոնավարման 3-րդ ժամկետի սահմանադրական արգելքը եւ հավերժացնել իր իշխանությունը, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրապարակեց սահմանադրական փոփոխությունները կասեցնելու միասնական օրակարգը։ Այն է՝ «Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «Ոչ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն եւ ՀՀ քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»։ Խորհրդարանական ուժերից «Ոչ»-ի ճակատին միացան Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունները: ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը չշտապեց հրապարակել հետագա քայլերը՝ ինչ միջոցներով են փորձելու կանխել հանրաքվեն, առայժմ արձանագրում են ուժերի համախմբումը. «Կարեւորը հավատարմության հռչակագիրն էր, որ բոլոր ստորագրող ուժերը ստորագրեցին՝ ասելով, որ մենք դեմ ենք, մենք մտնում ենք այս «Ոչ»-ի ճակատի մեջ եւ ամեն ինչ անելու ենք, որ Սերժ Սարգսյանի բռնապետությունը ամրապնդող այս նոր Սահմանադրության նախագիծը չանցնի, որովհետեւ դա իրականում սահմանադրական հանրաքվե է այն մասին՝ արդյոք Սերժ Սարգսյանը կշարունակի լինել բռնապետը Հայաստանում, թե՝ չի շարունակի»։ Իսկ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն արդեն ազդարարում է, թե «Իշխանության թաղումը «Ոչ»-ն է անելու»: Նա եւս միացել է «Չե՛ք անցկացնելու» նախաձեռնությանը եւ կոչ արել համախմբվել «բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ձողի վրա չեն պարում եւ չեն կախվում»:…
Փաստորեն «Ոչ»-ի ճակատը նախաձեռնում է համաժողովրդական դիմադրություն, որի նախաձեռնողների մեծ մասը մի քանի անգամ ու տարբեր անուններով դիմադրություններ նախաձեռնած ուժեր են, ինչը հուշում է, որ որեւէ նոր բան չի լինելու: Այդ ուժերից են «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», Հայազն եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունները, վերջին շրջանի բողոքի ցույցերին մասնակցած հասարակական գործիչներ: Ասում են՝ «Ոչ»-ի ճակատը փողոցային պայքարը կսկսի Գյումրիից: Հետեւենք, գուցե մի նորություն գտնվի վերջապես, որը կարող է փոքր-ինչ թեթեւացնել մարդկանց հոգսերն իրականում:
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի սկզբին։
Նարե Մշեցյան
Հ.Գ. – Նշենք, որ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից զուգահեռ ընթանում են այլ միջոցառումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, կամ ինչպես՝ «Անհնազանդության հավաքը», որը ֆեյսբուքյան նախաձեռնություն էր։ Այն ընթացավ՝ «Բաղրամյանը կարոտել եմ» կարգախոսով։
Բայց, ոստիկանությունը ցրեց Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին, 48 հոգու բերման ենթարկեց, ովքեր ավելի ուշ ազատ արձակվեցին։
«Ոչ»-ի ճակատը՝ առանց պետական մտածելակերպի՞
««Ոչ»-ի ճակատը մարդկանց խումբ է, առանց պետական մտածելակերպի, առանց քաղաքական գաղափարախոսության փողոց են դուրս գալիս ու ասում՝ մենք իշխանություն ենք ուզում»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչ»-ի ճակատի ձեւավորման փաստը: «Նրանք «ոչ» ասելու ոչ մի հիմնավորում չունեն եւ ուրեմն՝ այդ մարդկանց առիթ է պետք փողոց դուրս գալու: Եթե ուշադրություն դարձնեք, նրանք ամեն առիթով փողոցում են: Ասեմ ավելին, նրանց առաջարկները մերժվել են, դրա համար նրանք փողոցային պայքար են սկսում»,- հավելել է իշխանական մեծամաասնության ներկայացուցիչը: Իսկ հարցին, թե իշխանությունը վախեր չունի՞, որ փողոցային պայքարը կարող է սրվել, նա պատասխանել է. «Ոչ, մենք բազմիցս ենք այդ մասին ասել: Եղել են ավելի սուր դեպքեր, որ մարդիկ լուրջ խնդիրներով դուրս են եկել փողոց, մենք աշխատել ենք, բացատրել, բայց հիմա բացատրելու ոչինչ չունենք եւ անհանգստանալու ոչինչ չունենք: Նրանք չունեն այդ ռեսուրսը, եթե ունենային ռեսուրս, կգնային բարեփոխումների ու ընտրությունների ժամանակ կօգտագործեին հնարավորությունը սահմանադրական ճանապարհով իրենց իշխանությունը հաստատելու: Այսինքն՝ նրանք ռեսուրս չունեցող մարդիկ են, մարդկային խմբեր են, որոնք պարզապես չեն գիտակցում՝ ինչ են անում: Ազդեցության տակ են ընկել»:
Նա չի մասնավորեցրել, թե հատկապես ում ազդեցության տակ են ընկել. «Չեմ կարող ասել: Իրենք ավելի լավ կիմանան: Չեմ ուզում ավելորդ մեկնաբանություններով տրամադրել ոչ հավաստի լուրերը»:
Նրանց խնդիրն է կոտրել այս համակարգը
«Ժողովրդավարական Հայրենիք», «Հայք» (Հայկազուններ), «Հայրենիք եւ պատիվ», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» եւ այլ կուսակցություններ մի շարք քաղաքական գործիչների հետ՝ Աշոտ Մանուչարյան, Վարդան Խաչատրյան եւ այլք, Միացյալ քաղաքական խորհուրդ են ստեղծել, որը բարձր է գնահատել «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության մտավորականների խորհրդի ահազանգը: Այն է՝ «ՀՀ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված այսպես կոչված «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը իրականում քայքայիչ գործողություն է՝ ուղղված Երկրի ու Ազգի դեմ»:
Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ռեժիմի վերարտադրմանը միտված կուսակցությունների միակողմանի հայտարարությունները, վերաբերվող պատգամավորական տեղերի վերաբաշխմանը, իրականում քողարկում են Ազգային ինքնությանն ու Երկրի ոչնչացմանն ուղղված դրույթները, որոնք պարարտ հող են ստեղծելու գենդերային եւ յուվենալ օրենքների ողջ փնջի կիրառմանը՝ համասեռամոլների միջոցով, մեր ընտանիքներից երեխաների օտարմանը, տարաբնույթ ընտանիքների կողմից երեխաների փաստացի «որդեգրմանը», գեյ շքերթներին, նրանց բացեիբաց գործունեությանը ու քարոզչությանը, ընդհուպ մինչեւ գրականության եւ տեսանյութերի տարածմանը մեր կրթօջախներում եւ հիմնարկներում: Այդ նախագիծը թույլ է տալու արտաքին կառավարման սահմանադրորեն հաստատման, ինքնիշխանության նվազման, քանի որ մեր օրենքները ստորադասվելու են միջազգային նորմերին (81-րդ հոդված): …Բոլորիս խնդիրն է ոչ միայն օրակարգից հանել այս փաստաթուղթը, այլ կոտրել այն համակարգը, որը երկրում ձեւավորել է նույն այս ճանապարհներով դրսից երկրին թելադրվող օրենքների մեխանիզմ, եւ փոխարինել այն մեր Ազգային բնական համակարգով»…
«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



