Դեռ պիտի կարողանա՛լ խնդրել … բայցեւ՝ հաջողե՛լ – Իսկ խնդրելն այնքան էլ հեշտ բան չէ, լինես ՀՀ քաղաքացի, թե՝ ՀՀ նախագահ…

Օրերս կայացավ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հերթական հանդիպումը: Այն ինչպես միշտ բազմաթիվ տարաբնույթ հարցերի տեղիք տվեց: Ռուսամետները սկսեցին գովերգել հանդիպումն ու ձեռք բերած արդյունքները, արեւմտամետները դատափետեցին, թե նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից ոչ մի լրացուցիչ տեղեկություն հնարավոր չէր ստանալ, ինչն էլ հավաստում է, որ, բացի պաշտոնական հաղորդագրությունից, այլ ասելիք չկա:

Այսպիսի մի իրավիճակ է նաեւ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը վերադառնում է Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից: Ուղղակի գովերգողի եւ վատաբանողի դերերն են փոխվում:

Սա ուղղահայաց այն արտացոլանքն է, որը հայ քաղաքական ոլորտից փոխանցվել է լրատվական ասպարեզ եւ տարիներ շարունակ նմանը զնմանին կգտանե ու՝ կա՛մ կփառաբանե կա՛մ կպախարակե…

Դառնալով հայ-ռուսական հարաբերություններին, գովերգողներին հանգիստ թողնենք, քանզի դա նրանց կենսական անհրաժեշտությունից բխող պարտադիր պայման է, հասկանանք հանդիպումը անպտուղ համարողներին: Իհարկե, այս դեպքում էլ կան կենսական պայմանները պարտադիր բարելավող անձինք, սակայն կան նաեւ մտահոգվածներ, ովքեր իրապես կարող են եւ կասկածել ռուսական կողմի քաղաքականության հայամետության հարցում: Սա մեկ անգամ չէ, որ փորձության է ենթարկվել եւ կա չվստահելու հիմք:  Ասում են՝ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման նախաձեռնողը եղել է հայկական կողմը, որ դրա հիմնական շարժառիթը եղել է վերջին շաբաթներին սահմանի լարվածությունը: Ասում են որոշ լրատվամիջոցներ եւ ապա շարունակում, թե Հայաստանի նախագահը չի կարողանում վերջ դնել Ռուսաստանի նախագահի տարօրինակ ու անվստահելի կեցվածքին, ու «վազում» է Մոսկվա…

Այն հանգամանքը, որ սահմանային սրացումները նաեւ Մոսկվայի որոշակի աջակցությամբ են եղել, գրեթե կասկած չի հարուցում: Այն, որ Մոսկվան Ադրբեջանին զենք-զինամթերք է վաճառել եւ դեռ էլի կվաճառի, հանրահայտ է ու բազմիցս քննադատվել է նաեւ պաշտոնական Երեւանի կողմից: Այն, որ Ռուսաստանի նախագահը, ինչպես ԱՄՆ-ի կամ եվրոպական հզոր երկրների նախագահները, երկակի չափորոշիչներով են առաջնորդվում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարցում, ասվել ու ասվում է պարբերաբար… Կարելի է այս շարքը երկարացնել, բայց իմաստ չկա: Իսկ այսքանն ասվեց, որպեսզի հասկանալի լինի այն իրողությունը, որ եթե անգամ Մոսկվա գնալու նախաձեռնողը եղել է Սերժ Սարգսյանը, ապա դա հաստատ հանցագործություն կամ երկրի հանդեպ դավադրություն չէ…

Իսկ ի՞նչ կաներ քննադատողը, եթե ոչ այլոց համար հասկանար, որ Մոսկվան իր շահերի համար անուղղակի, թե ուղղակի սրում է իրավիճակը: Չէր գնա՞ Մոսկվա՝ հարցը կարգավորելու համար: Հա՜, երեւի Ռուսաստանի նախագահին սաստելու էր մատ թափ տալով ու անմիջապես Երեւան կանչելով…

Ինչքա՞ն կարելի է Հայաստանի ու հայության հարցերը շահարկել այսքան պարզամիտ ձեւով: Այսպես ասենք, որ չասենք՝ ծախու ձեւով:

Մենք ունենք ընդգծված ու բացահայտ թշնամիներ, որ Թուրքիան ու Ադրբեջանն են: Սրանք համատեղ ուժերով խաղում են եւ՛ Արեւմուտքի եւ՛ Ռուսաստանի հետ: Սրանք իրենց տարածքային ու մարդկային պաշարներով ու հնարավորություններով մեզանից լավ վիճակում են: Ունեն ավելի շատ բնական պաշարներ (էներգակիրների մասով), ինչպես նաեւ՝ դիրքային առավելություն տարածաշրջանում, որը ռազմա-քաղաքական նշանակություն ունի, բացի տնտեսականից: Այս շարքն էլ կարելի է ավելացնել, բայց միայն հավելենք, որ մեր դեմ այսօր գործում են նաեւ համաթուրքական դաշինքը եւ տարածաշրջանային եռյակը՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան… Անգամ մեր ռազմա-քաղաքական միավորման՝ ՀԱՊԿ-ի 7 երկրներից 3-ը համաթուրքական դաշինքում են նաեւ…

«Լուսանցք»-ը բազմիցս է քննադատել գործող նախագահին՝ հատկապես մեր ներքին հարցերում առկա բացթողումների համար: Քննադատել ենք՝ ասելով, որ ներքաղաքական անկայունությունը հաստատ կթուլացնի նաեւ արտաքին քաղաքական այն ձգտումները, անգամ հաջողությունները, որոնք առկա են միջազգային ասպարեզում: Այն, որ Հայաստանը կարողանում է արտաքին ոլորտում համադրել իր քաղաքականությունը Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ, վերջերս նաեւ Արեւելքի, անհերքելի իրողություն է: Պաշտոնական Երեւանի փոխլրացնող քաղաքականությունը միշտ ողջունել ենք, քանզի մի բեւեռում հայտնվելու դեպքում Հայաստանին ու հայությանը սպասվող վտանգները թեորիայից կանցնեն գործուն կիրարկման…

Ահա թե ինչը չի բավարարում ռուսամետներին կամ արեւմտամետներին: Իրենք մի կողմի պատվեր ունեն, կամ պարզապես մի կողմի ջատագովն են ու հակառակ որեւէ տեսակետ կամ գործունեություն ենթակա է փնովման: Իսկ հայամետությունը՝ արեւմտյան, թե արեւելյան, հյուսիսային, թե հարավային ուղղություններով ծավալվող, հաստատ շահութաբեր չէ եսակենտրոն ու այս կամ այն ուղղությանը միտվածների համար...

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է ու միայն հայերի նպատակներին պիտի ծառայի: Եվ այս կամ այն պետության հետ հարաբերությունը եւս պիտի հայամետ լինի՝ անկախ այն հանգամանքից՝ պահանջու՛մ ես օտարից, թե՛ խնդրում:

Իսկ խնդրելն այնքան էլ հեշտ բան չէ, լինես ՀՀ քաղաքացի, թե՝ ՀՀ նախագահ…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.