«Մա՛հ քրդերին՝ նշանակում է «մա՛հ հայերին»…
Հետզհետե ավելի են սրվում թուրք-քրդական հարաբերությունները՝ վերադառնալով այն ժամանակներին, երբ թուրք-քրդական ակնհայտ պատերազմ էր ընթանում: Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից քրդերի դեմ թշնամանք ու ատելություն սերմանող հայտարարություններից եւ այդ խոսքերը իշխանամետ մամուլում տեղադրվելուց հետո Թուրքիայի ամբողջ տարածքում հարձակումներ են սկսվել քուրդ բնակչության, քրդերին պատկանող խանութների եւ քրդական տարբեր կուսակցության գրասենյակների վրա։ Սա ներքին հրահանգի պես բան էր: Բուրսայի Գեմլիքի շրջանում ազգայնամոլների 300-հոգանոց խումբը սոցցանցերի միջոցով հավաքվել եւ հարձակվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վրա՝ «Մա՛հ քրդերին» գոչյուններով: Սա ամենուր դարձել է մոլագար թուրքերի կարգախոսը: Իզմիրի Մենդերեսի շրջանի նշյալ քրդական կուսակցության գրասենյակի դեմ քարերով ու մահակներով հարձակում են իրակsանացրել՝ կոտրելով գրասենյակի պատուհանները եւ գույքը։ Բալըքեսիրի Էդրեմիթի շրջանում էլ ազգայնամոլները Թուրքիայի դրոշներով հարձակվել են քրդական գրասենյակների վրա եւ հրդեհել դրանք։ Դեպքի վայր մեկնած հրշեջները կանխել են հրդեհի տարածումը։ Դենիզլիի Չնարի թաղամասի քրդական գրասենյակը ենթարկվել է հարձակման։ Թուրքերը կոտրել են գրասենյակի պատունները եւ գրասենյակից կախել թուրքական դրոշը։ Մերսինի ազգայնամոլական շրջանակները ոստիկանների լուռ հայացքի ներքո հարձակվել են քաղաքի կենտրոնի քրդական գրասենյակի դեմ։ Վնասել են քրդերին պատկանող խանութները եւ այլ կառույցներ, սակայն ոստիկանները չեն միջամտել։ Սելեվկիայում, Մեզիթլիում, Տարսոնում, Հաթայում, Անթալիայում, Ադանայում, Մալաթիայում, Այդընում, Յալօվայում, Քոջաէլիում, Արտվինում, Անկարայում եւ այլ քաղաքներում եւս քրդական գրասենյակների եւ քրդերին պատկանող խանութների դեմ հարձակումներ են տեղի ունեցել։ Վարչապետ Դավութօղլու հանդարտության կոչերը ինչպես ուշացած էին, այնպես էլ՝ ձեւական, ինչը հասկացան բոլորը՝ թե՛ Թուրքիայում, թե՛ այլուր…
Մի թուրք ոստիկանի բերանով՝ «Մա՛հ քրդերին» կարգախոսը ստացել է «Մա՛հ հայերին» իմաստը, ինչը չի՛ կարող պատահականություն լինել: Թուրքիայի՝ մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների եւ թուրք ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով պարետային ժամ էր հայտարարված, այդ միջադեպն է տեղի ունեցել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը (կրկնենք՝ սա պատահական ասված խոսք չի կարող լինել,- խմբ.), դիմում է ժողովրդին հետեւյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք…»: Ոստիկանի խոսքին հետեւում է քուրդ կնոջ աղերսանքն ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, ձեզ եմ դիմում: Բավական է, բավական, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ջիզրեյում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված: Տասնյակ զոհեր ու վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլէներգիա, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի ու դեղերի պակաս ունի: Այս ամենի բացատրությունը մեկն է, որ տալիս են թուրքական իշխանությունները, Քրդական բանվորական կուսակցության զինյալներից եկող սպառնալիքը նվազեցնելու կարիք կա: Իսկ այդ նվազեցումը պահանջում է թուրքական բանակի լայնամասշտաբ ռազմական գործողություններ ՔԲԿ-ի դեմ, որը դեռ շարունակվում է եւ ուղեկցվում տասնյակ զոհերով: Թուրքիան գնալով ավելի խորն է մխրճվում Մերձավոր Արեւելքի խնդիրների մեջ, քանի որ բացի ներքին քրդական խնդրից, Անկարան դիմակայում է Իրաքի եւ Սիրիայի քրդական շարժումներին եւ վերջերս նաեւ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը:
Թուրքիայում արտակարգ ու քաոսային իրավիճակ է ստեղծվել: «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները եւ դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկման ժամանակ տեսազանգի միջոցով այս մասին հայտնել է «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Նա այդ իրավիճակը պայմանավորել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ինչպեսեւ նոյեմբերի 1-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումով: «Որպեսզի ընտրություններում, եթե իհարկե տեղի ունենան դրանք, իշխող կուսակցությունը միահեծան հաղթանակ տանի, երկիրը վերածեցին պատերազմական գոտու: Այս ամենը վարպետորոն շրջանցվում է իշխանամետ զլմ-ների կողմից»,- ասել է Բագրատ Էստուքյանը: Խմբագիրը մտահոգություն է հայտնել, որ քարոզչություն է իրականացվում քրդական շարժումը որպես հայկական ներկայացնելու. «Իրենց քարոզչությունում նրանք համոզված են, որ հայի կերպարն արդեն համազոր է սատանային, հետեւաբար, ինչը վարկաբեկել են ուզում, կամ կապում են Հայաստանի հետ, կամ վերագրում հայերին: Ամենալկտի ու ամենակեղտոտ օրինակներ կարող ենք նշել: Ամենաշատը պնդվում է, որ զոհված ահաբեկիչները թլպատված չեն եղել: Այս պնդումով աշխատում են ապացուցել, որ նրանք հայ են եւ ոչ թե քուրդ»:
Միաժամանակյա քննարկմանը Թուրքիայից միացած բանախոսը հայտնել է, որ Թուրքիայի հայ համայնքը մշտապես քվեարկել է աջակողմյան ուժերի օգտին. «Սակայն վերջին ընտրություններին՝ հայ համայնքի մեծամասնությունը քվեարկեց Քրդական կուսակցության օգտին: Սա աննախադեպ օրինակ է, չնայած հայերն այստեղ այնքան են քչացել, որ իրենց քվեները ազդեցություն չունեն արդյունքների վրա: Բայց Քրդական կուսակցության օգտին քվեարկեցին նաեւ ասորիները, հրեաները, սուիները»:
Նշենք նաեւ, որ տեղի ոստիկանությունը մանրամասն տեղեկություններ է հավաքել հայկական համայնքի վերաբերյալ, պարզելու, թե հնարավոր հարձակման պարագայում երբ է առավել հարմար պահը. «Այս բոլորը ոստիկանության կողմից ձեռք բերված տեղեկություններ են, ինչի վերաբերյալ պոլսահայությունը որոշ մտահոգություններ ունի»,- ասել է «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիրը:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով էլ՝ իրավիճակն ավելի կլարվի առաջիկայում. «Այս բոլորն ինչ-որ տեղ Էրդողանի խնդիրն է: Նա ուզում էր նախագահի լիազորությունները մեծացնել սահմանադրության մեջ: Համարյա ոչ մի աջակից հիմա ինքը չունի»: Ըստ հայդատական գործչի՝ պետք է զգոն լինել, հետեւել, որովհետեւ մեզնից շատ հեռու չեն այդ իրադարձությունները, բայց չի կարծում, որ շատ մեծ սպառնալիք կա Հայաստանի համար:
Նա նույնպես համակարծիք է, որ այս մթնոլորտում փորձ է արվում թիրախ դարձնել հայ համայնքին: «Չեմ բացառում, որ մեկ-երկու հայի հանդեպ հակահայ գործողություն կատարվի, որպեսզի վախեցնեն: Բայց իրենք նաեւ փորձելու են շատ զգույշ լինել ու ծայրահեղ քայլերի չդիմել»:
Անկարայում համոզվեցին, որ հայերը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում հսկայական աշխատանք են արել, ինչը թուրքերն զգացին, ուստի, կարծում ենք, որ չեն գնա բացահայտ հակահայ քայլերի: Թեեւ ծպտյալ գործելն է թյուրքական տարրին բնորոշ:
Հայկ Թորգոմյան
Մենք հայ ենք, իսկ դու՞ք ով եք
Օրեր առաջ ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե (հայկական՝ Գզիրա) քաղաքում սկանդալային միջադեպ է եղել: IMC հ/ը տեսանյութում երեւացել է, թե ինչպես է զայրացած թուրք ոստիկանը քրդերին անպատվելու համար նրանց հայ անվանում: «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»,- ասում էր ոստիկանը:
Այդ ոստիկանի հայտարարությունը մեծ արձագանք ստացավ:
T24-ի սյունակագիր Նուրջան Բայսալն ուշագրավ հոդված հրապարակեց թուրք ոստիկանի սկանդալային հայտարարությունից հետո, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ջիզրեում պետության ոստիկանությունը պաշտոնական մեքենաներից հայտարարում է բնակչությանը, թե «հայերը ձեզնով հպարտանում են, բոլորդ հայ եք, հայ…»:
Այդ խղճուկ ոստիկանները, որ կարծում են՝ այդպիսով վիրավորել են քրդերին, ակնհայտ է՝ նրանց բացարձակապես չեն ճանաչում:
Մինչդեռ քրդերը վերջին 10 տարում Հայոց ցեղասպանության եւ այդ ժամանակ կատարվածի վերաբերյալ լուրջ հարցադրումներ են արել, ընդունել, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, ամաչել այդ Ցեղասպանության մեջ մաս ունենալու համար եւ հայերից հազարավոր անգամներ ներողություն խնդրել: Մի կողմ թողնենք ուսյալին, քաղաքաբնակին, այսօրվա դրությամբ քրդական որ գյուղն էլ մտնեք, կպատմեն հայերի դեմ իրագործված գազանության եւ կատարվածի կապակցությամբ իրենց զգացած տխրության մասին: Տատվան գյուղում, ուր տարիներ շարունակ աշխատել եմ, այնքան էին ամաչում իրենց պապերի՝ հայերի դեմ իրագործած Ցեղասպանությունից, որ ամեն անգամ այդ մասին խոսելիս ասում էին. «Նրանք այնքան գեղեցիկ էին, որ բոլորը նրանցով զմայլվում էին… Նրանք այնքան բարի էին, որ բոլոր որբերին կերակրում էին: Նրանք այնքան տաղանդավոր էին, որ ամենադժվար քարն անգամ շատ նուրբ տաշում էին: Այստեղ ինչ գեղեցիկ բան կա, մնացել է հայերից»:
Սակայն քրդերի մոտ կատարված այս վերափոխումը, դժբախտաբար, չենք կարող ասել, որ տեղի ունի նաեւ թուրքերի շրջանում եւ Թուրքիայի արեւմուտքում: Իրենց ջենթլմեն համարողներն անգամ չկարողացան այս հարցը խելամտորեն քննարկել: Հրանտի հուղարկավորության ժամանակ ծնված հույսը շատ արագ մարեց. հայերը երկչոտ աղավնիների պես դեռ շարունակում են ապրել այս երկրում:
Վերոհիշյալ հայտարարությունն արած տգետներին երկու խոսք ունեմ: Մենք հայ ենք, հույն, ալեւի, սիրիացի փախստական, եզդի, քուրդ… Կարճ ասած՝ այն ամենը, ինչը դու ատում ես: Եվ մենք հպարտանում ենք մեր ինքնությամբ: Եթե դադարեցնեք ճնշումն ու ձեր իշխանությունը պարտադրելը, թուրք էլ կլինենք: Այս ինքնություններից ոչ մեկը մեզ համար խնդիր չէ, սակայն ձեզ նման ռասիստ-ֆաշիստները խնդիր են ամբողջ աշխարի համար:
Հայերը մեր եղբայրներն էին, ձեզ նման թուրքերն ու քրդերը ոչնչացրին նրանց: Երանի մի օր մեզ ներեն եւ, ինչպես դուք եք ասում, մեզնով հպարտանան…Վստահ եղեք՝ կարոտով սպասում եմ այդ օրվան, երբ հայերը մեզ դարձյալ որպես եղբայր կընդունեն:
Այո՛, մենք հայ ենք: Իսկ արած դաժանությունների պատճառով, վախից երեսը մինչեւ աչքերը ծածկելով, հասարակության մեջ դուրս չեկողներդ, ջրցաններից մարդկանց վրա ջուր ցանողներդ, թաքստոցներից մարդկանց վրա կրակողներդ, հացը ձեռքին՝ 75-ամյա ծերունուն սպանողներդ, տների վրա ռումբ նետողներդ, քնած մարդկանց սպանողներդ, փոքրիկների դիակները պղծողներդ…, դուք, դուք ովքե՞ր եք»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի
Հ.Գ.- Խմբ. կողմից – «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» եւ «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսների նման տարածվելու միտում ունի՝ «Այո՛, մենք հայ ենք» արտահայտությունը, ինչը կարող է նորից սարսափեցնել թուրքական իշխանությանը:
Նրանք լավ են հիշում միլիոնավոր մարդկանց բողոքի ցասումը եւ հայանպաստ հայտարարությունները՝ Հրանտ Դինքի կազմակերպված սպանությունից հետո:
«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



